Շարունակւում է հասարակութեան պառակտման վտանգաւոր գործելաոճը. ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարութիւն տարածած, զորս կը ներկայացնենք ստորև.
Հայրենակիցներ,
Երկրում արտակարգ դրութիւն է, որը ենթադրում է համարժէք կեցուածք բոլորի` թէ՛ իշխանութիւնների, թէ՛ քաղաքական դաշտի, թէ՛ հասարակութեան կողմից: Համաճարակի, դրա հետևանքով առաջացած բազմաթիւ առկայ ու սպասելի առողջապահական, տնտեսական, սոցիալական և այլ մարտահրաւէրների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիութիւնների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնութեան ճանապարհով մենք` որպէս պետութիւն ու ժողովուրդ, կը կարողանանք յաղթահարել այս տագնապը:
Այս գիտակցութեամբ ու համոզմունքով է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը արտակարգ պայմաններում գործում արտակարգ ռեժիմով` հնարաւորին օգնութիւնը ցուցաբերելով մեր հայրենակիցներին և իրավիճակի յաղթահարման իր առաջարկները ներկայացնելով կառավարութեանը:
Ցաւօք, համախմբուելու և հիմնախնդիրները միասնաբար յաղթահարելու այս գիտակցութիւնն իշխանութեան կողմից առայժմ ոչ միայն չի կարևորւում ու չի կազմակերպվում, այլև հակառակը` շարունակւում է հասարակութիւնը պառակտելու հին, արատաւոր ու խիստ վտանգաւոր գործելաոճը: Իշխանութեան քաղաքական շահախնդրութիւններն արդէն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժէհամակարգային բոլոր սահմանները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդէս եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացուած յորդորով: Ցաւօք, այդ մարդասիրական յորդորը դեռևս ոչ միայն պաշտօնական պատասխանի չի արժանացել, այլև կազմակերպուած կերպով սանձազերծուել է տգեղ ու անբարոյական քարոզարշաւ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարում է.
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ հերթական այս արշաւը անթոյլատրելի է ու խիստ վտանգաւոր`դա նենգ ու թշնամական հարուած է պետութեանն ու ժողովրդին:
- Իշխանութիւններից պահանջում ենք յստակ դիրքորոշում յայտնել այս կապակցութեամբ և համապատասխան վերաբերմունք դրսևորել նմանօրինակ կեցուածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդէպ:
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժէքների դէմ ցանկացած ոտնձգութիւն մեր կողմից արժանանալու է համարժէք պատասխանի:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին