Յանուն Եւ Ոչ Ընդդէմ

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կեանքում լուրջ մտահոգութիւնների տեղիք պէտք է տայ` պետական շահի տեսանկիւնից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանութեամբ գործող կառոյց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կաւէ թաց առարկայի պէս ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մէջ նետել, ինչը մեծ շռայլութիւն կը լինի մեր պէս հիմնախնդիրներ ունեցող երկրի համար:

Հեշտ է հասարակութիւնը բաժանել սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների եւ նշանակել վիճակի մեղաւորներ, դաւաճաններ, անմեղներ ու հերոսներ, բայց սա պարզունակ ամբոխավարութիւն է նշանակում, որ կենսունակ կարող է լինել թերեւս մի որոշակի ժամանակահատուած:

Ելնելով այն ճշմարտութիւնից, որ բոլորը կամ առնուազն մեծամասնութիւնը ձգտում է երկրի արմատական բարեփոխումների, կարելի է անդրադառնալ, թէ մօտեցումների տարբերութեամբ պայմանաւորուած նախաձեռնութիւններն ու դրանցից բխող իրադարձութիւնները որքանո՛վ են հաշուարկուած եւ ինչպիսի՛ արդիւնքների ու հետեւանքների կարող են յանգեցնել:

Հայաստանը մեծ փոփոխութիւնների ընթացքի մէջ է եւ գայթակղութիւն կայ աւելի արագ ու կտրուկ դարձնել այդ փոփոխութիւնները: Ընդ որում, որպէս շոգեքարշ, օգտագործելով զանգուածային էյֆորիայի այն վիճակը, երբ բանականութեան փոխարէն առաջնորդում են յոյզերն ու զգացմունքները, երբ որպէս դատողութիւնների հիմք է ընդունւում ոչ թէ յստակ իրականութիւնը, այլ հրամցուող տեսակէտները:

Սրա մէկ վառ օրինակն էլ մայրաքաղաքի աւագանու ընտրութիւններն էին, որոնց ժամանակ 81% հաւաքեց պետական-քաղաքական եւ վարչական մէկ օրուայ փորձ չունեցող թեկնածուն:

Այս իրադարձութիւնից առաւել ոգեւորուած վարչապետը հասարակութեանը ներարկում է այն թեզը, թէ երկրի տեղում դոփելու եւ առաջընթացը խոչընդոտող պատճառը գործող խորհրդարանն է: Տեսածին ու ոչ հրամցուածին հաւատացող իւրաքանչիւրի համար ակնյայտ է, որ նոր իշխանութիւնների յաղթանակի օրերից սկսած, խորհրդարանական ուժերը ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել վարչապետի ու իր խումբի առջեւ` իրականացնելու իրենց ծրագրերը: Աւելին, յստակ խոստում է տրուած, որ երբ օրէնսդրական ցանկալի հիմքերի ձեւաւորմամբ երկիրը պատրաստ կը լինի ընտրութիւններին, վերջիններս, համապատասխան ընթացակարգով, ճանապարհ կը բացեն գործող խորհրդարանի լուծարման եւ նորի ձեւաւորման համար:

Այս դէպքում շահագրգիռ ամէն մարդ պէտք է փորձի հասկանալ, թէ ինչո՞վ է պայմանաւորուած հապշտապ համապետական ընտրութիւններ անցկացնելու ցանկութիւնը:

Երկրում ստեղծուած իրական վիճակն այն է, որ ցայսօր գոյութիւն չունի տնտեսական զարգացման մօտակայ կամ հեռահար ծրագիր ու ուղենիշ, տարուայ ամենաաշխուժ եղանակում արձանագրուել է զգալի գնաճ, ինչը սպառնում է անապահով մեծամասնութեան ուսերին առաւել ծանր բեռ դառնալ ձմեռուայ ամիսներին: Կառավարութեան ներկայացրած յաջորդ տարուայ պիւտճէով փաստւում է, որ 2019 թուականին չեն լինելու աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների եւ այլ ընկերային ծրագրերի համար նախատեսուող բարձրացումներ: Հաւանական չեն կազի ու ելեկտրականութեան համար խոստացուած վարձերի նուազեցումը, եւ երեւի գոհ պէտք է լինենք եթէ դրանք չաճեն:

Փորձենք, ի դէպ, խորհել մի հետաքրքիր իրողութեան շուրջ. իշխանութիւնը, ամէն առիթով, յայտարարում է, թէ փտածութիւնը երկրում վերացուած է: Եթէ այդպէս է, ապա ինչո՛ւ հնարաւոր չդարձաւ պաշտօնապէս արձանագրուած 50% ստուերային տնտեսութիւնից զգալի միջոցներ դուրս բերել եւ մտցնել պիւտճէ:

Այս ամէնի փոխարէն հասարակութեանը շարունակում են կերակրել փտածութեան բացայայտումներով, կամ աւելի շուտ զգայացունց մեղադրանքներով: Մեղադրանքներ, որոնց հիման վրայ, անորոշ հեռանկարով, շարունակում է բանտարկութեան մէջ գտնուել մէկ մարդ` Մանուէլ Գրիգորեանը, նոր իշխանութիւնների գործունէութեան հինգերորդ ամսից յետոյ:

Ամէն սառը դատող մարդ կարող է իր համար եզրակացութիւնների յանգել. այն, որ թէ՛ ներսի եւ թէ՛ դրսի ներդրողները ցայսօր չեն ցանկանում ներդրումներ կատարել խորհրդարանի խափանարարութեա՞ն հետեւանքն է, թէ՞ երկրի տնտեսական տեսլականների անորոշութեան, վաղուայ օրուայ նկատմամբ անվստահութեան, երբ ներհասարակական-ներքաղաքական կեանքը գտնւում է բարձր լարուածութեան մէջ, աճում է անհանդուրժողութիւնը, որի քաւութեան նոխազը կարող են դառնալ չակերտաւոր յեղափոխականների եւ չակերտաւոր հակայեղափոխականների բանակները:

Ինչն է ստիպում օր առաջ ընտրութիւնների անցկացման համար գնալու այնպիսի ծայրայեղ, եւ բռնապետութիւններին յարիր քայլի, ինչպիսին է գործադիր իշխանութեան կողմից ժողովրդին հանելը օրէնսդիր իշխանութեան դէմ եւ խորհրդարանականներին պաշարելով նստել նրանց հետ բանակցութիւնների: Նոյնն է թէ պատերազմական գործողութիւններ ծաւալելով միաժամանակ դիմացինին բանակցութիւններ պարտադրել:

Ի՞նչն է պետութեան եւ հէնց իշխանութեան վարկին լուրջ հարուած հասցնող այս արտառոց քայլերի պատճառը, եթէ չկայ փաստ, որ խորհրդարանը չի ընդառաջում վարչապետի ցանկացած նախաձեռնութեան:

վարչապետը եւ իր խումբը շատ լաւ հասկանում են, որ զգայացունց բացայայտումներից զատ ժողովուրդը մօտ ապագայում պահանջելու է իր վիճակի բարելաւմանը ուղղուած յստակ իրագործումներ: Իշխանութիւնը գիտակցում է, որ ամբոխային էյֆորիան մի օր մարելու է եւ ինչպէս մի քանի անգամ, նախորդող տարիներին պատահել է, բարձր վարկանիշները կարճ ժամանակում կարող են մերձենալ զերոյին:

Երիտասարդ իշխանութիւնը տալիս է խոստումներ եւ վախեցնում է ուրուականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանութիւնը կազմակերպել: Գալու է չէ՞ օրը, երբ անվերապահ համախոհների ու համակիրների զանգուածները նայելու են ոչ թէ ժողովրդական հռետորների բերաններին, այլ իրենց շուրջը եւ գրպանի պարունակութեանը:

Առկայ ու հնարաւոր դժուարութիւնները յաղթահարելու ձգտումով հապշտապ ընտրութիւններ անցկացնելու իշխանութեան հաշուարկները ենթադրում են քանի տաք է մայրաքաղաքային ընտրութիւնների մթնոլորտը նման մի տոկոս էլ «խփել» ողջ հանրապետութիւնում: Ոչ ոք թող չկասկածի, որ միակուսակցական համակարգի ձեւաւորումը, ոչ երկար ժամանակ անց, բերելու է այն նոյն հետեւանքներին, ինչ լինում է միշտ եւ ինչ մեր մաշկի վրայ զգացել է հէնց մեր սերունդը:

Եթէ իշխանութիւնը չսովորի արդիւնաւէտ կառավարել երկիրը, նա անընդհատ մեղաւորներ ու թշնամիներ է փնտռելու: Այսօր այդ «մեղաւորը» խորհրդարանն է, երբ վաղը նա չի լինի, մեղաւորներ են դառնալու իշխանութեան տարբեր օղակներում գործող «սեւերը», նրանց չէզոքացնելուց յետոյ մեղաւոր է նշանակուելու «հակայեղափոխական ընդդիմութիւնը» եւ այդպէս շարունակ: Եւ այս վտանգաւոր անկումը շարունակուելու է, եթէ դուրս չգանք զանգուածային հոգատարութեան ու ատելութեան վիճակից, եթէ կրկին հասարակութիւնը չմիաւորուի եւ երկրի ողջ կարող ներուժը չլծուի համախոհաբար երկիրը ճգնաժամի ուղուց զարգացման մայրուղի փոխադրելու գործին:

Վերջում ցանկանում եմ ասել, որ վերը շարադրուած դատողութիւնները ինչ որ մէկի դէմ չէին, այլ յանուն, խորհրդարանի պէս, բոլորիս պաշարած մտահոգութիւնների յաղթահարմանը:

«Դրօշակ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.