Խաղաղութեան դարաշրջա՞ն, թէ՞ խաղաղ յանձնում

ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ` հոկտեմբերի 15-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերահաստատել է իր կողմից մի քանի անգամ հնչեցուած այն միտքը, որ ՀՀ կառավարութիւնը նպատակ է դրել բացելու «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան»: Խօսելով Ադրբեջանի սադրիչ գործողութիւնների, սահմանին անընդհատ տեղի ունեցող միջադէպերի, մինչ օրս Պաքուում պահուող հայ գերիների և այլ խնդիրների մասին՝ Փաշինեանն այնուամենայնիւ նշել է. «Մենք վճռական ենք և կ’անենք հնարաւորը՝ մեր տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան հասնելու համար»։ Նա նոյնիսկ ասել է, որ ՀՀ իշխանութիւնները պատկերացում ունեն, թէ ինչպէս պէտք է հասնել այդ նպատակին. «Երկխօսութիւնը, մեր տարածաշրջանում գոյութիւն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական յաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցութիւնների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին»: Արժանահաւատ թուալու համար նա զարգացրեց միտքը և խոստացաւ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ երկաթգծային և աւտոմոբիլային կապ կը ստանայ

«Դրօշակ»-ի նախորդ համարում խոստացել էինք անդրադառնալ ՀՀ կառավարութեան որդեգրած այդ քաղաքականութեանը` փորձելով հասկանալ, թէ նման նպատակադրումների համար գաղափարական և ծրագրային ինչ հիմքեր կան։ Եւ ամենակարևոր հարցը՝ Հայաստանը տարածաշրջանի «խաղաղ զարգացման դարաշրջան» սկսելու ներուժ ունի՞, թէ՞ ոչ։

Իհարկէ, խաղաղութիւնն արժէք է, որին պէտք է ձգտել և ամէն կերպ փորձել ապահովել այն։ Բոլոր ժամանակներում աշխարհի բոլոր ժողովուրդները խաղաղութիւն են ցանկացել, և սա մարդու բնական պահանջն է։ Բայց նոյն պատմութիւնը սովորեցրել է, որ խաղաղութիւնը հէնց այնպէս չի լինում։ Դրա համար պէտք է աշխատանք տանել, պայքարել, միջոցներ ներդնել, ճիշտ հասկանալ երկրի ու ժողովրդի գոյատևման միջավայրը, դրանից բխող սպառնալիքները, ընձեռած հնարաւորութիւնները և այլն, և այլն։ «Խաղաղութի՞ւն ես ուզում՝ պատրաստուի՛ր պատերազմի»։ Վերջիվերջոյ, ահա այս մտքին է հասել մարդկութիւնը՝ լաւ հասկանալով, որ խաղաղ ապրում են միայն այն պետութիւնները, որոնց թշնամիները նրանց վրայ յարձակուելու ոչ մի հնարաւորութիւն պարզապէս չունեն։

Արդեօք այդ վիճակո՞ւմ է այսօրուայ Հայաստանը։ Իհարկէ՝ ոչ։ Ցաւօք, անցած մէկ տարուայ զարգացումները ցոյց տուեցին, որ հայկական պետութիւնն ի վիճակի չէ անգամ իր միջազգայնօրէն ճանաչուած տարածքները պաշտպանելու։ Այդ խնդիրը լուծելու համար մենք դիմում ենք դաշնակից երկրներին, ապաւինում Իրան-Ադրբեջան հակամարտութեան` մեզ ձեռնտու հանգուցալուծմանը, միջազգային դիտորդներ հրաւիրում և այլն։ Ինչպէ՞ս կարելի է այս իրավիճակում մտածել խաղաղութեան մասին։ Ինչպիսի՞ խաղաղութեան մասին մտածել։ Եւ ամենակարևորը՝ ինչի՞ հաշուին պէտք է լինի այդ խաղաղութիւնը։
Փորձենք այս հարցին աւելի համակարգուած անդրադառնալ։ Խաղաղութիւն առաջին հերթին նշանակում է անվտանգութիւն։ Խաղաղ ապրելու համար պետութեան սահմաններին և նրա բնակչութեանը պէտք է ոչինչ չսպառնայ։ Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթէ ասեմ, որ այսօր դա այդպէս չէ։ Ադրբեջանի զինուած ուժերը շարունակում են խախտել զինադադարի պայմանները, զօրքը տեղաշարժում են դէպի Հայաստանի ու Արցախի խորքերը, կրակում մեր զինուորների վրայ, գերեվարում նրանց և այլն։ Հիմա կարևոր մի հարց. պատերազմի աւարտից ուղիղ մէկ տարի է անցել, ի՞նչ են արել հայկական երկու պետութիւնների ռազմաքաղաքական իշխանութիւնները սահմանների անձեռնմխելիութիւնն ապահովելու համար։ Ոչինչ։ Նրանք ոչինչ չեն արել։ Անգամ խրամատներ չեն փորել պատերազմից յետոյ ձևաւորուած նոր սահմաններում, եղածներն էլ շատ դէպքերում անտերութեան են մատնել։ Եւ ուրեմն խաղաղութեան կարևոր բաղադրիչը՝ սահմանների անվտանգութիւնը, չկայ։

Անցնենք առաջ։ Արցախեան վերջին պատերազմում հայոց բանակը լուրջ կորուստներ է ունեցել։ Մենք կորցրել ենք հազարաւոր զինուորներ, հրամանատարներ, բնագծեր, ռազմական տեխնիկա և այլն։

Նորից եմ կրկնում` պատերազմի աւարտից ուղիղ մէկ տարի է անցել։ Ո՞ւր է համալրումը։ Ո՞ւր է բանակի վերազինումը։ Կայ՞ արդեօք մշակուած նոր ռազմավարութիւն մեր զինուած ուժերի համար։ Չկայ։

Այդ ամէնն էլ չկայ։ Փոխարէնը ՀՀ իշխանութիւններն այդ ժամանակն օգտագործել են բանակը վերջնականապէս իրենց կամքին ենթարկելու համար։ Աւելին` հետպատերազմեան շրջանում հայկական զինուած ուժերում շարունակուել են այն բոլոր կործանարար գործողութիւնները, որոնք 2018-2020 թթ. դարձել են Արցախի պաշտպանութեան բանակի մարտունակութեան թուլացման պատճառ։ Այսպէս` 2021 թ. յուլիսին փաստացի գլխատուեց ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ երրորդ բանակային կորպուսը. հրամանատարի պաշտօնից ազատուեց ոչ միայն գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, այլև մի շարք այլ զինուորականներ։

Շատ վատ վիճակում է նաև մեր սահմանների աշխարհագրութիւնը։ Ոգևորուելով պատերազմում տարած յաղթանակով՝ հետպատերազմեան շրջանում մեր թշնամիները կարևոր բարձունքներ են գրաւել Հայաստանի սահմանների երկայնքով։ Դրա հետևանքով լրջագոյն սպառնալիքներ են առաջացել Սիւնիքի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։ Նշուած բոլոր շրջաններում ադրբեջանցիներն ուղիղ նշանառութեան տակ են առել ոչ միայն մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող ճանապարհները, այլև բազում ենթակառուցուածքներ, որոնք կարևոր նշանակութիւն ունեն թէ՛ անվտանգութեան ապահովման և թէ՛ ժողովրդի բնականոն գործունէութեան ու զարգացման համար։ Իսկ Արցախում ստեղծուած իրավիճակի մասին խօսելն աւելորդ է։ Այնտեղ ամէն ինչ շատ աւելի վատ է։ Մինչդեռ մենք պէտք է հաշուի առնենք, որ սահմանների անվտանգութիւնը անվտանգութեան համակարգի ընդամէնը մէկ բաղադրիչն է։ Ես հիմա խնդիր չեմ դնում խօսելու անվտանգութեան, հետևաբար նաև խաղաղութեան ներքին միւս բաղադրիչների՝ տնտեսութեան, դիւանագիտութեան, հանրային համերաշխութեան, քաղաքական կայունութեան, առողջապահութեան և այլ հարցերի մասին։ Վստահ եմ՝ ընթերցողը քաջ տեղեակ է, թէ ինչ խնդիրներ ունենք մենք այս ոլորտներում։ Հարցը շարունակում է նոյնը մնալ՝ ինչպէ՞ս է ՀՀ կառավարութիւնը փորձում խաղաղութիւն բերել տարածաշրջանին։

Ինչպէս տեսնում ենք, Հայաստանն այսօր ոչ միայն դրա ներքին ներուժը չունի, այլև չի փորձում կուտակել դրա համար անհրաժեշտ ներքին կայունութեան և կանխատեսելիութեան պաշարներ։

Նկատենք` ես դեռ փորձում եմ խուսափել Նիկոլ Փաշինեանին ու նրա կառավարութեանը պոպուլիզմի հերթական մեղադրանքն առաջադրելուց՝ անկեղծ փորձելով հասկանալ, թէ ինչպէս են նրանք պատկերացնում իրենց առջև դրուած նպատակի իրականացումը։ Որովհետև այն լուծումները, որոնք ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստին առաջարկել է Փաշինեանը, այն է՝ երկխօսութիւնը, թշնամանքի մթնոլորտի յաղթահարումը և Ադրբեջանին ՀՀ տարածքով դէպի Նախիջևան ճանապարհ տրամադրելը, իրատեսական չեն և աւելի շատ կենացներ են յիշեցնում։ Ամենայնդէպս, առաջին երկու կէտերը միանշանակօրէն այդպիսին են, իսկ երրորդը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կոմունիկացիաների սպասարկումը՝ թշնամու պարտադրանք։ Ընդ որում, Ադրբեջանի իշխանութիւնները չեն էլ սպասում, թէ երբ Հայաստանը կը բացի այդ ճանապարհները։ Նրանք արդէն ներդրողներ են փնտրում, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» համար՝ զուգահեռաբար սպառնալով Հայաստանին ուժով բացել այդ ճանապարհը, եթէ յանկարծ հայկական կողմը որևէ խնդիր ստեղծի այդ հարցում։ Այսինքն` Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական խնդիրն այս պահին ոչ թէ Հայաստանի համաձայնութիւնը, այլ ներդրումների հարցն է։

Ինչևէ, շարունակենք «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան» սկսելու համար անհրաժեշտ ռեսուրսների փնտրտուքը։ Գուցէ Նիկոլ Փաշինեանի յոյսը ոչ թէ Հայաստանի, այլ տարածաշրջանային տերութիւնների կարողութիւննե՞րն են։ Օրինակ` Ռուսաստանի ցանկութիւնը, որ տարածաշրջանում ոչ ոք ոչ մէկի դէմ չպատերազմի, համագործակցեն, կոմունիկացիաներ ու տնտեսական կապեր ստեղծեն և բոլոր խնդրայարոյց հարցերը Մոսկուայում լուծեն, կամ Իրանի Իսլամական Հանրապետութեան պահանջը, որ տարածաշրջանի պետութիւնների միջազգայնօրէն ճանաչուած սահմանները որևէ փոփոխութեան չենթարկուեն։ Ինչի՞ վրայ է յոյս դրել Նիկոլ Փաշինեանը՝ «կիրթ» Ալիևի վարքագծի փոփոխմա՞ն։ Յիշենք սովետական այն յայտնի մուլտֆիլմը, երբ փոստատարն ասում է, թէ ինքը չար էր, որովհետև նախկինում հեծանիւ չունէր, իսկ հիմա ունի։ Մի՞թէ Փաշինեանը կարծում է, որ Ալիևը հիմա, երբ գրեթէ ամբողջութեամբ զաւթել է Արցախը, յանկարծ կը բարիանայ։ Լո՞ւրջ։

Գիտէ՞ք, հեգնելու ցանկութիւն ամենևին չունեմ, բայց որևէ կերպ չեմ կարողանում դուրս գալ այդ հոգեվիճակից։ Տարածաշրջանն այսօր եռում է։ Անցած մի քանի ամիսների ընթացքում մենք մշտապէս եղել ենք տարբեր պետութիւնների՝ մեր տարածքում այս կամ այն խնդիրը լուծելու հնարաւորութեան համար մղուող պայքարի վկան։ Սիւնիքի մարզը դարձել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի մրցակցութեան ասպարէզ։ Ընդ որում, բոլոր չորս երկրներն էլ իրենց ծրագրերում չեն բացառում Սիւնիքը նուաճելու սցենարը։ Աւելին, ըստ իրանական աղբիւրների տեղեկութիւնների, թուրք-ադրբեջանական դաշինքը ծրագրում էր հոկտեմբերի սկզբին անսպասելի յարձակմամբ գրաւել Սիւնիքը և վերջապէս իրականացնել երկու թուրքական պետութիւնների միջև ցամաքային կապի՝ իր այդքան փայփայած երազանքը։ Պաքուի ու Անկարայի հէնց այդ արկածախնդրութիւնը կանխելու համար է իրանական կողմը հոկտեմբերի 1-ին լայնածաւալ զօրավարժութիւն սկսել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ ցոյց տալու համար, որ դէպի Հայաստան թուրքական ինտերվենցիայի պարագայում իրենք անմասն չեն մնայ այդ պատերազմից և ամէն ինչ կ’անեն, որ Սիւնիքը ոչ թէ Ադրբեջանի կամ Թուրքիայի վերահսկողութեան տակ յայտնուի, այլ հէնց Իրանի։

Պակաս լարուած չեն նաև ռուս-թուրքական և ռուս-իրանական յարաբերութիւնները։ Ակնյայտ է, որ արցախեան վերջին պատերազմից առաջ բոլոր այս կողմերի միջև որոշակի պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել, որոնք չեն պահպանուել։ Այդ են յուշում նաև հոկտեմբերի 6-ին Մոսկուա այցելած Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի յայտարարութիւններն ու գնահատականները։

Ադրբեջանական կողմը, ոգևորուելով պատերազմում տարած իր յաղթանակով, փորձում է աւելին ձեռք բերել, քան թոյլատրուած է նրան։ Որպէս արդիւնք` բոլոր յիշատակուած երկրները միմեանց հետ յարաբերութիւններ են ճշտում, պայմանաւորուածութիւններ ձեռք բերում, խախտում դրանք և այլն, ու այդ բոլորը` հայկական պետութիւնների կենսական շահերի, այդ թւում` տարածքների հաշուին։

Նկատենք նաև, որ Հայաստանը դուրս է բոլոր այդ քննարկումներից։ Որևէ մէկը որևէ հարցով Նիկոլ Փաշինեանի կարծիքը չի հարցնում։ Եւ ուրեմն ինչպէ՞ս կարող է Հայաստանի ղեկավարն այս պայմաններում խօսել տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան սկսելու մասին։

Մնում է, թերևս, վերջին տարբերակը` ոչ թէ խաղաղութեան դարաշրջան, այլ հայկական պետութիւնների կենսական շահերի խաղաղ յանձնում թշնամուն։ Եւ սա, ցաւօք, կեանքի կոչուող ամենաիրական սցենարն է։ Այս տողերը գրելիս նոր տեղեկատուութիւն ստացուեց, որ ՀՀ իշխանութիւնները Կապանի Փելա սարը յանձնում են Ադրբեջանին։ Այդ մասին սկզբում ահազանգեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը, իսկ աւելի ուշ հաստատեց նաև «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։ Նշւում է, որ յանձնման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների գծման և զատման շուրջ կողմերի միջև գաղտնի ձեռք բերուած պայմանաւորուածութեան հետևանք է։ Իսկ ամենացաւալին այն է, որ Հայաստանում դա արդէն ոչ ոքի չի զարմացնում, էլ չասեմ՝ զայրացնում։

2021 թ. մայիսի 28-ին՝ Անկախութեան տօնի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։ Այդպէս նա արդարացրեց այն փաստը, որ թշնամին Սիւնիքի մարզում անխոչընդոտ հատել է ՀՀ միջազգայնօրէն ճանաչուած սահմանը և գրաւել Գորիսի նկատմամբ ռազմավարական բարձունք հանդիսացող` Սև լճին յարող տարածքները։ ՀՀ ղեկավարը չէր կարող չգիտակցել, որ յիշատակուած հատուածը զուտ քառակուսի մետրեր չեն, որտեղ հաստատուել է ադրբեջանական զօրքը։ Դա թշնամու համար Սիւնիքի նկատմամբ ստրատեգիական վերահսկողութիւն սահմանելու անհրաժեշտ բարձունք է։ Ի դէպ, նոյն նպատակն են հետապնդում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած թշնամիները։ Այդ կողմից էլ Ադրբեջանի հիմնական թիրախը Սիւնիքը ՀՀ մնացած շրջանների հետ կապող Վարդենեաց (Սելիմի) լեռնանցքն է, որն այս պահին դէպի Սիւնիք տանող միակ ճանապարհն է, որը դեռեւս չի դիտարկւում և ինչ-որ առումով վերահսկւում Ադրբեջանի կողմից։

Պատերազմ պէտք էր սկսել ոչ թէ «Սև լճի 30 տոկոսի», այլ Սիւնիքի անվտանգութեան ու Հայաստանի գոյութեան համար։ Բայց՝ ոչ, Փաշինեանը որոշել է խաղաղութեան դարաշրջան սկսել և, ինչպէս արդէն նշել եմ, խաղաղ ամէն ինչ յանձնում է թշնամուն։

Հասկանալի է, որ այդպիսի «խաղաղութիւնը» աւելի վտանգաւոր է, քան ցանկացած պատերազմ։ Ես իհարկէ չեմ վիճարկում խաղաղութեան անհրաժեշտութիւնը մեր պետութիւնների և ժողովրդի համար։ Բայց խաղաղութիւնը երկնային պարգև չէ։ Այն պէտք է կառուցել, վաստակել։ Եւ եթէ Հայաստանն իսկապէս խաղաղութիւն է ցանկանում, ապա պէտք է պատրաստ լինի երկարատև քրտնաջան աշխատանքի։ Այլ տարբերակ պարզապէս չկայ։ Սա ճշմարտութիւն է, որում մենք ինքներս բազմիցս համոզուել ենք մեր իսկ պատմութեան տարբեր ժամանակաշրջաններում։

Հրանտ Մելիք-Շահնազարեան
Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

«Դրօշակ» թիւ 11 (1660), նոյեմբեր 2021 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.