Պատմական օր Հայ դատի համար. Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանութեան մասին օրինագիծը

Այսօր պատմական օր է Հայ Դատի համար։ Հայոց ցեղասպանութեան մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկութիւնների։ Յայտնում է ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը: 

«Յաջորդ ընթերցումը տեղի կ’ունենայ 2022 թուականի մարտի 18-ին: Շնորհակալութիւն ենք յայտնում Թիմ Լաֆթոնին և բոլոր հովանաւորներին այս յաջողութեան համար»:

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում կայացաւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը։ Օրինագիծը ներկայացրել է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը: Նպատակն է պաշտօնական ճանաչման և յիշատակութեան միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանութիւնը:

Օրինագիծն ունի հիմնական երեք դրոյթներ․ առաջին՝ Օսմանեան կայսրութեան և դրան յարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայութեան ջարդերի պաշտօնական որակում՝ որպէս ցեղասպանութիւն, երկրորդ՝ ցեղասպանութիւնների, այդ թւում Հայոց ցեղասպանութեան զոհերի ամենամեայ ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանութեան և դրան առնչուող մարդու իրաւունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական յանցագործութիւների վերաբերեալ կրթութեան և հանրային տեղեկացուածութեան խթանում։

Ըստ ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կը հաստատի Մեծ Բրիտանիայի հաւատարմութիւնը «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժէքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանութիւնը, Մեծ Բրիտանիան կ’ամրապնդի իր հաւատարմութիւնը համամարդկային իրաւունքների պաշտպանութեանը, քանի որ նման մասշտաբի յանցագործութիւնը չճանաչուած թողնելը անպատժելիութեան վտանգաւոր ուղերձ է. անպատիժ յանցագործութիւնը խրախուսւող յանցագործութիւն է: Երրորդ՝ Միացեալ Թագաւորութեան, որպէս համաշխարհային խաղացողի դերն ու պարտականութիւնն է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը և առաջ մղել Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնը և մեծացնել մարդկութեան դէմ յանցագործութիւնների վերաբերեալ հանրային տեղեկացուածութիւնը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.