Ո՞րն Է Իսլամացուած Համշէնցիների Ինքնութեան Ներկայիս Ընկալումը


Վերջին շրջանում մամուլում եւ նաեւ որոշ ուսումնասիրողների ուշադրութեան կենտրոնում են Թուրքիայի տարածքում ապրող համշէնցիների ինքնութեան խնդիրները: Արւում են զանազան մեկնաբանութիւններ` առանց հաշուի առնելու իսլամացման-թուրքացման քաղաքականութեան պատմական իրողութիւնը եւ դրանից բխող հետեւանքները, ինչպէս նաեւ յստակօրէն չի տարբերակւում ինքնութիւն եւ ծագում հասկացութիւնները:

Դեռեւս ԺԸ. դարում բռնի իսլամացուած համշէնահայութեան սերունդներն այսօր ապրում են Թուրքիայի Ռիզէի նահանգի Չամլըհեմշին (հին անունը` Ստորին Վիչէ Վիժէ), Հեմշին (հին անունը` Համշէն), Փազար (հին անունը` Աթինա), Ֆընտըքլը (հին անունը` Վիչէ Վիժէ), Արդաշէն (հին անունը` Արտաշէն), Չայելի (հին անունը` Մաւարի), Իքիզտերէ (հին անունը` Քուրաի-ի Սեբա) գաւառներում, որոնց մի մասում ընդգրկուած է պատմական հայոց Համշէն գաւառը: Ժամանակի ընթացքում նրանց մի մասը տեղափոխուել է Արդուինի նահանգի Խոփա եւ Բորչկա գաւառները: Համշէնցիների գիւղեր կան նաեւ Էրզրումի, Սաքարիայի, Դուզջէի նահանգներում: Նրանց կարելի է հանդիպել Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքներում: Իսկ ազգային դիմագիծը, դիմադրութեան շնորհիւ քրիստոնէութիւն պահպանած հատուածը սփռուել է Սեւ ծովի հարաւարեւելեան, իսկ հետագայում` ԺԹ. դարի վերջին եւ Ի. դարի սկզբին, ցեղասպանութիւն վերապրած համշէնահայերի մեծ մասը հաստատուել է Սեւ ծովի հիւսիսարեւելեան (ռուսական) ծովեզերեայ շրջաններում, Հայաստանում` պահպանելով լեզուն, կրօնը, ազգային սովորութիւնները:

Օսմանեան կայսրութեան, հետագայում հանրապետական Թուրքիայի ձուլողական քաղաքականութիւնն ընթացել է մի քանի փուլերով, բռնի եւ տարաբնոյթ համակարգուած մեթոտներով, ինչպէս նաեւ` լեզուական ձուլման միջոցով: Չբաւարարուելով կրօնափոխութեամբ եւ հասկանալով լեզուի ազգային տարբերակիչ դերը` օսմանեան եւ հանրապետական Թուրքիայի իշխանութիւնները խիստ կարեւորել են իրենց ենթակայութեան տակ գտնուող ժողովուրդներին թուրքախօս դարձնելը` ամբողջացնելով նրանց ձուլման գործընթացը: Այս իրողութեան մէջ իսլամացուած համշենահայութեան սերունդները օսմանաթուրքական միջավայրում աստիճանաբար կորցրեցին հայկական ինքնութեան կարեւոր բաղկացուցիչները` լեզուն (բացառութիւն են կազմում Խոփայի եւ Բորչկայի գաւառների եւ Սաքարիայի նահանգի մի քանի գիւղերի համշէնցիները), կրօնը, կտրուեցին հայկական մշակոյթից եւ ամբողջովին տարրալուծուեցին թուրքական հասարակութեան մէջ` պահպանելով միայն իրենց տեղական ազգագրական, ինչպէս իրենք են ասում, համշէնական ինքնութիւնը:

Առհասարակ ցեղային դիմադրողականութեան եւ ինքնապաշտպանութեան գլխաւոր միջոցներից մէկը լեզուն է, որն արտայայտում ու պահպանում է ազգային իւրօրինակութիւնն ու սահմանները: Լեզուամտածողութեան, բառապաշարի, բանահիւսութեան մէջ են ամրագրւում ազգային ինքնութեան յատկանիշները, տուեալ ցեղին բնորոշ բազմաթիւ առանձնայատկութիւնները: Լեզուն է, որ սերունդներին է փոխանցում ազգային մշակոյթը, աւանդոյթները` կատարելով նաեւ ազգային տարբերակիչ դեր: Լեզուն եւ ազգային ինքնագիտակցութիւնը մշտապէս գտնուել են սերտ կապի մէջ: Լեզուն ազգային ինքնագիտակցութեան եւ ինքնութեան ձեւաւորման, թերեւս, ամենաորոշիչ գործօններից մէկն է:

Բազմազգ Օսմանեան կայսրութեան եւ հանրապետական Թուրքիայի իշխող շրջանակները շատ լաւ էին հասկանում, որ այլազգիների ձուլումը բաւականին բարդ գործընթաց է, մանաւանդ որ տիրապետող ազգի եւ միւսների միջեւ գոյութիւն ունէր, ժամանակակից ցեղահոգեբանութեան եզրով ասած, «ցեղային անհամատեղելիութիւն» (Լեզուի ցեղապաշտպան դերի մասին աւելի մանրամասն տե՛ս Նալչաջեան Ա., «Էթնիկական հոգեբանութիւն», Երեւան, 2001, էջ 427-428): Լեզուն կարող էր միշտ վառ պահել իր ենթակայութեան տակ յայտնուած ժողովուրդների ազգային ինքնագիտակցութիւնը: Ուստի այս հանգամանքների վերացմամբ էր պայմանաւորուած այլազգիների նկատմամբ Օսմանեան կայսրութեան, նաեւ Թուրքիայի Հանրապետութեան որդեգրած ձուլման եւ ոչնչացման քաղաքականութիւնը:

Նման ճնշումների արդիւնքում` հայերէնի հաշուին համշէնցիների միջավայրում ամրակայուեց թուրքախօսութիւնը: Թէեւ Թուրքիայում մնացած համշէնահայութիւնը սկզբնական շրջանում առերես էր ընդունել իսլամ, ցաւօք, ժամանակը, ինչպէս նաեւ միջավայրը, թուրքական հետեւողական ձուլման քաղաքականութիւնը, վախի եւ զանազան հալածանքների մթնոլորտը կատարել են իրենց դերը: Եւ այսօր նրանց մի մասի հայկական ինքնութիւնն արտայայտւում է ընդամէնը ծինային ծագման մասին յիշողութեամբ եւ մշակութային որոշ շերտերի պահպանմամբ:

Գերմանացի հեղինակ Մ. Հիւպները գրում է, որ «չի կարելի տիրանալ ինքնութեանը, այն ինքնաբերաբար է առաջանում, բայց երբ արդէն ձեռք է բերւում, այն դեռ չի կարելի ապահով համարել: Մշտապէս կայ ինքնութիւնն օտարից պաշտպանելու կարիքն ու անհրաժեշտութիւնը»:

Հանրապետական Թուրքիայում այլազգիների ձուլողական քաղաքականութիւնն իրաւականօրէն ամրագրւում է 1924 թուականի առաջին սահմանադրութեան 88-րդ յօդուածով, որը 1982 թուականին դարձաւ 66-րդ յօդուածը` «ամէն ոք, ով Թուրքիայի քաղաքացի է, համարւում է թուրք»:

2005թ. հոկտեմբերին Թուրքիայի կառավարութիւնը քննարկեց եւ հաստատեց Անվտանգութեան խորհրդի ներկայացրած «Ազգային անվտանգութեան քննարկման մասին փաստաթուղթը», որը դարձեալ ընդգծում է` Թուրքիայի Հանրապետութիւնում հիմնարար սկզբունքներ են հանդիսանում «մէկ պետութիւն, մէկ ազգ, մէկ դրօշ եւ մէկ լեզու դրոյթները»: Փաստաթղթում պահպանւում է Թուրքիայի իւրաքանչիւր քաղաքացուն «ազգութեամբ թուրք» համարելու սկզբունքը:

2005 թ. նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Ռ. էրտողանն իր յայտարարութեան մէջ թէեւ ընդունում է, որ երկրում կան մօտ 30 ազգային խմբեր` «իրենց ներքին ինքնութիւններով», այդուհանդերձ, չի յապաղում յիշեցնել, որ նրանք ունեն «վերին ինքնութիւն», այն է` Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացիութիւնը:

Այսօր Թուրքիայում ապրող քրիստոնեայ հայերի անձը հաստատող փաստաթղթում (Kimlik), որը տեղական կիրառութեան համար է, կրօնական պատկանելութեան դիմաց նշւում է` քրիստոնեայ, իսկ անձնագրում ազգութեան դիմաց` թուրք, հայերն ունեն նաեւ 31 թուով համարակալուած գաղտնաթիւ, ինչը համապատասխան ատեաններին յուշում է նրանց ազգային պատկանելութիւնը:

Իսկ իսլամացուած համշէնցիների ինքնութիւնը խճճելու ուղղութեամբ մինչ այժմ էլ աշխուժօրէն աշխատանքներ են տարւում: Հրատարակւում են ապագիտական գրքեր (նրանց մէջ կան համշենցի հեղինակներ)` համշէնցիների հայկական ծագումը եւ առհասարակ Համշէնում հայկականութեան մնացած հետքերը մերժելու նպատակով:

Որպէս հետաքրքիր փաստ նշենք, որ Արդուինի նահանգի Խոփա եւ Բորչկա գաւառների համշէնցիները կարողացել են թուրքական այդ մեծ ովկիանոսում պահպանել հայերէնի` Համշէնի բարբառի իրենց տեղական խօսուածքը եւ դեռ գործածում են իրենց առօրեայ խօսակցականում: Ինչպէս ցոյց են տալիս մեր կատարած ուսումնասիրութիւնները, այսօր Խոփայի եւ Բորչկայի գաւառների համշէնցիների թիւը մօտաւորապէս 25-30,000 է: Սակայն երիտասարդ սերունդն արդէն մոռանում կամ չի գործածում իր տեղական խօսուածքը եւ առաւել մեծ տեղ է տալիս թուրքերէնին: Միաժամանակ նշենք, որ նրանք հայերէն տառերը չգիտեն, բացառութեամբ մի քանի մտաւորականների, ովքեր գիտաճանաչողական նպատակներով սովորում են մեսրոպեան տառերը: Շնորհիւ հայերէնի Համշէնի բարբառի տեղական խօսուածքի պահպանման` այս շրջանների համշէնցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը: Չնայած թուրքական քարոզչութեանը, նրանք շատ լաւ հասկանում են, որ իրենց խօսակցական լեզուն թուրքերէն չէ: Առհասարակ, Խոփայի եւ Բորչկայի գաւառներում տարածուած են մարքսիստական, ըստ այդմ` հակակրօն գաղափարները, որոնք, մեր կարծիքով, որոշակի հոգեբանական ինքնապաշտպանական դեր են կատարում իսլամական-թուրքական միջավայրում` սեփական տեսակը, ազգագրական նկարագիրը պահպանելու համար: Սակայն նրանց մէջ կան նաեւ այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց ծագման մասին խօսել կամ իրենց համարում են թուրք, իսկ լաւագոյն դէպքում` համշէնցի (հոմշեցի): Խոփայի համշէնցիների մի մասն էլ ընդգծում է, որ տեղեակ է իր հայկական ծագման մասին, գիտի, որ ժամանակին հայ ժողովրդի մաս է կազմել, հայկական մշակոյթի կրող է եղել, սակայն ժամանակի ընթացքում կտրուել է կապը, եւ իրենց ո՛չ հայ, ո՛չ էլ թուրք են համարում, այլ` համշէնցի: Կարծում ենք, որ ինքնութեան նման ընկալումը եւս թուրքական իրականութեան մէջ իրենց տեսակը պահպանելու եւ այդ միջավայրում յարմարուելու մի ձեւ է:

Թուրքական իշխանութիւնները, չկարողանալով Արդուինի նահանգի համշէնցիներից վերջնականապէս արմատախիլ անել հայախօսութիւնը, պաշտօնական պատմագրութեան միջոցով խճճում եւ աղաւաղում են Համշէնի պատմութիւնը, համշէնցիների ծագումնաբանութիւնը, նրանց հայերէն խօսուածքը յայտարարում իբրեւ մի թուրքական բարբառ:

Ռիզէի նահանգի համշէնցիների շրջանում թուրքացումն առաւել խոր արմատներ է գցել: Ռիզէի համշէնցիները մոռացել են իրենց մայրենին` հայերէնը, եւ խօսում են թուրքերէն: Ոմանք, թէեւ ընդունում են իրենց հայկական ծագումը, սակայն անմիջապէս յաւելում են, որ արդէն թուրքացել են: Նրանց միջավայրում շրջանառւում է այն տեսակէտը, որ նրանք սերուել են թուրքական ցեղերից: Չամլըհեմշինցի լրագրող եւ հայրենագէտ Ճան Ուղուր Պիրեոլը, իր յօդուածներից մէկում գրում է. «Այսօր համշէնցիների մեծամասնութիւնը մերժում է իր հայ լինելը: Իրականում, շրջանում օգտագործուող տեղանունների եւ առօրեայ կեանքում պահպանուած առարկաների անունների կիրառութեամբ է արտայայտւում տեղական հայերէնը»: Այստեղ էլ կան այնպիսիները, ովքեր իրենց թուրք չեն համարում, այլ ուղղակի` համշէնցի, գիտեն, որ իրենց նախնիները հայեր են եղել: Ռիզէի մի շարք շրջաններում արմատական իսլամը շարունակում է ամուր դիրքեր ունենալ, ինչն էապէս ազդել է համշէնցիների ինքնութեան վրայ, եւ այստեղ կարող ես հանդիպել մոլեռանդ մահմետականների: Նրանց մէջ կան նաեւ մարքսիստական գաղափարների կրողներ, գործունեայ ձախակողմեաններ: Սակայն Չայելի գաւառի Սենոզի շրջանում արմատացած է թուրքական ազգայնական գաղափարները: Համշէնցիների տների պատուհաններից կախուած կարող ես տեսնել եռալուսին թուրք ազգայնականների դրօշը: Անգամ նրանց միջավայրում հայ (Ermeni) բառն ունի բացասական եւ վիրաւորական նշանակութիւն: Սենոզի շրջանը տուել է յայտնի քաղաքական եւ ռազմական գործիչներ իրաւաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ: Այս շրջանի Խախոնջ (այժմ` Չաթալտերէ) գիւղից է Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Եըլմազը` Վասափների տոհմից (հայերէն Վասակ անձանուան աղաւաղուած տարբերակն է): Ռիզէի համշէնցիների թիւն այլ քաղաքներում էլ հաստատուածներով հանդերձ ոչ պաշտօնական տուեալներով կազմում է մօտ 60 հազար:

Յայտնի կեղծարար Մ. Սաքաօղլուի միջոցով թուրքական պատմագրութիւնը յայտարարում է, որ համշէնցիները, բացի թուրքերէնից, ուրիշ լեզու չեն իմացել: Նրանց թուրքերէնն էլ հին օղուզի կամ սաքա ցեղի բարբառն է: Մէկ այլ թուրք կեղծարար` Մ. Քըրզըօղլուն, ընդունելով Խոփայի համշէնցիների լեզուի հայկական բարբառ լինելը, այն կրողների ծագման մասին առաջարկում է յօրինովի տեսութիւններ: Մ. Քըրզըօղլուի մշակումները, ցաւօք, դարձել են համշէնցիների ինքնութեան անբաժանելի մասը: Շատերն այնքան են հեռացել հայկական արմատներից, որ իրենց համարում են օղուզական, պալքարական, աքատական ցեղերի սերունդ կամ էլ Միջին Ասիայից ու Խորասանից եկած մի ժողովուրդ:

Եւ եթէ անգամ Ռիզէի համշէնցիները գիտեն էլ իրենց հայկական ծագումը (իսկ չիմանալ չեն կարող, քանի որ իրենց խօսակցական թուրքերէնում օգտագործում են բազմաթիւ հայերէն կենցաղային բառեր, տեղանուններ, բուսանուններ), ապա այդ մասին գերադասում են լռել կամ ուղղակի մերժել: Ահա այսպիսին է ԺԸ. դարում եւ հետագայում բռնի իսլամացուած հայութեան սերունդների ներկայ վիճակը:

Իսլամացման քաղաքականութիւնը պէտք է գնահատել որպէս ցեղասպանութեան դերսեւորման մի ձեւ, որին ենթարկուեց հայութեան այս հատուածը` բռնի կտրուելով իր արմատից ու հեռանալով իր ազգային ակունքներից եւ մշակոյթից: Ցեղասպանութեան վերաբերեալ Ռաֆայէլ Լեմքինի բնորոշումը, ինչպէս նշուած է իր «Axis Rule in Occupied Europe» գրքում, նոյնպէս ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպէս ոչ ֆիզիքական, այլ յատկապէս ցեղասպանութեան հոգեբանական ազդեցութիւններ, որոնք նա անձնապէս բնորոշել է հետեւեալ կերպ. «Ընդհանրապէս ցեղասպանութիւնը պարտադիր չէ, որ նշանակի ազգի ուղղակի բնաջնջում…: Նախ հարկ է առանձնացնել տարբեր գործողութիւնների համակարգուած ծրագիրը, որը նպատակ ունի ոչնչացնելու ազգային խմբերի կարեւոր հիմքերը եւ հէնց իրենց` խմբերին»: Այդ ծրագրի նպատակներն են քաղաքական եւ ընկերային կառոյցների, մշակոյթի, լեզուի, ազգային զգացմունքների, կրօնի ոչնչացումը, անձնական ապահովութեան, ազգային խմբերի տնտեսական գոյութեան ոչ համարկումը եւ այլն: «Ցեղասպանութիւնն ունի երկու փուլ. առաջին` ճնշուած խմբի ազգային տիպարի ոչնչացում, եւ երկրորդ` ճնշողի ազգային տիպարի հարկադրում: Այս հարկադրումն իր հերթին կարող է իրագործուել ճնշուած բնակչութեան վրայ, որին թոյլ են տալիս մնալ տարածքում` ճնշողի ազգակիցների կողմից իրականացուած բնակչութեան բնաջնջումից եւ գաղութացումից յետոյ»:

1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին ուխտի Ա. յօդուածը նշում է, որ ցեղասպանութիւնը յանցագործութիւն է, անկախ նրանից` կատարւում է խաղա՞ղ, թէ՞ պատերազմական պայմաններում, եւ որ ստորագրող կողմերը պարտաւորւում են կանխարգելել եւ պատժել կատարելու համար: Ուխտի Բ. յօդուածը ցեղասպանութիւն է համարում այն գործողութիւնները, որոնք կատարւում են մի որեւէ ազգային, ցեղային կամ կրօնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրութեամբ:

Ահա համակարգուած այս ձուլման քաղաքականութեան արդիւնքում համշենցիները, բռնի կրօնափոխուելով, կորցրեցին իրենց իրական հայկական ազգային ինքնութիւնը` պահպանելով միայն տեղական ազգագրական նկարագիրը` երբեմն հայկական ծագման մասին յիշողութեան դրսեւորումներով:

ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ
Երեւանի Պետական համալսարանի 
հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի 
հայ-օսմանական առնչութիւնների բաժնի վարիչ, թուրքագէտ

«Ռիփերֆիուչըր»


Leave a Comment

You must be logged in to post a comment.