ՀՕՄի Օժանդակութիւնը Արցախի Մանուկներին Եւ Սահմանի Պաշտպաններին


«ԱՊԱՌԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՕՄԻ ԱՐՑԱԽԻ ՄԻԱՒՈՐԻ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ ԱՐՄԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ

Վերջերս ՀՕՄի Արցախի միաւորը հանդէս է եկել իւրօրինակ նախաձեռնութեամբ, որն անակնկալի է բերել հանրապետութիւնում գործող բոլոր մանկապարտէզներին: Նախաձեռնութիւնն ինքնատիպ է եղել նաեւ այն հանգամանքով, որ անակնկալը մատուցուել է փոստային բաժանմունքների միջոցով:
«Արցախի ՀՕՄի միաւորը բարերարների միջոցով վերջերս ստացել էր Արցախում արտադրուած խաղալիքների մի խմբաքանակ: Հովանաւորները ցանկացել էին ՀՕՄի միջոցով օգտակար լինել Արցախի երեխաներին», aparaj.am-ի հետ զրոյցում նշեց ՀՕՄի Արցախի միաւորի ատենապետուհի Արմինէ Յարութիւնեանը, «մեզ հէնց սկզբում ոգեւորեց այն փաստը, որ այս կոնստրուկտորային զարգացնող խաղալիքները, որոնք պատրաստուած են բնական փայտից, ներկւում են երեխաների կողմից: Մենք ցանկութիւն յայտնեցինք մեր հերթին աջակցել, որպէսզի Արցախում արտադրուած խաղալիքներն առաջինն Արցախում սպառուեն, եւ ոգեւորենք բոլոր այն երեխաներին, ովքեր մասնակցում են խաղալինքերի պատրաստմանը: Որոշեցինք խաղալիքները բաժանել Արցախում գործող բոլոր 44 մանկապարտէզներին:

Խաղալիքները գեղեցիկ պարկի մէջ էին, մենք որոշեցինք արկղերում տեղադրել դրանք, փաթեթաւորել եւ փոստով ուղարկել հանրապետութեան բոլոր մանկապարտէզներին:
Հասցէատէրերի համար անակնկալ էին այդ նուէրները, առաւել եւս, երբ այն փոստի միջոցով էին ստացել: Մտայղացումն աննախադէպ էր: Ե՛ւ երեխաները, ե՛ւ մանկապարտէզի աշխատակիցները հաճելիօրէն զարմացել են ՀՕՄի նմանօրինակ անակնկալից:
Արցախում կան մանկապարտէզներ, որտեղ երեխաների թիւն անցնում է 200ից: Մենք այս անգամ չկարողացանք բոլոր մանկապարտէզներին խմբերի քանակի համապատասխան ապահովել խաղալիքներով: Կան մանկապարտէզներ, որոնք մեծ էին, բայց քիչ քանակութեամբ խաղալինքեր ստացան: Յոյս ունենք, որ այս անակնկալն առաջինն էր, բայց վերջինը չի լինելու, եւ յետագայում կը փորձենք համեմատաբար մեծ մանկապարտէզներին այդ խաղալիքներից նուիրել, որպէսզի գոնէ ամէն մի խմբում նման կոնստրուկտորային մէկ խաղալիք լինի: Գործի սկիզբն արդէն դրուած է, մնում է այն դարձնել շարունակական: Առհասարակ հաճելի է նուէր տալը, առաւել եւս, երբ այն երեխաների համար է:

ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ.- Արցախում ՀՕՄը յայտնի է իր մանկապարտէզների ծրագրերով: Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունէք կապուած մանկապարտէզների հետ:
ԱՐՄԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Այս պահի դրութեամբ մանկապարտէզների հետ կապուած յատուկ ծրագրեր դեռ չկան: Բացառութեամբ Ստեփանակերտում գործող «Սօսէ» մանկապարտէզի: Առաջիկայում նախատեսւում է կառուցել մանկապարտէզի նոր շէնք, որն ապահոված կը լինի ժամանակակից բոլոր չափանիշներով: Շէնքը, որտեղ այսօր գործում է մանկապարտէզը, բաւականին հին է ու խարխուլ, եւ վերանորոգման աշխատանքներ բաւարար չեն կարող լինել: Մեր մանկապարտէզները հանրաճանաչ են Արցախում, իսկ Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի մասին բոլորը գիտեն: Չնայած շէնքի պայմանները չեն ազդում երեխաներին խնամելու եւ կրթելու որակի վրայ, բայց մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները յաճախեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մանկապարտէզ: Յուսով ենք, որ մանկապարտէզի կառուցման համար նախագծային եւ հաշուարկային փաստաթղթերը շուտով պատրաստ կը լինեն, որից յետոյ մանկապարտէզի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար կը կազմակերպուի դրամահաւաք:

ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ.- Մանկապարտէզների ծրագրերից զատ, ՀՕՄը նաեւ համագործակցում է Պաշտպանութեան բանակի հետ եւ այցելութիւններ է կազմակերպում առաջին գիծ: Այդ ուղղութեամբ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունէք:
ԱՐՄԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- ՀՕՄը սերտօրէն համագործակցում է ՊԲ համապատասխան ստորաբաժանումների հետ: Ձեւաւորուած աւանդոյթի համաձայն, մենք առաջին գիծ ենք գնում Փետրուարի 23ին, Հայրենեաց պաշտպանի օրը, սակայն այս տարի Յուլիս-Օգոստոս ամիսներին, երբ սահմանում իրավիճակը բաւականին լարուած էր, ՀՕՄուհիների կողմից այցելութիւն է կազմակերպուել առաջնագիծ: Նոյնանման ծրագիր նախատեսւում է նաեւ Ամանորի նախաշեմին: Մեր զինուորները պէտք է ամէն վայրկեան զգան, որ թիկունքում գտնուող իւրաքանչիւր ոք կարեւորում եւ գնահատում է իրենց ծառայութիւնը: Մենք պարտաւոր ենք քաջալերելու մեր զինուորներին եւ մեր մայրական օրհնութիւնը տալու նրանց: Շուտով նաեւ նախաձեռնելու ենք մի ծրագիր, որին ցանկալի կը լինի մասնակցեն Արցախի բոլոր կանայք եւ մայրերը: Ծրագրի նպատակն է Արցախի կանանց միջոցով պատրաստած փոքրիկ նուէրները հասցնել մեր դիրքերը պահող զինուորներին: Ծրագիրը կրելու է «Արցախի մայրերը՝ Արցախի պաշտպաններին» նշանաբանը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.