44-օրեայ պատերազմում զոհուած Յակոբի սպան որդի է ունեցել ու նրան անուանակոչել իր հերոս զինուորի՝ Յակոբի անունով

Արցախեան 44-օրեայ պատերազմում անմահացած Յակոբ Բողարեանը 2019 թուականին յուլիսին էր զօրակոչուել բանակ ու ծառայութեան անցել Արցախում՝ Ջրականում։ Զինուորական ծառայութեան մեկնելուց առաջ հասցրել էր ընդունուել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Նա թիավարութեան Հայաստանի ախոյեան էր, նաև միջազգային մրցաշարերում էր յաջողութիւններ գրանցել։ Յակոբի յաջողութիւնների ու նուաճումների շղթան պիտի շարունակուէր, եթէ չլինէր 44-օր պատերազմը․․․

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողութիւնների մեկնարկի պահին Յակոբը դիրքերում է եղել։ 1 տարի և չորս ամիս էր, ինչ ծառայութեան մէջ էր, երբ պատերազմը սկսուեց։ Քանի որ տղաս ուրալի վարորդ էր, պիտի դիրքեր մարտական հերթապահութեան չբարձրանար, բայց ասում էր՝ ընկերներիս հետ պիտի պոստեր բարձրանամ և այդպէս էլ անում էր։ Պատերազմի սկսուելուն պէս Յակոբը մտել է կռուի մէջ։ Ընկերներն ու սպաներն ասում են՝ Յակոբը համարձակօրէն կռւում էր։ Մեր տղաները կռուել են ու իրենց կեանքը տուել յանուն հայրենիքի», —պատմեց Յակոբի Հայրը՝ Գագիկ Բողարեանը։ Յակոբի ընկերները երբեմն Յակոբենց տուն են գնում։ Հերոսի ծնողներն իրենց որդու ընկերների հետ շփուելիս որդու կարօտն են առնում։ Պատերազմի ընթացքում Յակոբն ու իր ընկերները Ջրականում Չռիկներ կոչուած դիրքերում են եղել ու կռուել մինչև հոկտեմբերի 5-ը։ Հոկտեմբերի 5-ին, չլքելով բարձունքը, Յակոբն իր երեք ընկերների հետ դիմակայել է թշնամուն, որպէսզի այդ ընթացքում իր միւս ընկերները կարողանան ետ նահանջել։ Հենց այդ օրը Յակոբը իր կողքին գտնուող ընկերների հետ միասին զոհուել է թշնամու դիպուկահարի գնդակից։ Այդ ժամանակ Յակոբի միւս ընկերները, ցաւօք, չեն կարողացել Յակոբի ու միւսների մարմինները բերել, իսկ դիրքն անցել է թշնամու տիրապետութեան տակ։

«Հրադադարից 73 օր յետոյ կարողացել են իմ տղայի մարմինը բերել։ Յակոբի մահից մօտ երեք ամիս էր անել, բայց ես իմ Յակոբի մարմինը ճանաչել եմ նրա մարմնի, գլխի, ատամների կառուցուածքից։ 2020 թուականի դեկտեմբերի 15-ին ճանաչեցի մարմինը, իսկ դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում յուղարկաւորեցինք Յակոբին։ Պատկերացրէ՛ք, ես տղայիս մարմինը ճանաչել եմ ու նրան յուղարկաւորել ենք նախորդ տարուայ դեկտեմբերին, իսկ ԴՆԹ-ի պատասխանը եկել է շատ ուշ՝ մօտ երկու ամիս առաջ։ Այսինքն՝ եթէ ես չկարողանայի մարմինը ճանաչել, մենք նրան մի երկու ամիս առա՞ջ պիտի յուղարկաւորէինք, քանի որ ԴՆԹ տուեալներով պաշտօնապէս մօտ երկու ամիս առաջ է հաստատուել, որ իմ որդու մարմինն էր․․․ Հասկանո՞ւմ էք, թէ ինչ սարսափելի է այս ամէնը։ Միայն մենք գիտենք՝ ինչ ենք զգացել և ինչ ենք զգում», — պատմեց հերոս Յակոբի հայրը։

Յակոբը յետմահու պարգևատրուել է «Արիութեան» և «Մարտական ծառայութեան» մեդալներով։

Յակոբի ծնողներն ամէն օր գնում եք Եռաբլուր։ Ասում են՝ Եռաբլուրն իրենց երկրորդ տունն է դարձել։ Այն բակում, որտեղ Յակոբն է ապրել, հերոսի ծնողները պուրակ ու յուշաղբիւր են կառուցել։ «Չուզեցինք այդ պուրակում Յակոբի նկարը դնել, որպէսզի ճնշող չլինի, որպէսզի փոքրիկները այդ պուրակում խաղան, ուրախանան, կոնֆետ վերցնեն։ Իրենց մեծ եղբայրը՝ Յակոբն, ամէն օր այնտեղ կոնֆետ է թողնում այդ փոքրիկների համար, որ վերցնեն ուտեն, խաղան, ուրախանան, ջուր խմեն․․․ », — պատմեց է Յակոբի հայրը։

Յակոբը կռուել է ու անմահացել հայրենիքի համար, որ մեր հայրենիքում այդ փոքրիկները խաղաղ ու երջանիկ մանկութիւն ունենան։ Յակոբը կեանքով լի էր ու կենսասէր, և հերոսի ծնողներն ուզում են, որ մարդիկ նրան հէ՛նց այդպիսին յիշեն։          Յակոբն ամէնուր սիրուած է եղել՝ բակում, դպրոցում, բուհում, զօրամասում․․․ Նրան ճանաչողները նրա քաջութեամբ հինանում էին։ Յակոբը, թէև մարզաշխարհում արդէն նուաճումներ ունէր և ֆիզիկապէս շատ ուժեղ էր, բայց երբեք իրենից թոյլին ճնշել ու նեղացել չէր սիրում, ընդհակառակը՝ ձեռք էր մեկնում ու պաշտպանում։ Որքան ուժեղ էր, այդքան էլ բարի, համեստ ու լայնսիրտ։ «Յակոբի զոհուելուց յետոյ նրա սպաներից մէկը որդի է ունեցել ու փոքրիկին կոչել իմ որդու անունով։ Այդ սպան՝ Վասիլը, զանգեց ինձ ու ասաց՝ հիմա արդէն փոքրիկ Յակոբիկ ունենք։ Ասաց՝ իր որդուն անուանակոչել է Յակոբ, և շատ է ուզում, որ իր որդին էլ մեր Յակոբի պէս քաջ ու հայրենասէր տղայ լինի։ Այդ ժամանակ այդ սպան Արցախում էր, իսկ կինը Երևանում էր որդուն լոյս աշխարհ բերել։ Այդ լուրն իմնանալուց յետոյ գնացի հիւանդանոց ու գիրկս առայ փոքրիկ Յակոբին․․․ Թո՛ղ նա էլ իմ Յակոբի պէս լաւ ու հայրենասէր մարդ դառնայ։

Ահա այդպիսի զինուոր ու հայրենիքի պաշտպան է եղել իմ Յակոբը։ Իմ տղան շատ նպատակներ ունէր։ Պիտի բանակից գար ու շարունակէր ուսումը, պիտի մրցումների մասնակցէր և նուաճումներ ունենար բայց ․․․ եղաւ այդպէս», — յուզմումքից խօսքը կիսատ թողեց հերոսի հայրը։

 

Յասմիկ Բալէեան

Մանրամասները՝ տեսանիւթում

https://fb.watch/9AL8CMVdNf/

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.