Ռուսիա Իր Յայտարարութեան Մէջ Կը Մատնանշէ Ցեղասպանութեան Զոհերու Մասունքներու Պղծումը


ՄՈՍԿՈՒԱ, «Նիուզ».- Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան տեղեկատուութեան եւ հրատարակչութեան բաժանմունքը Սուրիոյ եւ Իրաքի մէջ Իսլամական Պետութեան (ԻՊ) զինեալներու դիրքերուն վրայ ամերիկեան ռազմական հարուածներուն վերաբերեալ յայտարարութիւն մը հրապարակած է, ուր նշուած է Տէր Զօրի հայկական եկեղեցւոյ վրայ ահաբեկիչներու կատարած յարձակումին եւ նահատակներու մասունքներու պղծումի մասին:
Յայտարարութեան մէջ նշուած է.
«Սիրիայում եւ Իրաքում շարունակւում են «Իսլամական պետութեան» գրոհայինների դիրքերի ռմբակոծումները: Ընդ որում՝ Վաշինգտոնում պնդում են, որ հարուածներն իրականացւում են նշուած ահաբեկչական կառոյցի դէմ պայքարի «միջազգային դաշինքի» ուժերով:
«Բնականաբար, սկզբունքային տեսանկիւնից ահաբեկիչներին ակտիւ հակազդելը պատշաճ գնահատականի է արժանի: Միաժամանակ, կատարուող դէպքերի ենթատեքստը նախկինի պէս լուրջ հարցեր է յարուցում: Նախ, ԱՄՆն եւ Արեւմուտքը չգիտես ինչու նախընտրում էին չնկատելու տալ ԻՊի ահաբեկչական բնոյթը, երբ դրա գրոհայինները մարտնչում էին Սիրիայի կառավարական զօրքերի դէմ: Կասկածելի է նաեւ հասցուող հարուածների օրինականութիւնը, քանի որ նման գործողութիւնների կարելի է դիմել միայն ՄԱԿի արտօնելու դէպքում՝ այն երկրի պաշտօնական ղեկավարութեան համաձայնութեամբ, որտեղ ձեռնարկւում են նման գործողութիւնները, տուեալ դէպքում՝ Դամասկոսի կառավարութեան:
«Ակնյայտ է, որ այդպիսի հարցեր են ծագում ոչ միայն Մոսկուայում: Բացի դրանից հրթիռա-ռումբային հարուածներ են հասցնում ԱՄՆն, Ֆրանսիան եւ արաբական մի քանի պետութիւններ, այն ժամանակ, երբ գործողութեանը մասնակցելու մասին յայտարարած միւս երկրները սահմանափակւում են միայն մարդասիրական գործունէութեամբ: Այսպիսով, ընդարձակ դաշինքի մասին խօսք չկայ:
«Օդից հարուածների արդիւնաւէտութիւնն էլ միանշանակ չէ: Չնայած «յաջողութիւնների» մասին բարձրագոչ յայտարարութիւններին, ԻՊ ահաբեկիչները շարունակում են շրջափակել քրդական Քաբանէ քաղաքը Սիրիայի հիւսիս-արեւելքում, որի գրաւման դէպքում, բնակիչներին դաժան հաշուեյարդար է սպասւում, եթէ ոչ՝ բնաջնջում: Դրան զուգահեռ, ԻՊ վերահսկողութեան տակ է շարունակում մնալ Սիրիայի Դէր Զօրը, որտեղ, նոյնպէս ԱՄՆի «ջախջախիչ հարուածներից» յետոյ ԻՊ գրոհայինները պայթեցրել են հայկական եկեղեցին՝ պղծելով քսաներորդ դարասկզբի Հայոց Ցեղասպանութեան այնտեղ հանգչող հայ նահատակների մասունքները:
«Իրաքում եւ Սիրիայում այս օրերին տեղի ունեցող իրադարձութիւնների համատեքստում Ռուսաստանը հանդէս է գալիս ահաբեկչութեան՝ որպէս բացարձակ չարիքի դէմ հետեւողական եւ սկզբունքային արդիւնաւէտ պայքարի դիրքերից: Մեր համոզմամբ՝ անհրաժեշտ է ահաբեկչութեան խնդրի եւ դրա տարածման պատճառների խոր եւ համակողմանի վերլուծութիւն, այդ թւում նաեւ Մերձաւոր Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի տարածքում: Մենք միջազգային հանրութեան բոլոր պատասխանատու կողմերին կոչ ենք անում հակաահաբեկչական ընդհանուր ռազմավարութիւն մշակել եւ այն կեանքի կոչել: Հէնց այդպիսի համընդհանուր մօտեցումն էլ, այլ ոչ թէ նեղ կենտրոնացած «դաշինքը», կարող է ԻՊի դէմ պայքարում ցանկալի արդիւնք տալ եւ օգնել մարդկութեանն ազատել «Քսամէկերորդ դարի այս ժանտախտից»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.