«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Յարգելի հայրենակիցներ,

Մենք ուշադրութեամբ ու անհանգստութեամբ հետևում ենք Հայաստանի հարաւ-արևելեան սահմաններից ստացուող տեղեկութիւններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ: Տեղեկութիւններ կան, որ թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել հարաւ-արևելեան սահմանի ուղղութեամբ, եղել է փոխհրաձգութիւն: Յստակ չէ ՊՆ-ի հաղորդագրութիւնը, թէ իրականում ինչ պատկեր ունենք այդ հատուածում:

ՀՀ ապիկար իշխանութիւնների կցկտուր և ոչ օպերատիւ արձագանքը միջադէպերի վերաբերեալ ստիպում է ՀՀ քաղաքացիներին օգտուել թշնամու տեղեկատուական աղբիւրներից: Ըստ այդմ՝ պահանջում ենք, որպէսզի համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիւ տեղեկատուութիւն տրամադրեն և պատասխանեն մի շարք հարցերի:

Մասնաւորապէս, անդրադառնան այն հարցին, թէ ինչպիսի՞ն է օպերատիւ իրավիճակը նշեալ հատուածում: Նաև պատասխանեն, թէ ինչպէ՞ս եղաւ, որ թշնամին Սիւնիքի մարզի Ճակատեն համայնքի հատուածում անարգել յենակէտ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Կայ՞ արդեօք գործողութիւնների ծրագիր, որպէսզի այդ հատուածում ևս չյայտնուեն ադրբեջանական մաքսային անցակէտեր և մեր մի քանի համայնքներ փաստացի չյայտնուեն շրջափակման մէջ՝ կտրուելով ռազմավարական նշանակութեան ճանապարհից:

«Խաղաղութեան դարաշրջանի» մասին խօսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանութեանը սպառնացողն ինչո՞ւ բացատրութիւններ չի տալիս ստեղծուած իրավիճակի վերաբերեալ: Սպասում է, որպէսզի մեզ համար անցանկալի գործընթացներ տեղի ունենան, փաստի առաջ կանգնենք ու դրանից յետոյ միայն հանդէս գայ հերթական դեմագոգիկ բացատրութեա՞մբ:

Ադրբեջանցիների վարքագիծը ցոյց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանութիւնների յանցաւոր անգործութեան կամ յանցաւոր համաձայնութեան պայմաններում:

«Հայաստան» դաշինք

Leave a Comment

You must be logged in to post a comment.