Վիգէն Ստեփանեան՝ կեանք արուեստին ու հայրենիքին նուիրումի տարեգրութեամբ

…Նա Մարդ էր, Արուեստագէտ, Ազգի զաւակ ու քաղաքացի, ում  արժէքը դեռ բացայայտելու ենք ժամանակի մէջ: Նրա ամբողջ կեանքը հայ թատրոնին, կինոյին, հեռուստատեսութեանը, ազգին ու հայրենիքին  նուիրումի տարեգրութիւն էր:  Այսպիսին էր մեր սիրելի արտիստ Վիգէն Ստեփանեանի կերպարը:

Յունուարի 22-ին Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում արուեստասէրներն ու թատերական աշխարհը վերջին հրաժեշտ տուեցին Վիգէն Ստեփանեանին:  Արուեստակից ընկերների համար դժուար էր Վիգէն Ստեփանեանին ամբողջական բնութագրել…որովհետև նա մեզ ու սերունդներին թողեց աւելին, քան հասցրեցինք տեսնել ու ճանաչել ՝ բազմաթիւ դերեր թատրոնում, ֆիլմերում, ինչպէս նաև՝ իր իսկ բեմադրութիւնները:

Նա գնաց միանալու հայ մշակոյթի գործիչների փաղանգին: Եւ դեռ երկար են  յիշուելու արուեստագէտի   այս խօսքերը, որ ասել էր տարիներ առաջ՝ իր հարցազրոյցներից մէկի ժամանակ.

Ես իմ զէնքով եմ կռւում, ոգևորում, յուսադրում հանդիսատեսին։

Ինչ էլ լինի, որքան էլ դժուար լինի, մենք ապրելու ենք այս երկրի վրայ ու մտածելու ենք մեր կորուստները ետ բերելու մասին։

Մենք չենք մոռանալու մեր պարտութիւնները և շարունակելու ենք մեր ընթացքը յաղթելու հաւատով։ Մենք տեսնում ենք Արցախեան պատերազմից վերադարձած ռազմիկների մարմնի վէրքերը, իսկ ես ուզում եմ, որ նաև հոգու վէրքերը տեսնենք, հասկանանք, թէ ինչ է խլել պատերազմը նրանցից, օգնենք, որ իրենց տեղը գտնեն այս կեանքում, մեր կողքին։ Ես ասում եմ, որ մեր հոգուց պակասել է լոյսը, ես յորդորում եմ միասին փնտրել այդ լոյսն ու վերադարձնել։

Վիգէն Ստեփանեանն ինքը այդ լոյսի կրողն էր:

 

Մշակոյթի զինուորը

 

Հայ դերասան, բեմադրիչ, արուեստի վաստակաւոր գործիչ, իսկ ուսանողների համար՝ պարզապէս սիրելի վարպետ, ով իր կոչումը վաստակել էր սեփական կեանքով՝ ինքն իր հետ մինչև վերջ ազնիւ մնալով:

Ծնուել է 1952 թուականի հոկտեմբերի  8-ին՝ Երևանում: 1969-ին ընդունուել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: Սակայն ճակատագիրը նրա համար արուեստագէտի ուղին էր նախատեսել. 1973 թուականին Վիգէն Ստեփանեանն ընդունւում է Երևանի Կ. Ստանիսլաւսկու անուան թատրոնին կից դերասանական ստուդիայ, որտեղ մինչև 1977 թուականն աշխատել է որպէս դերասան։ 1977-1989 թթ. որպէս դերասան աշխատել է Երևանի Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնում։ 1988-1992 թթ. սովորել է Երևանի գեղարուեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական Ֆակուլտետում։ 1989-ին  հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թուականին հիմք է դարձել «Մետրօ» թատրոնի, և մինչև 1994 թուականը եղել է թատրոնի գեղարուեստական ղեկավարն ու տնօրէնը։ 1994-2003 թթ. աշխատել է Լիբանանում՝ որպէս բեմադրող ռեժիսոր։ 2003 -ին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրօ» թատրոնի գեղարուեստական ղեկավարի պաշտօնը։ 2007-ին որպէս հրաւիրուած դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։ 2007 թուականից դասաւանդել է Երևանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարել է ռեժիսորական կուրս։ Նոյն թուականին Մոսկուայում բեմադրել է «Ոսկէ նուռ» տօնահանդէսը։

2014 թուականի հոկտեմբերին Վիգէն Ստեփանեանը նշանակուել է Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Խաղացել է աւելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանուել է մօտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է աւելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի- Երևան» տօնակատարութեան գլխաւոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է աւելի քան 10 պիէս։ Իր սցենարով նկարահանուել է երկու կարճամետրաժ և մէկ լիամետրաժ ֆիլմ։

Հարուստ ու բազմաժանր է եղել նրա ֆիլմագրութիւնը: Եւ ինչ դեր էլ մարմնաւորել է Վիգէն Ստեփանեանը, գլխաւոր, թէ երկրորդական, խաղացել է գերազանց ու ինքնատիպ՝ բոլորն էլ դարձնելով մնայուն արժէք: Յիշենք թէկուզ մի քանիսը՝ «Երկունք» (1976 թ.), «Յուսոյ աստղ» (1978 թ),   «Երջանկութեան մեխանիկայ» (1982 թ.), «Կապիտան Առաքել » (1985 թ.),  1984-ին  «Արքայ Ջօն»  ֆիլմ-ներկայացում (կոմս Էսսէկս),  «Սպիտակ ոսկոր» (1988 թ.), «Ձայն բարբառոյ» (1992 թ. )…Իսկ վերջին աշխատանքներից է եղել դերասան, դրամատուրգ Ռուբէն Փաշինեանի «Տղաս, ու՞ր է Եփրատը» պատմուածքի հիման վրայ նկարահանուած կարճամետրաժ ֆիլմը՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ:

Վիգէն Ստեփանեան-արտիստը յայտնութիւն էր նաև «Հեռուստաթատրոնի» և ռատիոյի համար՝ իր կերտած կերպարներով, գլխաւոր ու էպիզոդիկ դերերով, որոնք հսկայական ժառանգութիւն են հայ թատրոնի գանձարանում: Դրանց մասին քիչ է խօսուել: Բեմադրող ռեժիսոր, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Հերբերտ Գասպարեանի հետ անդրադառնալու ենք նրա խաղացած դերերից մի քանիսին.

ՀԵՐԲԵՐՏ ԳԱՍՊԱՐԵԱՆ-Վիգէնը չէր խուսափում երկրորդային ու նոյնիսկ երրորդային դերերից, էպիզոդներից, որովհետև տաղանդաւոր էր ու գիտէր, որ իր՝ թէկուզ  մի քանի ակնթարթ  երևալը բեմում կամ էկրանին մնալու է որպէս արժէք, յիշւող, սիրուած: Այսպիսի արտիստները հազուագիւտ են:

Բեմադրող ռեժիսորը Վիգէն Ստեփանեանի հետ բազմաթիւ մնայուն արժէքներ է ստեղծել «Հեռուստաթատրոնում»: Դրանցից մէկը մեր ժամանակների մեծանուն գրող, դրամատուրգ, ազգային յիշողութեան և պատմութեան պահապան Յովհաննէս Մելքոնեանի սցենարով գրուած և 1984-ին Հերբերտ Գասպարեանի բեմադրած «Հրաչեայ Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացումն էր, որտեղ Վիգէն Ստեփանեանը փառահեղ մարմնաւորել է գրող Հրաչեայ Քոչարին: Ներկայացման այս ձևով պատմւում է մեծ գրողի, ռազմական թղթակցի մասնակցութիւնը Մեծ Հայրենականին: Իսկ Վիգէն Ստեփանեան-Հրաչեայ Քոչարը անկրնկնել էր:

Հերբերտ Գասպարեանի հետ մենք զրուցել ենք Վիգէն Ստեփանեանի  «Հեռուստաթատրոնում» խաղացած կերպարների մասին, որոնք բազմաթիւ պատմութիւնների հետ միասին գծում են արուեստագէտի կերպարը:

Պատմում  է բեմադրող ռեժիսորը.

-Հեռուստատեսութեան ընդհանուր ժողովն էր, որտեղ որոշւում էր խմբագրութիւնների մօտակայ անելիքներն ու ծրագրերը: Այդ ժամանակ Գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրութեան ղեկավարը Մօնիկա Տէր Պօղոսեանն էր: Իմ կողքին նստած էր Յովհաննէս Մելքոնեանը, ով արդէն նախատեսել էր, որ պէտք է հեռուստաներկայացման սցենար գրի Հրաչեայ Քոչարի մասին, իսկ բեմադրող ռեժիսորը ես էի լինելու: Մինչ այդ արդէն խօսել էր Հրաչեայ Քոչարի դստեր՝ Մերի Քոչարի հետ: Նա  ձեռք բարձրցրեց ու ասաց.

-Ես նպատակ ունեմ սցենար գրել Հրաչեայ Քոչարի մասին: Իսկ վերնագիրը կը լինի  «Հրաչեայ Քոչարը ներկայանում է» :

Ստեփան Պօղոսեանն այդ պահին իրեն յատուկ անմիջականութեամբ ասաց.

-Տեսէք , հա՜, եթէ  լաւը չեղաւ, Մերի Քոչարի աչքին չերևաք…

Յովհաննէս Մելքոնեանը հայրենասէր , տաղանդաւոր գրող էր: Կասկածից վեր էր, որ փառահեղ գործ էր լինելու: Նա պարզապէս հայկականացրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի թեման: Ես սկսեցի աշխատել որպէս բեմադրող ռեժիսոր: Դերաբաշխումը կատարուեց: Եւ այսօր էլ, երբ մտովի անդրադառնում եմ, համոզւում եմ, որ միայն Վիգէն Ստեփանեանը պէտք է մարմնաւորէր Հրաչեայ Քոչարին՝ իր քաղաքացիական բարձր կերպարով, հայրենասիրութեամբ և ազնուութեամբ:

Հերբերտ Գասպարեանը յիշում է նաև, թե ինչպիսի զգացմունքներ են ապրել ինքը և Վիգէն Ստեփանեանը թերևս ամենակաևոր մարդու՝ Մերի Քոչարի գնահատականին սպասելիս: Պատասխանատուութիւնը մեծ էր.

-Երբ հեռուստաներկայացումը ցուցադրուեց, մէկ օր յետոյ Վիգէն Ստեփանեանն ասաց.

-Հերբերտ, Մերի Քոչարը ուզում է մեզ տեսնել:

Անհանգստացանք: Մտածեցիք՝ գուցէ չի՞ հաւանել: Մերի Քոչարն ապրում էր Պուշկին փողոցի և Պրոսպեկտի խաչմերուկում:  Երբ հասանք նրա բնակարանի դռան մօտ, ասացի.

-Վիգէն, դու զանգը տուր: Անհանգիստ եմ:

Մեզ համար կարևոր էր՝ արդեօ՞ք հաւանել են մեր հեռուստաներկայացումը Հրաչեայ Քոչարի ընտանիքի անդամները՝ կինն ու աղջիկը: Եւ ահա Մերի Քոչարը դուռը բացելուն պէս ողջագուրուեց երկուսիս էլ՝ նախ  Վիգէն Ստեփանեանին՝ իր թուացեալ հայրիկին, ապա՝ ինձ: Եւ մենք հասկացանք, որ ամէն ինչ լաւ է: Նա մեզ ջերմօրէն հիւրընկալեց, շնորհաւորեց այս համարձակ ներկայացման համար, և մենք երկար, գեղեցիկ զրոյց անցկացրեցինք՝ կոնեակի շուրջ:

Ուզում եմ նշել նաև, որ Վիգէն Ստեփանեանը փայլուն արտիստ լինելուց բացի նաև ինքն էր հրաշալի բեմադրիչ: Դրա դրսևորումներից էր այն, որ, երբ աշխատում էինք «Հրաչեայ Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացման վրայ, ես որպէս բեմադրող ռեժիսոր, իսկ Վիգէն Ստեփանեանը՝ գլխաւոր հերոս, նրա հետ մի քանի դրուագներ մտածեցինք ու աւելացրեցինք: Յետոյ Յովհաննէս Մելքոնեանը ծանօթացաւ կատարուած աշխատանքին ու ասաց.

-Ապրէք, տղաներ, հոյակապ է:

1984-ին «Հեռուստաթատրոնի» էկրան բարձրացած «Հրաչեայ Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացումը լի է դրամատիկ տեսարաններով, որտեղ յառնում է հայ ազգի պատմութիւնը և նրա հերոսական ոգին:

Հերբերտ Գասպարեանը բազմաթիւ առիթներ է ունեցել աշխատելու Վիգէն Ստեփանեանի հետ: Աւելի վաղ՝ 1981 թուականին ըստ ամերիկացի գրող Ֆելիքս Ջեքսոնի «Աստուած, եղիր ինձ օգնական» վէպի հիման վրայ բեմադրել է «Սպենսէր Դոնովանի» գործը  հեռուստաներկայացումը, որտեղ Վիգէն Ստեփանեանը մարմնաւորել է ՀՖԲ-ի գործակալի կերպարը՝ այնքա՜ն կենդանի ու կերպարային, որում յառնում է ԱՄՆ-ի այն ժամանակաշրջանը, որը պատմութեան մէջ պէտք է յիշուէր որպէս «Վհուկերի որս»:

1980 թուականին Հերբերրտ Գասպարեանը   բեմադրել է խորհրդային դրամատուրգ, սցենարիստ, հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Գելմանի «Հետադարձ կապ» պիեսը, որը խորհրդային պետութեան ներքաղաքական ու տնտեսական կեանքի համարձակ քննադատութիւնն էր: Այն թէև չի պահպանուել ժամանակի տեխնիկական միջոցների սղութեան պատճառով, բայց Հերբերտ Գասպարեանը մինչև հիմա էլ յիշում է, թէ Վիգէն Ստեփանեանն ինչպէս կարողացաւ կերտել մի երկդիմի մարդու կերպար, որով ամբողջական էր դառնում ժամանակի իրական պատկերը:

-Միայն պէտք էր տեսնել, թե Վիգէն Ստեփանեանն  ինչ տպաւորիչ խաղաց իր երկդիմի հերոսին: Նա չէր խաղում տեսարանի արդիւնքը, պաուզաներով, հայեացքով խորանում էր ամբողջ գաղափարի մէջ:

«Հետադարձ կապը» ժամանակին բազմիցս ցուցադրուեց  «Հեռուստաթատրոնում» և ունեցաւ մեծ արձագանք: Դժբախտաբար, այս հեռուստաներկայացումը դիտել չենք կարող, քանի որ չի պահպանուել: Բայց այստեղ ևս բացայայտւում էր Վիգէն Ստեփանեան արտիստի տեսակը:

Նա ոչ սովորական արուեստագէտ  էր: Իր բնաւորութիւնն էլ էր այդպիսին: Նա ամէն ինչին ռեակցիայ էր տալիս, ըմբոստ էր: Եւ այդպէս էլ ստեղծագործում էր: Նա ստեղծեց «Մետրօ» թատրոնը: Յետոյ իրեն հրաւիրեցին  Լիբանան՝ համագործակցելու Սփիւռքի թատերախբերի հետ: Տարիներ անց վերադարձաւ ու նորից ստանձնեց  «Մետրօ» թատրոնի աշխատանքները: Հենց այնպէս ոչինչ չէր անում, ոչինչ անաւարտ չէր թողնում:

Հերբերտ Գասպարեանը յիշում է, որ Վիգէն Ստեփանեանը պատրաստւում էր «Մետրօ» թատրոնում բեմադրել «Կալիգուլան» և իրեն էլ առաջարկել էր ապագայ ներկայացման մէջ  խաղալ կերպարներից մէկին: Սակայն դա տեղի չունեցաւ: Եւ այսօր էլ թատերական գործիչները ափսոսանքով են յիշում, թէ ինչպէս փակուեց «Մետրօ» թատրոնը, որը նոր խօսք  ու գոյն էր մեր մշակութային կեանքում:

-Հետագայում մենք անդրադարձանք Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծուածը» գործին, որտեղ Վիգէն Ստեփանեանը մարմնաւորել է Էքիւլ Պուարոյի ընկերոջ՝ Հաստինքսի դերը, որն իր կառուցուածքով երկրորդ պլանի արժողութիւն ունի՝ ըստ սցենարի:  Որոշ դրուագներ նկարահանուեցին Տալլինում: Եւ նկարահանման համար մեկնեցինք Տալլին, որպէսզի ճիշտ ստեղծենք միջավայրը: Մենք մեկնեցինք Տալլին՝ նկարահանման:    Վիգէն Ստեփանեանը նաև ճանապարհի շատ լաւ ընկեր էր:

Վիգէն Ստեփանեանը հիանալի խաղաց իր հերոսին՝ Հաստինքնսին: Դա երկրորդական, հումորային կերպար է: Բայց այդ հերոսին խաղալու համար աւելի մեծ հմտութիւն է պահանջւում: Նա ինքը հումորով, պայծառ անհատականութիւն էր, ինչը  նաև օգնում էր իրեն բազմակողմանի մօտենալ կերպարներին, անգամ եթէ խաղում էր հերոսական դերեր: Երբ հերոսին տալիս ես հումորային գոյներ , կերպարը դառնում է բազմակողմանի, հետաքրքիր  և հիւթեղ,  ինչպիսին  Հրաչեայ Քոչարի կերպարն էր:  Այսպիսին էր Վիգէն Ստեփանեան -արտիստի տեսակը: Իր ստեղծած կերպարներից բխում էր նաև իր քաղաքացիական կեցուածքը. դրանք ուղիղ համեմատական էին Վիգէն Ստեփանեան մարդու և քաղաքացու կերպարի հետ:

Վիգէն Ստեփանեանն ինչ որ անում էր, լաւ էր անում՝ որպէս դրամատուրգ, բեմադրիչ, որպէս դերակատար: Նա երիտասարդ հասակում  տօնածառային ներկայացման մէջ երեխաների համար խաղաց նաև Ձմեռ պապ՝ թեթև, զուարճալի, որը տարօրինակ էր երեխաների համար:  Եւ միայն պէտք էր տեսնել, թէ նա ինչպէս արուեստով  դէն էր նետում ձեռնափայտը և պարում Ձիւնանուշի ու երեխաների  հետ…

Աւագ սերունդը լաւ է յիշում նրա կերտած  Յակոբ Նշանիչի վառ ու հետաքրքիր  կերպարը՝ բեմադրող ռեժիսոր Էդուարդ Բադալեանի «Համեցէք Յակոբ Նշանիչի ծննդին» հեռուստաներկայացման մէջ (դրամատուրգ՝ Արամաշոտ Պապայեան):

-Մենք կորցրել ենք  հրաշալի   արուեստագէտի, որի մեծութեան չափը դեռ զգալու ենք: Նա իր խաղացած բոլոր դերերով մնաց մեր յիշողութեան և նաև  արուեստի պատմութեան մէջ:

 

…Վիգէն Ստեփանեանին ճանաչում ու սիրում էին ոչ միայն Հայաստանում, այլև Սփիւռքում, որտեղ  նրան յիշում են որպէս տաղանդաւոր, պայծառ անհատականութիւն. Արուեստագէտ, ով կարողանում էր իր ձեռագիրը թողնել: Լիբանանում նա ստեղծել էր «Արեգ» թատերախումբը: Յետոյ նրա աշխատանքը շարունակել է  Հայ բեմադրիչ, դերասան, Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստ Դաւիթ Յակոբեանը: Արուեստագէտի հետ զրոյցը Վիգէն Ստեփանեանի կերպարի ևս մի նոր բացայայտում է.

 

«Նա ստեղծում էր տեսակ և կարողանում էր պահել այդ տեսակը: Ես հաճոյքով եմ յիշում այդ ժամանակները…»

 

ԴԱՒԻԹ ՅԱԿՈԲԵԱՆ-Ես առիթ ու բախտ եմ ունեցել աշխատելու Վիգէն Ստեփանեանի հետ…Նա մեր թատերական տարածքում, կինոտարածքում  հազուագիւտ տեսակ էր: Գիտէ՞ք՝ ինչով էր հետաքրքիր. երբեք չէր հանգստանում, անընդհատ ստեղծագործում էր, արագ հարմարւում էր  մեր տարածքին:

Վիգէն Ստեփանեանը  Սօս Սարգսեանի ղեկավարութեամբ գործող Պետական Համազգային Թատրոնում բեմադրել էր «Սէյլ» ներկայացումը, որտեղ խաղում էր վերջերս կեանքից անժամանակ հեռացած մեր միւս ընկերը՝ վաստակաւոր արտիստ Վանիկ Մկրտչեանը: Հիմա ես եմ փոխարինելու Վանիկ Մկրչեանին այդ դերում: Եւ ինձ համար դժուար է աշխատել… Շատ կարևոր էր Վիգէն Ստեփանեանի ներկայութիւնը մեր թատերական աշխարհում:

Վիգէն Ստեփանեանը շատ հետաքրիր համագործակցութիւն ունեցաւ Լիբանանում.  1999թ.-ին հիմնեց  Համազգայինի Լիբանանի Շրջանային Վարչութեան «Արեգ» մանկապատանեկան թատերական դպրոցը: Թատերախմբի առաջին բեմադրիչն էր: Մեծ գործ կատարեց այնտեղ  Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութեան մէջ ունեցաւ մեծ ներդրում՝ զարգացնելով մշակութային կեանքը: Այսօր նրա սաները դարձել են արուեստի մարդիկ և լուրջ գործեր են կատարում Սփիւռքի կառոյցներում, մեծ հպարտութեամբ են յիշում Վիգէն Ստեփանեանին ու նրա դպրոցը:

-Յետոյ նաև Դուք շարունակեցիք նրա գործը: Եւ  Ձեզ՝ որպէս արուեստագէտներ միաւորում էր նաև «Արեգ»-ը: Կը խօսէ՞ք այս մասին:

– Այո:  Աւելի ուշ ես եմ շարունակել Վիգէն Ստեփանեանի սկսած գործը. «Արեգ» մանկապատանեկան թատերական դպրոց ընդունուեցին նոր երեխաներ: Մեծ հպարտութիւն եմ ապրում, որ այսօր նրանք  խաղում են և համալրել են «Գասպար Իփէկեան» թատերախումբը: Վիգէն Ստեփանեանն անդադար ստեղծագործում էր,  յօրինում էր , գիտէր՝ ինչ պէտք է անի: Իր աշխատանքները երկար են յիշուելու:

-Այսօր Վիգէն Ստեփանեան –արուեստագէտի կորուստը սգում են Հայաստանում և Սփիւռքում: Եւ շատերն են նշում, որ նա իր գործերով մշակութային կամուրջ էր կառուցում  Հայաստանի ու Սփիւռքի միջև …

-Այո, Վիգէն Ստեփանեանը շատ գործեր արեց…Երբ սկսուեցին աշխատանքները  Համազգային Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կամակերպեց այց Հայաստան, որ կապ հաստատի հայրենիքի հետ: Յետոյ այդ երեխաներից շատերը տեղափոխուեցին Հայաստան՝ իրենց ընտանիքներով կամ այստեղ աշխատելու: Եթէ Վիգէնի ու իմ աշխատանքը  օգնել է, որ թէկուզ մի քանի հայ վերադառնան հայրենիք, արդէն իսկ կարևոր է…

Շատ եմ ափսոսում…Նա երիտասարդ էր. արուեստագէտի համար 68 տարին ի՜նչ էր. դեռ բազում ծրագրեր ունէր, որ պէտք է իրագործէինք: Նա աւիւնով լի մարդ էր:

-Պարոն Յակոբեան, Վիգէն Ստեփանեանը լուրջ ժառանգութիւն է թողել «Հեռուստաթատրոնում», երիտասարդ տարիքից փայլուն դերեր խաղալով  հայ թատրոնի մեծերի կողքին, որոնք այսօր էլ չեն կորցնում իրենց փայլը: Ի՞նչն էր իրեն աւելի բնորոշ, որով նա կարողացաւ իր արժանի տեղն ունենալ հայ թատերական աշխարհում:

-Դժուար է նրա խաղացած դերերից որևէ մէկն առանձնացնել: Վիգէնն իր տեսակով  հարստացրեց այդ ներկայացումները,  դարձաւ շատ սիրուած ու ճանաչուած: Ինքը յաճախ էր  մասնակցում այդ աշխատանքներին:  Նա ստեղծում էր տեսակ և կարողանում էր պահել այդ տեսակը: Ես հաճույքով եմ յիշում այդ ժամանակները…

 

Գրողկինոգէտ, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ ԴԱՒԻԹ Մուրատեանը ևս այն մշակութային գործիչներից է, ով  Վիգէն Ստեփանեանի հետ համագործակցելու և ճամփորդելու առիթներ շատ է ունեցել խօսքը լսելիս  նոր շերտեր ենք բացայայտում  Վիգէն Ստեփանեան արտիստի կերպարում:

 

«Վիգէն Ստեփանեանի դէպքում սազում է նաև «մտածող սրտի արտիստ» բնորոշումը»

 

ԴԱՒԻԹ ՄՈՒՐԱտԵԱՆ-Դերասան բառը հաւանաբար քիչ է, երբ խօսում ենք Վիգէն Ստեփանեանի մասին: Նա արտիստ էր: Արտիստի ամբողջութեան մէջ նրա և՛ բեմական գոյութիւնն էր, և՛ սովորական՝ առօրեան գոյութիւնը: Շատ սիրուած էր մեր մշակութային միջավայրում և դրանից դուրս: Նա 80-ականներին ասպարէզ եկաւ և փայլեց մի քանի հեռուստատեսային ներկայացումներում, յետոյ Մայր թատրոնում էր խաղում: Կինօն միանգամից նկատեց Վիգէնին: Նկարահանուեց մի շարք ֆիլմերում ինչպէս Հայաստանում, այնպէս էլ՝ արտերկրում:

Պարո՛ն Մուրատեան, թատերական աշխարհը նրան  բնորոշում է որպէս  բազմաշնորհ  լուսաւոր արուեստագէտ, որի ներկայութիւնը շատ կարևոր էր թէ՛ մշակութային, թէ հասարակական կեանքում: Իսկ ո՞րն էր Վիգէն Ստեփանեան արտիստի տեսակը Ձեզ համար, որով առանձնացաւ և այդպէս էլ կը մնայ հայ թատրոնի պատմութեան մէջ:

-Լայն հանդիսատեսը նրան ճանաչեց «Թէ ինչպէս կատուն դերձակ դարձաւ» հեռուստաներկայացմամբ: Դա 80 – ականների սկիզբն էր: Այդտեղ արդէն ակնյայտ էին նրա երաժշտական ընդունակութիւնները, որոնք ներդաշնակօրէն լրացնում էին դերասանի նկարագիրը: Վիգէնը և՛ կատակերգականի մէջ էր հետաքրքրական, և՛ հոգեբանական – դրամատիկականի: Վիգէն Ստեփանեանի դէպքում սազում է նաև «մտածող սրտի արտիստ» բնորոշումը: Իսկ «մտածող սիրտը» դրսևորուեց աւելի հասուն շրջանում՝ «Լիր»:  Վիգէնն այդ ժամանակ արդէն սպիտակամօրուս էր. անսպասելի Լիր էր:  Հասկացայ, որ փիլիսոփայ դերասան է: Նա պահպանում էր իր պլաստիկան, յատուկ արտայայտչականութիւնը, ձայնը, որը չէիր մոռանում…Մագնիսական անձնաւորութիւն էր՝ հումորով ու բարութեամբ լի:

 

…Բազմաշնորհ արուեստագէտ էր Վիգէն Ստեփանեանը: Ինչ ոլորտում էլ նա ստեղծագործում էր, թողնում էր իր հետագիծը: Թատերական աշխարհի բազմաթիւ գործիչներ նշում են, որ նա ստեղծեց լաւագոյն մանկական միւզիքլները: Եւ սա մեզ հետ զրոյցում վերահաստատում է  Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխաւոր ռեժիսոր, ՀԹԳՄ նախագահ Յակոբ Ղազանչեանը:

 

«Նա մեր թատերական կեանքում շատ անհրաժեշտ մարդ էր»

 

ՅԱԿՈԲ ՂԱԶԱՆՉԵԱՆ-Վիգէն Ստեփանեանն ունիկալ երևոյթ էր՝ լաւ դրամատուրգ, էր, լաւ բեմադրիչ, լաւ երգիչ, լաւ երաժշտութիւն էր գրում, լաւ նկարիչ էր… Իր գեղանկարներից երկուսը նուիրել էր ինձ: Նրա բազմակողմանի տաղանդները դրսևորւում էին թատրոնում:  Ես գտնում եմ, որ  յատկապէս մանկական միւզիքլի ոլորտում նա լաւագոյնն էր մեր հանրապետութիւնում. երկար տարիներ իր բեմադրութիւնները եղել են թատրոնների խաղացանկում, մինչև հիմա էլ կան, գնում են…Եւ եթէ փորձեմ առանձնացնել դրանցից լաւագոյնները, ապա կարող եմ նշել «Տէրն ու ծառան», որը բեմադրել էր Գիւմրու Վարդան Աճէմեանի անուան թատրոնում: Յիշարժան են նաև «Պարոն լրտեսի վերջին գործը», որը բեմադրեց  Կապանի Ալեքսանդր Շիրվանզադէի անուան պետական թատրոնում և մօտ 15 տարի առաջ Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրած «Շունն ու կատուն» որը մինչ օրս թատրոնի խաղացանկում է: Ի դէպ, նրա հեղինակած պիեսներից մէկը՝  «Բրեմենեան երաժիշտներ»-ը արդէն երկու տարի է ինչ ընդգրկուած է մեր խաղացանկում:

Վիգէնը նաև պիեսների լաւ թարգմանիչ էր. նրա թարգմանած Ռոդոլֆօ Սանտանայի «Յարդասենեակ կանանց համար» դրամատիկ կատակերգութիւնը մեր վերջին պրեմիերան էր:

Նա մեր թատերական կեանքում շատ անհրաժեշտ մարդ էր: Դեռ շատ գործեր կարող էր անել …

Վիգէն Ստեփանեանը մանկապատանեկան թատրոնը զարգացրեց նաև Սփիւռքում՝ Լիբանանում, ստեղծեց թատերախումբ, որը դարձաւ դարբնոց ապագայ դերասանների համարԿը խօսէ՞ք այս մասին:

Այո…Նա ստեղծեց  «Արեգ» թատերախումը: Եւ ես էլ ժամանակին իրեն օգնեցի, որ այդ երեխաները հիւրախաղերով հանդէս գան Երևանում, Կապանում և Ստեփանակերտում:

 

ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Յակոբ Ղազանչեանը եղել է վերոնշեալ «Լիր արքայ» ներկայացման  բեմադրող ռեժիսորը, որտեղ Վիգէն Ստեփանեանը խաղաց գլխաւոր դերը:  Նա խոստովանում է, որ Վիգէն Ստեփանեան -արուեստագէտի տեսակը մենք չունենք, նրա մահը բոլորի կորուստն է.

-Միայն մի բան կարող եմ ասել. նա բացառիկ զարգացած, բացառիկ ինտիլիգենտ անձնաւորութիւն էր: Ցաւում եմ, որ ժամանակակից հայ թատրոնը նման տեսակ, նման գոյն կորցրեց…

 

Արուեստագէտ, ով Կամուրջ էր Հայրենիքի և Սփիւռքի միջև

 

Ժամանակի մէջ դեռ երևալու է Վիգէն Ստեփանեան արտիստի ու հայրենասէր հայի լուսաւոր նկարագիրը: Նա կռւում էր ի՛ր զէնքով՝ չդավաճանելով արուեստի իրական չափանիշներին: Եւ հենց այդ չափանիշներն էլ սերմանեց  նոր սերնդի հոգում՝ Հայաստանում և Սփիւռքում. նրա ստեղծագործական կեանքի հետաքրքիր էջերից  է  1993-2004 թթ. ժամանակահատուածը, երբ Լիբանանում՝  Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութեան մէջ բերեց իր կարևոր աւանդը, զարգացրեց մշակութային կեանքը: Ստեղծեց մանկապատանեկան թատրոնը՝ «Արեգ» թատերախումը, որը Լիբանանի հայ համայնքը յետոյ համարելու էր Վիգէն Ստեփանեանի գործունէութիւններից մեծագոյնը:

Համազգային Լիբանանի Շրջանային Վարչութեան անդամներից մէկը՝ Վարդան Ազնաւուրեանի այս խօսքերը Վիգէն Ստեփանեանի կերպարի լաւագոյն խտացումներից են.

-Վիգէնը եղած էր կամուրջը Հայաստանի և Սփիւռքի մշակութային կեանքը ամրացնող և աւելեալ փառք ու փայլ տուող անձերէն մէկը: Անոր դրած առաջին քարերով  է, որ հետագային ԴԱՒԻԹ Յակոբեանի և Ռոպէրթ Առաքելեանի նման բեմադրիչները կարողացան շարունակել այդ գործը:

Վիգէն Ստեփանեանը բազում ծրագրեր ունէր իրականացանելու թէ՛Հայաստանում, թէ՛ Սփիւռքում, որոնք մնացին անաւարտ: Համազգայինի «Գասպար Իփէկեան» թատերախմբի բեմադրիչ Յակոբ ՏէրՂուկասեանին լսենք, որոնցում թանձրացած են Վիգէն Ստեփանեանի կորստի ցաւը.

-Սիրելի Վիգէն, շատ շուտ գացիր…Գացիր, երբ տակաւին ծրագրեր ունէինք  ամբողջացնելու ու լիարժէք իրագործելու: Գացիր ու որբ ձգեցիր հայկական բեմը՝ ըլլայ հոս՝ Լիբանան, Սփիւռք, թէ Հայաստան՝ հայրենիք: Գացիր ու որբ ձգեցիր «Արեգ»-դ:  «Արեգ»-դ, ուր ցանած էիր սերմեր, տեսար, թէ ինչպէս մեծցան և սկսան իրենց կարգին ծառայել հայկական բեմին…

Վիգէն Ստեփանեան արուեստագէտի ձեռագիրն ամէնուր է, նրա անժամանակ կորստի ցաւը բոլորի սրտում:  Ազդեցիկ են նաև   Համազգային Լիբանանի Շրջանային Վարչութեան ցաւակցական խօսքում գրուած այս տողերը.

 «…Համագայինէն ներս անոր ունեցած գործունէութենեն մեծագոյնը հանդիսացաւ Լիբանանի մանկական թատրոնի աշխարհը, երբ իր եւ օրուան Համազգայինի Շրջանային Վարչութեան  գործակցութեամբ, յառաջացաւ մանկական   «Արեգ» թատերախումը, որ դարձաւ թատերական մարդուժի պատրաստութեան դարբնոց: «Արեգը», որուն գեղարուեստի միւս դպրոցներուն հետ, Նոր Տարուան առիթով, մանկական ելոյթներ տալով, մեծ խանդավառութիւն ստեղծեց լիբանանահայ մշակութային կեանքին մէջ… Բազմաշնորհ արուեստագէտը Համազգայինի բոլոր հանդիսութիւններու վրայ ձգած է իր իւրայատուկ դրոշմը՝ կազմակերպչական բեմական յարդարումի եւ ընդհանրապէս ելոյթներու գեղարուեստական յղացքին մէջ»:

 

…Արուեստագէտն անսահման սիրում էր իր ազգին, Հայաստանն ու Արցախը: Երբեք չմտածեց Հայրենիքից գնալու մասին, այնինչ դրա համար հնարաւորութիւնը միշտ էլ ունեցել էր…

 

Ազգի զաւակն ու քաղաքացին

 

…Նա  ապրեց իր ազգի խնդիրներով. որտեղ պէտք էր՝ ըմբոստ կերպով ասաց իր խօսքը, պայքարեց, շարունակեց ստեղծագործել: Ինչպէս արուեստակից ընկերներն են ասում՝ երբեք չխաղաց ինքն իրեն, որովհետև ազնիւ էր և արուեստում, և կեանքում: Չկարողացաւ հանգիստ հետևել աշխարհի ընթացքին, մեր ներքին գերխնդիրներին ու հայրենիքին սպառնացող նոր մարտահրաւէրներին: Միացաւ «Հայրենիքի փրկութիւն» շարժմանը, և շատերը Վիգէն Ստեփանեանին ճանաչեցին որպէս քաղաքացիական յստակ դիրքորոշում և կեցուածք ունեցող հայորդու, ով կեանքում ունէր միայն մէկ շահ՝ երկիրը, հայրենիքը: Մենք դեռ երկար ենք յիշելու հարթակից նրա ասած այս խօսքերը.

-Ես երկար չեմ կարող խօսել… Ցասումը, կատաղութիւնը, յուզմունքը խեղդում է կոկորդս։ Մենք գտնւում ենք այն վիճակում, որ մի բան ենք պահանջում՝ արդարութիւն…

Մենք ուզում ենք Հայաստանին վերադարձնել հաւատքը դէպի հայրենիք։

Նա միաժամանակ հաւատում էր, որ մեր ազգը յաղթահարելու է այս հերթական ծանր փորձութիւնը ևս: Իսկ դրա համար վեր էր հանում համազգային միասնութեան գաղափարը, որն այսօր աւելի քան երբևէ անհրաժեշտ է բոլորիս.

Մի մատը լոկ մի մատ է, 5 մատը բռունցք է, ուրեմն բռունցք՝ մեր հայրենիքի համար, –սա է նրա թողած պատգամը, որն ամէն կերպ պէտք է իրականութիւն դարձնենք:

 

Յասմիկ Պօղոսեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.