​​Գիրք ընդդէմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթը» ջնջոց, որ ջնջում է հայրենասիրութիւնն ու ապրումակցումը եւ թմրեցնում թուրքական սպառնալիքը

«Սպիտակ թուղթը» երկու նպատակ է հետապնդում՝ 1֊ին, ցույց տալ որ 44֊օրեայ պատերազմում պարտութեան մեղքը ոչ թէ գործող իշխանութեանն էր, այլ նախկին 1998֊֊2018 թուերին Հայաստանի ղեկավարներինը։ «Սպիտակ թուղթը» քողարկուած Փաշինեանի կառավարութեան աջակցութիւն է։

 Սպիտակթուղթը ասում է. «Գործուն կերպով պայքարել «թշնամի թուրքի» կարծրատիպային կերպարների դէմ»։ Ինչպէ՞ս պէտք է պայքարեն այս «կարծրատիպի» դէմ՝ ցեղասպանութեան վերապրած սերունդներին համոզեն թէ ձեր պապերին թուրքե՞րը չեն կոտորել, ձեր ունեցուածքը թուրքե՞րը չեն խլել, թուրքե՞րը չեն ապրում ձեր տներում, ձեր հայրենիքն ու մշակոյթը թուրքե՞րը չեն բնաջնջել, Թուրքաիա՞ն չի շրջափակել Հայաստանը, թուրքերի եղբայր ադրբեջանցինե՞րը 1918, 1920, 1988, 1991թուերին ցեղասպանութեան չեն ենթարկել Պաքուի, Շուշիի, Նախիջևանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Մարաղայի հայերին։ «Սպիտակ թղթի» հեղինակները թուրքից աւելի թո՞ւրք են ներկայանում, որ վստահ են թէ «թշնամի թուրք»֊ը կարծրատիպ է։

 Այսպիսով, «Սպիտակ թուղթի» տեսլականում Հայաստանը որևէ վերանձնային գաղափարից զուրկ, իրենց խօսքով ասած «վեհ գաղափարներից» հրաժարուած, սպառողական հասարակութեան մի տարածք է, որտեղի բնակիչները միայն եսասիրաբար իրենց  նիւթական շահի մասին պէտք է մտածեն  և այդ շահի համատեքստում հրաժաուելով արդարութիւն, յիշողութիւն, հայրենակից հասկացութիւններից այդ տարածքը փռեն թուրքակական պետութիւնների առաջ։ Եթէ այս գաղափարին էլ անուն տանք ապա, այն մաքուր նոր ազատականութիւնն է, որն առաջ են տանում ԱՄՆ֊ն և Եւրոմիութիւնը՝ Հայաստանին դրդելով «հրաժարուել «պատմական կաղապարներից» (ԱՄն֊ի նախագահ Թրամփի անվտանգութեան գծով խորհդական Ջոն Բոլտոնի յորդորն էր Հայաստանի բնակչութեանը), Արցախի ժողովրդին թողնել բախտի քմահաճոյքին, Հայ դատից հրաժարուել, Ռուաստանին հեռացնել տարածաշրջանից և երկիրը փռել  թուրքական պետութիւնների առաջ։

 

Վահան Իշխանեան

 Երեք սփիւռքահայ մտաւորականներ՝ Ժիրայր Լիպարիտեանը (Բոստոն), Ռոբերտ Այդաբիրեանը( Փարիզ) և Թալին Փափազեանը (Էքս ան Պրովանս) հրատարակել են «Սպիտակ թուղթ»[1] գիրքը, որ  իր նպատակն է հռչակում քննել 2020 թուականի 44 օրեայ պատերազմի ու Հայաստանի պարտութեան պատճառները, և այդ քննութեան հիման վրայ խորհուրդներ տալ Հայաստանի քաղաքական գործիչներին ու ղեկավարներին Հայաստանի Հանարապետութիւնը դուրս բերելու ճգնաժամից։ Իսկ ինչպէս իրենք են ասում՝ 2020֊ի պարտութիւնը Հայաստանի հասարակութեան հիւանդութեան պատճառ էր, «Այս Սպիտակ թուղթն այդ հիւանդութիւններն ախտորոշելու, ինչպէս եւ հնարաւոր բուժում առաջարկելու փորձ է»:

Այսպիսով, հեղինակները նախ Հայաստանի հասարակութեանը կամ հասարակութեան մի հատուածին հիւանդ են յայտարարում, և որ այդ «հիւանդութեան» պատճառն էր պատերազմն ու պարտութիւնը, ապա հաւակնում են լինել այն բժիշկները ովքեր կարող են բուժել հասարակութեան հիւանդութիւնները։ Ո՞րն է այդ հիւանդութիւնը։ Հեղինակները ուղիղ խօսքով այդ հիւանդութեան անունը չեն տալիս, կը փորձենք տեսնել թէ ինչ նկատի ունեն հիւանդութիւն ասելով։

Բայց մինչ այդ, գիտենք, որ որևէ հասարակութիւն մի խումբ անձանց համար կարող է առողջ լինել իսկ մէկ այլ խմբի համար հիւանդ, ինչպէս օրինակ՝ ձախերի համար կապիտալիզմը հիւանդութիւն է, որի բուժումը  մարդու կողմից մարդու շահագործումը վերացնելն է կամ նուազագոյնի հասցնելը և հաւասարութիւն ու արդարութիւն հաստատելն է, իսկ ազատականների համար էլ ընկերվարութիւնն է հիւանդութիւն, իսկ բուժումը հնարաւորին չափ ամէն ինչ մասնաւորեցնելն է ու մասնաւոր սեփականութեան հիման վրայ տնտեսութեան ու ազատ շուկայի հաստատումն է։

Նոյնն էլ այս պարագայում, գրքի ընթեցումից պարզ երևում է, որ հեղինակները ունեն որոշակի գաղափարական ու քաղաքական հայացքներ, որոնց դիրքերից «հիւանդ» են հռչակում Հայաստանի հասարակութեան այն  հատուածը, որի գաղափարները նրանց համար անընդունելի են, ու իրենց, մասնաւորապէս Ժիրայր Լիպարիտեանի շրջապատի խմբակային  շահերը կամ գաղափարները ներկայացնում որպէս այդ հիւանդութեան բուժում։

Բարեխիղճ կը լինէր, եթէ հեղինակները ոչ թէ անաչառութեան քողով բժշկի կեցուածքով իրենց գաղափարները քողարկէին «սպեղանու» անուան տակ, այլ բաց հանդէս գային իրենց ներգրաւուածութեան ու գաղափարական դիրքերից։

«Սպիտակ թուղթը» բաղկացած է երկու մասից՝ առաջին մասում հեղինակները ի մի են բերել իրենց կազմած հարցաթերթիկներին Սփիւռքի և Հայաստանի ու Արցախի (Արցախից մէկ հոգի) մտաւորակնների պատասխանները, իսկ երկրորդ մասում հեղինակների վերլուծութիւնն ու առաջարկները։

Այսուհանդերձ, այդ մտաւորականների անունները միայն գրքի վերջում է հանդիպում՝ «Առնչուող փաստաթուղթ 2. Պատասխանողների/մասնակիցների ցուցակ» գլխում, ուր ասւում է թէ 45 մտաւորական է պատասխանել իրենց հարցաթերթիկին, սակայն ցանկում 25 անուն ազգանուն կայ։

Գրքի մէկ ֊երրորդից աւելին, 60 էջ մասնակից մտաւորականների տեսակէտներն են, սակայն թէ նրանցից ով ինչ է ասել, ինչ դիրքորոշում ունի, չենք կարող պարզել, փոխարէնը մասնակիցների դիրքորոշումները դիմազրկուած անորոշ խմբերի են բաժանուած, այսպիսի ձևակերպումներով. «Մասնակիցների մեծ մասը համաձայն է նաեւ…», այդ մեծ մասը քանի՞ տոկոսն է, չկայ, «Մասնակիցների առաջին խումբը հակուած է կարծելու…», այդ ինչ խումբ է, ովքեր են խմբի մէջ մտնում, կա՞ն երկրորդ, երրորդ խմբեր, կարծես չկան. «Մասնակիցներից շաՏերը հանդէս են գալիս», շաՏերը քանի՞սն են, «Թէեւ ոմանք համարում էին, որ պէտք է…», ոմանք ովքեր են քանի հոգի են, երկո՞ւ, երե՞ք, «Սակայն մէկ այլ խումբ պնդում էր, որ», այդ որն է մէկ այլ խումբը, անուն ունի՞, «Սակայն մեծ մասի համար հարցի պատասխանը շատ տարբեր էր….» և այսպէս շարունակ։

Հեղինակները ասում են, թե մասնակիցների «Ընտրութեան չափանիշներն էին պրոֆեսիոնալիզմը, հանրային խոսոյթին մասնակցութեան փաստը, մտաւոր պարկեշտութեան զգացման արտայայտումը եւ անկեղծ մտահոգութիւնը՝կապուած այն հարցերի հետ, որոնք պէտք է քննարկուեն։ Նախաձեռնողները կարծում են, որ ցուցակում ընդգրկուել են անհատներ, որոնք ներկայացնում են վերլուծաբանների ողջ քաղաքական սպեկտրը»։

Սակայն կասկածելի է թէ այս չափանիշները կիրառուել են։ Նախ, հեղինակներից մէկը՝ Ժիրայր Լիպարիտեանը եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսեանի գլխաւոր խորհդականը ու նաև գաղափարական համախոհը, նրա հրաժարականից յետոյ առաջ է տարել Տեր֊-Պետրոսեանի շրջապատի խմբակային շահերն արտայայտող քարոզչութիւն ընդդէմ նրանց ովքեր տապալեցին իրենց իշխանութիւնը, մասնաւորապէս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ապա նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի դէմ։

Երկու խօսքով ներկայացնենք Տեր֊Պետրոսեան֊Լիպարիտեանի ու նրանց հակառակորդների  դիրքորոշումները.

Տեր֊Պետրոսեան Լիպարիտեանի, և նրանց հոսանքի մեջ մտնող կուսակցութիւնների՝ ՀՀՇ, որ յետոյ վերաձևուորուեց ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր» և այլն, դիրքորոշումն է՝ Արցախը երբեք չի կարող անկախ լինել, միջազգային հանրութիւնը երբեք չի ճանաչի Արցախի անկախութիւնը. Ժիրայր Լիպարիտեանն պատերազմից յետոյ ասում է. «Արեւմուտքը, Արեւելքը, Հիւսիսն ու Հարաւը մեզ աւելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախութիւնը»[2] միւս կողմից էլ Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով (Այս մասին տես Լևոն Տէր֊Պետրոսեանի ելոյթը 1998֊ին անվտանգութեան խորհդի նիստում)[3]։  Եւ նաև, Ադրբեջանը հզօրանալով պատերազմով ետ կը բերի իր տարածքները։

Հետևաբար, որպէսզի Հայաստանը զարգանայ, անհրաժեշտ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ յարաբերութիւններ հաստատել,  որի գինը տարածքները զիջելն է, Արցախը յանձնելը Ադրբեջանին, նաև Թուրքիայի առաջ չդնել ցեղասպանութեան ճանաչման հարցը և միջազգային ասպարէզում էլ չհետապնդել ցեղասպանութեան ճանաչումը։

Այս դիրքորոշումը առաջ տանելու համար էլ 1997-ին նախագահ Տէր֊Պետրոսեանը ընդունեց ղարաբաղեան կարգաւորման փուլային տարբերակը՝ որով տարածքները յանձնւում էին Ադրբեջանին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում էր ապագային, և գրեց «Պատերազմ թէ խաղաղութիւն. Լրջանալու պահը» յօդուածը, որտեղ նա ուղղակի չի խօսում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, սակայն ամբողջ ենթատեքստը դա է։ Իսկ այդ մասին յայտնել է 1992֊ին «Կոմսոմոլսկայա պրավդա»յի մարտի 5֊ի համարին տուած հարցազրոյցում. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետութեան կարգավիճակը  լիովին կը բաւարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դէպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականութիւնը պահպանւում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխաւորուած կենսագործունէութիւն»:

Իսկ Ժիրայր Լիպարիտեանն էլ, որ վերոնշեալ թեզերը 20 տարի շարունակ կրկնել է, առաջին անգամ խոստովանեց որ իրենց ծրագիրը Արցախն Ադրբեջանի մէջ թողնելն էր, Ազատութիւն ռադիոյին տուած հարցազրոյցում. «Ալիևը խօսում էր չէ՞ ինքնավար մարզի մասին, հիմա չի խօսում, ասում է պատերազմով առի, և գնացէք ձեր քաղաքականութեան հետևանքը ապրէք և չեմ տայ ձեզի, այն ինչ երկու տարի առաջ պատրաստ էի տալու»[4]։

Տէր֊Պետրոսեան֊Լիպարիտեան թեզերը շարադրուած են «Սպիտակ թուղթ»֊ում.

«Արտաքին քաղաքականութեան օրակարգից հանել Ցեղասպանութեան ճանաչման եւ Ցեղասպանութեան հատուցումների պահանջները»:

«Հեղինակները չեն տեսնում անկախութեան(Արցախի) հավանականութիւն՝այս պատերազմից հետո, ինչպես դա եղել է նաեւ պատերազմից առաջ»:

«Հայաստանը կարգաւորում է դիւանագիտական յարաբերութիւնները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ու նուազեցնում կամ վերացնում իրական կամ թուացեալ գոյաբանական սպառնալիքները։ Այս հարցում Հայաստանն, անշուշտ, կ՚ունենայ բոլոր միջազգային խաղացողների աջակցութիւնը»։

Նրանց ընդդմախօսները՝ ի դէմս Ռոբերտ Քոչարեանի, հանգուցեալ Վազգէն Սարգսեանի, նաև Հանրապետական և Դաշնակցութիւն, ԱԺՄ կուսակցութիւնների, ասում էին որ՝ ոչ, Հայաստանի աղքատացման պատճառը վատ կառավարումն է, որ Հայաստանը կարող է զարգանալ երկու հարևանների հետ փակ սահմաններով, և որ1988 թուին սկիզբ առած ղարաբաղեան շարժման նպատակն էր աջակցել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, և Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի կազմից, և որ Հայաստանը պարտաւոր է շարունակել Ղարաբաղի ժողովրդի արդարացի պահանջին աջակցելուն (տես՝ 1998 թուի յունուարի 8֊ին անվտանգութեան խորհդում Տեր—Պետրոսեանի ելոյթը ու նրա ընդդիմախօսների հակափաստարկները[5]

«Սպիտակ թուղթը» շրջանցում է Տէր֊Պետրոսեան֊Լիպարիտեանի 1997 թուերին զիջումների գնալու անհրաժեշտութեան հիմնական փաստարկը՝ որ Հայաստանը փակ սահմաններով, շրջափակման մէջ չի կարող զարգանալ, քանի որ նրանց թիմին 1998֊ին իշխանութիւնից հեռացնելուց յետոյ Հայաստանը իրօք զարգացաւ։

Աղքատութեան մատնուած երկիրը սկսել էր ուշքի գալ, մի քանի տարում երկրի ՀՆԱ֊ն աճել էր 6 անգամ, 1998֊ին 2 միլիարդ տոլար էր,  10 տարի անց 2008֊ին 12 միլիարդ տոլար, 2000֊ականներին ՀՆԱ֊ի տարեկան աճը 10,5 տոկոս էր։ 1998֊ին բիւջէն 300 միլիոն տոլար էր, 10 տարի անց 2 միլիարդ տոլար, տարեկան տնտեսական աճը մօտ 12 տոկոս էր (միայն անասնագործութեան մէջ 2000-2007 թուերին ՀՆԱ-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տաւարի գլխաքանակը, մինչև թռչնամիս  ու ձու ներկրող երկրում 2000 թուից դրանց արտադրութիւնն այնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանուել)։

1998֊ին երկրում աղքատութիւնը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատութիւնը 22 տոկոս, 9 տարի անց 2007ին աղքատութիւնը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատուեց, իսկ ծայրահեղ աղքատութիւնը իջաւ մինչև 4 տոկոս, այսնիքն կրճատուեց մօտ 6 անգամ։ Լայնածաւալ շինարարութիւններ ընթացան՝ կառուցուեց աղէտի գօտու ստուար մասը, Երևանի Դաւիթաշէնի կամուրջը, Դիլիջանի թունելը, Հիւսիսային պողոտան, Սովետից մնացած բազմաթիւ անավարտ շինութիւններ և այլն։

Տնտեսութեան բարելաւմանը զուգընթաց արտագաղթի տեմպերը նուազեցին այնքան, որ արտագաղթը կանգնեց, 2004-2006  թուերին ՝  35 400֊ով աւել մարդ մուտք էր գործել երկիր, քան հեռացել։

Բանակցային գործընթացը, ի վերջոյ, հանգեց 2007֊ին ընդունուած Մադրիդեան սկզբունքներին, որը հիմնուած էր նաև ինքնորոշման սկզբունքի վրայ, որով անվտանգութեան գօտին տալու դիմաց Արցախը ստանում էր հանրաքուէով իր ապագան որոշելու իրաւունք։ Հայկական կողմի հետևողականութիւնը ցոյց տուեց, որ միջազգային հանրութիւնը, այս դէպքում` ի դէմս Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ու նոյնիսկ Ադրբեջանը ընկրկում են յամառութեան ու հետևողականութեան առջև և ստանձնում այն գաղափարը, այս դէպքում` ինքնորոշման գաղափարը, որի տակ ստորագրել են բազմաթիւ միջազգային փաստաթղթերում։

Սակայն, 2018֊ի իշխանափոխութեամբ կրկին իշխանութեան  եկան Լևոն Տէր֊Պետրոսեանի ու ժիրայր Լիպարիտեանի համախոհները՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ (Փաշինեանը և իր շրջապատը 2008֊ին Տէր֊Պետրոսեանի ակտիւ աջակցիներն էին, Փաշինեանը այդ շարժման երկորդ դէմքն էր,  ՀԱԿ֊ի ցուցակով ընտրուել էր պատգամաւոր, և ինքն ու իր համախոհները անջատուեցին Տէր֊Պետրոսեանի ՀԱԿ֊ից 2013 թուին և երկու տարին անց ստեղծեցին «Քաղաքացիական պայմնագիր» կուսակցութիւնը), տապալեցին բանակցային գործընթացում ձեռքբերումները, Փաշինեանը յայտարարեց, որ իր սեփական կէտից է սկսում բանակցութիւնները, և ի վերջոյ, երկիրը մխրճեց պատերազմի ու պարտութեան մէջ։

Վերադառնալով «Սպիտակ թղթին»՝ մտաւորական մասնակիցները չեն ներկայանցում, ինչպէս հեղինակներն են պնդում, վերլուծաբանների ողջ քաղաքական սպեկտրը, Լիպարիտեանի հայացքներին ընդդիմախօս վերլուծաբան գրեթէ չկա նրանց մէջ, եթե կայ էլ, չենք իմանում թէ ովքեր են, կարծիքները անդէմ են, փոխարէնը գերակշռող մասը Տէր֊Պետրոսեան Լիպարիտեան գծի համախոհներն են՝ Աննա Գէորգեանը, Արման Գրիգորեանը, Ռաֆայէլ Թեյմուրազեանը, Միշել Մարեանը, Թաթուլ Յակոբեանը, Տիգրան Եգաւեան, Վիգէն Չեթերեան և այլն։ Նոյնիսկ Արցախից, ուր Տէր Պետրոսեանը համախոհ գրեթէ չունի, պեղել գտել են նրա համախոհ Վահրամ Աթանեսեանին, որ միակ մասնակիցն է Արցախից (տես նրա մասին՝ «Ինչո՞ւ է ղարաբաղցի այս գործիչը ծառայում Ադրբեջանի շահերին եւ ինչ նպատակով» [6])։ Այսպիսով հիմնականում համախոհների շրջանում հարցումներ անելով ու ստանալով աւելի շատ իրենց հայացքներին համապատասխան պատասխաններ,  պատրանք են փորձել ստեղծել թե ողջ վերլուծական սպեկտրը մասնակցել է գրքի ստեղծմանը, հետևաբար հայ հանրութիւնը իրենց հետ համախոհ է։

Կասկածելի է նաև մասնակիցների պրոֆեսիոնալիզմն ու մտաւոր պարկեշտութիւնը առնուազն լրագրող Թաթուլ Յակոբեանի վերաբերեալ, ով այնքան տարուած լինելով նախկին իշխանութիւնների դէմ քարոզչութեամբ, որ յաճախ կեղծ տեղեկութիւններ է տարածում, ինչպէս օրինակ, Մեդիալաբին տուած հարցազրոյցում ասում է. Թէ ադրբեջանցիների կողմից Գորիս֊Կապան ճանապարհը փակելու պատճառը այն է, որ նախկին իշխանութիւնները բարձրացրել են Սևրի դաշնագրի հարցը. «Սաղ ազգով նստել դարդ ենք անում, բա էս խի էսպէս եղաւ։ Հայաստանի 20-25 տարի Հայաստանի արտաքին քաղաքականութեան առանցքում դրւում է արկածախնդրութիւնը, պրիմիտիվ, մանկամիտ պահանջատիրութիւնը, Սևրը, Վիլսոնեան  Հայաստանը, Թուրքիայից պահանջներ ներկայացնելը սրան մենք բախուելու էինք»[7]։ Բացարձակ կեղծիք, 20 տարի Հայաստանը ղեկավարած Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի ժամանակ երբեք Թուրքիայից պահանջ չի ներկայացուել, Վիլսոնեան Հայաստան կամ Սևրի դաշնագրի հարց չի բարձրացուել, իսկ ԳորիսԿապան ճանապարհը փակուել էր այն պատճաով որ Փաշինեանը 2020 թվի դեկտեմբերի 17֊ի համաձայնութեամբ այն տուել էր Ադրբեջանին (տես՝ «Կառավարութիւնը ոչ մի կերպ չի հերքում համացանցում յայտնուած զիջողական յուշագրի իրական լինելը»[8]

Այսուհանդերձ, մասնակցիների տեսակէտների մէջ սպրդել են այնպիսիները, որոնք չեն համընկնում հեղինակների գաղափարներին, սակայն նոյնիսկ այդ փոքրիկ տարակարծութիւնը հեղինակները չեն հանդուրժել ու քննադատութեան են ենթարկել։ Թէև բարեխղճութիւնը պահանջում է մասնակցների կարծիքները քննադատութեան չենթարկել, քանի որ նրանք հրաւիրուած են, որ ներկայացուի Հայաստանի վերաբերեալ տարբեր տեսակէտներ,  կամ էլ հնարաւորութիւն տալ քննադատութեանը պատասխանել։ Այսպէս, օրինակ, հեղինակները գրում են. «Անկարեւոր չէ այն հանգամանքը, որ մասնակիցների պատասխաններում քաղաքական-դիւանագիտական գործօնները յաճախակիօրէն նշուել են որպէս պարտութիւնը բացատրող առաջնային գործօններ: Կարելի է պնդել, որ նման կրկնութիւնն արտացոլում է մասնակիցների մտային կողմնակալութիւնը»:

45 մասնակցից ո՞րի մասին է խօսքը, կարող է այս պնդումը վերաբերել յուրաքանչիւրին կամ միայն մէկին։

Հեղինակները իրենց այն համոզմունքը, որ պարտութեան  պատճառը ոչ թէ 2018-ին գունաւոր յեղափոխութեամբ իշխանութան եկածների սխալ արտաքին ու ներքին քաղաքականութիւնն էր, այլ  նախորդած 20 տարիների պետական քաղաքականութիւնը, այնքան կրքոտ են բրդում առաջ, որ հրաւիրեալ մտաւորականի հակառակ հայացքները պիտակում են «կողմնապահ»։

Այսինքն ճշմարտութեան դիրքերում են բոլոր նրանք, որ համաձայն են իրենց հետ, իսկ ովքեր այլ կարծիք ունեն, որակւում են կողմնապահ։

Նոյնիսկ, մասնակցներին տրուող հարցաշարը կազմուած է ղարաբաղեան խնդրի Տէրպ֊ետրոսե֊ան-լիպարիտեանական ոգով։ Եթէ շրջենք ասոյթը՝ այսպէս՝ ասա ինչ հարց ես տալիս, ասեմ ինչ ես ուզում, վերաբերում է նրանց հարցերին։ Օրինակ նրանք այսպիսի հարց են տալիս.

Հայաստանը պէ՞տք է շարունակի պաշտպանել Արցախի անկախութիւնը եւ արշաւը՝ դրա ճանաչման համար:

Լիպարիտեանը իր հարցազրոյցներից մէկում ասում է. « Եթէ հիմա Արցախի անկախութիւն պահանջենք՝ աւելին ենք կորցնելու»[9]։

Արցախի ժողովրդի իղձերի պաշտպանութեամբ շահագրգռուած հարցաշարում այսպիսի հարց կը ձևակերպուէր.

Հայաստանը ինչպէս պիտի շարունակի պաշտպանել Արցախի անկախութիւնը եւ արշաւը՝ դրա ճանաչման համար:

«Սպիտակ թուղթը» երկու նպատակ է հետապնդում՝ 1֊ին, ցույց տալ որ 44֊օրեայ պատերազմում պարտութեան մեղքը ոչ թէ գործող իշխանութեանն էր, այլ նախկին 1998֊֊2018 թուերին Հայաստանի ղեկավարներինը։ «Սպիտակ թուղթը» քողարկուած Փաշինեանի կառավարութեան աջակցութիւն է։

2-րդ, Հայաստանը ամէն ջանք պէտք է թափի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալու, և հրաժարուի համազգային ծրագրեր հետապնդելը, դուրս բերի ռուսական ռազմաբազները  ու դառնայ տարածաշրջանում չէզոք երկիր. Մէջբերումներ.

«Վտանգավոր է ողջ մեղքը գցելը մեկ մարդու եւ նրա կուսակցութեան վրայ, երբ խնդիրները աւելի բարդ են, քան մէկ մարդը կամ կուսակցութիւնը, եւ երբ աղէտը հասունանում էր աւելի քան երկու տասնամեակ:

«Վերջին քսան տարիների ընթացքում ռազմական շինարարութիւնն ընթացել է սխալ ուղղութեամբ»:

«Ղարաբաղեան առաջին պատերազմում հայկական կողմի 1994 թ. յաղթանակը հետզհետէ յանգեցրեց անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան կոշտ ռազմատենչ պատկերացման: 1998 թ.ից ի վեր, հայկական կողմի ռազմավարական մտածողութեան մէջ իշխել է այդ պատկերացումը»:

Այս ամբողջը,  թեզը թե իբր պատերազմի ու պարտութեան պատասխանատուն ոչ թէ գործող իշխանութիւնն է, այլ 1998֊֊ից մինչև 2018 թիւը երկիրը ղեկավարողները,  Տէր֊Պետրոսեանի ՀԱԿ֊ին ու Փաշինեանի Քաղաքացիական պայմանգիր կուսակցութեան համաձայնութեան կէտն է ու երկու կուսակցութիւնների քարոզչութիւնը։

Այլ կերպ ասած՝ պատերազմի ու պարտութեան պատասխանատուն 94 թուի յաղթանակն է, այդ պատերազմի յաղթանակը կերտողները՝ Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարեան,  ապա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեան, և Հայաստանի պաշտպանութեան նախարար Վազգէն Մանուկեան, ում օրոք եղան յաղթանկները։

Դժուար է ասել թէ աշխարհում կայ՞ այլ երկիր որտեղ պատերազմի ու պարտութեան համար ոչ թէ գործող իշխանութեանը մեղադրեն, այլ նախկին իշխանութիւններին։ Մինչ պրպտելը տարբեր երկրների փորձը, ևս մեկ անգամ անհարժեշտ է հերքել այս անհեթեթ պնդումը.

Պատերազմի և պարտութեան պատճառները.

1֊ին բանակցութիւնների տապալումն էր. Փաշինեանը հրաժարուեց նախորդ 20 տարիների բանակցային գործընթացի ձեռքբերումներից, նաև 2016 թուականի 4 օրեայ պատերազմից յետոյ Սանկտ Պետրբուրգի և Վիեննայի կրակի դադարեցման և վերահսկման համաձայնագրերից՝ յայտարարելով թէ իր սեփական կէտից է սկսում բակացութիւնները. Իսկ տապալուած բանակցութիւնների այլընտրանքը պատերազմն է (այս մասին մանրամասն տես՝ «Հայաստանի երկընտրանքը. մի կողմում՝ գաղափարախօսութիւն, միւս կողմում՝ արևմտեան շահերով առաջնորդվող սպառողական հասարակութիւն» նիւթը)[10]։

2-րդը փչացրեց Հայաստանի միակ ռազմական դաշնակցի Ռուսաստանի հետ յարաբերութիւնները ու դուռ բացեց Թուրքիայի ու Ադրբեջանի համար պատերազմի (ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Եուրի Խաչատուրովի դէմ յարուցուած գործը, ու երբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ասաց, թէ Հայաստանում թէժ վիճակ է, վարչապետ Փաշինեանը ծաղրեց նրան՝ ձեռքը ճակատին տանելով՝ հա, իրօք էս ամառը շատ շոգ է, ապա յաջորդեցին ռուսական ձեռնարկութիւնների դէմ քրէական գործերը, Փութինի թշնամի նացիոնալիստ Շիշկինին ապաստան  տալը, միւս թշնամի Նավալնուն հանրայինով Փութինի դեմ հարցազրոյց վերցնելը, ապա նաև ԵԽԽՎ֊ում Ռուսաստանի ձայնի իրաւունքի վերականգնմանը «Իմ քայլի» ներկայացուցիչ Ռուբէն Ռուբինեանը դէմ քուէարկեց (որից յետոյ պաշտօնը բարձրացուեց, ԱԺ փոխնախագահ դարձաւ), իսկ Յովհաննէս Իգիթեանը չմասնակցեց քուէրակութեանը, և նաև, ստորացնելը Փութինին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը արարողակարգը խախտելով նրան չդիմաւորեց Երևանում։ Բայց սրանք սառցաշեղբի երևացող մասերն են։ Իսկ որպէս հայ֊ռուսական յարաբերութիւնների աւերման ահազանգ էր Կրեմլի միջազգային պրոպագանդիստական հաստատութեան RT֊ի ղեկավար հայազգի Մարգարիտա Սիմոնեանի 2020֊ի սեպտեմբերի խօսքը,  որ խստօրէն քննադատեց Հայաստանի իշխանութիւններին, որ « Ռոբերտ Քոչարեանին դուք բանտարկել էք բացառապէս քաղաքական վրէժխնդրութիւնից, որը Ռուսաստանի անդաւաճան դաշնակիցն է», «երկիրը հեղեղել եք հակառուսական հկ֊ներով», «դուրս են քշել ռուսաստանցի հայ բիզնեսմեններին», «մեդիան եւ սոցցանցերը ամէն ժամ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Փութինի վրայ», «Կովկասում դարձել էք հակառուսական ուժերի պլացդարմը» և այլն[11]։ Հայաստանի հակառուս իշխանութիւնը հետևողականօրէն ի շահ Արևմուտքի խափանում էր բոլոր ոլորտներում հայ֊ռուսական յարաբերութիւնները)։

Եւ 3֊րդ,2018֊ից յետոյ իշխանութեան եկածների սխալ սպառազինութիւնն ու պաշտպանութեան կազմակերպումը։

Պատերազմում Ադրբեջանի յաղթանակի համար վճռորոշ դեր խաղացին թուրքական անօդաչու թռչող սարքերը՝ բայրաքթարները, որոնք սկսել էին գնել 2020 թուականից։ Նրանց դէմն առնելու ամենարդիւնաւէտ հակաօդային միջոցները համարւում են Ռուսաստանի նոր սերնդի «Պանցիրները», որոնք Հայաստանի իշխանութիւնը չի գնել։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Հայրենիք կուսակցութեան խորհրդի անդամ Արսեն Բաբայեանը ասում է, որ ռուսական արտադրութեան վեցական «Պանցիր» (Панцирь ՀՕՊ) Հակաօդային պաշտպանութեան  համակարգերով հնարաւոր կը լինէր փակել ամբողջ տարածքը։ Եւ այդ  համակարգերը ձեռք բերելու համար անհրաժեշտ կը լինէր 90 միլիոն տոլար, մինչդեռ իշխանութիւնները իրենց պարգևավճարներ են տուել միայն 2019֊ին 150 միլիոն տոլարի[12]։

Պատերազմից յետոյ ծառայութիւնից դուրս եկաւ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական պետ գեներալ գնդապետ Մովսէս Յակոբեանը ասուլիսով բացայայտեց բազմաթիւ ռազմական թերութիւններ, որոնք յանգեցրել են պարտութեան, մասնաւորապէս. Նա յայտնեց` 2016-ին սպառազինութեան, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան է կազմուել, որով ձեռք են բերուել «Տոռ», «Սմերչ», «Իգլա», նռնականետեր, հրետանային հրթիռներ։

«2017-ի պլանի համար 2 դիվիզիոն «Տոռ» պետք է ձեռք բերուէր, և 10 տոկոսը գումարի վճարուած էր։ Պլանում նշուած էր` գումարը որտեղից պէտք է հատկացուէր։ Նաև 1 դիվիզիոն «Սմերչ» պէտք է գնէինք, «Իսկանդերի» համակարգը կատարելագործէինք։ Սակայն 2018-ին պլանը փոխեցին ու գնեցին ՍՈւ-30 (առանց սպառազինութեան), ԶՕՈւ 23-22, ՕՍԱ-ներ (որոնց հրթիռները այլևս չեն արտադրւում)։ Դրանցից քանի՞սն են կրակել այս պատերազմի ժամանակ։ Ոչ մէկը»,–ասաց Հակոբեանը[13]։

Յակոբեանի նշած մյուս խոշոր սխալն այն է, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը հրամանով կանգնեցնում է բանակի համալրումը, փոխարէնը ճակատ ուղարկում կամաւորականներ[14]։

Բայց «Սպիտակ թղթի» ամենաակնյայտ աջակցութիւնը Փաշինեանին հետևեալ նախադասութիւնն է.

«Պետական ռեսուրսների համընդհանուր թալանը մինչեւ 2018 թ.»։

Եթէ պետական բիւջէից պաշտօնեաներին առատօրէն պարգևավճարներ տալը և աշխատավարձները կրկնակի բարձրացնելը թալան է, ապա 2018 թուից յետոյ Հայաստանի պատմութեան մէջ երբեք այդպէս չեն բարձրացուել նախարարների աշխատավարձերը.  վարչապետ Փաշինեանը խախտելով օրէնքը, ըստ որի նախարարի աշխատավարձը չպէտք է գերազանցի բազային (ցածր) աշխատավարձը 12 անգամից աւելի, 2019֊ին նախարարների աշխատավարձը գաղտնի հրամանով կրկնապատկել է, և բազային աշխատվարձից 24 անգամ աւելի դարձել (տես՝ «Վարչապետի գաղտնի յանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկուել է»)[15]։ Երբեք բիւջէից այդքան շատ գումար պատգամաւորներին և բարձրաստիճան  պաշտօնեաներին որպէս պարգևավճար չեն տրուել, ինչքան Փաշինեանի իշխանութեան ժամանակ՝ 2020 թուին պատերազմի և կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, երբ թեստերը 15 հազար դրամ արժէին, տրուել է 78.6 միլիոն ԱՄՆ տոլարի պարգևավճար, իսկ Փաշինեանի կառավարման ամբողջ ընթացքում՝ 204 միլիոն ԱՄՆ տոլարի պարգևավճար է տրուել (տես՝ « 204 միլիոն տոլարի պարգևավճար՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրոք»)[16]։

Եթէ առանց մրցոյթի պետական գնումները կոռուպցիա է և թալան, ապա երբեք այնքան շատ մէկ աղբիւրից պետական գնումներ չեն կատարել, ինչքան վարչապետ Նիկոլ Փաշինեանի օրոք (տես «Մեկ անձից գնումներն ընդհանուր պետական գնումներում բաւականին շատ են»[17])։ Պետական գնումները ու պատուէրները յաճախ կատարւում են բարձրաստիճան պաշտօնեանիերի մերձաւորների կամ հենց բարձրաստիճան պաշտօնեաներին պատկանող ձեռնարկութիւններից (տես՝ «Քո գրպանից. ԱԺ խօսնակի անխօս եղբայրը՝ կրկին խոշոր մրցոյթի յաղթող», «Քո գրպանից՝ 834 000 տոլար վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրպանին»[18] և այլն)։

«Սպիտակ թուղթը» իր գաղափարական հակառակորդներին պիտակաւորում է «ոչմիթիզական», «առաւելապաշտ», «անիրատես», «ցնորքների ետևից ընկնող» և այլն, սակայն ամբողջ գրքում ոչ  մի յղում ոչ մի ուղղակի խօսք չկայ թէ կոնկրետ ում է վերաբերւում նրանց պիտակները։ Երեք հեղիկնաներն էլ գիտնականներ են՝ Այդաբիրեանը միջուկային ինժեներ, Փափազեանը քաղաքագէտ, Լիպարիտեանը պատմաբան, ուրեմն,նրանք լաւ գիտեն տեքստ գրելու մշակոյթն ու էթիկան, և եթէ դրանք չեն կիրառել «Սպիտակ թղթում», ուրեմն, Հայաստանն ու հայ հասարակութիւնը որոնց ուղղուած է գիրքը, այնքան յարգանքի արժանի չեն նրանց համար, ինչքան այն գիտական հանդէսները, որոնց պատշաճ յղումներով ու հիմնաւորումներով տեքստեր կուղարկեն։

Կեղծիքները քողարկելով գիտական շղարշի տակ փորձում են, աւելի մեծ կշիռ հաղորդել «Սպիտակ թղթին»։ Ուրեմն՝ ինչպես հաւատանք մասնակիցների ընտրութեան պարկեշտութեան չափանիշին, երբ մասնագիտական տարրական պարկեշտութիւն չեն ցուցաբերում հենց հեղինակները։

Այսուհադներձ, նրանց պիտակաւորումներից ենթադրւում է, թէ ինչին են նրանք «հիւանդութիւն» անուանում, որը պատրաստւում են բուժել Լիպարիտեան֊Այդաբիրեան֊Փափազեան «բժիշկները».

  1. «Հիւանդութիւն». Ղարաբաղը դուրս թողնել բանակցային գործընթացից։

Գրքում մի քանի անգամ կրկնւում են Քոչարեանի հասցէին Տէր֊Պետրոսեան֊ՀԱԿ֊Փաշինեան֊ական այն մեղադրանքը, թէ նա Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից.

«Բանակցութիւններից Ղարաբաղի դուրս մնալը, օրինակ, այդ թերութիւններից մէկի ախտանիշն էր, որը թոյլ տուեց, որ գերիշխի հակամարտութեան վերաբերեալ ադրբեջանական պատումն այն մասին, որ հակամարտութիւնը պետութիւնների միջեւ տարածքային խնդիր է»:

«Նախ կարեւոր մի փաստ: Ղարաբաղի ղեկավարութեան դերն իր ապագան որոշելու հարցում սկսեց նուազել 1998 թ.-ին»:

Այս «կարևոր փաստը» հեղինակները իրենց կողմից մտցրել են մասնակիցների գլխում։ Բայց սա փաստ չի, կամ առնուազն փաստ է միայն Տէր֊Պետրոսեան֊Լիպարիտեան֊Փաշինեան շրջանակների համար։ Չմտնելով քաղաքական կողմերի բանավէճերի մէջ, կարևոր է ներկայացնել այլ տեսակէտ, որ Ղարաբաղը բանակցութիւններից դուրս է մղուել մինչ 1998ը, մինչ Ռոբերտ Քոչարեանի նախագահ դառնալը.

Panorama.am- կայքը մամուլի հրապարակումների հիման վրայ հետազօտութիւն է արել, որտեղ փաստւում է որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղուել մինչ Ռոբերտ Քոչարեանի Հայաստանի վարչապետ ապա նախագահ դառնալը, մի քանի մէջբերում.

ՀՀՇ֊ի պատնօնաթերթ «Հայք» թերթը 28 յունուարի 1997թ․ վերտառութեամբ «Ղարաբաղեան հիմնախնդիրը պէտք է լուծել քաղաքակիրթ ձևով» հաղորդում է, որ Ստրասբուրգում Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին ԱԺ պատուիրակութեան անդամ, ՀՀՇ կուսակցութիւնից ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Յովհաննէս Իգիթեանը յունուարի 26-ի Վեհաժողովում ելոյթում ասում է. «Մենք յոյս ունենք, որ Ադրբեջանը բանակցութիւններ կը սկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ վստահ ենք, որ որևէ այլ վերջնական լուծման չի կարելի հասնել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցութեան՝ իր քաղաքական կարգավիճակը քննարկելիս: Քանի որ Հայաստանի պարտաւորութիւնները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կրում են զուտ բարոյական, դիւանագիտական և տնտեսական բնոյթ»:

«The Armenian Reporter», 25 յունուարի 1997թ֊ին ներկայցնում է  ՀՀ վարչապետ Արմէն Սարգսեանի խօսքը. «Մենք հաւատում ենք, որ կոնֆլիկտի լուծման վերջնական փուլերում բանակցութիւնները պէտք է տեղի ունենան ներգրաւուած կողմերի միջև, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, և ոչ թէ թելադրուեն արտաքին շահագրգիռ կողմերի կողմից: Այնուամենայնիւ, մենք յուսով ենք, որ Ադրբեջանը բանակցութիւններ կը սկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, քանի որ մենք համոզուած ենք, որ վերջնական լուծման հնարաւոր չէ հասնել առանց Ղարաբաղի մասնակցութեան»:

«Լրագիր», 25 յունուար 1997թ․ հաղորդում է որ ՀՀ նախագահի գլխաւոր խորհրդական Ժիրայր Լիպարիտեանը Լոնտոնում անցկացուող «Անդրկովկասեան հեռանկարները» խորհրդաժողովում արտայայտած մօտեցումները. .«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ առանց Ղարաբաղի մասնակցութեան: Այս մասին յայտարարեց ՀՀ նախագահի գլխաւոր խորհրդական Ժիրայր Լիպարիտեանը, ելոյթ ունենալով»։ Պարոն Լիպարիտեանը յայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ ինչպէս ցոյց տուեց ԵԱՀԿ Լիզպոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել հանդիպումները ղարաբաղեան կողմին բանակցութիւններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խօսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկութիւնը անցկացնել երկկողմ բանակցութիւններ, որպէսզի փորձի դիւրացնել բանակցութիւնների ընթացքը: Վերջին մի տարուայ ընթացքում նման բանակցութիւնները տեղի էին ունենում երկու երկրների նախագահների խորհրդականների մակարդակով, որին մասնակցում էին պարոն Լիպարիտեանը և նրա ադրբեջանցի գործընկեր Վաֆա Գուլուզադեն»:

«Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը 4 փետրուարի 1997 հաղորդում է , որ ՀՀ նախագահի գլխաւոր խորհրդական Ժիրայր Լիպարիտեանը Եւրոպայում աշխատանքային այցի ժամանակ․«Քննադատեց Ադրբեջանի քաղաքականութիւնը որպէս բանակցական գործընթացի ձախողում և փորձ տարբեր երկրների միջոցով պարտադրելու մի փաստաթուղթ, որն արդիւնք չէ բանակցութիւնների և որը հետևաբար Հայաստանը չի կարող ընդունել: Լիպարիտեանը նշեց նաև, որ նկատի ունենալով Ադրբեջանի քաղաքականութիւնը, Հայաստանն անկարելի է գտնում ուղիղ բանակցութիւնների շարունակումն այնպէս, ինչպէս կար նախկինում և կարևորեց ԼՂ-ի մասնակցութիւնը ուղիղ բանակցութիւններում»:

«Մոլորակ» թերթը 30 յունուարի 1997 հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում կոնգրեսական Ֆրենկ Փալոնին ասել է «Դեռ աւելին, բանակցութիւններում ոչ մի դրական տեղաշարժ չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան…։ Ներկայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իբրև հակամարտութեան լուծման բանակցող երկրորդ կողմ չճանաչելու հանգամանքը ոչ կառուցողական է, ոչ էլ իրատեսական»։

«Հայք»֊ը 08 փետրուարի 1997 թ․հաղորդում է որ Ժիրայր Լիպարիտեանը «Հաստատեց Անդրկովկասին նուիրուած լոնտոնեան կոնֆերանսում իր արտայայտած այն դիրքորոշումը, թէ այսուհետ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցութիւններ չի վարի առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան: «Բանակցութիւնների ընթացքը դինամիկ ընթացք է»,- ասաց նա,- այն, ինչը օգտակար էր համարւում ինչ-որ մի պահի, կարող է այսօր օգտակար չհամարուել: Ուղղակի բանակցութիւններին Հայաստանը դէմ չէ»: Ըստ Լիպարիտեանի, իրենք սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցութիւնները, և հիմա օգտակար կը լինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցութիւնները: Բայց խորհրդակցութիւնների ձևը դեռևս յստակ չէ»:

«Ռեսպուբլիկա Արմենիի»֊ 31 յունուարի 1997թ․ տուած հարցազրոյցում  այն հարցին թէ ո՞րն է, ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման ամենակարճ ճանապարհը: Ժիրայր Լիպարիտեանը ասում է.

«Կարծում եմ, որ այդ ճանապարհը հնարաւոր է Ադրբեջանի նախագահ Հայտար Ալիևի և Ղարաբաղի ղեկավար Ռոբերտ Քոչարեանի երկկողմանի բանակցութիւնների միջոցով: Եթէ Ադրբեջանը ուզում է, որ Ղարաբաղի հայերը մնան Ադրբեջանի կազմում, ապա թող առաջարկի այնպսիսի պայմաններ, որ հայերը մտափոխուեն անկախ պետութիւն ստեղծելուց»:

Լրագրողը ասում է «Բայց Ղարաբաղի հայերը պահանջում են միայն իրենց անկախութեան ճանաչում, ինչին Պաքուն երբեք չի գնայ»: Լիպարիտեանը պատասխանում է՝ «Իսկ դուք ի՞նչ գիտէք, գուցէ անհատական հանդիպման ժամանակ կողմերին կը յաջողուի աւելի լաւ հասկանալ իրար»:

«Հայաստանի Հանրապետութիւն», օրաթերթի 22 փետրուարի 1997թ․ տուած հարցազրոյցում նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանը ասում է. «Լուծումը կարելի է գտնել միայն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցութիւններով: Ամէնից լաւը կը լինէր, ի հարկէ, որ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը սկսեն ուղիղ բանակցութիւնները: Ադրբեջանի քաղաքական ամբիցիաների պատճառով Լեռնային Ղարաբաղը որպէս կոնֆլիկտի ուղիղ կողմ, մնում է բանակցային գործընթացից դուրս»[19]։ panorama.am֊ից մէջբերումների ավարտ։

Բայց գլխավոր հարցը՝  Տէր֊Պետրոսեան֊Լիպարիտեանի ղարաբաղեան կարգաւորման փուլային լուծմանը հենց դէմ էր Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովուրդը, և եթէ դէմ էր, ինչու են նրանք այդքան կրքոտութեամբ խօսում Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու դէմ, չէ՞ որ դուրս թողնելով, Ղարաբաղի ժողովրդին հաշուի չառնելով՝ աւելի հեշտութեամբ կը  լուծէին իրենց փուլային ծրագիրը։ Հենց Տէր֊Պետրոսեանն է խոստովանում BBC֊ին տուած հարցազրոյցում, որ փուլային լուծումը չյաջողուեց ղարաբաղցիների պատճառով, թէ իբր ղարաբաղցիները մաքսիմալիստ էին ( տես՝ «Первый президент Армении о распаде СССР и Карабахе»[20]  )։

Եւ Տէր֊Պետրոսեանական շրջանակները սկսեցին հակաղարաբաղցիական քարոզչութիւն, որի բարձրակէտը դարձաւ 2008֊ի մարտի մէկին Նիկոլ Փաշինեանի կոչը ՝«Այսօր մենք մեր քաղաքը պէտք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Եւ երկրորդ, նրանց փաստարկն այն է թե Ղարաբաղը դուրս թողնելով բանակցութիւններից՝ կոնֆլիկտը վերածուեց Հայաստան֊Ադրբեջան հակամարտութեան։ Բայց ճիշտ հակառակը, իրենց փուլային լուծման մէջ Ղարաբաղը սուբյեկտ չի, իսկ հետագայում ընդունուած Մատրիտեան սկբունքները հիմնուած են տարածքային ամբողջականութեան, ինքնորոշման իրաւունքի և ուժ չկիրառելու սկբունքների վրայ, այսինքն այդ փաստթաղթով Ղարաբաղին տրւում է ինքնորոշման իրաւունք և նրա անկախութեան ճանաչման հնարավորութիւն է բացւում։ Ահա թէ ինչու Ալիևը 2016֊ին ասում էր «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը»[21]։

2.-րդ «հիւանդութիւնը»՝ ոչմիթիզականութիւն։

Միւս մեղադրանքն այն է, որ նախորդ իշխանութիւնները եղել են ոչմիթիզհողական, այսինքն մերժել են հողային որևէ զիջում Ադրբեջանին։ Սպիտակ թուղթը գրում է. «Այն, ինչ մնաց Ղարաբաղեան հիմնախնդրից, կասկածելի հռետորաբանութիւնն է, որն ուղղուած էր ներքին սպառմանը, բայց լսուեց բոլորի կողմից. հռետորաբանութիւն, որում գերակշռում էր «ոչ մի թիզ հողի» «ազգային» գաղափարախօսութիւնը՝ հիմնուած «յաղթողի իրաւունքների» վրայ»։

Սա գրեթէ բառացի ՀԱԿ֊Տէր֊Պետրոսեանական ձևակերպումներ են, այսպէս, Լևոն Տէր֊Պետրոսեանը մայիսի 21֊ի գրութեան մէջ ասում է. «Պատասխանատուութեան իր բաժինն ունի նաև, այսպէս կոչուած, ազգի վերնախաւը՝ էլիտան, այն է՝ մտաւորականութեան, քաղաքագէտների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնութիւնը և Սփիւռքի գրեթէ բոլոր ազգային կառոյցների առաջնորդները: Մի խօսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականութիւնը, պահանջատիրութիւնը և ոչմիթիզականութիւնը դարձրել էին հայութեան ազգային դաւանանքը, ընդ որում, նոյնքան անքննելի, որքան Աստուածաշունչը»[22]:

Թաթուլ Յակոբեանը գրում է. «Փաշինեանին անկիւն մղելու եւ ոչմիթիզական դարձնելու մէջ մեղքի ու պատասխանատուութեան բաժին ունեն Սերժ Սարգսեանը, Ռոբերտ Քոչարեանը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, որոնց կառավարութեան 20 տարիներին անողոքաբար մսխւում էր խաղաղութիւնը»[23]։

Ոչ միայն Լևոն Տէր֊Պետրոսեանն ու Թաթուլ Յակոբեանը, այլև «Սպիտակ թուղթ»ի հեղինակները որևէ յղում չեն տալիս, որ որևէ ղեկավար պնդած լինի, թէ ոչ մի թիզ հող չի զիջելու։ Իսկ փաստերն  այլ բան են ասում. 2007 թուականին ընդունուած Մատրիտեան սկզբունքերով և հետագայում բանակցութիւնների այլ փաստթղթերով՝ Կազանեանով և այլնով, հայկական կողմը պարտաւորւում էր տարբեր փուլերում 5 + 2 շրջաններ վերադարձնել Ադրբեջանին, որի դիմաց Ղարաբաղի ժողովուրդը պիտի ստանար հանրաքուէի միջոցով ինքնորոշման իրաւունք։

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը « Չի կարելի փոշիացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ամրագրուած իրաւունքը» գրութեան մէջ գրում է.

«Մատրիտեան և հետագայում Կազանեան փաստաթղթում առկայ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան դրոյթը մեր նորանկախ պետութեան երեսուն տարիների թերևս կարևորագոյն ձեռքբերումներից է։ Այնտեղ սևը սպիտակի վրայ հենց առաջին կէտով գրուած է հետևեալը․

«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը կ՚որոշուի հանրաքուէի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտայայտում: Հանրաքուէի ժամկէտներն ու մանրամասները կողմերը կը համաձայնեցնեն ապագայ բանակցութիւններում […]: ԼՂ բնակչութիւն ասելով՝ հասկացւում են 1988-ի ազգային համամասնութիւնով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնութեամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտութեան սկիզբը: Հանրաքուէի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թոյլ տրուել կարգավիճակի իւրաքանչիւր հնարաւորութիւն։

44-օրեայ պատերազմի առաջացրած ամէն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրայ բարդելու մարմաջի մէջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը»[24]:

Այսուհանդերձ, «Սպիտակ թուղթը» «Յաւելուած Ա. Ղարաբաղի վերաբերեալ Հայաստանի բանակցային դիրքորոշումների համառօտ ակնարկ» գլխում նկարագրում է Հայաստանում չորս ղեկավարների ժամանակաշրջանների դիրքորոշումները, որտեղ 1998-2008  թուերի մասին ասւում է.« Գրաւեալ տարածքների մեծ մասը վերադարձնելու համար Հայաստանը պահանջում է կա՛մ անյապաղ ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը, կա՛մ համաձայնագիր՝ տեսանելի ապագայում հանրաքուէ ապահովելու»։ Թէև խեղաթիւրուած է այդ 20 տարիների քաղաքականութիւնը՝ որևէ տեղ որևէ ղեկավար չի պահանջել անյապաղ ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը, իսկ ընդունուած փաստաթղթերով ոչ թէ «գրաւեալ տարաքների մեծ մասն է» վերադարձւում, այլ բոլոր 7շրջանները, այսուհանդերձ, հենց այս պարբերութիւնը հակասում է իրենց պնդմանը թէ նախորդ իշխանութիւնները «ոչմիթիզական» էին։

3.֊րդ «հիւանդութիւն«՝ անիրատեսութիւն, առաւելապաշտութիւն,  պատրանքները և վեհ նպատակներն են։

«Կառավարութիւնն ու քաղաքական առաջնորդները պէտք է գիտակցեն, որ կարգախօսները, վեհ նպատակների հռչակումն ու բարոյական արժէքները ճանապարհային քարտէս չեն հանդիսանում՝ երկարաժամկէտ, նպատակաուղղուած վերականգնման համար»։

«Կառավարութիւնը չպէտք է պետական հաստատութիւնների ու գերատեսչութիւնների վրայ դնի պատասխանատվութիւններ ու նպատակներ, որոնց նրանք չեն կարող հասնել, որպէսզի ցոյց տայ, որ հաւակնում է վեհ ծրագրերի եւ գաղափարների»:

Թէ որ կառավարութիւնը ինչ վեհ գաղափարներ է դրել պետական գերատեսչութիւնների վրայ, և ինչ ասել է վեհ գաղափար, «Սպիտակ թուղթ»ը լռում է, չի խօսում։  Ուրեմն, ընթերցողը պէտք է ենթադրի՞, օրինակ, վեհ գաղափա՞ր է արդեօք անվճար կրթութիւնն ու առողջապահութիւնը, կացարան ունենալու իրաւունքը, որ Հայաստանում Սովետի փլուզումից յետոյ տիրապետող դարձած ազատական գաղափարխօսութիւնը հետզհետէ վերացնում է, ապա արդէն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը պաշտպանելը, միջազգային հանրութեան ու Թուրքիայի կողմից ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը։

«Սպիտակ թուղթը» գրում է. «Այս կուսակցութիւններից ու առաջնորդներից շատերը որոշակի պատասխանատուութիւն են կրում այդ ճգնաժամերի համար, իրենց իրականացրած՝ անիրատեսական, յաճախ պատրանքների վրայ հիմնուած քաղաքականութիւնների համար, ինչպէս նաեւ ակտիվօրէն այնպիսի քաղաքականութիւններ խրախուսելու կամ դրանց հետ համաձայնելու համար, որոնք յանգեցրին պատերազմի եւ այնուհետեւ պարտութեան»։

«Կոշտ հռետորաբանութիւնն ու առաւելապաշտութիւնը չեն վերացնի անհաւասարակշռութիւնը, բացառութեամբ ներքին քաղաքական սպառման համար»։

Թէ ովքեր են այդ կուսակցութիւններն ու առաջնորդները, և ինչ հիմնաւորմամբ են նրանք մեղադրւում անիրատեսութեան և պատրանքների վրայ հիմնուած քաղաքականութեան, առաւելապաշտութեան ու կոշտ հռետորաբանութեան մէջ, «Սպիտակ թուղթը» անբարեխղճօրէն լռում է։ Եւ Ինչպէս տեսնում ենք, կրկին պատերազմի ու աղէտի պատասխանատուութիւնը գործող իշխանութեան վրայից հանում, ու մեղադրում նախկին իշխանութիւններին, նրանց որոնց ժամանակ Հայաստանը յարաբերականօրէն խաղաղ ու կայուն է եղել։

Իսկ թէ ինչ պատրանքների ու առաւելապաշտութեան մասին են ասում, կրկին լուռ են, պէտք է ենթադրել որ այդ «պատրանքը» Արցախի անկախութիւնն է։

Որպէսզի համոզիչ լինի այն, որ Ղարաբաղի անկախութիւնը երբեք չի ճանաչուելու, «Սպիտակ թուղթ»ը անդրադառնում է Հայաստանի ռազմական դաշնակցի՝ Ռուաստանի նախագահի խօսքին. «Ռուսաստանի նախագահը, որ միջնորդ հանդիսացաւ հրադադարի յայտարարութեան համար, պատերազմից յետոյ աւելի քան մէկ անգամ յայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, որ նա աւելի վաղ չմիջամտեց պատերազմին, որովհետեւ Ռուսաստանը Ղարաբաղը համարում էր Ադրբեջան, եւ զօրք ուղարկեց միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը խնդրեց»։

«Սպիտակ թուղթը» Ռուսաստանի նախագահի խօսքը մեջբերելիս, նոյնպէս որևէ յղում չի անում, և անհասկանալի է մնում թէ Ռուսաստանի նախագահ Փութինը ի՞նչ կոնտեքստում, ուղիղ ինչ է ասել և երբ է դա ասել։  Հաւանաբար խօսքը 2020 թուականի դեկտեմբերին Վլատիմիր Փութինի հարցազրոյցի մասին է, որտեղից մեջբերում է անում «Ազատութիւն» ռատիոկայանը , Փութինը ասում է. «Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը, և այս առումով, հաշուի առնելով այս հանգամանքը, Ղարաբաղը միջազգային իրաւունքի տեսնակիւնից Արդբեջանի տարածքն է»։ «Այդուամենայնիւ Ռուսաստանի նախագահը պարբերաբար շեշտում է, այսօր էլ շեշտել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պէտք է որոշուի ապագայում»[25]։

Եւ իրօք, եթէ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախութիւնը, ինչո՞ւ որևէ երկիր պէտք է ճանաչի։ Իսկ ինչո՞ւ չի ճանաչել։ Ահա, այն գլխաւոր հարցը որը դեր խաղաց նաև պատերազմի ու Արցախի Շուշիի և Հադրութի շրջանների կորստի մէջ։

Այսպես. 1988 թուականի փետրուարի 20֊ին Լեռնային Ղարաբաղի մարզի մարզսովետը որոշում ընդունեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ Հայաստանին, Հայաստանի ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։ Հետագայում, հետևելով միջազգային ընդունուած փաստաթղթերին Սովետի փլուզուման շեմին 1991֊ի սեպտեմբերի 2–ին Ղարաբաղը իր անկախութիւնը հռչակեց, և Սովետի փլուզումից յետոյ այն հաստատեց դեկտեմբերի 10-ի հանրաքուէով, որին Ադրբեջանը պատասխանեց պատերազմով։

Արցախի ժողովուրդը՝ մեծից փոքր, գիւղացի և քաղաքացի, միակամ էին ու են իրենց քաղաքական դիրքորոշման մէջ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը հռչակուել է անկախ պետութիւն, կառուցել են պետական բոլոր հաստատութիւնները և իրենք հետևողականօրէն տանելու են առաջ Արցախի միջազգային ճանաչումը։

Սակայն Հայաստանի քաղաքական դաշտում 1988֊ին ձևաւորուած միասնական դիրքորոշումը Հայաստանի անկախութիւնից յետոյ սկսեց փլուզուել։

Այսպէս,1988֊ի Հայաստանի ղարաբաղեան շարժման առաջնորդներից մէկը, «Ղարաբաղ» կոմիտէի անդամ՝ Լևոն Տէր֊Պետրոսեանն էր որ բազմահազարանոց հանրահաւաքներում վանկարկում էր՝ «պայքար պայքար մինչև վերջ» քանի Ղարաբաղը դուրս չի եկել Ադրբեջանի կազմից մեր պայքարը շարունակուելու է։ Սակայն ընդամէնը երեք տարի անց, Հայաստանի նախագահ դառնալով՝ Տէր֊Պետրոսեանը, և ՀՀՇ֊ն փոխեցին իրենց դիրքորոշումը և ամէն կերպ Ադրբեջանի ու Թուրևքիայի հետ հաշտութեան հասնելու համար պատրաստ եղան զիջումների գնալ մինչև վերջ՝ մինչև Արցախը Ադրբեջանի կազմի մեջ թողնելը։

Եթէ ցնորքներից խօսենք, ապա 1988–ից յետոյ հայ֊ադրբեջանական հակամարտութիւնը հասաւ այնպիսի կէտի որ անհնար դարձաւ Ադրբեջանում հայկական որևէ բնակավայրի գոյութիւնը, և Լիպարիտեանի գաղափարը՝ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարութիւնը հենց ցնորք է, կամ էլ եթե ցնորք չի, ապա այդպիսի ինքնավարութիւն հնարաւոր է առանց հայ բնակչութեան։

Մեր աչքի առաջ եղաւ Լիպարիտեանի «Արցախը» ադրբեջանի կազմում թողնելու մոդելը, Ինչո՞ւ դատարկուեց ու հայաթափուեց հայկականութեան բնօրրան Հադրութը, Շուշին. Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած Արցախի Հադրութի, Շուշիի ու միւս շրջանների գիւղերի այն հայերը, որ չէին թողնել իրենց տները, չէին փախել, ադրբեջանցիները սպանեցին։ (տես՝ «Գենադի Պետրոսեան․ ճակատագրական վերադարձ Մադաթաշէն» հաղորդումը[26], թէ ինչպէս Մադաթեանը չի լքում Ասկերանի շրջանի Մադաթաշէն հայրենի գիւղը և Ադրբեջանցիները նրան բռնելով մորթում են ու սպանութեան տեսագրութիւնը տարածում համացանցում։ «Մարիա Ասրիյեան․ ապրել՝ եղբօր դաժան սպանութեան ցաւը սրտում» հաղորդումը որ Հադրութի շրջանի Ազոխ գիւղի բնակիչ 80֊ամյա բնակիչ Եուրի Ասրիյեանին ադրբեջանցիները գլխատում[27]

Հայկական ծագումով Ռուս պատմաբան Օլեգ Այրապետովը (Олег Айрапетов) ասում է՝ «Ղարաբաղեան առաջին պատերազմի յաղթանակից յետոյ մինչև երկրորդ ղարաբաղեան պատերզմում պարտութիւնը, եթէ ամփոփենք արդիւնքները, կը ստացուի, որ Հայաստանը մտաւ պատրեազմի մէջ որպէս միասնական ժողովուրդ, որպէս հայեր, իսկ այս քսան տարիներին նրանք բաժանուեցին «ղարաբաղցիների» և «հայաստանցիների», իսկ Ադրբեջանը պատերազմի մէջ մտաւ որպէս անմիաբան ժողովուրդ, նրանք՝ նախիջևանցիներ էին, կիրովաբադցիներ, թաթեր, լեզգիներ,  և այլն։ Իսկ ունենալով միասնական թշնամի՝ ի դէմս հայերի, նրանք միաւորուեցին և դարձան միասնական մէկ ազգ»[28]։

Այսպիսով, Արցախը ունէր միասնական քաղաքական դիրքորոշում, իսկ Հայաստանում միասնական դիրքորշումը փլուզուեց, երկփեղկուեց, որի արտայայտութիւնը եղաւ այն, որ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախութիւնը, նոյնիսկ պատերազմում յաղթանակը չնպաստեց Արցախի անկախութեան ճանաչմանը, քանի որ իշխանութեան ղեկին էին անձինք, որոնք դէմ էին ուղղակի այդ անկախութեանը։ Այդ անձանցից մէկը, այդ քաղաքականութիւն մշակողներից մէկն էլ նախագահի գլխաւոր խորհդական Ժիրայր Լիպարիտեանն էր։ Եւ եթէ Հայաստանը ունենար 1988֊ի միասնական դիրքորոշումը, ապա Արցախի անկախութիւնը կը ճանաչէր 1991 թուին կամ 1994-ին յաղթանակից անմիջապէս յետոյ, և Մատրիտեան սկզբունքները ոչ թէ 2007֊ին կընդունուէին, այլ 1994–1995ին, և շատ աւելի նպաստաւոր ձևակերպումներով Հայաստանի ու Արցախի համար, իսկ Արցախի անկախութիւնն էլ կը ճանաչուէր շատ երկրների կողմից։

Եւ եթէ Լիպարիտեանը Արցախի անկախութիւնը անիրատեսական ու պատրանքային է որակում, ապա այն անիրատեսական դարձնողներից մէկը ինքն է։

Վերադառնալով Ռուսաստանի դիրքորշմանը. Այն բանից յետոյ, երբ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը լրագրողներին ասել էր, թէ իրենք եթէ Ղարաբաղը յանձնող լինէին կը հետևէին Լավրովի պլանին. «Դուք կարծում եք, որ յանձնել ենք Ղարաբաղը։ Հայաստանի հասարակութիւնն էլ նոյն մօտեցումն ու կարծիքն ունի, թէ Ռուսաստանն է յանձնել Ղարաբաղը: Եթէ ինչ-որ մէկը ուզում էր յանձնել Ղարաբաղը, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառեալ «Լավրովի պլանը»[29], որին Ռուսաստանի արտգործնախարարութիւնը պատասխանել էր.

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչեւ 2020 թուականի աշունը բանակցային սեղանին դրուած առաջարկները նախատեսում էին բառացիօրէն հետեւեալը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից համաձայնեցուած ժամկէտներում ՄԱԿ – ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքոյ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ազատ կամարտայայտութիւնն արտացոլող եւ իրաւաբանօրէն պարտաւորեցնող բնոյթ ունեցող համաժողովրդական քուէարկութիւն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշում։ Ընդ որում, քուէարկութեան դրուող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակուի, իսկ ցանկացած արդիւնք կողմերը պէտք է յարգեն: Այդ առաջարկները, թէեւ լիակատար համաձայնութեան չեն արժանացել, միևնոյն ժամանակ չեն մերժել ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում»։ «Փաստերը խօսուն են.խաղաղ կարգաւորման բազմաթիւ հնարաւորութիւններ են բաց թողնուել, ընդ որում ՝ ոչ Ռուսաստանի  Դաշնութեան  մեղքով»[30]։

Այսպիսով Ռուսաստանը պաշտոնապէս յայտարարում է, որ բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերուած փաստաթղթերը կեանքի կոչուելու դէպքում ինքը կ՚ընդունէր Ղարաբաղի անկախ կարգավիճակի հնարաւորութիւնը և որ Հայաստանի կողմից բանակցութիւնները տապալելու արդիւնքում է պատերազմը սկսուել։

«Սպիտակ թուղթը» Ռուսաստանին ուղղակիօրէն մեղադրում է պատերազմին համաձայնութիւն տալու մէջ.

«2020 թ. Ղարաբաղեան պատերազմը սանձազերծելու մասին որոշումը, ըստ էութեան, կայացուել է Թուրքիայի կողմից եւ համաձայնեցուել Ռուսաստանի հետ»։ Թէև այս նախադասութիւնը դրուած է մասնակից մտաւորականների բաժնում (կրկին յիշեցնենք, գիրքը չի յայտնում թէ ով կամ ովքեր են  նրանցից սա ասել), բայց ոչ միայն չի փորձում հերքել, այլև հեղինակները այն  ծանօթագրել են  «հիմնաւորելու» համար այս պնդումը. « Այն արագութիւնը, որով Ռուսաստանը կարողացավ տեղակայել իր խաղաղապահ ուժերը սարքաւորումների հետ միասին, կարող է վկայել պատերազմի մասին վաղ, նախնական տեղեկացուածութեան եւ առաքելութեանը պատրաստ լինելու մասին»:

Բայց փաստերը այլ բան են ասում, պատրերազմից մօտ մէկ ամիս առաջ ՀԱՊԿ֊ը նախազգուշացրել է հնարաւոր պատերազմի մասին և 2020 թուի սեպտեմբերի 1ին, առաջարկել է սեպտեմբերի 15֊ին Հայաստանին զօրավարժութիւններ անել, որը մերժուել է Հայաստանի կառավարութեան կողմից (ՀԱՊԿ֊ի փաստաթուղթը այստեղ,[31] իսկ այդ թեմայով վերլուծութիւնը այստեղ[32]

Ռուսաստանը ինչո՞ւ պէտք է համաձայնութիւն տար մի պատերազմի, որի արդիւնքում Հարաւային Կովկաս էր մխրճուելու իր գլխաւոր հակառակորդը եթէ չասենք թշնամին՝ ՆԱՏՕ֊ն՝ ի դէմս Թուրքիայի։

Այսպիսով, «Սպիտակ թուղթ»ը քողարկուած հակառուսական քարոզչութիւն է անում, և օրինակ, Ռոբերտ Քոչարեանին մեղադրում է երկիրը Ռուաստանից աւելի մեծ կախման մէջ գցելու համար։

Այսպէս, «Սպիտակ թուղթը» ասում է որ 1998-2008 շրջանում. «Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումն անհնար է դառնում, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, յայտնւում է աւելի թշնամական տարածաշրջանային միջավայրում եւ մեծանում է նրա կախուածութիւնը Ռուսաստանից»:

Ճիշտ հակառակը, անկախութեան 30 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան ի դէմս վարչապետ Էրտողանի նամակ գրեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարեանին առաջարկելով համագործակցութիւն սկսել, եւ պատասխան ստացաւ, որ պատրաստ է Հայաստանը համագործակցել առանց նախապայմանների[33]։ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ֊ի խաղաղարար առաքելութեանը Իրաքում, որին դէմ էր Ռուաստանը։ Ապա, 2006 թուին գործարուեց Իրան֊Հայաստան գազատարը որպէս այլընտրանք ռուսական գազին։

 

4֊րդ հիւանդութիւն՝ «թշնամի թուրքի» կարծրատիպը։

Սպիտակթուղթը ասում է. «Գործուն կերպով պայքարել «թշնամի թուրքի» կարծրատիպային կերպարների դէմ»։

Ինչպէ՞ս պէտք է պայքարեն այս «կարծրատիպի» դէմ՝ ցեղասպանութեան վերապրած սերունդներին համոզեն թէ ձեր պապերին թուրքե՞րը չեն կոտորել, ձեր ունեցուածքը թուրքե՞րը չեն խլել, թուրքե՞րը չեն ապրում ձեր տներում, ձեր հայրենիքն ու մշակոյթը թուրքե՞րը չեն բնաջնջել, Թուրքաիա՞ն չի շրջափակել Հայաստանը, թուրքերի եղբայր ադրբեջանցինե՞րը 1918, 1920, 1988, 1991թուերին ցեղասպանութեան չեն ենթարկել Պաքուի, Շուշիի, Նախիջևանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Մարաղայի հայերին։ «Սպիտակ թղթի» հեղինակները թուրքից աւելի թո՞ւրք են ներկայանում, որ վստահ են թէ «թշնամի թուրք»֊ը կարծրատիպ է։ Լաւ, իշխանութիւնը իրենք են, Լիպարիտնեանը, ու ամէն օր հանրայինով քարոզում է թուրքի դրական կերպարը, բայց ինչպէ՞ս է համոզելու հենց նոր Արցախից եկած 32 հազար փախստականներին, Հադրութի իր տունն ու հարազատին կորցրած հադրութցուն, Արցախում ամէն պահ ադրբբեջանցու նշանառութեան տակ երկիւղով ապրող հայրնեկիցներին, որ թուրքը թշնամի չի։

Սակայն տեսնենք թէ արդեօ՞ք «Սպիտակ թուղթը» զերծ է այլ պատրանքներից։

«Սպիտակ թուղթը» առաջարկում է Հայաստանը դարձնել չէզոք երկիր.

«Հայաստանը կարող է եւ պէտք է լրջօրէն մտածի չէզոքութեան վրայ հիմնուած արտաքին ու անվտանգութեան քաղաքականութիւնների մշակման առաւելութիւնների մասին, որոնք սովորաբար զարգացել են Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ որոշակի ժամանակահատուածում։ Այսպիսով, Հայաստանի եւ իր հարեւանների անվտանգութեան՝ ենթադրեալ ու իրական սպառնալիքները կը նուազեն: Ճիշտ հանգամանքների ներքոյ նման մօտեցումը կարող է նաեւ աջակցութիւն ստանալ տարածաշրջանի երեք հիմնական հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպէս նաեւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրութեան կողմից»։ Եւ ի հարկէ, չմոռանալով, որ ռուսական բազաները պէտք է հանուեն Հայաստանից. «Չէզոքութեան հասնելու գործընթացը կը պահանջէր ինչ-որ պահի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ դուրս բերել ռուսական ռազմաբազան»։

Եւ որպէս չէզոք երկրների օրինակ է բերում եւրոպական երկրները՝ Ֆինլանդտան, Զուիցերիան, Աւստրիան և այլն։ Իսկ թէ ինչպէս պէտք է պաշտպանուի Հայաստանի անվտանգութիւնը՝ «Սպիտակ թուղթը» ասում է, որ եւրոպական չէզոք երկրների բանակները կը պաշտպանեն. » Յատուկ բազմակողմ յարաբերութիւններ կարող են ստեղծուել անվտանգութեան ոլորտում՝ Եւրոպայի չէզոք պետութիւնների (Իրլանտա, Շուէտ, Ֆինլանտա, Զուիցերիա, Աւստրիա) հետ»։

Նախ՝ Հայաստանի չէզոքութիւն նշանակում է հրաժարուել Արցախը պաշտպանելուց։

Բայց նաև մեծագոյն ցնորք է Մերձաւոր Արևելքը պատկերացնել որպէս Եւրոպա՝ իր չէզոք պետութիւններով։ Մի տարածաշրջան,  ուր հակամարտութիւնները եռում են, անընդհատ ինչ որ հրէշաւոր խմբաւորումներ  են ստեղծւում՝ ինչպէս Իսլամական պետութիւնն է, որոնք «չէզոք» են փնտռում, որ ոչնչացնեն, ինչպէս Սուրիայի քրիստոնեաներին ու Իրաքի եզիտիներին ցեղասպանութեան ենթարկեցին։ Ի՞նչ էին արել նրանք, երևի աշխարհի ամենաչէզոք ժողովուրդներն էին, որ անպաշտպան մնալով սրի քաշուեցին։  Որտեղ Թուրքիան Օսմանեան կայսրութիւնը վերականգնելու հովերով է տարուած, իր սահմաններից դուրս «չէզոք» դաշտ է փնտռում, որ ներխուժի, ինչպէս Սիրիա ներխուժեց ու հաստատեց այնտեղ արդեն իր կրթական սիստեմը՝ իր գրաւած բնակավայրերում դպրոցներում Թուրքիայի պատմութիւն են անցնում։ Այս տարածաշրջանը երևակայել որպէս խաղաղ ու համերաշխ Եւրոպա, Հայաստանն էլ Զուիցերիա կամ Աւստրիա ու նաև պատկերացնել, թէ այդ չէզոքութիւնը շուէտական զօրքը պիտի գայ պաշտպանի,  երա՞զ է, ցնո՞րք, թե՞ թմրանիւթ, վտանգների նկատմամբ Հայաստանի ժողովրդի  զգօնութիւնը թուլացնելու թմրանիւթ։

Տարածաշրջանում չէզոքութիւնը կախուած չի որևէ պետութեան ցանկութիւնից, Հարաւում Սիրիայի դիրքերը թուլանում են, ներխուժում է Թուրքիան, Արևմուտքում Կիպրոսում Յունաստանի դիրքերն են թուլանում, ներխուժում է Թուրքիան, նոյնիսկ հեռաւոր Լիպիա է ներխուժում։ Նոյնն էլ Հարաւային Կովկասում,  Ռուսաստանի ազդեցութիւնը վերացնելով՝ նրա տեղը գրաւելու է Թուրքիան։ Եթէ Լիպարիտեանն ու Այդաբիրեանն ու Փափազեանը շատ են ուզում Հայաստանը չէզոք լինի, ոչ թէ Հայաստանին  պէտք է համոզեն, այլ Թուրքիային, որ չներխուժի հարևան երկրները։

Բայց «Սպիտակ թուղթ»֊ի համար տարածաշրջանի թիւ մէկ պրոբլեմը Հայաստանն է,  Հայաստանին անուանում է տարածշրջանի «խռովարար», և առաջարկում, որ «նա ոչ մէկին պատերազմ չի յայտարարում եւ չի վարում պատերազմի քաղաքականութիւն ոչ մէկի հետ»: Կարծես Հայաստանն է այս 30 տարիների ընթացքում պատերազմներ սկսել, պէտք է՞ արդեօք յիշեցնել, որ արցախեան երկու պատրեազմն էլ նախայարձակ է եղել Ադրբեջանը։

Ընդհանրապէս, «Սպիտակ թուղթը» եթէ ընթերցի տարածաշրջանից գաղափար չունեցող մէկը, կ՚եզրակացնի, թէ տարածարջանում պատերազմ հրահրողն ու անկայութիւնուն բերողը Հայաստանն է, նրա հարցերը լուծես, «չէզոքացնես», տարածաշրջանը Եւրոպա կը դառնայ։

Կրկին ցնորքներին անդրադառնանք։

Սպիտակ թղթի միւս հեղինակը Ռոբերտ Այդաբիրեանը courrier.am֊ին տուած հարցազրոյցում ասում է.

«Իմ տեսլականը՝ հարաւային Կովկասի պետութիւնների ֆեդերացիան է, շրջան որտեղ կը դադարենք միմեանց տփել և որտեղ մենք կը լինենք բաւական խելամիտ, որ իւրաքանչիւրը՝ իր ընդունակութիւններից ու միջոցներից կախուած համագործակցի միւսների հետ։

Մի հին բարեկամ ասաց ինձ, որ «այսօրուայ ուտոպիաները՝ վաղուայ իրականութիւնն է»։ Ինչու մի գեղեցիկ օր այսպիսի միութիւնը հնարաւոր չի»[34]։

Սա մի արևմտեան վերևից հայացք որտեղից Հարաւային Կովկասը երևում է որպէս ինչ որ վայրենի աշխարհ, որտեղ վայրենի ցեղերն իրար տփում են անհասկանալի պատճառով, հաւանաբար որսի մսի համար,  չկայ զոհ ու դահիճ, չկայ արդար կողմ, բոլորը նոյն վայրենին են։ Նոյնիսկ Հարաւային Կովկասից անտեղեակ մեկը քարտէսին նայի, գլխի կ՚ընկնի թէ որ ժողովուրդն է կուչ եկել սարերում և որոնք են նուաճողները։ Բայց նոյնիսկ պարզ քարտէսը այդ գոռոզ դիրքում գտնուող անձին չի կարող համոզել որ վայրենիների անհասկանալի կռիւ չի այնտեղ։

Եթէ գաղափարական բանավէճերը պէտք է տարուեն «ցնորական», «անիրատեսական» բառապաշարով, ապա Այդաբիրեանի ասածը հենց այդ ցնորականն ու անիրատեսականն է։ Նա հռետորական հարց է տալիս ինչո՞ւ հնարաւոր չի Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ֆեդերեցիան։ Բայց այդ հարցը հռետորական չի և ունի յստակ պատասխան՝ Եւրոպան կարողացաւ ստեղծել Եւրոմիութիւն առաջին հերթին այն պատճառով, որ Գերմանիան ճանաչեց իր կողմից իրականցուած ցեղասպանութիւնը ու փոխհատուցեց  և մինչև հիմա փոխհատուցում է զոհերի սերունդներին, իսկ այս տարածաշրջանում որևէ միութիւն հնարաւոր չի, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն ճանաչել իրենց կողմից իրականացուած ցեղասպանութիւնները։ Հնարաւոր չի ոչ թէ այն պատճառով, որ զոհերը չեն «ներում» կամ «հաշտւում» նրանց հետ, Հայաստանի սպառողական հասարակութեան մի ահագին մասը պատրաստ է յանուն բաց սահմանների մոռացութեան տալ ցեղասպանութիւնն էլ, Արցախից էլ հրաժարուել, այլ որ թուրքական պետութիւնները կարող են կրկին ցեղասպանութիւն իրականացնել, և իրականացնում են, որ նրանց՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումն է թուրքական գերիշխանութիւն հաստատել ամբողջ տարածաշրջանում։ Այդաբիրեանը ծաղրո՞ւմ է, թէ՞ լուրջ է ասում որ Ադրբեջանը Թուրքիային թողած, Հայաստանի հետ պէտք է ֆեդերացիա ստեղծի, թէ՞ այդ ֆեդերացիայի մէջ Թուրքիան էլ է պատկերացնում։ Բայց կարծես այդ մասին չի խօսել։ Բայց եթէ Այդաբիրեանը հաւատում է, որ ուտոպիաները իրականութիւն են դառնում, ապա ինչու աւելի լայն ուտոպիաներ չշարադրել՝ Աշխարհը մի մեծ ֆեդերացիա՝ առանց սահմանների ու հակամարտութիւնների, թե՞ ուտոպիան միայն հայերի վրա պետք է աշխատեցնել, իսկ չստացուելու դէպքում էլի մեղադրել հայերին՝ տես մի հայ դեռ յիշում է 1915 թուականը ու թոյլ չի տալիս ֆեդերացիան իրականանայ։

Այդաբիրեանի ուտոպիային հակադրենք մէկ այլ ուտոպիա, որ մի օր Ադրբեջանն  ու Թուրքիան դադարեն հակահայ քաղաքականութիւն վարել, հայերին բնաջնջելու ծրագրեր մշակել և ընդունեն Արցախի ժողովրդի իր հայրենիքում ինքորոշման իրաւունքը ու ճանաչեն իրենց կողմից կատարուած ցեղասպանութիւնները։ Ի՞նչ կասի նրա հին ընկերը այս ուտոպիայի մասին, այսօրուայ այս ուտոպիան վաղուայ իրականութի՞ւնն է թէ՞ ոչ։

Դեպտեմբերի 15֊ին Ազգային ժողովում Փաշինեանի գլխաւորած Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան հետ հանդիպում ունենալուց յետոյ, Ժիրայր Լիպարիտեանը պատասխանելով լրագրողների հարցերին, մասնաւորապէս Արծուիկ Մինասեանի մտքին, թէ ինչ յարաբերութիւններ հաստատես մի հարևանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել, պատասխանեց «Արծուիկ Մինասեանն ապրել է Հայաստանում, մորթուե՞լ է: 30 տարի ասում է, որ մորթուելու ենք, մորթուե՞լ ենք»[35]:

Սա ուղղակի ծաղր է ադրբեջանցիների ձեռքով բոլոր զոհուածների ու նրանց հարազատների նկատմամբ՝ սկսած սպա Գուրգէն Մարգարեանից, որին կացնահարող Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ազատութիւն ստացաւ ու հերոսացուեց, մինչև վերջին 44 օրեայ պատերազմի զոհերը, մանաւանդ՝ Հադուրթի ու Շուշիի խաղաղ բնակիչների սպանութիւնները։

«Սպիտակ թուղթը» Հայաստանի հանրապետութիւն պետութեան գաղափարը տեսնում է միայն այդ տարածքում բնակուող անձանց շահերի բաւարարման մէջ, այսպէս, գրում է.

«Կառավարութիւնը եւ քաղաքական ուժերը չպէտք է ազգային օրակարգը շփոթեն պետութեան օրակարգի հետ։ «Ազգը» ներառում է բոլոր հայերին, անկախ նրանից, թէ որտեղ են նրանք գտնւում, ինչ վարչակարգերի ու կառավարութիւնների ներքոյ են ապրում։ Պետութիւնը տարածքայնօրէն սահմանուած միաւորում է՝ յստակ սահմանուած բնակչութեամբ, որի անվտանգութեան ու բարեկեցութեան համար պետութիւնը պատասխանատու է միջազգային իրաւունքներով ու պարտականութիւններով։ Պետութիւնն ունի կառավարութիւն, որը պատասխանատու է իր ժողովրդի առջեւ եւ նրա համար։ Պետութեան ու ժողովրդի, որի համար այդ պետութիւնը պատասխանատու է, կենսական շահերը չպէտք է թուլացուեն, նոյնիսկ՝ տապալուեն, փորձելով դա հաճելի դարձնել սփիւռքեան համայնքներին»։

Տարօրինակ է։ Ինչո՞ւ։ Նախ՝ եթէ այս գաղափարը ասում է Հայաստանի քաղաքացին, բանավէճ է ծագում, հետևեալ հարցերով՝ իսկ սփիւռքահայերի, Արցախի ու Ջավախքի, Աբխազիայի, Թիֆլիսի, Ռուսաստանի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների հայութեան իրաւունքներով ո՞ր պետութիւնը պիտի հետաքրքրուի, եթե ոչ հայկական։ Ինչպէ՞ս է լինում, որ, օրինակ, Իտալիայի պետութիւնը շահագրգիռ է սփիւռքում բնակուող իտալացիների շահերով, Յունաստանի պետութիւնը յունական Սփիւռքով, իսկ Հայաստանի պետութիւնը պէտք է այնքան  ամփոփուի իր տարածքի ներսում որ միայն իր ներսի բնակչների շահերը հետապնդի, մի պետութիւն որը ստեղծուելիս իրեն հռչակում էր ամբողջ աշխարհի հայերի պաշտպանը, և մի ժողովուրդ որի գերակշիռ մասը դրսում է բնակւում։ Յաջորդը, ազգը քաղաքական միաւոր է, եթէ ազգի մի մասի շահերը հակասում են միւս մասի՝պետութեան մէջ բնակուողների շահերին ապա, ազգը կիսուեց, դարձան երկու, երեք ազգեր։ Ուրեմն, Սպիտակ թուղթը ոչ թէ պէտք է «ազգ» հասկացութիւնը օգտագործի, այլ էթնոս և այդ էթնոսի մէջ «Սպիտակ թուղթը» գրքի հեղինակները ներկայացնում են Հայաստանի այն քաղակական շրջանկներին, որոնք 29 հազար քառակուսի քիլոմեթր Հայաստանի սահմաններից դուրս որևէ գաղափար, հետաքրքրութիւն չեն տեսնում, եթէ գաղափրական անուն տանք սա լոկալ նացոնալիզմ է (տես՝ «Մեծ դաւաճանութիւն. երբ էթնոսը տարանջատւում է երեք քաղաքական ազգի»[36]

Բայց այս խօսքը գրում են սփիւռքահայերը, որ պէտք է ենթադրել որ այլևս սփիւռքահայի որևէ գաղափար, իղձ չունեն, որ հայկական պետութեանը յորդորում են հրաժարուել Սփիւռքի, սփիւռքահայերի իրաւունքներից ու իղձերից, նաև Արցախի ժողովրդի իրաւունքներից։

Այսպիսով, «Սպիտակ թուղթի» տեսլականում Հայաստանը որևէ վերանձնային գաղափարից զուրկ, իրենց խօսքով ասած «վեհ գաղափարներից» հրաժարուած, սպառողական հասարակութեան մի տարածք է, որտեղի բնակիչները միայն եսասիրաբար իրենց  նիւթական շահի մասին պէտք է մտածեն  և այդ շահի համատեքստում հրաժաուելով արդարութիւն, յիշողութիւն, հայրենակից հասկացութիւններից այդ տարածքը փռեն թուրքակական պետութիւնների առաջ։ Եթէ այս գաղափարին էլ անուն տանք ապա, այն մաքուր նոր ազատականութիւնն է, որն առաջ են տանում ԱՄՆ֊ն և Եւրոմիութիւնը՝ Հայաստանին դրդելով «հրաժարուել «պատմական կաղապարներից» (ԱՄն֊ի նախագահ Թրամփի անվտանգութեան գծով խորհդական Ջոն Բոլտոնի յորդորն էր Հայաստանի բնակչութեանը), Արցախի ժողովրդին թողնել բախտի քմահաճոյքին, Հայ դատից հրաժարուել, Ռուաստանին հեռացնել տարածաշրջանից և երկիրը փռել  թուրքական պետութիւնների առաջ։

Բայց Ազգային ու պետական շահերի հակադրութիւնը ինքնին  թակարդ է, որ թիւր կարծիք է ստեղծում, թէ նա, ով առաջարկում է ազգային շահը մի կողմ դնել յանուն պետութեան, իսկապէս մտահոգ է Հայաստանի Հանրապետութեան   և նրա տարածքում ապրող ժողովրդի՝ որ մեծամասամբ հայ են՝ ճակատագրով։ Անհնար է, որ  Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքական վերլուծութեան հեղինակները ոչ մի պարբերութեամբ չանդրադառնային, թէ ինչ սպառնալիք է կախուած Հայաստանում բնակուող այն անձանց գլխին որոնք միայն հայ են ՝անկախ նրանից ուզում են թուրքերի հետ հաշտուել թէ չեն ուզում, որ Ադրբեջանը տասնամեակներ հակահայ, ֆաշիստական քաղաքականութիւն է մշակել, սերունդներ կրթել հայերին վերացնելու մոլուցքով։ Ադրբեջանում հայը որևէ ծագմամբ օրէնքից դուրս է, ոտքը յայտնուի Պաքուի օդանաւակայնում կալանաւորւում է։ Օլեգ Այրապետովը այն հարցին որ եթէ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պայմանգիր ստորագրուի, հնարաւո՞ր է փոխի Ադրբեջանի հակահայ քաղաքականութիւնը, պատասխանում է. «Չի փոխի։ Պէտք է հասկանալ, որ Ադրբեջանը քաղաքական ազգ է դարձել հայերի նկատմամբ ատելութեան  հիման վրայ։ Դա դաստիրակուել է տասնամեակների ընթացքում։ Հրաժարուել դրանից նոյնիսկ յաղթանակած Իլհամ Հեյդարովիչը չի կարող։ Նա չի կարող ասել՝ վերջ, մենք կանգ ենք առնում, մենք արդէն ամէն ինչ արել ենք։ Երբ 30 տարի մի քանի սերունդ մեծացել է այն հաւատով որ՝ այս հողերը մերն են, որոնք գրաւել են հայերը՝ Իրիվան թէ Ուրուվան, Ուչմիածին, և այդպէս շարունակ։ Այո, Ալիևն էլ չի ուզում կանգ առնել, նա բաւականաչափ հետևողական է և ակնյայտօրէն համը ընկել է բերանը»[37]։

Իսկ Թուրքիայի համար, հարցրէք թուրք որևէ առաջադէմ մտաւորականի, թէ հայը ով է Թուրքիայի պետական քաղաքականութեան համար, կ՚ասեն՝ թշնամի։ Թուրքիայի համշեն մտավորական, ակտիվիստ Ջեմիլ Աքսուն ասում է. «Թուրքիայում բոլորի գիտակցութեան մէջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի` հայերը, ալևիները և կոմունիստները: Դա արտացոլւում է նաև դասագրքերում և խօսւում է նրանց մասին թշնամական արտայայտութիւններով` հպարտ ենք մենք, որ  թուրք ենք, թուրքից լաւը չկայ, մեր բոլոր հարևանները աչք ունեն մեր հողերին, այս բոլորը դասագրքերում արտայայտւում են: Իշխող գաղափարախօսութիւնը այն է, որ ովքեր թուրքերէն են խօսում քաղաքակիրթ են, իսկ  մնացած լեզուները համարւում են վայրենի մարդկանց լեզուներ, և այս մօտեցումը ամբողջ ժողովրդի մէջ մտցւում է» (տես՝ «Ովքեր են նրանք. Մուսուլման հայախօս համշենցիները»[38]): Էրտողանը Պաքուի ռազմական յաղթական շքերթին Էնվերին է ոգեկոչում, իսկ Ալիևը Պաքուի կեդրոնում հայ զինուորների խրտուիլկաների ցուցահանդէս է բացում, իսկ Արցախում էլ, արանք են գտնում խաղաղապահների միջից, որ խաղաղ արցախցի բնակչի սպանեն (արդեն երկու հոգու սպանել են)։

Եւ 30 տարուան անկախութեան պատմութիւնն էլ է վկայել որ համազգային գաղափարներով տոգորուած գործիչների ղեկավարման տարիներին Հայաստանը տնտեսապէս զարագացել է և անվտանգութիւնը պահպանուել է, իսկ ամէն գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու ձգտող 29 հազար քկ֊ական գործիչների իշխանութեան ժամանակ՝ Հայաստանը պատերազմի մէջ է մխրճուել ու հազարաւոր զոհեր տալով պարտուել է, ու ոչ միայն Արևցախի մի մասն է կորցրել, Արցախի պետականութիւնը կործանել, այլև դեռ Հայաստանի այդ 29 հազար կմ֊ից է տարածքներ յանձնում, ու չի կարողանում պաշտպանել հենց այդ 29 հազար քկ֊ի վրայ ապրող բնակչութեանը, բայց թուրքերի հետ հաշտուելու համար պատրաստ է այդ 29 հազար քաակուսի քիլոմեթրից էլ զիջել, երկիրը դարձնել 28, 27….

Ուրեմն, ո՞ւմ շահերն է արտայայտում «Սպիտակ թուղթը», արդեօ՞ք ներսից հայկական դիմադրութիւնը թուլացնելով Թուրքիային ու Ադրբեջանին ծառայութիւն չի մատուցում, իսկ աւելի գլոբալ մասշտաբով ԱՄն֊ի ծրագիրն է իրագործում՝ Հայաստանը ամէն կերպ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «հաշտեցնելու» միջոցով Ռուսաստանի ռազմական ներկայութիւնը հեռացնել Հայաստանից, և եթէ այդ «ամէն կերպովի» գինը կարող է լինել Հայաստանից հայերի զանգուածային արտագաղթը, Հայաստանը հայերից դատարկուելն ու նրանց տեղը թուրքերով բնակեցուելը, ապա ԱՄՆ֊ին և նԱՏՕ֊ին չի յուզում, նրանք ամեն գնի պատրաստ են իրենց ծրագրերն իրականացնելու համար։

 

[1]Ռոբերտ Այդաբիրեան, Ժիրայր Լիպարիտեան, Թալին Փափազեան, «Սպիտակ թուղթ. 2020 թ. Ղարաբաղեան պատերազմը եւ Հայաստանի ապագայ արտաքին ու

անվտանգութեան քաղաքականութիւնները», սեպտմբեր, 2021, հրատրակուել է Armenia Peace Initative կայքում

https://www.armeniapeace.org/wp-content/uploads/2021/09/%D5%8D%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF_%D4%B9%D5%B8%D6%82%D5%B2.pdf

[2] Ժիրայր Լիպարիտեան. Ի՞նչ կատարուեց եւ ինչո՞ւ․ վեց դրոյթ, medimax.am, 25 նոյեմբերի, 2020 https://mediamax.am/am/news/politics/41056/

[3] Լեւոն Տէր-Պետրոսեան «Ելոյթ Անվտանգութեան խորհրդի ընդլայնուած նիստում», 1998

https://hy.wikisource.org/wiki/%D4%B5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9_%D4%B1%D5%B6%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%AB_%D5%A8%D5%B6%D5%A4%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

[4] Ղարաբաղի հարցը կախուած է Ռուսաստանից ու Ադրբեջանից, մասամբ՝ Թուրքիայից, իրենք են որոշում. Լիպարիտեան, Ազատութիւն ռադիոկայան,3 հոկտեմբերի, 2021 https://www.youtube.com/watch?v=pjK-V10K1Ww

[5] Լեւոն Տէր-Պետրոսեան «Ելոյթ Անվտանգութեան խորհրդի ընդլայնուած նիստում», 1998

https://hy.wikisource.org/wiki/%D4%B5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9_%D4%B1%D5%B6%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%AB_%D5%A8%D5%B6%D5%A4%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

[6] «Ինչո՞ւ է ղարաբաղցի այս գործիչը ծառայում Ադրբեջանի շահերին եւ ինչ նպատակով», zham.am,8 նոյեմբերի, 2021  https://zham.am/?p=119321&l=am

[7] Եթէ չհասկանանք Հայաստանի հետ ինչ է տեղի ունենում, 5-10-25 տարի յետոյ աւելի վատ վիճակում ենք յայտնուելու. Թաթուլ Յակոբեան․ տեսանիւթ, medialab.am, 27 օգոստոսի, 2021

[8] Վահէ Սարուխանեան, «Կառավարութիւնը ոչ մի կերպ չի հերքում համացանցում յայտնուած զիջողական յուշագրի իրական լինելը», Հետք, 20 փետրուարի 2021, https://hetq.am/hy/article/127714

[9] Եթէ հիմա Արցախի անկախութիւն պահանջենք, աւելին ենք կորցնելու. Ժիրայր Լիպարիտեան, Ազատութիւն ռատիոկայան,13 դեկտեմբերի, 2021,  https://www.azatutyun.am/a/31607255.html

[10] Վահան Իշխանեան, «Հայաստանի երկընտրանքը. մի կողմում՝ գաղափարախօսութիւն, միւս կողմում՝ արևմտեան շահերով առաջնորդուող սպառողական հասարակութիւն», Երկիր, 30 Օգոստոսի,  2021 http://yerkir.am/news/view/246557.html

[11] Մարգարիտա Սիմոնեանը՝ ՀՀ իշխանութիւններին. Դուք ուղղակի աղաղակող պոլիտիկանների կոյտ եք, news.am,18 յուլիսի, 2021  https://news.am/arm/news/592135.html

[12] ԱԹՍ-ներից պաշտպանուելու համար աշխարհի ամենաարդիւնաւէտ միջոցներից մէկը համարւում է ռուսական արտադրութեան Панцирь ՀՕՊ համակարգը.Բաբայեան, 4news.am, 11 մայիսի, 2021,  Նիւթը վերցուած է Արսէն Բաբայեանի ֆեյսբուքեան էջից https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1686883671521415

[13] Վերջին երկու տարում գնուած զէնքը այս պատերազմի ժամանակ չի կրակել. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, 19 նոյեմբերի, 2020,  https://armeniasputnik.am/20201119/verjin-erku-tari-zenq-paterazm-25407203.html ։

[14] Մովսէս Յակոբեանը Փաշինեանին մեղադրում է յանցագործութեան մէջ. Կառավարութիւնից մտացածին են որակում մեղադրանքը , Ազատութիւն ռատիոկայան, 19 նոյեմբերի, 2020 https://www.azatutyun.am/a/30958425.html

[15] Վարչապետի գաղտնի յանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկուել է, «Հետք»,21 հոկտեմբերի 2019  https://hetq.am/hy/article/108883

[16] 204 միլիոն տոլարի պարգևավճար՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրոք, https://antifake.am/am/news/11154

[17] Նելլի Բաբայեան «Մէկ անձից գնումներն ընդհանուր պետական գնումներում բաւականին շատ են», «Առաւօտ», 19 ապրիլի, 2021  https://www.aravot.am/2021/04/19/1185183/

[18] Քո գրպանից՝ 834 000 տոլար վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրպանին, Civilnet, 7 Նոյեմբեր, 2021  https://www.civilnet.am/news/638636/%D6%84%D5%B8-%D5%A3%D6%80%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81%D5%9D-834-000-%D5%A4%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB-%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A3%D6%80%D5%BA%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6/

[19] Գրաւոր ու խօսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մնալու մասով, 9, մարտի, 2019 https://www.panorama.am/am/news/2019/03/19/%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%A5%D5%BD/2087739

[20] Первый президент Армении о распаде СССР и Карабахе, 15 ապրիլի, 2011, BBC  ռուսական ծառայութիւն, https://www.bbc.com/russian/multimedia/2011/04/110415_v_terpetrosyan_int

[21] Փակ դռների ետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը. Իլհամ Ալիև, «Ժողովուրդ», https://armlur.am/593221/

[22] Փաշինեանն, իրօք, պարտութեան միակ պատասխանատուն չէ. Լևոն Տէր-Պետրոսեան, 24 Մայիս, 2021, https://lurer.com/?p=419373&l=am

[23] Թաթուլ Յակոբեան, Խաղաղութեան մասին պէտք էր խոսել յաղթած ժամանակ, «Ալիք մեդիա», 18, օգոստոսի, 2021,  https://www.aliqmedia.am/2021/08/18/26256/

[24] Վարդան Օսկանեան, Չի կարելի փոշիացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ամրագրուած իրաւունքը, Civilnet, 13 Դեկտեմբեր, 2021 https://www.civilnet.am/news/643047/%D5%B9%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D6%83%D5%B8%D5%B7%D5%AB%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B4%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%A8%E2%80%A4-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6-%D6%85%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/

[25] Փութինը շեշտում է, որ հայկական և ադրբեջանական ուժերը «մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը», Ազատութիւն ռատիոկայան,  17 Դեկտեմբեր , 2020 , https://www.azatutyun.am/a/31005957.html

[26] Տրդատ Մուշեղեան,  Գեննադի Պետրոսեան․ ճակատագրական վերադարձ Մադաթաշէն, Հետք, 20 նոյեմբերի  2021, https://hetq.am/hy/article/138057 : Անգլերէն թարգմանութեամբ

Trdat Musheghyan, Artsakh 2020: Gennady Petrosyan’s Ill-Fated Return to Madatashen, Hetq, 21 Nov 2021, https://hetq.am/en/article/138057

[27] Տրդատ Մուշեղեան, «Մարիա Ասրիեան․ ապրել՝ եղբօր դաժան սպանութեան ցաւը սրտում», Հետք 27 սպտեմբեր 2021, https://hetq.am/hy/article/136111  ։  Անգլերէն թարգմանութիւնը, Trdat Musheghyan, Maria’s Nightmare: Mourning Her Brother, Murdered by Azerbaijani Soldiers, Hetq, 27 Sep 2021, https://hetq.am/en/article/136111

[28] Армения: «системная деградация» и «коллективное самоубийство» — интервью с историком, EurAsia Daily, 18 նոյեմբերի, 2021

https://eadaily.com/ru/news/2021/11/18/armeniya-sistemnaya-degradaciya-i-kollektivnoe-samoubiystvo-intervyu-s-istorikom

[29] «Դժուար է մեկնաբանել այն, ինչ երևակայութիւն է». ՌԴ ԱԳՆ-ն ՝ Ալեն Սիմոնեանի՝ «Լավրովի պլանի» վերաբերեալ խօսքերի մասին, zham.am, 3 Դեկտեմբեր, 2021, https://zham.am/?p=121811&l=am

[30] Նոյն տեղում

[31] https://drive.google.com/file/d/1Uzew-umqkkGMDED5sw0eOF5YHPsiZ4wH/view?fbclid=IwAR2wXvghqco-3JccSp_jpcbeRg-TckYvfZMq8sdogE3Ub1ct7h8N8uRojxI,

[32] Հայաստանը մերժել է պատերազմը կանխող ՀԱՊԿ զօրավարժութիւնները. Վահագն Մխոյեան, panorama.am,  13 նոյեմբերի 2021 , https://www.panorama.am/am/news/2021/11/13/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6-%D5%84%D5%AD%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/2597934

[33] ՀՀ նախագահ Ռ. Քոչարեանը պատասխանել Է Թուրքիայի վարչապետի նամակին, 26 Ապրիլ, 2005, Արմենպրես, https://armenpress.am/arm/news/416263/hh-nakhagah-r-qocharyany-pataskhanel-e-turqiayi-varchapeti.html

[34] Le Livre Blanc – Robert Aydabirian, Le Courrier d’ Erevan, 25 նոյեմբեր, 2021, https://www.courrier.am/fr/societe/le-livre-blanc-robert-aydabirian

[35] Հայաստանի համար Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ չկայ. Ժիրայր Լիպարիտեան, news.am, 14 դեկտեմբերի, 2021, https://news.am/arm/news/677393.html

[36] Վահան Իշխանեան «Մեծ դաւաճանութիւն. երբ էթնոսը տարանջատւում է երեք քաղաքական ազգի», Ինքնագիր գրական  հանդէս, 13 ապրիլի, 2021, https://inknagir.org/?p=10112

[37] Армения: «системная деградация» и «коллективное самоубийство» — интервью с историком, EurAsia Daily, 18 նոյեմբերի, 2021

https://eadaily.com/ru/news/2021/11/18/armeniya-sistemnaya-degradaciya-i-kollektivnoe-samoubiystvo-intervyu-s-istorikom

[38] Վահան Իշխանեան, Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախօս համշէնցիները (մաս 3), Հետք, 14 մարտի, 2012, https://hetq.am/hy/article/11808 : Անգլերէն թարգմանութիւնը՝ Vahan Ishkhanyan,  The Armenian-Speaking Muslims of Hamshen: Who Are They? (Part 3), https://hetq.am/en/article/11808

Leave a Comment

You must be logged in to post a comment.