Միշտ Պատրաստ Ենք Սանձել Հակառակորդի Գործողութիւնները. Բակօ Սահակեան


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Վերջին երկու տասնամեակների ընթացքում պատերազմի վերսկսման հաւանականութիւն միշտ եղել է՝ հաշուի առնելով Ադրբեջանի ակնյայտ արտայայտուած տրամադրութիւնները: Սակայն մենք միշտ էլ համարժէք գործողութիւնների ենք դիմել՝ սանձելու հակառակորդի կողմից պատերազմի վերսկսման հնարաւորութիւնները, ինչպէս դա տեղի ունեցաւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ Պաշտպանութեան բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման դէպքում, երբ մենք դիմեցինք անհրաժեշտ քայլերի», յայտարարեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը Լոս Անջելեսում Նոյեմբերի 25ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Շարունակելով մեկնաբանել «Նիւ Եորք Թայմզ»ի յօդուածն առ այն, որ 1994թ.ից ի վեր, այս դէպքը հրադադարի ամենալուրջ խախտումն է, եւ պատերազմի վերսկսման մեծ հաւանականութիւն կայ, Բակօ Սահակեանը մասնաւորապէս նշեց. «Մենք նոյնպէս գտնում ենք, որ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները՝ թէ՛ ագրեսիւ կեցուածքի, թէ՛ այլ գործողութիւնների առումով, տարբերւում են նախորդ տարիներին Ադրբեջանի կողմից իրականացուող գործողութիւններից, եւ բնականաբար, հաշուի առնելով այս իրողութիւնները համապատասխան քայլեր ենք իրականացնում սանձելու հակառակորդին»:
Ըստ Սահակեանի՝ Ադրբեջանը մերժել էր կործանուած ուղղաթիռի զոհուած անձնակազմի դիակները դէպքի վայրից տեղափոխելու միջազգային կոչերը, այդ թւում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի: «Նրանք ինչպէս միշտ անյարգալից վերաբերմունք են ցուցաբերել միջազգային այս կազմակերպութեան նկատմամբ: Հետեւաբար, այս ամէնը մեզ յուշում է, որ հաշուի առնելով, հակառակորդի տրամադրութիւնը, պէտք է իրականացնենք այն քայլերը, որոնք նպաստելու են մեր երկրի անվտանգութեան ապահովմանն, ու ինչպէս միշտ հնարաւորութիւն ենք ստեղծելու մեր երկրի քաղաքացիների համար, որ խաղաղ պայմաններում շարունակեն իրականացնել իրենց ստեղծարար կեանքը», յայտնեց Սահակեանը:
Ուղղաթիռի կործանման համար հայկական կողմը կը դիմի արդեօք համարժէք պատասխան քայլերի հարցին ի պատասխան, Բակօ Սահակեանը նշեց. «Հակուած չենք մեր պատասխան գործողութիւններն իրականացնել միայն կարճ ժամանակաշրջանի համար: Այն, որ երկու տասնամեակից աւելի մենք անշեղօրէն իրականացնում ենք մեր ծառայողական պարտականութիւնները՝ ապահովում ենք մեր երկրի անվտանգութիւնը, դա հիմնական պատասխանն է: Ի հարկէ, ընթացքում լինում են առանձին պատասխաններ, որոնց արդիւնքում է միայն հակառակորդը ստիպուած լինում լռել: Այս տարիների ընթացքում մենք կողմնակից ենք եղել յարգելու զինադադարի պայմանները եւ որեւէ անգամ առիթ չենք ստեղծել իրավիճակի, այսպէս ասած՝ լրացուցիչ սրման: Խոցուած ուղղաթիռի դէպքում էլ ստիպուած ենք եղել դիմելու յատուկ գործողութեան՝ զոհուած անձնակազմի դիակները տեղափոխելու համար: Սակայն մեր հիմնական պատասխանը՝ անվտանգութեան ապահովումն է երկարատեւ ժամանակահատուածում»:
Անդրադառնալով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում Արցախի դիրքորոշմանը, Բակօ Սահակեանը յայտնեց, որ առանց Արցախի մասնակցութեան հիմնախնդիրը չի կարող տրամաբանական լուծում ստանալ: «Ինչ վերաբերում է հաւանական լուծումներին, մենք մեր պաշտօնական յայտարարութիւններում ընդգծում ենք, որ յարգում ենք Մինկսի խմբի գործունէութիւնը. ես միշտ նշում եմ, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Արցախի ժողովուրդը պէտք է երախտապարտ լինի միջնորդ կազմակերպութեանն ու միջազգային ջանքերին՝ յարաբերական խաղաղութիւն ապահովելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարւում ենք մեր ընտրութիւնից: Հակառակը, ժամանակի ընթացքում մենք յաղթահարել ենք բազմաթիւ դժուարութիւններ, եւ աւելի շատ ենք տրամադրուած մեր անկախութիւնը պաշտպանելու», նշել է Բակօ Սահակեանը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.