Հայկական իրաւական կենտրոնն Ադրբեջանի կողմից սպանուած հայ ռազմագերիների գործով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում սկսել է իրաւական գործընթաց

Վաշինգտոնում գրանցուած Արդարութեան և մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC), համագործակցաբար ՀՀ-ում գրանցուած Միջազգային և համեմատական իրաւունքի կենտրոնի հետ, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրւում է հայ ռազմագերիների և պատանդառութեան մէջ գտնուող անձանց մահուան համար։ ՄԻԵԴ ներկայացուած փաթեթում նշւում է` թիւով 19 անձինք, ինչպէս իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպէս էլ զինուորականներ, միմեանցից տարբեր 10 միջադէպերի արդիւնքում սպանուել են, երբ գերութեան մէջ են գտնուել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալուած։ Դիմումները ներկայացուել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածուած տեսաձայնագրութիւնների, դատաբժշկական փորձաքննութիւնների անհերքելի ապացոյցներով և փորձագիտական եզրակացութիւններով։

Երկու իրաւապաշտպան կազմակերպութիւնները հաւաքուած նիւթերով փորձում են պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին` ինչպէս Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի, այնպէս էլ միջազգային հումանիտար իրաւունքի համաձայն` գերութեան մէջ գտնուող անձանց կեանքը չպաշտպանելու համար:

«Չկարողանալով պաշտպանել գերութեան մէջ գտնուողների կեանքը և չկարողանալով հետաքննել սպանուած գերիների հարցերը, Ադրբեջանը խայտառակ կերպով խախտում է մարդու իրաւունքներն ու չի կատարում Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտաւորութիւնները։ ՄԻԵԴ-ի և եւրոպական բոլոր յարակից կառոյցների պարտականութիւնն է միանշանակ կարմիր գիծ քաշել և ստիպել Ադրբեջանի բռնապետութեանը պատասխանատուութիւն ստանձնել», – ընդգծում է Հայկական իրաւական կենտրոնի նախագահ Քէն Խաչիկեանը:

Հայկական իրաւական կենտրոնը յանձնառու է սպանուած 19 անձանց դէպքերով հետապնդել արդարութիւն, ինչպէս նաև ապահովել, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակուեն և առանց վնասների հայրենադարձուեն: Այս նպատակով Վաշինգտոնում տեղակայուած հայկական իրաւական կենտրոնը համագործակցում է Երևանում գտնուող Միջազգային և համեմատական իրաւունքի կենտրոնի հետ` առաւել քան 100 հայ ռազմագերիների անունից ՄԻԵԴ-ում գործեր յարուցելւ համար։ Այսպիսով, այս գործընկերութիւնը թոյլ է տալիս անհատական մակարդակով պաշտպանելու Ադրբեջանում գտնուող հայ ռազմագերիների կէսից աւելիին։ Համագործակցող կազմակերպութիւնների ջանքերով վերջերս նորից լրացուցիչ գործեր ներկայացուեց ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի հանդէպ կիրառել միջանկեալ միջոց։ Մշտական աշխատանք է տարւում Ադրբեջանի կողմից պահուող այլ ռազմագերիների վերաբերեալ հետաքննութիւն անցկացնելու և բացայայտումներ անելու ուղղութիւններով, հետամուտ լինելու ինչպէս նրանց ազատութեանը, այնպէս էլ կեանքի իրաւունքին։

Հայկական իրաւական կենտրոնը հրապարակել է այն անձանց անուն-ազգանուններն ու սպանութեան դէպքերը, որոնց առնչութեամբ սկսուել է իրաւական գործընթաց։ Հաշուի առնելով սպանութեան դէպքերի առանձնակի դաժան բնոյթը՝ դրանց վերաբերեալ տեղեկատուութիւնը թարգմանաբար չենք հրապարակում։

Ադրբեջանական վայրագութիւնների արդիւնքում գերութեան մէջ սպանուած մեր հայրենակիցներն են Վահրամ Լալաեանը, Վոլոդիա Աղաբէկեանը, Արսէն Ղարախանեանը, Եուրի Ադամեանը, Բենիկ Յակոբեանը, Մուշեղ Մելքումեանը, Նարէկ Բաբայեանը, Գենադի Պետրոսեանը, Եուրիկ Ասրիեանը, Սարգիս Մանուկեանը, Լուդֆիկ Ավդալեանը, Սենիկ Խուրշուդեանը, Յուսիկ Յովակիմեանը, Կարէն Ներսիսեանը, Հայկ Յարութիւնեանը, Ալբերտ Ստեփանեանը, Գրիշա Գրիգորեանը, Սասուն Պետրոսեանը, Սամուէլ Սմբատովը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

11.08․2021 թ.

Հայկական իրաւական կենտրոնի անգլերէն լեզուով ամբողջական յայտարարութեանը կարող եք ծանօթանալ հետևեալ յղումով

Armenian Legal Center for Justice & Human Rights announces legal action before the European Court for POWs murdered by Azerbaijan

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.