Յայտարարութիւն. Արցախի Հանրապետութեան դէմ 2020թ. աշնանը սանձազերծուած պատերազմի արդիւնքում արձանագրուել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ

Արցախի Հանրապետութեան դեմ 2020թ. աշնանը սանձազերծուած պատերազմի արդիւնքում արձանագրուել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ:

ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի ս.թ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի 5 խմբակցութիւններից 4-ը պահանջել են ԱՀ նախագահ Ա. Յարութիւնեանի հրաժարականը: Չնայած իր պաշտօնից հրաժարուելու պատրաստակամութեանը՝ նախագահ Ա. Յարութիւնեանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվութիւններ, ստեղծուած իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով: Ելնելով առաջիկայում նոր խորհրդարանական և նախագահական ընտրութիւնների անցկացման խնդրահարոյց լինելու հանգամանքից՝ խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնութեան կառավարութիւն ստեղծելու Ա. Յարութիւնյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազօրութիւնները սահմանափակելու և ողջամիտ ժամկէտում արտահերթ ընտրութիւններ կազմակերպելու նախապայմանով:

Հետագայ քննարկումների ընթացքում գործող նախագահը, խախտելով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, սկսել է միանձնեայ ձևաւորել նոր կառավարութիւն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից համախորհուրդ դուրս բերելու բացառիկ հնարաւորութիւնը: Ստեղծուած իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարութեան ձևաւորման գործընթացին մեր մասնակցութիւնը, քանի որ այն իր մէջ չի պարունակում «ազգային համաձայնութեան կառավարութեան» ձևաւորման տեսլականը:

Կառավարութեան ձևաւորման, դրա հետագայ գործունէութեան և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատուութիւնը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Յարութիւնեանը:

Հայ Հեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւն

Արցախի «Արդարութիւն» կուսակցութիւն

29 դեկտեմբերի, 2020թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.