Հաւատարիմ ենք Սարդարապատի և Արցախի յաղթական աւանդներին ու պատգամներին․ ՀՀ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական ուղերձ  յղած է Հանրապետութեան տօնի առթիւ։

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ,

Սփիւռքի հպարտ հայութիւն,

Շնորհաւորում եմ բոլորիս Հանրապետութեան տօնի կապակցութեամբ:

1918 թուականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրաւելուց յետոյ, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գիւղ և թւում էր՝ նրանք  անխուսափելիօրէն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայութեան մնացած հատուածն էլ դատապարտուելու էր ոչնչացման:

Դրութիւնն օրհասական էր: Սակայն պէտք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եւ հենց Արամ Մանուկեանը դարձավ հայութեան ոգու, կամքի ու ուժի մարմնաւորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը յուսահատութեան այդ օրերին ասում էր. «Դէպի գործ և աշխատանք, ու յաղթողը մենք ենք լինելու»:

Յուսահատութիւնը շուտով փոխուեց ոգևորութեան: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտէսի վրայ. մայիսեան յաղթանակների շնորհիւ է, որ ստեղծուեց Հայաստանի Հանրապետութիւնը:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախութեան կերտողները: Յավերժ փառք Արամ Մանուկեանին, Թովմաս Նազարբեկեանին, Մովսէս Սիլիկեանին, Դրոյին, Նժդեհին, Դանիէլ ու Պօղոս Բէկ Փիրումեաններին, եզտիական հեծեալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազօրայիններին, զէնքը ձեռքին կռուող հոգևորականներին:

1918 թուականի այսօրուայ Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկեանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի յաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրաւուելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձաւ իւրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատութեան համար կեանքը նուիրաբերած հերոսների յիշատակը:

Այսօր մենք հաւատարիմ ենք Սարդարապատի և Արցախի յաղթական աւանդներին ու պատգամներին, հաւատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնութիւնից զերծ, առաջխաղացման ու փոփոխութեան ձգտող ստեղծագործ հասարակութեամբ, ուժեղ տնտեսութեամբ ու էլ աւելի ուժեղ  ու արդիական բանակով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արամ Մանուկեանը ասում էր. «…դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթէ ժողովուրդը պատրաստակամութիւն ունի… աշխատել ու փրկել հայութիւնը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Ուստի միասին դէպի գործ և աշխատանք, դէպի մեր երազանքների Հայաստան:

Համոզուած եմ, Հայաստանի Հանրապետութեան յաղթական քաղաքացին այլևս երբեք թոյլ չի տայ պետականութեան կամ քաղաքացիութեան կորուստ, ինքնիշխանութեան և իրաւունքի կորուստ, հաւատի և լաւատեսութեան կորուստ:

Հայաստանի Հանրապետութիւնը երկիր մոլորակի վրայ պէտք է գոյութիւն ունենայ յաւիտեան, Հայաստանի դրօշը պէտք է յաւիտեան ծածանուի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտութիւնը, մեր ազատութիւնն ու ինքնիշխանութիւնը:

Եվ ուրեմն՝ կեցցէ՛ Ազատութիւնը,

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,

Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը,

Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,

Կեցցե՛ն Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը,

Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.