Հայկական «ժողովրդավարութիւն»

Կարծես թէ Հայաստանում թեուածում է հերթական՝ թիւով երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների ուրուականը։ Այդ են վկայում ԲՀԿ-ի կողմից սկսուած կազմակերպչական գործընթացները, մարդ-կուսակցութիւնների հետ վարչապետ կոչեցեալի հանդիպումից յետոյ, չկայացած եւրոռեժիսորի մտավարժանքները։ Կարծում եմ, այդ մասին են վկայում նաեւ որոշ ընդդիմադիր պատգամաւորների մանդատներից հրաժարականները։ Միւս կողմից, իսկապէս առկայ է խորհրդարանական ճգնաժամ, որն ընդամէնը ձեւականօրէն չի գոհացնում վարչապետ կոչեցեալին։ Իհարկէ, նա ԱԺ-ում ունի հպատակ, կոճակ սեղմող մեծամասնութիւն, բայց դէ «ժողովրդավարութիւնը» պահանջում է ունենալ նաեւ ընդդիմութիւն, ցանկալի է՝ «կառուցողական»։

Փորձենք յետհայեացք գցել անցած հարիւրամեակի Հայաստանի բոլոր ընտրութիւններին, մինչ այդ ներկայացնելով, թէ իրականում ինչ է նշանակում ժողովրդավարութիւնը։

Ժողովրդավարութիւնը, որպէս կառավարման ձեւ, համարւում է ամենաառաջադիմականը։ Դասական իմաստով ժողովրդավարութիւնը համարւում է որպէս ժողովրդի կողմից ընտրուած իշխանութիւն։ Ժամանակակից, եւրոպական ժողովրդավարութիւնն էականօրէն տարբերւում է դասականից։ Այն ենթադրում է ոչ միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրութիւններ, այլեւ օրէնքի գերակայութիւն, այն է՝ գործադիր իշխանութիւնից անկախ դատաիրաւական համակարգ, որն էլ, իր հերթին, համապատասխան օրէնսդրութեան դէպքում, ապահովում է մարդու իրաւունքների պաշտպանութիւնը։

Աւելին, առանց, երկրորդ, իսկ իմ համոզմամբ՝ իրականում առաջին բաղադրիչի բացակայութեան պայմաններում, բացառւում է նաեւ ազատ, արդար, թափանցիկ եւ այլն, ընտրութիւնների արդարութիւնը։

Այս տեսակէտից, ինչպիսի՞ն է Հայաստանը՝ օրէնսդրութեամբ վարչապետին կից ԱԱԾ, ոստիկանութիւն, քննչական մարմիններ, դէ ֆակտօ վարչապետին կից դատախազութիւն, ՍԴ, ԲԴԽ, դատաւորների մեծամասնութիւն։ Այս պարագայում խօսել ժողովրդավարութեան մասին՝ առնուազն անհեթեթութիւն է։ Եթէ գործող իշխանութիւնը կիրառելով իր բազմատեսակ եւ բազմաթիւ ընտրախախտումները՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք, ահաբեկումներ, զինուած ուժերի բազմատեղամասային, ուղղորդուած քուէարկութիւններ, կեղծ անձնագրեր եւ այլեւայլ խախտումներ, ո՞վ կամ պետական ո՞ր կառոյցը պէտք է արձագանգի, բռնի կեղծարարի ձեռքը։ Կարծում եմ՝ պատասխանն ու հետեւութիւններն ակնյայտ են։

Այժմ մի պահ «մոռանանք» Հայաստանը դիտարկել՝ որպէս իրաւական պետութիւն, այլ դիտարկենք 1918թ. սկսած Հայաստանում կայացած բոլոր ընտրութիւնները եւ դրանց արդիւնքները։

1918թ. Հայաստանի Առաջին անկախ Հանրապետութեան խորհրդարանը բազմակուսակցական էր։ Այն կազմաւորուել էր ոչ թէ ընտրութիւնների արդիւնքում, այլ միջկուսակցական համաձայնութիւնների։ 1919թ. Հայաստանի ողջ պատմութեան ընթացքում անցկացուեցին առաջին խորհրդարանական ընտրութիւնները։ Ի դէպ, ընտրական օրէնքը շատ առաջադիմական էր։ Այն հնարաւորութիւն էր ընձեռում ընտրութիւններին մասնակցել կանանց, փախստականներին, այն դէպքում, երբ եւրոպական շատ երկրներում այդ նորմերը չէին գործում։

Եւ ի՞նչ… Քանի որ պետական ողջ լծակները գտնւում էին ՀՅԴ-ի ձեռքին, ընտրութիւնները տուեցին «ցանկալի» արդիւնք՝ 80 պատգամաւորական մանդատներից 72-ը բաժին հասան ՀՅԴ-ին։

Ընտրութիւններ կոչուածն անցել է մթերակաշառքով, երկրապահների, ներեցէք՝ մաուզերիստների կողմից ահաբեկումներով։

Թէ ինչպիսին էին Խորհրդային Հայաստանի Գերագոյն Խորհրդի ընտրութիւնները, կարծում եմ, չարժէ անդրադառնալ։ Այդ ընտրութիւնները, որոնց արդիւնքում ձեւաւորւում էին ԳԽ կուսակցականների եւ անկուսակցականների անխախտ դաշինքներ, տեւեց մինչեւ 1988թ.։

1988թ. սկսուած արցախեան համաժողովրդական շարժումը Հայաստանում ստեղծեց երկիշխանութիւն, եւ ԳԽ թափուր տեղերում, ժողովրդի հուժկու ճնշման տակ պատգամաւորներ ընտրուեցին Աշոտ Մանուչարեանը, Ռաֆայէլ Ղազարեանը, Լեւոն Տէր-Պետրոսեանը եւ Խաչիկ Ստամբոլցեանը։

Արդէն 1990թ. հերթական ԳԽ ընտրութիւններն էին։ Իշխանութիւնը դէ իւրէ դեռեւս գտնւում էր ՀԿԿ-ի ձեռքին։ Չխօսենք այդ ընտրութիւնների օրինականութեան մասին։ Այն ժամանակուայ ԿԸՀ փոխնախագահ, հանգուցեալ Ջեմմա Հասրաթեանը պատմում էր ահաւոր ճնշումների եւ խախտումների մասին։ Ինչեւէ, ընտրութիւնների արդիւնքում մեծամասնութիւն ստացաւ ՀԿԿ-ն։

Այսինքն, դէ իւրէ ընտրութիւնների արդիւնքում յաղթեց ՀԿԿ-ն։ Բայց քանի որ առկայ է համաժողովրդական ահռելի ճնշում, այն ժամանակուայ դասական ՀԿԿ-ական գործիչները, ինչպիսին էր Վիգէն Խաչատրեանը, ժամանակին կողմնորոշուեցին, եւ Հայաստանում առաջին անգամ ընտրութիւններով, շեշտեմ՝ ոչ ընտրութիւնների արդիւնքներով, կատարուեց իշխանափոխութիւն։

Արդէն 1995թ. յուլիսի 5-ին վերջնականապէս ոչնչացուեց ընտրութիւններ եւ հանրաքուէ կոչուող միջոցառումների իմաստը։ Էլ լցոնումներ, էլ քուէատուփերի առեւանգումներ, էլ երկրապահների կողմից ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, էլ արձանագրութիւնների կեղծումներ, էլ որն ասեմ, էլ որը։

Եւ այս ազգային, գեղեցիկ աւանդոյթը շարունակուեց մինչեւ 2021թ.։

Յիշեցնեմ, որ Հայաստանում երկու անգամ՝ 1998 եւ 2018 թթ., տեղի է ունեցել իշխանափոխութիւն, առաջին անգամ՝ ներքին յեղաշրջման, երկրորդ անգամ՝ արտաքին, բառի լայն իմաստով, արդիւնքում։

Այսպիսով եւ պատմական փորձը, եւ մեր, ինչպէս ասում են՝ մենթալիտետը, որեւէ, նոյնիսկ չնչին յոյսեր չեն տալիս ընտրութիւններով իշխանափոխութիւն իրականացնելու համար։ Եթէ այս բոլորին աւելացնենք, որ նոյնիսկ 2020թ. խայտառակ պարտութիւնից, հայրենիքի կորստից յետոյ, 2021թ. «ընտրութիւնների» միջոցով իշխանափոխութիւն տեղի չունեցաւ, ամէն ինչ ընկնում է իր տեղը։

Արդ, եթէ իսկապէս վարչապետ կոչեցեալը գնում է հերթական արտահերթ «ընտրութիւնների», ի՞նչ սպասել արդիւնքներից։ Նախ, ի տարբերութիւն Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարների, այսօրուանը չունի որեւէ «կարմիր գիծ», նա պատրաստ է ամէն ինչ զոհաբերելու, այդ թւում՝ հայրենիքը, յանուն անձնական իշխանութեան։ Եւ միթէ՞ պարզ չի, որ եթէ նա 100%-ով համոզուած չլինի, որ մնալու է իշխանութեան ղեկին, ոչ մի դէպքում չի գնայ արտահերթի, ինչպէս 2021թ.։ Եւ որքան էլ Հայաստանում անցկացուեն սոցիոլոգիական ամենաճշգրիտ հարցումներ, որոնց արդիւնքում, դիցուք, վարչապետ կոչեցեալի վարկանիշը 0-ական է, այն ոչինչ չի նշանակի, եւ «ընտրութիւնների» արդիւնքում նա կը ստանայ աւելի քան 60%-անոց արդիւնք։

Ուստի, սպասուելիք «ընտրութիւնների» արդիւնքում, կ’ունենանք նոյն, գուցէ աւելի մեծ տոկոսով վարչապետական կոճակներ, գումարած ԲՀԿ եւ մարդ-կուսակցութիւններից կազմուած երրորդ՝ «Մուտք» խմբակցութիւն։ Ի դէպ, երկու ապագայ «ընդդիմադիր» խմբակցութիւնների ցուցակները կը կազմի անձամբ վարչապետ կոչեցեալը։ ԲՀԿ-ին թոյլ կը տրուի կիրառել բոլոր ֆինանսա-«կազմակերպչական» լծակները, իսկ «Մուտքը» կը ներմուծուի, վարչապետ կոչեցեալի հրահանգով, ինչպէս 2018թ. «Լուսաւոր Հայաստանը», դրանցով իսկ երկուսին էլ կը պահի «վզներին դրած» վիճակում։ «Ընտրութիւններում» «անաչառ» դիտորդութիւն կիրականացնեն քաղհասարակութեան ներկայացուցիչները՝ դրանք համարելով «ազատ, թափանցիկ, ժողովրդավարական։ Չէ՞ որ նրանք Արցախի եւ «Զանգեզուրի միջանցքի» յանձնման կողմնակիցներ են։ Բնականաբար, «ընդդիմադիր» գործիչները ժամանակ առ ժամանակ պրոֆիլակտիկ ծեծեր կ’ուտեն, երբեմն կը դիմեն գրպանային ՍԴ, չէ՞ որ պէտք է ապահովել ժողովրդավարական շղարշը։

Իսկ ի՞նչ են մտածում իսկապէս ընդդիմադիր գործիչները։ Միթէ՞ նորից մտածում էք, թէ «կրելու էք»։ Եթէ, ինչպէս 2021թ. նորից մասնակցէք վարչապետ կոչեցեալի կազմակերպած «ընտրութիւններ» միջոցառմանը, ապա դուք նոյնպէս պատասխանատու կը լինէք ինչպէս «Զանգեզուրի միջանցքի», այնպէս էլ հետագայ կորուստների համար։ Սակայն, կարծում եմ, ինչպէս նախկինում, այս անգամ էլ բոլոր քաղաքական ուժերը կը մասնակցեն սպասուելիք ֆարսին, բերելով հետեւեալ «փաստարկները»․ «է, եթէ չմասնակցենք, մէկ է, միւսները կը մասնակցեն, բա թողնենք նրա՞նց, դառնալով պատգամաւոր՝ լրացուցիչ լծակ կ’ունենանք, եւ այլն»։

Աւետիք Իշխանեան

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.