Հորդորում Ենք Մեր Հայրենակիցներին Կառուցողական Կերպով Աջակցել Արցախցիների Իրաւունքների Պաշտպանութեան Խորհրդի Աշխատանքների Կատարմանը
- (0)
Արցախցիներու իրաւունքներու պաշտպանութեան խորհուրդը հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ կը ներկայացնէ Մայիսին իր տարած աշխատանքները եւ հետապնդած հարցերը:
Ստորեւ՝ այդ յայտարարութիւնը.
«Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը, ամփոփելով Մայիսի սկզբից ի վեր տեղի ունեցած աշխատանքներն ու զարգացումները, յայտարարում է՝
«Մենք հաւատարիմ ենք մնում Մարտի 29ի հանրահաւաքի ժամանակ ընդունուած 12 կէտանոց պահանջագրին՝ մեր հնարաւորութիւնների սահմաններում քայլ առ քայլ հետամուտ լինելով հրապարակուած նպատակների կեանքի կոչմանը:
«Հաշուի առնելով ՀՀում ապաստանած Արցախի ժողովրդի ծանր մարդասիրական վիճակը եւ ՀՀ կառավարութեան քաղաքականութեան պատճառով ծայրայեղ աղքատութեան խորացման եւ արտագաղթի նոր ալիքի վերահաս վտանգը՝ այս ընթացքում մեր առաջնահերթ ուշադրութեան ներքոյ են եղել յատկապէս սոցիալական (ընկերային) ու բնակարանային ուղղութիւնները: Այդ առումով, մենք ընդհանրապէս բաւարարուած չենք ՀՀ կառավարութեան մօտեցումներից ու առաջարկներից:
«Ուստի, մենք պատրաստւում ենք շարունակել մեր պայքարը բոլոր հնարաւոր ձեւերով՝ առաջիկայում կազմակերպելով նաեւ հանրային քննարկումներ մեր հետագայ անելիքների յստակեցման համար:
«Այնուամենայնիւ, պէտք է արձանագրենք, որ հանրային շարունակական պայքարի ու Խորհրդի գործունէութեան շնորհիւ՝ մենք արձանագրել ենք որոշակի էական ձեռքբերումներ, որոնք որոշ չափով բարելաւելու են տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցների ծանր սոցիալական վիճակը: Հետեւաբար, համառօտ ներկայացնում ենք Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի մասնագիտական աշխատանքի եւ այլ ջանքերի արդիւնքում գրանցուած ձեռքբերումները՝
«Ա) Լուծուել է զոհուածների 83 ընտանիքների բնակարանների համար բանկային պարտաւորութիւնների մարման հարցը: 2023թ. վերջից սկսած՝ ԱՀ կառավարութեան պարտաւորութիւնների չմարման պատճառով բանկն անհանգստացնում էր ընտանիքներին, իսկ ՀՀ կառավարութիւնը հրաժարւում էր ստանձնել այդ պարտաւորութիւնը: Մեր հանրային ճնշման եւ համապատասխան հիմնաւորումների ներկայացման արդիւնքում այժմ ՀՀ կառավարութեան ներկայացուցիչները խոստացել են ամբողջապէս ստանձնել այդ պարտաւորութիւնները:
«Բ) Թէեւ ՀՀ կառավարութիւնը կտրականապէս հրաժարւում է համակարգային կերպով բարձրացնել բնակարանային ծրագրի աջակցութեան չափը, սակայն մեր բոլորիս պայքարի արդիւնքում կառավարութեան ներկայացուցիչները խոստացել են բարձրացնել աջակցութեան չափը 183 բնակավայրերում՝ մէկ անձի համար 3,000,000 դրամից 4,000,000 դրամի: Խօսքը վերաբերում է մօտ 20,000 մեր հայրենակիցների, որոնք այժմ բնակւում են այդ բնակավայրերում:
«Գ) Խորհուրդը հասել է նաեւ այն խոստման, որ կը թոյլատրուի հաւաստագրի գումարով անհատական տուն կառուցել շահառուի կողմից՝ առանց շինարարական կազմակերպութեան ներգրաւման:
«Դ) Նախատեսւում է Յուլիսի 1ից վերացնել բնակարանային ծրագրի փուլերը, ինչի արդիւնքում ծրագրի բոլոր շահառուները կարող են դիմել հաւաստագիր ստանալու եւ ծրագրից օգտուելու համար:
«Ե) Հաւաստագիր կը տրամադրուի նաեւ շահառու ընտանիքներում 2025թ. ծնուած երեխաներին:
«Զ) Խոստացուող փոփոխութիւններով՝ լրացուցիչ հիփոթեքային վարկի մարման ժամկէտը 10 տարուց կը դառնայ 20 տարի, ինչը հնարաւորութիւն կը տայ մեր հայրենակիցներին մարել վարկը ոչ թէ 10, այլ 20 տարուայ ընթացքում՝ համապատասխանաբար ամսական վճարելով աւելի քիչ գումար:
«Է) Արդէն շրջանառութեան մէջ է ՀՀ կառավարութեան որոշման նախագիծը, որով պէտք է վերացուեն արցախցիների վարկային պատմութիւնների սեւ ցուցակների յարուցած խոչընդոտները:
«Ը) Կ՛ընդլայնուի հաւաստագրի մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ այն հասցնելով մինչեւ 50 տոկոսի:
«Թ) Փոքրակազմ ընտանիքների մասով մեր կողմից ներկայացուած մի շարք առաջարկներ ՀՀ կառավարութեան կողմից չեն ընդունուել: Փոխարէնը, որպէս այլընտրանքային տարբերակ, առաջարկուել է մշակել յատուկ բնակվարձի լրացուցիչ ծրագիր: Այդ մօտեցմամբ՝ քաղաքացիներին կարող է հնարաւորութիւն տրուել ստանալ բնակվարձ՝ հաւաստագրի գումարի չափով: Այսինքն՝ քաղաքացին ընտրութեան հնարաւորութիւն ունի՝ կա՛մ օգտագործել հաւաստագիրը, կա՛մ դրա գումարի չափով ստանալ ամսական բնակավարձ:
«Լուծուել են նաեւ բնակապահովման ծրագրի շրջանակներում առկայ որոշ տեխնիկական հարցեր: Այս ամէնի համատեքստում արձանագրում ենք, որ Խորհրդի գործունէութիւնը որոշակի արդիւնքներ է ապահովել մեր ժողովրդի համար, սակայն, միւս կողմից, մեր մի շարք սկզբունքային առաջարկներ ընդհանրապէս չեն ընդունուել, ինչը յանգեցնում է բնակարանային եւ այլ սոցիալական ծրագրերի արդիւնաւէտութեան ու մատչելիութեան լրջագոյն խնդիրների: Իսկ ահա մեր պահանջագրի մնացած կէտերը, կարելի է ասել, նոյնիսկ քննարկման չեն ենթարկուել ՀՀ կառավարութեան կողմից՝ ուշադրութիւն դարձնելով միայն սոցիալական բնոյթի պահանջներին:
«Այս իրավիճակում, Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի համար անընդունելի են մեր շատ հայրենակիցների կողմից Խորհրդի թիրախաւորման դէպքերը՝ գիտակցելով առկայ վիճակի ծանրութիւնը եւ ՀՀ կառավարութեան անընդունելի դիրքորոշումները մեզ վերաբերող հարցերով:
«Մենք յորդորում ենք մեր հայրենակիցներին գիտակցել իրավիճակի առանձնայատկութիւնը եւ կառուցողական ու ակտիւ (աշխոյժ) կերպով աջակցել Խորհրդի աշխատանքների կատարմանը՝ յանուն Արցախի ժողովրդի իրաւունքների:
«ՄԻԱՍԻՆ՝ ՅԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ»: