Վազգէն Մանուկեան. «Օրուան Իշխանութիւններուն Վարքագիծը Պարզապէս Պետականակործան Է»

Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեան յայտարարութիւն հրապարակեց` անդրադառնալով Սիւնիքի սահմաններուն մէջ այս օրերուն տեղի ունեցող իրադարձութիւններուն:

Յայտարարութեան ամբողջութիւնը` ստորեւ.

«Խստօրէն դատապարտում եւ ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան տարածքները թշնամիին յանձնելու գործընթացը, ինչը փորձ է արւում քողարկել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով:

Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն շարունակում է իրագործել իր պարտուողական քաղաքականութիւնը ինչպէս Զանգելանի եւ Ղուպաթլուի հատուածում, այնպէս էլ Սիւնիքի մարզի սահմաններում:

Կապանի հատուածում տեղի ունեցող իրադարձութիւնները` ազրպէյճանական վերջնագրերը, սահմանային լարուածութեան աճը եւ հայկական պաշտօնական կողմի յանցաւոր անգործութիւնը լուրջ մտահոգութեան եւ կասկածների տեղիք են տալիս:

Սիւնիքի մեր հայրենակիցները մէն-մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգութիւնների դէմ: Նրանք ստիպուած են ինքնուրոյն պաշտպանել սեփական տունը, ինչպէս նաեւ դիմել են յուսահատ քայլի` բողոքի գործողութիւնների: Մենք սիւնեցիների կողքին ենք եւ սատարում ենք նրանց պահանջներին:

Օրուայ իշխանութիւնների վարքագիծը պարզապէս պետականակործան է: Դատապարտելի է նաեւ այն, որ խնդիրները կա՛մ չեն լուծւում, կա՛մ լուծւում են ի վնաս մեզ, սակայն ստի ու ձեռնածութիւնների մեթոտը, որը յատկապէս դրսեւորուեց պատերազմի օրերին, շարունակում է օգտագործուել:

Հարկ ենք համարում ընդգծել, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները նախատեսուած չեն 2020 թուականի 9 նոյեմբերի  եռակողմ յայտարարութեամբ: Այդ յայտարարութեան 1-ին կէտով նախատեսուած հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի ելակէտն այն է, որ Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը կանգ են առնում յայտարարութեան պահին իրենց զբաղեցրած դիրքերում: Հետեւաբար յայտարարութեան բնագիրի որեւէ դրոյթ հիմք չէ սահմանների փոփոխութեան համար: Ակներեւ է, որ այդ հարցերը թողնուել էին հետագայ բանակցութիւններին` հաշուի առնելով դրանց համապարփակ եւ բարդ բնոյթը:

Նկատի ունենալով միջազգային, ինչպէս նաեւ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ազրպէյճան առկայ փորձը` սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացւում է պետութիւնների կողմից ձեւաւորուած միջգերատեսչական յանձնաժողովների բանակցութիւնների արդիւնքում եւ պահանջում է բանակցութիւնների արդիւնք հանդիսացող սահմանագծի վաւերացում երկու պետութիւնների օրէնսդիր մարմինների կողմից: Մինչ նշուած գործընթացների ամբողջական աւարտը Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահատուածի բնագծերով:

Որեւէ քարտէս, առաւել եւս «Ճի. Փի. Էս.» համակարգի տուեալները, իրաւական աքթ չեն եւ չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթէ հակասում են բարձրագոյն մարմինների կողմից հաստատուած սահմանագծին:

Պահանջում ենք անյապաղ դադարեցնել իրաւական հիմքից զուրկ եւ սահմանային բնակավայրերի բնակիչների իրաւունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը եւ կոչ ենք անում այդ գործընթացում ներգրաւուած պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ո՛չ միայն մեր պետական շահերին, այլեւ 9 նոյեմբերին ստորագրուած եռակողմ յայտարարութեանը եւ միջազգային փորձին:

Յարգելի՛ հայրենակիցնէր,

Սիւնիքում տեղի ունեցող գործընթացները եւ փաշինեանական իշխանութեան վարած քաղաքականութիւնը ցոյց են տալիս, որ մենք ապահովագրուած չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում: Դա նշանակում է, որ մենք պէտք է հնարաւորինս շուտ ձերբազատուենք այս իշխանութիւններից եւ ամէն ջանք գործադրենք մեր երկրի խաղաղութիւնն ու անվտանգութիւնն ապահովելու համար:

Յապաղելը պետութիւն կարող է արժենալ»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.