Թուրքիայի համար ստեղծուել է պատմական շանս Հայաստանից ստանալ այն, ինչը չէր ստացւում նախորդ 30 տարիներին, նման ձեռնտու իշխանութիւն Հայաստանում ոչ եղել է և ոչ էլ կը լինի. Ռուբէն Մելքոնեան

44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի բանակցային դիրքը և, ընդհանրապէս, այդ բանակցութիւններց յաջողութեամբ դուրս գալու հեռանկարը, մեղմ ասած, շատ մշուշոտ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով հարցին` ինչու հիմա օրակարգ բերուեց հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցը և որն էր ստեղծուած իրավիճակում այդ հարցի անհրաժեշտութիւնը, ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

«Նախորդ 30 տարուայ ընթացքում այդ հարցը միշտ եղել է մեր պետութեան օրակարգում, բայց մենք երբևէ նման թոյլ ստարտային պայմաններում չենք ունեցել։ Պարտուած երկիրը, որտեղ հասարակութիւնը պառակտուած է, իշխանութիւնները շարունակում են խորացնել այդ պառակտումը, որտեղ պետական կառավարման համակարգից դուրս են գալիս պրոֆեսիոնալները, յատկապէս դիւանագիտութեան ասպարէզում և նման իրավիճակում գնալ Թուրքիայի պէս բարդ երկրի հետ բանակցութիւնների նման թիմով, նման մտածելակերպով, այդ ամէնը իր մէջ պարունակում է լրջագոյն վտանգ։ Հետևաբար սա ոչ թէ Հայաստանի նախաձեռնութիւնն է, այլ Հայաստանին ստիպել են մտնել այդ նախաձեռնութեան մէջ, որովհետև աշխարհի շատ երկրների շահերը այս հարցում համընկնում են։ Այստեղ անհրաժեշտութեան կայ Թուրքիայի, Ադրբեջանի համար, որովհետև ստեղծուել է պատմական հնարաւորութիւն Հայաստանից ստանալ այն, ինչն այս անցնող 30 տարուայ ընթացքում հնարաւոր չի եղել։ Հայաստանը հիմա չունի որևէ ներուժ դիմագրաւել թուրք-ադրբեջանական պահանջներին, իսկ այն, որ այդ պահանջները լինելու են բաւական կարծր և վերաբերուելու են մեզ համար զգայուն թեմաների, կասկած լինել չի կարող»,-ասաց նա

Մելքոնեանը վստահ է` բանակցութիւնները միայն ապաշրջափակմանը չեն վերաբերուելու։

«Սեղանին է դրուելու հայ-թուրքական յարաբերութիւնների խնդիրների գրեթէ ամբողջ արսենալը` սկսած դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց, վերջացրած սահմանները բացելու տեխնիկական հարցերից այլ խնդիրներ։ Թուրքիան կարող է ունենալ բազմաթիւ ստեղծած թակարդներ, այլ նպատակներ, որոնց մասին գուցէ հիմա բարձրաձայն չի նշում, դա թոյլ է տալիս այս իշխանութիւններին պնդել, իբր թէ Թուրքիան նախապայմաններ չի առաջադրում, դա բացայայտ կեղծիք է։ Թուրքիան բացայայտ շարունակում է իր նախապայմանները, որոնց մէջ են Հայոց Ցեղասպանութեան խնդիրը, Արցախի խնդիրը, Հայկական հողային պահանջատիրութեան, Զանգեզուրի միջանցքի խնդիրը և այլն։ Այդ բանակցութիւններին Թուրքիան պատուիրակել է իր ամենապրոֆեսիոնալ դիւանագէտին, որի մասնագիտական ստաժը աւելին է, քան մեր բանագնացի տարիքը։ Թուրք բանագնաց Քըլըչլն համարւում է թուրք ամենայայտնի դիւանագէտներից մէկը և աշխատել է որպէս դեսպան տարբեր տեղերում, բայց յատկապէս պէտք է նշել, որ եղել է դեսպանը Թուրքիայի թիւ մէկ դաշնակից երկրում` ԱՄՆ-ում։ Թուրքիան այդ բանակցութիւններին շատ լուրջ է մօտենում, գնում է գերպատրաստուած և նման պրոֆեսիոնալ դիւանագէտի հետ սեղանի շուրջ նստելու է և Հայաստանի շահերն է իբրև թէ փորձելու պաշտպանել մի անձ, որը չունի որևէ քաղաքական հետագիծ, գիտելիքները, եթէ կան այդպիսիք, շատ սահմանափակ են և նրա մօտեցումները մեր պետական շահի հետ կապուած մեղմ ասած շատ խոցելի են։ Այնպէս, որ կարող ենք ասել խաղը դեռ չսկսած մենք յայտնւում ենք բաւական բարդ իրավիճակում։ Պատկերաւոր ասած` բոքսի մրցապայքարի մէջ են մտնում բազմակի չեմպիոնը և սկսնակ կամ բոքսի հանդէպ որևէ հետաքրքրութիւն չունեցող մի կերպար։ Ենթադրւում է, որ եթէ կայ նախագծուած մեծ պլան, մեր բանագնացը ամենաշատը, որ կարող էր անել, այդ ամէնի տակ ստորագրել է, այլապէս նրան ընկալել որպէս լուրջ բանակցող ծիծաղելի է»։

Հարցին` որը կարող է լինել նման թոյլ բանակցողի ընտրութիւնը ի դէմս Ռուբէն Ռուբինեանի, Մելքոնեանը նշեց.«Երկու պատճառ կարող է լինել ըստ իս։ Առաջինը` այստեղ պէտք է հաւատարմութեան բարձր աստիճան իշխող թիմին և յատկապէս Փաշինեանին, որովհետև ենթադրում եմ, որ այդ  բանակցութիւններում անդրադառնալու են այնպիսի նուրբ թեմաների, որոնց շուրջ ինֆորմացիայի արտահոսք կամ ոչ վստահելի մարդու կողմից այդ ինֆորմացիային տիրապետելը կարող է շատ վտանգաւոր լինել Փաշինեանի համար, ուստի նա իր համար ընտրել է ամենահաւատարիմ անձանցից մէկին։ Երկրորդ պատճառը` ենթադրում եմ, որ որևէ լուրջ, պրոֆեսիոնալ դիւանագէտ չի համաձայնուել ստանձնել այդ պատասխանատուութիւնը և մասնակցել նման սցենարով  բանակցութիւնների, սա աւելի քիչ հաւանական է թւում  և քանի որ այս իշխանութիւնները առաջնորդւում են աւելի շատ ոչ թէ պետութեան, այլ իրենց շահերով, իմ կարծիքով առաջին վարկածը աւելի հաւանական է»։

Մելքոնեանի կարծիքով այս բանակցութիւններում Թուրքիայի իրական նպատակները շարունակում են մնալ նոյնը` Արցախի հարցի վերջնական, իրաւական լուծում, այսինքն ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, Հայոց Ցեղասպանութեան հարցի շուրջ դիրքորոշման փոփոխութիւն, միջազգային ճանաչման հարցի դադարեցում, Թուրքիայի տարածքային ամբողջականութեան ճանաչում կամ պարտադրանք`  ճանաչել Կարսի պայմանագիրը և հրաժարուել հայկական պահանջատիրութիւնից։

«Ստիպելու են, որ Հայաստանը պաշտօնապէս ճանաչի՝ այն տարածքները, որոնք 1920թ-ին բռնութեամբ խլուել են ՀՀ-ից` Սուրմալու, Կարս և այլն, և յայտարարի, որ որևէ պահանջ չունի։ Հիմա էլ Հայաստանը չունի պահանջ, բայց այդ մասին չենք յայտարարել, սակայն Թուրքիան կը ստիպի, որ Հայաստանը յայտարարի դրա մասին։ Միւս պահանջն ապաշրջափակման անուան տակ ադրբեջանաթուրքական կարևոր նպատակի իրականցումն է։ Սիւնիքում ցամաքային միջանցքի ստեղծում, որը հետագայում վերածուելու է Սիւնիքի օկուպացիայի համար ամենակարևոր թուրք-ադրբեջանական պլացդարմի։ Թուրքիան կարող է փորձել ստանալ այլ զիջումներ ևս, որոնք կարող են վերաբերուել տարբեր ոլորտների։ Ինձ թւում է թուրքական մեծ պայմանների սպառնալիքը անպայմանօրէն լինելու է, որովհետև սա Թուրքիայի համար պատմական շանս է  Հայաստանին պարտութեան մատնել դիւանագիտական ասպարէզում, այսպիսի շանս և Թուրքիայի համար ձեռնտու իշխանութիւն այլևս երբեք Հայստանում չի լինի և չի էլ եղել»,- ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

 

www.tert.am/am/news/2021/12/21/melkonyan/3745308

Leave a Comment

You must be logged in to post a comment.