Հազարաւոր նուիրեալների կեանքի գնով ազատագրուած Հայրենիքը կրկին յայտնուել է գերութեան մէջ․ Իշխան Սաղաթելեան

Այսօր մեր ժողովրդի յաղթանակի օրն է՝ Շուշիի ազատագրման օրը, սակայն այդքան թանկ գնով ձեռք բերուած յաղթանակը խլուած է մեզնից՝ իր ելոյթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը «Հայաստան» դաշինքի ձևաւորման միջոցառմանը։

Հազարաւոր նուիրեալների կեանքի գնով ազատագրուած Հայրենիքը կրկին յայտնուել է գերութեան մէջ՝ նշեց Իշխան Սաղաթելեանը:

«Խոցված է մեր արժանապատուութիւնը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել։ Այսօր հայ ժողովրդի պատմութեան ամենաճակատագրական պահերից մէկն է։ Համակողմանի ճգնաժամի մէջ ենք՝ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական»,-ասաց նա։

Սաղաթելեանի խօսքով՝ իրենք շարունակում են պայքարն ընդդէմ ստի, ամբարտավանութեան, անարդարութեան ու ապաշնորհութեան:

«Երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելութեան սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարաւոր զոհեր, կորուստներ և պարտութիւն: Ուստի վերահաստատում ենք. ուղիղ վեց ամիս առաջ սկսած պայքարի՝ յաղթական աւարտի անհրաժեշտութիւնը՝ պարտութեան մարմնացում, հողին ու հային դաւաճանած չարիքի իշխանութիւնը պէտք է հեռացուի։ Մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ յանուն հայրենիքի»,-ասաց Իշխան Սաղաթելեանը:

Նա փաստեց, որ առաջիկայ ընտրութիւնները սովորական չեն, դա մեր կեանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրութիւնն է։

«Սա ընտրութիւն է ազգայինի և ազգադաւի, արժանապատուութեան ու ստրկամտութեան, պատասխանատուութեան և ամբոխավարութեան, աշխատանքի և ձրիակերութեան, անկեղծութեան և ստախօսութեան, անվտանգ ապրելու, զարգանալու և անհեռանկար ապագայի միջև: Ի վերջոյ, սա պետականութիւն ունենալ-չունենալու ընտրութիւն է»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա վստահեցրեց, որ այս գիտակցութիւնն է, որ ՀՅ Դաշնակցութեանը բերեց ուժերը համախմբելու, միասնական ճակատով հանդէս գալու որոշմանը։

«ՀՅ Դաշնակցութիւնը առաջիկայ ընտրութիւններին մասնակցելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի, «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան հետ դաշինքով: Մենք մեր ժողովրդին ներկայանում ենք յաղթանակներ կերտած, ճգնաժամեր յաղթահարած, պետականութեան կայացման գործում յաջողած, փորձով ու գիտելիքով, պատասխանատուութեամբ ու վճռականութեամբ, հաւատով ու գաղափարականութեամբ օժտուած հաւաքականութեամբ»,-նշեց Իշխան Սաղաթելեանը:

Մանրամասն՝ տեսանիւթում․

Leave a Comment

You must be logged in to post a comment.