Փաշինեանի նոր նախարարները․ ովքե՞ր են նրանք

Նիկոլ Փաշինեանի կառավարութեան նշանակումները ոչ միանշանակ են ընդունուել հայ հասարակութեան կողմից։ Ոմանք աջակցում են նոր վարչապետի քատրային քաղաքականութեանը, ոմանք` ոչ։

Նիկոլ Փաշինեանի նախարարների կաբինետը լիովին ձեւաւորուած է։ Մայիսի 12-ին վարչապետը կատարել է վերջին նշանակումները` աւարտելով, իր ասած, համաձայնութեան կառավարութեան ստեղծման գործը։

Նախորդ նշանակումների նման վերջին անունները նոյնպես միանշանակ չեն ընկալուել հասարակութեան կողմից։ Սոցիալական ցանցերում կարելի է տեսնել բազմաթիւ արձագանգներ ու մեկնաբանութիւններ, որոնցում ինչպէս աջակցում են նոր վարչապետի քաղաքականութեանը, այնպէս էլ դէմ են դրան։

Քննադատների հիմնական փաստարկը որոշ նախարարների երիտասարդ տարիքն է եւ, համապատասխանաբար, տուեալ ոլորտում նրանց կառավարչական փորձի բացակայութիւնը։ Նորանշանակ նախարարներից շատերի անունները մարդիկ առաջինի անգամ էին լսում։ Օրինակ` օրուայ «բացայայտումներ» էին Լիլիթ Մակունցը, որը նշանակուել է Մշակոյթի նախարար, Արսէն Թորոսեանը, որը գլխաւորում է Առողջապահութեան նախարարութիւնը, Էրիկ Գրիգորեանը, ում վստահել են Բնապահպանութեան նախարարութիւնը։ Քչերը գիտեն երրորդ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանին, որը պետական համակարգ կ’անցնի «Արդշինպանքից»։ Նրա անունը ծանօթ է միայն պանքիրներին, քանի որ նա տարբեր տարիներին ղեկավար պաշտօններ է զբաղեցրել առեւտրային պանքերում։

Յատկապես աչքի է զարնում Լիլիթ Մակունցի նշանակումը։ Փաշինեանը մշակոյթի ոլորտը վստահել է անգլերէնի դասախօսի։ Յատկանշական է, որ քննադատների շարքում դեռ չեն լսւում հանրապետականների ձայները։ Նախկին իշխող կուսակցութեան ներկայացուցիչները լռում են։ Ինչպէս աւելի վաղ ասել էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը, նրանք չեն պատրաստւում խոչընդոտել Փաշինեանի կառավարութեան աշխատանքը։

Այսինքն` ՀՀԿ-ն չի քննադատի նաեւ Փաշինեանի քատրային որոշումները։ Փոխարէնը չեն լռում այն մարդիկ, ովքեր դեռ երէկ աջակցում էին Փաշինեանի «Իմ քայլը» բողոքի շարժմանը։ Դա բնական է։ Քաղաքական փոթորիկը երբեմն կարող է անտեսել շատերին, ովքեր ձեռնարկել էին այն։

Բայց վերադառնանք մեր նախարարներին։ Պէտք է նշել, որ եթէ որոշ գերատեսչութիւններ Փաշինեանը վստահել է երիտասարդ համախոհներին, ապա որոշներն էլ գլխաւորելու են լիովին կոփուած, ծանրակշիռ կառավարիչներ ու փրոֆեսիոնալներ։ Այսպէս` Ֆինանսների նախարար է նշանակուել նախկին փոխնախարար Ատոմ Ջանջուղազեանը՝ հանրապետութեան առաջատար ֆինանսիստներից մէկը։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնը վստահել են ՀՅԴ կուսակցութեան ներկայացուցիչ Արծուիկ Մինասեանին։

2016 թ.-ին Մինասեանը մի քանի ամիս արդէն գլխաւորել է այդ գերատեսչութիւնը, ուր նա գնացել էր ԱԺ–ից։ 2016 թ.-ի Սեպտեմբերին` Կարէն Կարապետեանի վարչապետ նշանակուելուց յետոյ, Մինասեանը դարձել էր Բնապահպանութեան նախարար։ Մինչեւ հիմա շատերը կարծում են, որ Մինասեանի` Բնապահպանութեան նախարարութիւն գնալը Կարապետեանի հետ նրա լարուած յարաբերութիւնների հետեւանք էր։ Արդիւնքում` ՀՅԴ ներկայացուցչին տեղափոխել էին այս դէպքում երկրորդային գերատեսչութիւն։ Մինասեանը չորրորդ եւ հինգերորդ գումարման խորհրդարաններում եղել է ֆինանսավարկային եւ պիւտճէտային հարցերով յանձնաժողովի փոխնախագահը, ինչպէս նաեւ տնտեսութեան ոլորտի լաւագոյն մասնագէտներից մէկն է։

Փաշինեանի եւս մէկ յաջող քատրային որոշում է համարւում ԱԳՆ ղեկավարի պաշտօնում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի շրջանաւարտ, 30-ամեայ փորձով դիւանագէտ Զոհրապ Մնացականեանի նշանակումը։ 2011-2014 թթ.-ին Մնացականեանը եղել է Եդուարդ Նալպանտեանի տեղակալը։

Ընդհանուր առմամբ, վերլուծելով վարչապետի քատրային որոշումները՝ տպաւորութիւն է ստեղծւում, որ պետական «շինարարութեան» համար առանցքային գերատեսչութիւնները՝ ՊՆ, Ֆինանսների նախարարութիւն, Էքոնոմիքայի նախարարութիւն, ԱԳՆ, նա որոշել է տալ «վեթերաններին», մնացած «օժանդակ» նախարարութիւնները վստահել է աւելի քիչ փորձ ունեցող մարդկանց։ Թէեւ այստեղ էլ ամէն ինչ այդքան միանշանակ չէ։ Այսպէս, Արդարադատութեան նախարարութիւնը գլխաւորելու է յայտնի իրաւապաշտպան, «Ելք» դաշինքի պատգամաւոր Արտակ Զէյնալեանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը՝ դաշինքի մէկ այլ պատգամաւոր Մանէ Թանդիլեանը։ Նախարարը ժամանակին եղել է կուտակային կենսաթոշակային հակամարգի ամենամեծ հակառակորդներից մէկը, հետեւաբար, հարկ չկայ նրան նորեկ համարել սոցիալական ապահովման համակարգում։

Պէտք է դիտարկել Արթիւր Խաչատրեանին գիւղատնտեսութեան նախարարի պաշտօնում նշանակելը, որը մի քանի օր առաջ հրաժեշտ էր տուել Շիրակի մարզպետի պաշտօնին։ Խաչատրեանը ոչ այդքան երկար աշխատել է «ամենադեպրեսիւ» եւ աղքատ մարզերից մէկի ղեկավարի պաշտօնում, սակայն հասցրել է ձեռք բերել արդիւնաւէտ եւ գրագէտ մենեջերի հեղինակութիւն։

Ինչպէս Արծուիկ Մինասեանը, Խաչատրեանը եւս ներկայացնում է «Դաշնակցութիւնը»։ ՀՅԴ-ի եւ Փաշինեանի միջեւ ձեռք բերած պայմանաւորուածութեան համաձայն, «Դաշնակցութիւնը» երկու պորտֆել է ստացել նոր կառավարութիւնում։

Պորտֆելներ են բաժին հասել նաեւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեանը, որը ՀՅԴ-ի հետ միասին աջակցել է Փաշինեանի թեկնածութեանը վարչապետի ընտրութիւններում։ ԲՀԿ-ն ստացել է Սբորթի եւ երիտասարդութեան նախարարի պորտֆելը` նախարարութիւնը գլխաւորել է Լեւոն Վահրատեանը, որը մինչեւ այդ զբաղեցրել է զանգուածային սբորթի եւ ֆիզկուլտուրայի վարչութիւնը։

ԲՀԿ անդամ է նաեւ էներկեթիք ենթակառուցուածքների եւ բնական պաշարների նախարար Արթիւր Գրիգորեանը։ Մի քանի տարի առաջ նա գլխաւորել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը։ Նոր կառավարութիւնում ԲՀԿ-ն ստացել է նաեւ Թրանսբորթի նախարարութեան պորտֆելը։ Աշոտ Յակոբեանը նշանակուել է Թրանսբորթի, կապի եւ տեղեկատուական տեխնոլոկիաների նախարար։ Նա մինչեւ այդ եղել է Հայ-պելառուսական առեւտրի տան տնօրէնը։

ԱԻՆ-ը գլխաւորելու է Սբորթի եւ երիտասարդութեան նախարարի պաշտօնից հեռացած, նախկինում ԲՀԿ անդամ Հրաչեայ Ռոստոմեանը։ Նա առաջին նախարարն է եղել, որը Ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսեանի հրաժարականի օրը, յայտարարել է Փաշինեանին աջակցելու մասին։ Քատրային որոշումների հետ կապուած ամբողջ խանդավառութեամբ կամ, հակառակը` յոռետեսութեամբ հանդերձ պէտք է յիշել, որ նախարարների ներկայ կաբինետը ժամանակաւոր է։

Փաշինեանի համաձայնութեան կառավարութիւնը, նրա մտայղացման համաձայն, պէտք է ներկայ քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերի, ապահովի պետական համակարգի անխափան աշխատանքը եւ հիմքեր ստեղծի Ազգային ժողովում բաց եւ արդար արտահերթ ընտրութիւններ անցկացնելու համար։ Առայժմ յայտնի չէ, թէ ե՛րբ կը լինեն ընտրութիւնները, սակայն, դատելով ամէն ինչից, այս ոչ մեծ ժամանակահատուածը պէտք է լուրջ քննութիւն դառնայ ինչպէս Փաշինեանի, այնպէս էլ նրա նշանակած նախարարների համար։

Աշոտ Սաֆարեան

Sputnik

Leave a Comment

You must be logged in to post a comment.