«Նեմեսիս»ի չբացայայտուած ղեկավարներից մէկը․ ո՞վ էր գործողութեան ֆինանսական տնօրէնը

Արմեն Գարօն «Նեմեսիսի» ուղեղն էր,

Շահան Նաթալին` «Նեմեսիսի» սիրտը, ոգեշնչողն ու գործողութիւնների համակարգողը

Ահարոն Սաչակլեանն «Նեմեսիսի» ֆինանսական տնօրէնն ու լոճիստիկայի պատասխանատուն

 

Մարիաննա Փայտեան

Երբ խօսում ենք «Նեմեսիսի» մասին, առաջին անունը, որ մտաբերում ենք` Սողոմոն Թեհլիրեանն է։ Պերլինում Թալէաթ փաշայի գնդակահարութիւնը, միջազգային արձագանք ստացած դատավարութիւնն ու դատարանի արդարացնող վճիռը Սողոմոն Թեհլիրեանին այս գործողութեան խորհրդանիշը դարձրեցին։

«Նեմեսիս» գործողութեան մէջ, բացի շատերին յայտնի բուն վրիժառուներից, այսինքն՝ յանցագործների մահապատիժն իրականացնող մարտիկներից, մի քանի տասնեակ մարդիկ էին ներգրաւուած։

            Ծնուեց վրէժի աստուածուհին…

Հայոց ցեղասպանութիւնն իրագործած, միլիոնաւոր մարդկանց տարագիր դարձրած յանցագործները չէին կարող անպատիժ մնալ։ 1919 թուականի աշնանը Երևանում՝ խիստ գաղտնի պայմաններում, ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում ընդունուեց մահապատժի ենթարկել նրանց։ «Յատուկ գործ» անունով պատժիչ գործողութիւնը կոչուեց «Նեմեսիս» (յունական դիցաբանութեան մէջ վրէժի աստուածուհու անունով)։

Սա երկար մտածուած, բոլոր մանրամասնութիւններով ծրագրուած ու մշակուած գերգաղտնի գործողութիւն էր։ Անգամ մասնակիցներն ամբողջական ինֆորմացիային չէին տիրապետում։ Դա արւում էր ապահովութեան նպատակով։ Մասնակիցներից որևէ մէկին կարող էին բացայայտել․ որպէսզի ամբողջ գործողութիւնը չվտանգուեր, շատերը գիտէին միայն այն, ինչն անհրաժեշտ էր իրենց յանձնարարութիւնը կատարելու համար։

102 տարի անց էլ «Նեմեսիսի» մասին ամէն բան յայտնի չէ․ պարբերաբար ի յայտ եկող նոր փաստերի կողքին նաև նոր անուններ են յայտնի դառնում։ Այդպէս բոլորովին վերջերս «Նեմեսիսն» ուսումնասիրողներն իմացան Ահարոն Սաչակլեանի մասին։ Պարզուեց՝  նա ոչ թէ պարզապէս շարքային մասնակից էր, այլ գործողութեան ղեկավարներից մէկը։ Պետական գործիչ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արմեն Գարօն «Նեմեսիսի» ուղեղն էր, Շահան Նաթալին` «Նեմեսիսի» սիրտը, ոգեշնչողն ու գործողութիւնների համակարգողը։ Ի դէպ, միգուցէ հէնց Նաթալիի շնորհիւ է նաև գործողութիւնը «Նեմեսիս» կոչուել։ Յայտնի է, որ նրա կեղծանունն էր Նեմեսիս։ Եւ վերջապէս գործողութեան երրորդ ղեկավարն Ահարոն Սաչակլեանն էր, կարելի է ասել, «Նեմեսիսի» ֆինանսական տնօրէնն ու լոճիստիկայի պատասխանատուն, որը զբաղւում էր մեծամասշտաբ գործողութեան համար նիւթական միջոցների հայթայթմամբ ու բաշխմամբ։

 

            Յանցագործներին պատժելը թանկ գործ էր…

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտութիւնից յետոյ, երբ ռազմական տրիբունալներ ստեղծուեցին երկրում՝ ցեղասպանութեան պատասխանատուներին պատժելու համար, յանցագործները փախան երկրից, փոխեցին իրենց ինքնութիւնը՝ արդարադատութիւնից խուսափելու համար։ Իրականում, «արդարադատութիւն» կոչուածն էլ որևէ ջանք չէր գործադրում նրանց յայտնաբերելու և պատժելու համար։ Այդ պայմաններում էլ ստեղծուեց «Նեմեսիսը»՝ յանցագործների մահապատժի դատավճիռներն իրականացնելու համար։

 

         Ո՞վ էր Սաչակլեանը         

Թոռնուհին՝ Մարիանը, գրքում նշում է, որ պապին յիշում է փայտէ ռատիօընդունիչի կողքին` կարմիր, կաշիէ բազկաթոռի մէջ նստած դողացող ձեռքերով ծխելիս։ Նրա մօտ սկսուել էր բարքինսընի հիւանդութիւն…Ահարոն Սաչակլեանը հանգիստ, խաղաղ մարդ էր, անհնար էր պատկերացնել, որ նա երկրորդ՝ գաղտնի կեանք ունէր։ Թէպէտ Ահարոնն ու կինը՝ Էլիզան, հարուստ չէին, բայց տունը գրքերով ու մարդկանցով լի էր։ Նրանց Սիրակուզի տունը դարձել էր տեղի հայ համայնքի հաւաքատեղիներից մէկը։ Սաչակլեանին կարևոր մարդիկ էին այցելում, որոնց կարգին Դրօն, «Նեմեսիսի» մասնակիցները, բայց ընտանիքը պատկերացում էլ չունեցաւ տան տղամարդու, ինչպէս նաև հիւրերի գերգաղտնի գործունէութեան մասին։ Սաչակլեանը դա անում էր և՛ սեփական ընտանիքին պաշտպանելու, և՛ գործողութեան յաջողութիւնը չվտանգելու համար։

Ահարոն Սաչակլեան ծնուել է 1879 թ. սեպտեմբերի 9-ին Մալաթիայում։ Նրա հայրը՝ Յարութիւնը, յայտնի ճարտարապետ-շինարար է եղել, կառուցել է կառավարական շէնքեր, հանրային բաղնիքներ, անգամ մզկիթ, որը թուրքերը նրա պատուին Արթին ամուն են անուանել։ Ահարոնն ընդամէնը 3 ամսական է եղել, երբ հայրը մահացել է։ 1895 թ.-ին 16-ամեայ Ահարոնն իր մի քանի հայրենակից երիտասարդների ու մօրաքրոջ ամուսնու հետ որոշում են հեռանալ Մալաթիայից։ Ըստ այն ժամանակ գործող կարգի՝ հայերն իրաւունք չունէին հեռանալ երկրից։ Ուստի, երբ արդէն պատրաստւում էին նաւով Կ. Պոլսից մեկնել, թուրքական ոստիկանութիւնը բռնում է նրանց։ Մօրաքրոջ ամուսինը կաշառում է ոստիկաններին, այդպէս Ահարոնի հետ մեկնում են Պոլիս, այնտեղից էլ կրկին կաշառքի շնորհիւ Մարսէյլ հասնում։

Ի դէպ, միւս երիտասարդներն այդպէս էլ չեն կարողանում նաւ նստել, յայտնի է, որ նրանք սպաննւում են 1895թ․ համիտեան կոտորածների ժամանակ։ Ահարոնը որոշ ժամանակ մնում է Մարսէյլում, այդտեղ ծանօթանում է Արմենական կուսակցութեան հիմնադիր Մկրտիչ Փորթուգալեանի հետ: 1896 թ.-ին տեղափոխւում է ԱՄՆ, հաստատւում  Connecticut-ի Hartford քաղաքում, որտեղ բնակւում էր աւագ եղբայրը՝ Ստեփանը (նա աւելի վաղ էր ԱՄՆ տեղափոխուել)։ Անգլերէն սովորելուց յետոյ Ահարոնն ընդունւում է Huntsinger Business School, սովորում հաշուապահութիւն և դառնում Connecticut-ի առաջին արտօնագրուած հաշուապահներից մէկը։

 

            Ինչպէս Սաչակլեանն ու «Նեմեսիսը» գտան իրար

Ահարոն Սաչակլեանը որոշ ժամանակ աշխատում է եղբօր՝ Ստեփանի  արևելեան գորգերի խանութում, ապա` Պոսթոնի «Հայրենիք» թերթում որպէս հաշուապահ: Ի դէպ, 1912 թուականից թերթի գլխաւոր խմբագիրը Շահան Նաթալին էր։

Մարիան Մեսրոպեան Մաքքըրդին իր տատի՝ Էլիզայի յիշողութիւններից գիտի, որ պապը «Հայրենիքի» խմբագրատանն օրեր ու գիշերներ էր անցկացնում, անգամ առաջին զաւկին լոյս աշխարհ գալուց յետոյ։ Ակնյայտ է, որ օրուգիշեր նա խմբագրութեան հաշուապահութեամբ չէր զբաղուած․․․

«Սա շատ հետաքրքիր հանգամանք է․այս գործողութեան համար կարևոր դեր ունէին խմբագրատները։ Այն ժամանակ խմբագրութիւններն ունէին յատուկ ռատիօհաղորդագրութիւններ ուղարկելու հնարաւորութիւն։ Սա ամէնաարագ միջոցն էր, հաղորդագրութիւնը ստանալուց և իրենց յանձնարարութիւնն իմանալուց յետոյ թուղթն այրում էին»,- նշում է Գոհար Խանումեանը։

Թերևս հէնց «Հայրենիքն» էլ ճակատագրական դարձաւ Ահարոն Սաչակլեանի կեանքում։ Յայտնի է, որ Սաչակլեանի անդամակցութիւնը «Նեմեիսիսին» սկսւում է հէնց 1919 թուականից։ Ի դէպ, Նաթալին և Սաչակլեանն ընկերներ էին, թերևս դրանով էր պայմանաւորուած այն, որ Սաչակլեանին աւելի շատ մանրամասներ էին հաղորդւում «Յատուկ գործի» մասին, քան ընդունուած էր բացայայտել, դրա համար էլ նրա արխիւն իսկական բացայայտում դարձաւ։

Ահարոն Սաչակլեանը մինչև «Նեմեսիսին» միանալն էլ ակտիւ գործիչ էր՝ իր հայրենիքի ու ժողովրդի ցաւով ապրող։ Նա ամերիկեան Կարմիր խաչի և միսիոներների օգնութեամբ փորձում էր ինչ-որ կերպ օգնել Ցեղասպանութիւնից տուժած ու բռնագաղթի ճամփան բռնած հայրենակիցներին։

Ահարոն Սաչակլեանի փաստաթղթային ամբողջ արխիւը դեռևս ուսումնասիրուած չէ, միգուցէ ապագայում դրանք նոր բացայայտումներ անեն «Նեմեսիսի» մասին։ Նա մինչև 1933 թ.-ը ԱՄՆ ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի անդամ էր, իսկ մինչև մահը՝ ՀՅԴ անդամ: Նա կեանքի վերջին տարիներին կորցրել էր յիշողութիւնն ու տեսողութիւնը։ Ահարոն Սաչակլեանը կեանքից հեռացել է 1964 թ. օգոստոսի 5-ին՝ 84 տարեկանում՝ իր հետ տանելով «Նեմեսիսի» մասին բազմաթիւ գաղտնիքներ։

Մարիաննա Փայտեան

Sputnik Armenia

Leave a Comment

You must be logged in to post a comment.