Հայրենիքը դրուած է զոհասեղանին. սա նախկինների-ներկաների, Նիկոլին սիրել-չսիրելու հարց չէ. սա հայրենիքի հարց է. Րաֆֆի Յովհաննիսեան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանն է:

Բանախօսը նշել է.

Սա Նիկոլին սիրել-չսիրելու հարց չէ, սա հայրենիքի հարց է:

Մի մարդը չի կարող յաղթել հայրենիքը:

Մեր պետականութիւնը դրուած է զոհասեղանի վրայ. պէտք է համախմբուենք ու գործի անցնենք:

Սա նախկինների կամ ներկաների հարց չէ. Հայրենիքի գոյութեան հարցն է դրուած:

Ես պատրանք չեմ տածում, որ Նիկոլը ազգային շահից բխող քայլ կարող է անել: Նա դա կարող էր անել նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ստորագրելուց յետոյ:

Այս մարդն իր քաղաքական կարիերան սկսեց ազգային զարթօնքի, համաժողովրդական ալիքի վրայ: Այն, ինչ եղավ 4 տարի առաջ կուտակուած էներգիայի՝ նախորդ սխալներից դրդուած  պոռթկում էր. 4 տարի առաջ ազգային զարթօնքը շատ շուտ սեփականաշնորհուեց և կուսակցականացուեց. հիմա տեսնում ենք՝ ինչ հանգրուանի հասցրեց մեր հայրենիքն ու ժողովրդին:

Ես որևէ ակնկալիք չունեմ այս մարդուց, յոյս էլ չունեմ, թէ ինչ-որ յօդուածի, հարցազրոյցի ազդեցութեան ներքոյ կարող է ներողութիւն հայցել ժողովրդից: Էս մարդը բարոյականութիւն, խիղճ, էթիկայ չունի, ինքը շարունակում է իր գիծը:

Անգամ ինքնախոստովանական յայտարարութիւնից յետոյ պարզ էր, որ այս մարդը չի գործում ի շահ հայրենիքի:

Յանուն արդարութեան պէտք է ասել, որ օտար երկրներն ու արևմտեան դիւանագիտական կառոյցները, իրենց շահերից ելնելով, միշտ էլ աշխատել են Հայաստանի իշխանութիւնների հետ՝ ընտրական, մարդու իրաւունքների խախտումներ են եղել, նրանք երբևէ իրերն իրենց անուններով չեն կոչել, որովհետև աշխարհաքաղաքական ակնկալիքներ են ունեցել: Երկակի չափանիշները նոր բան չեն, միայն այսօր չէ, որ կիրառում են, պարզապէս այսօր նման երևոյթներն աւելի խտացուած, աւելի համակարգային են՝ քաղբանտարկեալներ, խօսքի ազատութեան սահմանափակումներ…

Միջազգային հանրութեան մի մասն ակնկալիքներ ունի այս իշխանութիւններից: Այս իշխանութեան ժողովրդավարական յանձնառութիւնն այլ է եղել. արևմտեան դեսպաններն ու կառոյցներն իրենց օրակարգն ունեն մեր երկրում, ինչը հայկական շահի հետ որևէ առնչութիւն չունի: Եւրոպան այսօր էներգետիկ ռեսուրսի խնդիր ունի և դա պէտք է լուծի Ադրբեջանի միջոցով. Եւրոպայի նպատակները մեր տարածաշրջանում հեռահար են:

ԵՄ գովազդած 2.6 մլրդ օգնութեան մի մասը, ինչպէս երևում է, յատկացուելու է Ադրբեջանին:

Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի յայտարարութեան մէջ այդ նախադասութիւնը («Առաջնորդները պայմանաւորուել են առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական յարաբերութիւնները կարգաւորող ապագայ խաղաղութեան պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկայ շաբաթների ընթացքում աշխատանքային խմբերը ԱԳ նախարարների առաջնորդութեամբ խթան կը հաղորդեն այս գործընթացին։ Ի յաւելումն այս ուղու, ես ընդգծեցի երկու առաջնորդների համար, որ անհրաժեշտ է անդրադարձ կատարել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներին և անվտանգութեանը»,- խմբ.) չէր կարող ընդգրկուել առանց կողմերի համաձայնութեան, առանց կողմերի հետ քննարկելու: Իսկ եթէ անգամ դա Միշէլի մտքի փայլատակումն էր, ապա պաշտօնական Հայաստանի՝ վարչապետի արտգործնախարարի ներկայացուցիչները պէտք է յստակ հերքէին  և ոչ թէ ԱԺ-ում լղոզուած ու ընդհանրական ձևակերպումներով մեղադրանքներ հնչեցնէին: Դա մեր դիւանագիտութեան 30 տարուայ աշխատանքի զրոյացում էր և դա արտացոլւում է գործող բանակցողի թոյլ տուած սխալներում:

ԵՄ ներկայացուցիչը նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից 10 օր անց յայտարարեց, որ Արցախի հարցը լուծուած չի, կարգավիճակի լուծումը պէտք է գտնել ԵԱՀԿ շրջանակներում: Ի՞նչ փոխուեց հիմա. Հայաստանը չներկայացնող իշխանաւորը մեղսակից է, որ այս հարցի վերաբերեալ ԵՄ յայտարարութիւններում անորոշութիւն է:

ԵՄ-ն մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու:

Սողացող մեթոդաբանութեամբ զիջումները, նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ նոր՝ հնարաւոր պայմանաւորուածութիւններով զիջումները, Հայաստանի ինքնիշխան պետութեան տարածքների յանձնումը, ինքնախոստովանութիւնների շարքը վկայում են, որ ինքը չի ներկայացնում Հայաստանի շահը, նա, ըստ էութեան,  դէ եուրէ վարչապետ չէ, թէև դէ ֆակտօ շարունակում է աշխատել:  Ինքը կարծում է, որ ունի առաքելութիւն, որը պէտք է տանի ցմահ: Մէկ մարդը չի կարող յաղթել հայրենիքին:

Ստեղծուած վիճակից լուծումը մէկն է՝ համազգային գործողութիւն, տրանսֆորմացիոն շարժում, որը պէտք է լինի վերկուսակցական:

Առաջիկայ ամիսներին մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը, Աղաւնօ գիւղը, այն ճանապարհը, որը ողջ հայութիւնը հայոց հիմնադրամի միջոցներով է կերտել, յանձնեց Դադիվանքի ճանապարհը, չի բացառւում, որ էս մարդիկ յետոյ մեզ որպէս յաղթանակ, յաջողութիւն՝ ներկայացնեն այն, որ իրենք կարողացան Տիգրանաշէնը փոխանակել Արծուաշէնի հետ…

Մենք հերթով պիտի կորցնենք հայրենիքի տարածքները՝ զուգահեռաբար կորցնելով արժանապատուութիւնը: Այս իշխանութիւնների մօտ չկայ արժանապատիւ մնալու սկզբունքը:

Այս իշխանութիւնն ու իր խմբագիր-ղեկավարն ունակ չեն ինքնակամ գնալու որոշում կայացնել, ժողովուրդն այս տարի պէտք է կողմնորոշուի:

Թուրքիան շարունակում է լարախաղացութիւն անել Արևմուտքի և Ռուսաստանի միջև:

Նոր հաւասարակշռութիւն գտնելու անհրաժեշտութիւն կայ. այսպիսի հլու-հնազանդ իշխանութիւնը դուրեկան է բոլորի համար, խաղաղութեան պայմանագիրն էլ անհրաժեշտ է բոլորի համար, պարզապէս իւրաքանչիւրն ուզում է ինքը տնօրինել գործընթացը, ինքը տիրապետի բոլոր լծակներին:

Հիմա, ցաւօք սրտի, շատ բան անձնաւորուած է, և սփիւռքն այդ տեսանկիւնից է նայում հայ-թուրքական յարաբերութիւններին, մինչդեռ Թուրքիան միջամտում է մեր ներքին գործերին, Թուրքիան ուզում է, որ այս իշխանութիւնների օրոք ամէն ինչ աւարտուի, և օրինականացուեն պատերազմի արդիւնքները, և Հայաստանը բերել վերջնական կապիտուլյացիայի:

 

168.am

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.