Եթէ դու լաւ գիտես թշնամուն և հասկանում ես նրա լեզուն, արդէն յաղթած ես. Հարցազրոյց 15-ամեայ Արցախցի Աշոտ Բաբայեանի հետ

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐ. ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԷ՞ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

 Հարցազրոյց Աշոտ Բաբայեանի հետ

Աշոտ Սարգսի Բաբայեանը ծնուել է 2007 թ. հոկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքում՝ մտաւորականի ընտանիքում: Ինչպէս ինքն է նշում, ունեցել է անհոգ և երջանիկ մանկութիւն՝ շրջապատուած ծնողների ու հարազատների ջերմութեամբ: Աշոտ Բաբայեանն այժմ սովորում է Երևանի ԱրտՍթեմ վարժարանի 10-րդ դասարանում, երազում է թրքագէտ դառնալ:

 Թ.Մ.  Յարգելի՛  Աշոտ, պատմէք խնդրեմ Ձեր ծննդավայրի մասին:

Ա.Բ. Ծննդավայրս Արցախի մի գողտրիկ անկիւնում է, գեղատեսիլ լեռների մեջ: Մինչև 2020 թ. Քարեգահը համարւում էր զարգացող բնակավայր․ վերակառուցւում և կառուցւում էին նոր առանձնատներ, համայնքում գործում էր գիւղապետարան, բուժկէտ, միջնակարգ դպրոց, մանկապարտէզ, երիտասարդական կեդրոն ևն։

Թ.Մ. Յարգելի՛ Աշոտ, 2020 թ. Արցախեան վերջին պատերազմի ընթացքում հրթիռակոծուել է Քարեգահ համայնքի տարածքը. այն հայաթափուել, ապա անցել է Ադրբեջանին: Ձեր յիշողութիւնները մինչև Արցախեան վերջին պատերազմը:

Ա.Բ. Պատերազմի պատճառով իմ ծննդավայրն անցաւ թշնամու տիրապետութեան տակ: Շատ պայծառ են իմ յիշողութիւնները: Երազում էի արհեստավարժ ֆուտբոլիստ դառնալ և ֆուտբոլային իմ ակումբն ունենալ մեր համայնքում:

Թ.Մ.  Պատերազմի վերաբերեալ Ձեր՝ որպէս ականատեսի դիրքորոշումը:

Ա.Բ. Դարեր շարունակ, իր ոճը չփոխելով, նոյն ցեղասպան ձեռագրով թշնամին շարունակում է բնաջնջել հային: Իսկ ես որպէս հայ, իմ երկիրը պաշտպանելով, ուզում եմ քաղաքակիրթ ձևով օգտակար լինել ազգիս, որպէսզի հետագայ սերունդները չտեսնեն այն, ինչ ես եմ տեսել:

Թ.Մ.  Վերադարձ հայրենի երկիր. պատերա՞զմ, թէ՞ դիւանագիտութիւն:

Ա.Բ. Իհարկէ, ցանկալի է դիւանագիտական ճանապարհով, սակայն Ադրբեջանի պարագայում անհնարին է:

Թ.Մ. Ամենամեծ դժուարութիւնը, որ կրեցիք Հայաստան տեղափոխուելիս:

Ա.Բ. Սեպտեմբերի 29-ի գիշերը մեր հարևանի հետ (նա իր ծնողներին Երևան էր տեղափոխում) ես ու քոյրս էլ հօրեղբորս տուն եկանք: Մէկ երկու շաբաթ անց տատիկիս հետ տեղափոխուեցինք բնակութեան մէկ ուրիշ վայր: Ծանր օրեր էին, չէինք ուզում հեռանալ, ծնողներս ու հարազատներս մնացին…

Թ.Մ. Ձեր յիշողութիւնները պատերազմի ընթացքի մասին:

Ա.Բ. Հանգստեան օր էր, մի փոքր երկար էի քնել, երբ լսեցի տագնապի ձայնը: Հասկացայ պահի լրջութիւնը: Սկսեցի ծնողներիս օգնել ապաստարան պատրաստելու հարցում, որ գիւղի որոշ մարդկանց էլ տեղ հատկացնենք: Սեպտեմբերի 27-ն էր. մօտաւորապէս ժամը 13:00-ին առաջին արկն ընկավ մեր գիւղի վերևում:

Թ.Մ. Որևէ իրի պատմութիւն ունէ՞ք:

Ա. Բ. Բոլորիս յայտնի համաճարակի ժամանակ զբաղւում էի նկարչութեամբ, և մօտս մի միտք առաջացաւ. մեր արհեստանոցում փայտի կտորներ կային, դրանցից մէկի վրա գրեցի «АКМ» (Ծ.Խ. քալաշնիքով գնդացիր) և պապիկիս հետ յատուկ սարքով կտրեցի. այն մինչ օրս ինձ հետ է:

Թ.Մ. Հայաստանում վերաբնակուելու դժուարութիւնները:

Ա.Բ. Սկզբնական շրջանում դժուար էր համակերպուել այն մտքի հետ, որ կորցնելով ծնող, հայրենիք, տուն և, յայտնուելով մի անորոշ վիճակում, պէտք է ապրել. փորձելով  յաղթահարել այդ դժուարութիւնները՝ քայլ առ քայլ ոտքի կանգնեցի:

Թ.Մ. Ինչպէ՞ս ուժ գտաք առաջ գնալու:

Ա.Բ. Փորձեցի ուժ հաւաքել իմ մէջ, լինել ընտանիքիս կողքին, ուսման մէջ չթերանալ և այս ամէնի հետ մէկտեղ իմ կողքին յայտնուեցին շատ լաւ ընկերներ, որոնց շնորհիւ շարունակում եմ ապրել:

 Թ.Մ. Թրքագէտ դառնալու Ձեր որոշումը:

Ա.Բ. Պատերազմի ընթացքում շատ թուրք զինուորներ պարզ հայերէն խօսելով կարողանում էին շփոթեցնել մեր տղաներին, որոնց մեծ մասը թրքերէն չգիտէր. դա մեծ խնդիր էր: Եթէ դու լաւ գիտես թշնամուն և հասկանում ես նրա լեզուն, արդէն յաղթած ես: Հենց այդ սկզբունքով  էլ որոշել եմ թրքագէտ դառնալ:

Հարցազրոյցը վարեց Թեհմինէ Մարտոյեան

 Պատմական գիտութիւնների թեկնածու

«Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանութեան զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրութեան բաժնի աւագ գիտական աշխատող

Աւետիք Մկրտչեանի անուան Տնտեսաիրաւագիտական համալսարանի դասախօս, նոյն համալսարանի յենակէտային ԱրտՍթեմ վարժարանի պատմութեան ուսուցչուհի

Comments are closed.