Պատերազմում վիրաւորում ստացած մերօրեայ հերոսները արուեստի գործեր են ստեղծել․ դրանց վաճառքից գոյացած գումարը կը փոխանցուի Զինուորի տանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կեդրոնում (Զինուորի տուն) բացուեց «Գեղեցկութիւն՝ զինուորներից» խորագրով ցուցահանդէս-վաճառքը։ Տղաները որոշել են վաճառքից գոյացած ողջ հասոյթը նուիրաբերել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կեդրոնին։

Ցուցահանդէսում ներկայացուած են  հայրենիքի պաշտպանի վերականգնողական կեդրոնում  բուժում ստացող հերոսների արուեստի գործերը՝ կտաւներ և բնական թիթեռներից պատրաստուած յօրինուածքներ։ Դրանք ստեղծուել են վերջին մէկ ամսուան ընթացքում։

Ռազմադաշտում սխրանքներ գործած քաջերը նուրբ գեղագիտական ճաշակ ունեն․ նրանք անօրինակ արուեստի գործեր են կերտել։ Ցուցահանդէսի բացուելուն պէս ներկաները հիացական կարծիքներ էին հնչեցնում տղաների կերտած աշխատանքների վերաբերեալ ու գնում աշխատանքները։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կեդրոնը գործում է բարեգործական հիմունքներով՝ զինծառայութեան ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած քաջերի բուժման նպատակով։

Իզուր չէ, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կեդրոնն  ստացել է «Զինուորի տուն» անունը․ զինուորներն ասում են՝ կեդրոնում զգում են այնպէս, ինչպէս  տանը։ Տղաները Զինուորի տանը սիրուած են, զբաղւում են իրենց սիրած գործով ու կազդուրւում սիրոյ, հոգատարութեան ու ջերմութեան ուժով։ Զինուորի տանն անցկացւում են դասընթացներ տարբեր հմտութիւններ ու մասնագիտութիւններ ձեռք բերելու համար։ Յօրինուածքների պատրաստումն ու նկարչութեան դասընթացը Զինուորի տանն իրականացվող կրթական ծրագրերի մաս են կազմում։

Վերջին մեկ ամսուայ ընթացքում Լոս Անջելեսից Երևան տեղափոխուած Հելէն Առաքելեանը տղաներին սովորեցրել է բնական թիթեռներից յօրինուածքներ պատրաստել, իսկ Արցախեան պատերազմի մասնակից, նկարիչ Յովհաննէս Դավեյեանը մեր քաջերին կերպարուեստի գաղտնիքներն է ուսուցանել։

«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում թիթեռներով յօրինուածքներ պատրաստած, կտաւներ կերտած, Արցախի հարաւային զօրամասերից մէկում ծառայած Գէորգ Կարապետեանը նշեց՝ բոլոր թիթեռները բնական են։ Դրանք պատւիրւում են Գոլոմպիայից, Ֆինլանտայից, Լատինական Ամերիկայից, Գանատայից ու այլ երկրներից։

Հաըցազրոյցի տեսանիւթը

«Այդ թիթեռները բացմացւում են յատուկ բուծարաններում։ 20 տոկոսը բաց են թողնում բնութեան մէջ, 80 տոկոսը չորացւում է և վաճառւում։ Կարծում եմ՝ մենք այս թիթեռներին երկրորդ կեանք ենք տալիս։ Ես երբեք չէի պատկերացնի, որ հնարաւոր է՝ այսպիսի աշխատանքով զբաղուեմ։ Երբ տիկին Հելէնը Զինուորի տուն եկաւ, այստեղ ցուցադրուեց մի ֆիլմ՝ նրա պատրաստած աշխատանքների մասին։ Ֆիլմը տեսնելով՝ մեր մէջ էլ  այդպիսի աշխատանքներ ստեղծելու ցանկութիւն առաջացաւ։ Տիկին Հելէնը միակն  է, որ այսպիսի յօրինուածքներ է պատրաստում։ Մի հետաքրքիր փաստ ևս․ նոյն յօրինուածքից չենք կարող երկրորդը պատրաստել, քանի որ բնութեան մէջ հնարաւոր չէ գտնել նոյն թիթեռից, ծառի նոյն ճիւղից», — նշեց  Գէորգը։

Թիթեռները բերւում են չորացրած վիճակում, տուեալ տեսքը ստանալու համար հարկաւոր է 1-2 օր: Թիթեռների թևերը  բացելուց յետոյ դրանք  լաքապատւում են, որպէսզի չփտեն, այնուհետև  ծառի ճիւղերի ու միւս պարագաների օգնութեամբ պատրաստւում են յօրինուածքները։

Գէորգը նշեց՝ Զինուորի տանը նաև այլ դասընթացների է մասնակցում․ սովորում է հաշուապահութիւն, կադաստրային գործ և անգլերէն։ Խօսելով իր վերականգնողական բուժման մասին՝ քաջ ու կամային սպան նշեց՝ այժմ վերականգնողական բուժում է ստանում, ապա վստահօրէն յաւելեց՝ ինքն էլ, միւս տղաներն էլ քայլ առ քայլ առաջ են գնում և այդպէս էլ շարունակելու են։

Կամաւորական Պետրոս Էֆենջեանը, որը պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է Արցախ ու վիրաւորում ստացել ռազմադաշտում, հիմա բուժւում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կեդրոնում ու մասնակցում կեդրոնում կազմակերպուող տարբեր դասընթացների։
Պետրոսն ընդգծեց՝ թիթեռներով յօրինուածքներ պատրաստելու արուեստը միանգամից գրաւել է իրեն, քանի որ ինքը սիրում է նկարչութիւն, փայտագործութիւն, ձեռագործ աշխատանքներ պատրաստել։

«Սովորելու ընթացքը մի քանի օր է տևել, դրանից յետոյ մեր ուսուցչի հսկողութեան ներքոյ արդէն սկսել ենք յօրինուածքները հաւաքել։ Ես չէի սպասում, որ այսպիսի արդիւնք կարող ենք ունենալ», — համեստօրէն  ասաց հայրենիքի պաշտպան Պետրոսը։

Արցախի հիւսիսային զօրամասերից մեկում ծառայած սպայ Հենրիկ Շաքարեանը, որը պատերազմի ընթացքում վիրաւորում է ստացել ու յայտնուել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կեդրոնում, հարազատ դարձած Զինուորի տանը կեանքում երկրորդ անգամ քայլել է սովորել։ Հայրենիքի համար մղուող մարտերում Հենրիկը վիրաւորում է ստացել 2020 թուականի հոկտեմբերի 2-ին։ Նա ասում է՝ սկզբում դժուար էր հաւատալ, բայց միաժամանակ յոյս ունէր, որ մի օր կը կարողանայ առանց անվասայլակի տեղաշարժուել, իսկ այսօր նա քայում է՝ նոյնիսկ առանց հենակների օգնութեան։

Տղաներն ասում են՝ Զինուորի տանը յաճախ են հրաշքներ լինում։ Այնտեղ բուժում ստացող տղաները անյաղթահարելին են կարողացել յաղթահարել։ Այնպէս որ, զարմանալի չէ, որ ամենասարսափելի պայմաններում կռիւ մղած, զէնք բռնած, ցրտից ճաքած ու կոշտացած ձեռքերը կարող էին այսպիսի նուրբ արուեստի գործեր կերտել։

«Աւելի քան մէկ տասնյակ յօրինուածք եմ պատրաստել, դրանց մեծ մասն արդէն վաճառուել է։ Միայն մի յօրինուածք, որն ինձ համար էի պատրաստել, դա եմ պահելու, իսկ մնացած աշխատանքները, կարծում եմ, կը վաճառուեն», — նշեց Հենրիկ Շաքարեանը։

Նա այնքան շատ է սիրել թիթեռներով յօրինուածքներ պատրաստելու արուեստը, որ անպայման ազատ ժամանակ ունենալու պարագայում զբաղուելու է նաև յօրինուածքներ պատրաստելով։

«Հորիզոն»-ի թղթակցի հետ հարցազրոյցում Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավար Արմէն Մուրադեանը նշեց՝ հիացած է տղաների աշխատանքով, ապա աւելացրեց՝  աւելին է ապասում տղաներից, և կարծում է՝ նրանցից իւրաքանչիւրը կարող է անել աւելին։

«Մենք նրանց հետ այդ կարգախօսով ենք աշխատում։ Նրանք պէտք է ձգտեն աւելիին, պետք  է վերադառնան լիարժէք սոցիալական կեանք։ Սա առաջին միջոցառումը չէ, երբ մենք փորձում ենք արուեստի գործերով այս կեդրոնի զարգացման համար նոր հնարաւորութիւններ ստեղծել։ Ի հարկէ, կեդրոնի զարգացման համար շատ աւելի մեծ հնարաւորութիւններ են անհրաժեշտ։ Բայց այն, որ  այս տղաներն իրենց պէս տղաների համար նոր հնարաւորութիւն են ստեղծում,  շատ է ոգևորում բոլորիս։ Դեռևս նոր էինք սկսել  այս նախաձեռնութիւնը, երբ տղաները այս շէնքի փայտէ յենասիւներից արուեստի գործեր ստեղծեցին։ Հարիւր տարուայ աղօթած փայտերը դարձան յուշանուէրներ։ Այստեղ նաև կաւագործութեան, նկարչութեան, գորգագործութեան երեկոներ եղան», – պատմեց Արմէն Մուրադեանը։

Հետահայաց նայելով պատերազմի օրերին և խօսելով տղաների հոգեբանական վիճակի մասին՝ Արմէն Մուրադեանը նշեց՝ ի հարկէ, տղաները մտահոգ էին, կար ընկճուածութիւն, բայց, այնուամենայնիւ, նրանց տոկունութիւնն աւելին է, քան մեր ոգևորուածութիւնը, և սա է նրանց յաղթանակի գրաւականը։

«Նրանք հայ տղաներ են, որոնք կարողանալու են յաղթահարել իրենց բաժին ընկած կեանքի փորձութիւնը։ Մեզ համար բացայայտում է այն, որ տղաները կարող են այսպիսի երիտասարդ տարիքում այդքան կամքի ուժ, զգօնութիւն ու հոգատարութիւն ունենալ իրենց կողքին գտնուողի նկատմամբ։ Այս տղաներից իւրաքանչիւրի համար միւսի յաջողութիւնը ոչ պակաս կարևոր է, քան իրենը։ Միաբանութիւն է այստեղ։ Տղաներն այստեղ որպէս միաբաններ են ապրում։ Այսպիսի կեդրոնները գեղեցկացնում են իւրաքանչիւր ժողովրդի, իւրաքանչիւր երկրի պատմութիւնը», – եզրափակեց Արմէն Մուրադեանը։

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.