Նախագահ Սերժ Սարգսեանի Ելոյթը ՄԱԿի Գլխաւոր Համաժողովի 69րդ Նստաշրջանին (Նիւ Եորք, Սեպտեմբեր 24, 2014)


Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկութեան համար բեկումնային իրադարձութիւնների՝ Առաջին աշխարհամարտի 100ամեակի եւ գալիք տարի նշուելիք 2րդ համաշխարհային պատերազմի աւարտի 70ամեակի ժամանակահատուածում: Շուրջ եօթ տասնամեակ առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտին ստեղծուած Միացեալ Ազգերի Կազմակերպութեան առաքելութիւնն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակոյթի ձեւաւորումն էր, որը կը բացառէր անցեալի ողբերգական էջերի կրկնութիւնը:
2015 թուականը յատուկ նշանակութիւն ունի ողջ աշխարհի հայութեան համար: Ապրիլի 24ին աշխարհասփիւռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմութեան ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը: Պատմութեան մէջ նախադէպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի եւ հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործութիւնը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վէրք: 1915թ. Ցեղասպանութիւնը քաղաքակրթութեան եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն էր, իսկ դրա ոչ լիարժէք դատապարտումը՝ նոյնօրինակ զանգուածային ոճրագործութիւններ ծնող երեւոյթ:
Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի տարում, ելոյթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կը կոչէի Պատուոյ եւ Պատասխանատուութեան ամբիոն, բարձրաձայն ասում եմ.
Շնորհակալութի՛ւն Ուրուգուա, Ֆրանսիա, Ռուսաստան: Շնորհակալութի՛ւն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շուեյցարիա, Շուէդիա: Շնորհակալութի՛ւն Գերմանիա, Լեհաստան, Լիտուա, Յունաստան, Սլովակիա, Կիպրոս: Շնորհակալութի՛ւն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան:
Շնորհակալութիւն Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ անկախ այդ ճանաչման ձեւաչափից եւ օգտագործուած ձեւակերպումներից:
Շնորհակալութիւն ԱՄՆի, Եւրոպական Միութեան, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միաւորներին կամ կազմակերպութիւններին, որոնք վստահօրէն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապէս խիստ կարեւոր է, քանզի ժխտումը ցեղասպանութեան յանցագործութեան փուլերից մէկն է:
Արդէն շուրջ մէկ դար ոչ միայն աշխարհասփիւռ հայութիւնը, այլեւ ողջ առաջադէմ միջազգային հանրութիւնը սպասում են, որ Թուրքիան ի վերջոյ քաջութիւն կը գտնի առերեսուելու սեփական պատմութեանը եւ ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը՝ դրանով իսկ ազատելով յետագայ սերունդներին անցեալի ծանր բեռից: Աւաղ, փոխարէնը հնչեցւում են երկիմաստ, սքօղուած ուղերձներ, որոնցում զոհին հաւասարեցնում են դահճին, խեղաթիւրում անցեալի իրադարձութիւնները:
Հայաստանը երբեւէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման համար: Յայտնի է, որ պաշտօնական Երեւանի նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը հասաւ մինչեւ Ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրում: Այդ արձանագրութիւններն արդէն տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վաւերացմանը: Պաշտօնական Անկարան բացայայտ հռչակում է, որ կը վաւերացնի այդ արձանագրութիւնները միայն, եթէ Լեռնային Ղարաբաղը՝ Ազատ Արցախը, հայերը յանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ յաճախ արձագանգում են շատ պարզ. «գրողի ծոցը վաւերացնէք»: Ժողովրդական լեզուով արտայայտուած այս բառերի մէջ մի ողջ ազգի դարաւոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրայ առուծախ անողներին անառարկելիօրէն բացատրում է՝ Հայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարէք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտօնական Երեւանը լրջօրէն քննարկում է հայ-թուրքական արձանագրութիւնները խորհրդարանից յետ կանչելու հարցը:
Այսօր էլ բոլորիս աչքի առջեւ են Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցաւալի իրադարձութիւնները, երբ կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնները դառնում են ատելութիւն դաւանող խմբերի թիրախ: Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատուեց եւ պայթեցուեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած, Մեծ Եղեռնի բազմաթիւ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զօրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսութիւնը պարզապէս յանցաւոր անաստուածութիւն է, որը որեւէ հաւատքի հետ կապ ունենալ չի կարող: Սիրիայում եւ Իրաքի հիւսիսում ստեղծուած աղէտալի իրավիճակն ահագնանում է օր-օրի, եւ այսօր արդէն ուղղակի վտանգի տակ են հարիւր հազարուոր խաղաղ մարդիկ, այդ թւում նաեւ Հալէպի տասնեակ հազարաւոր հայերը: Սա հէնց այն վտանգաւոր իրավիճակներից է, որը պէտք է դիտարկուի մարդկութեան դէմ ուղղուած ոճրագործութիւնները կանխարգելելու մեր համատեղ յանձնառութիւնների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչութեան եւ Իրաքի հիւսիս-արեւմուտքում բնակուող եզդի բնակչութեան պաշտպանութիւնն ապահովելու անհրաժեշտութիւնը, եւ քաջալերուած ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում:
Համաշխարհային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանութիւնը մեր կազմակերպութեան ստեղծման եւ գոյութեան իմաստն է: Վերջին տարիներին Հայաստանը հետեւողականօրէն ամրապնդել է իր խաղաղապահ կարողութիւնները՝ նախապատրաստելով մեր երկրի առաւել ընդգրկուն ներգրաւումը միջազգային խաղաղութեան եւ կայունութեան ապահովմանը: Շատ մօտ ապագայում հայ խաղաղապահները կը տեղակայուեն Լիբանանի հարաւում՝ ՄԱԿի հովանու ներքոյ իրականացուող ԵՈՒՆԻՖԻԼ առաքելութեան շրջանակներում: Դա հնարաւոր դարձաւ մեր իտալացի գործընկերների հետ սերտ համագործակցութեան շնորհիւ: Վստահ եմ, որ հայ զինծառայողները արժանապատուօրէն եւ բարձր պրոֆէսիոնալիզմով կ՛իրականացնեն իրենց առաքելութիւնն՝ օգտագործելով նաեւ արդէն մէկ տասնամեակի ընթացքում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում ձեռք բերուած հարուստ փորձը:
Յարգելի՛ գործընկերներ,
Արդէն 20 տարուց աւելի է, որ ղարաբաղեան հակամարտութեան արդար եւ խաղաղ կարգաւորման ուղղութեամբ միջազգային հանրութեան ջանքերը վիժեցւում են մեր հարեւանի ապակառուցողական եւ առաւելապաշտական կեցուածքի պատճառով: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ յայտարարութիւններին ու տարաբնոյթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայութիւնը յանգեցրել է այսօրուայ ամենաթողութեանը. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպէս «թիւ մէկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարւում է յանցագործութիւն, Ադրբեջանում դիտարկւում է որպէս հերոսութիւն:
Չնայած այն հանգամանքին, որ իւրաքանչիւր հակամարտութիւն առանձնայատուկ է՝ միջազգային յարաբերութիւններում հետեւողականօրէն առաջ են մղւում մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները, այդ թւում՝ ժողովուրդների ազատ կամարտայայտութիւնն ու ինքնորոշումը: Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքուէն կրկին ապացուցեց, որ հէնց հանրաքուէի ինստիտուտն է ներկայում հետեւողականօրէն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգաւորման կարեւորագոյն իրաւական գործիքներից մէկը: Եւ պատահական չէ, որ ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգաւորման յենասիւնը եւս հանրաքուէի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքն է:
Խօսելով ԼՂ հիմնախնդրի կարգաւորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձեւերին, որոնք պարբերաբար շահարկւում են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից՝ որպէս իրենց ապակառուցողական քաղաքականութեան հիմնաւորում:
Խօսքն այն բոլոր չորս բանաձեւերի մասին է, որտեղ որպէս առաջնային եւ անվերապահ պահանջ նշւում էր ռազմական եւ թշնամական գործողութիւնների դադարեցումը, ինչը չիրականացուեց Ադրբեջանի կողմից: Հէնց Ադրբեջանի կողմից սոյն բանաձեւերի հիմնարար պահանջները չկատարելու հետեւանքով էր, որ անհնարին դարձաւ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձեւերում կոչ էր արւում դադարեցնել խաղաղ բնակչութեան ռմբակոծութիւններն ու օդային հարուածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրաւունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչութեանը՝ տարբերութիւն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջեւ՝ կոպտօրէն խախտելով միջազգային հումանիտար իրաւունքի բոլոր իրաւական եւ բարոյական նորմերը:
Եւ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու յղում է կատարում այդ բանաձեւերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրուած մեկնաբանում դրանք՝ որպէս խնդրի կարգաւորման նախապայման: ՄԱԿի ԱԽ բանաձեւերի համարժէք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրուած պահանջների աստիճանակարգի ճիշդ ընկալման:
Բանաձեւերում ամրագրուած պահանջներից են նաեւ՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցութեան ուղիների եւ էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձեւ), հաղորդակցութեան ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձեւ): Գաղտնիք չէ, որ հակամարտութեան հէնց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելոյթներում նոյնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրութեանը խոստանալով, որ այդ ուղղութիւնը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը:
Անվտանգութեան խորհրդի նշուած բանաձեւերում կոչ է արւում Ադրբեջանի իշխանութիւններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դէպ, 1994թ. հրադադարի եւ մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրաւահաւասար կողմ է, այլեւ թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդէպ, որին իբր թէ ցանկանում է տեսնել իր պետութեան կազմում:
Ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշուել որպէս հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղուած կոչերում միայն խօսւում էր «շարունակել ազդեցութիւն գործադրել» ԼՂ հայութեան վրայ (853, 884) հակամարտութիւնը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժէք իրականացրել է, եւ նաեւ դրա շնորհիւ 1994թ. կնքուել է զինադադար: Բոլոր բանաձեւերում ԼՂն յստակօրէն ճանաչուել է հակամարտող կողմ:
Վերոնշեալից ակնյայտ է, որ հէնց Ադրբեջանի իշխանութիւններն են, որ չեն իրականացրել ՄԱԿի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թւում նաեւ մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դէպ՝ այս պահանջը եւս պարբերաբար եւ կոպտօրէն խախտւում է Ադրբեջանի կողմից, երբ գերեւարուած հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերւում, որը շատ յաճախ նրանց մահուան պատճառ է հանդիսանում: Թէեւ, կարծում եմ, զարմանալն աւելորդ է. չէ՞ որ խօսքը մի պետութեան մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկւում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայութիւնն էր օրեր առաջ ՄԱԿի Կտտանքների դէմ ենթակոմիտէի առաքելութեան աշխատանքի ընդհատումը՝ պաշտօնական Բաքուի կողմից դրսեւորուած վարքագծի հետեւանքով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնը միակ մասնագիտացուած կառոյցն է, որ երկու տասնամեակ է, ինչ զբաղւում է ղարաբաղեան հիմնախնդրով՝ միջազգային հանրութեան կողմից ստացուած մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թիւր տեղեկատուութիւն հրամցնել խնդրի էութեան մէջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգաւորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վէճի բնոյթ կամ շահարկելով կրօնական համերաշխութեան գործօնը: Դրանք կատարեալ անհեթեթութիւններ են: Իսկ Հայաստանն աւանդաբար ջերմ յարաբերութիւններ է ունեցել իսլամ դաւանող ժողովուրդների հետ՝ ի դէմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարեւան Իրանի:
Բարձր գնահատելով ՄԱԿի անփոխարինելի դերը կայուն զարգացման նպատակների մշակման եւ իրականացման գործում՝ վստահ եմ՝ «2015թ. յետոյ» զարգացման նոր օրակարգի միջոցով կը շարունակենք հազարամեակի զարգացման նպատակներից բխող գլոբալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրաւէրներին դիմակայելու մեր ջանքերը՝ սահուն անցում կատարելով դէպի Կայուն զարգացման նպատակներ:
Եզրափակելով ընդգծեմ, որ ՄԱԿի շրջանակներում մենք միասին զգալի ճանապարհ ենք անցել «Յետ-2015 թուականը զարգացման օրակարգի» ձեւաւորման ուղղութեամբ եւ շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ ճկունութիւն ցուցաբերելով այդ գործընթացն իր տրամաբանական աւարտին հասցնելու համար:


Leave a Comment

You must be logged in to post a comment.