Երկրում ճգնաժամը յաղթահարուած չէ. ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

Այսօր, յուլիսի 6-ին ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչները հանդէս եկան մամուլի ասուլիսով։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագոյն ժողովի ընդունած յայտարարութիւնը։

Ընտրութիւններից յետոյ շարունակւում են համատարած բռնաճնշումները բոլոր այն անձանց հանդէպ, ովքեր չեն քուէարկել այսօրուայ իշխանութեան օգտին․ ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Մեծ ծաւալով շարունակւում են ապօրինի ճնշումներն ընտրուած համայնքների ղեկավարների նկատմամբ․ դրանով փորձ է արւում քանդել նաև ՏԻՄ ինստիտուտը և դա դարձնել նշանակովի, կան արդէն բազմաթիւ ակնյայտ ճնշումներ բոլոր այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր մաս են կազմել «Հայաստան» դաշինքին կամ ունեցել են այլ դիրքորոշում, որը տարբերուել է գործող իշխանութեան դիրքորոշումից»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելեանը նշեց, որ ակնյայտ ճնշումներ են շարունակւում նաև հանրային ծառայողների նկատմամբ։

«Մենք այս բոլորը արձանագրում ենք, հաւաքագրում ենք, տրամադրելու ենք նաև միջազգային կազմակերպութիւններին, և ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մեր համակիրներին և աջակիցների իրաւունքների պաշտպանութիւնը կազմակերպելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Կապ չունի, թէ ո՛ր կուսակցութեան անդամ են, եթէ իշխանութիւնների թելադրանքը չեն կատարել, կանչում են համայնքի ղեկավարներին և պահանջում, որ հարժարական տան․ ասաց ԳՄ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ սրա նպատակը առաջիկայ ՏԻՄ ընտրութիւններից առաջ համայնքի այդ ղեկավարներին մեկուսացնելն է, իրենց փոխարէն նշանակելը ԺՊ-ներ, որոնք լինում են իշխանութիւններին հլու-հնազանդ անկարող մարդիկ, որպէսզի մէկ-երկու ամսից ՏԻՄ ընտրութիւններում արձանագրեն յաղթանակ։

Տարբեր քրէական գործերով, ճնշումներով վախեցնելով՝ փորձում են հասնել գործող համայնքապետերի հրաժարականին։

«Ժողովրդավարութիւնից յաճախ խօսող, ժողովրդի թիկունքում թաքնուած իշխանութիւնը կապ չունի ժողովորդի հետ, այս մարդիկ փորձում են հասնել մէկ անձի դիկտատուրայի, որը թոյլ չենք տալու»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Երկրում ճգնաժամը յաղթահարուած չէ, և այս իշխանութեան իւրաքանչիւր օրը կործանարար է երկրի համար, հետևաբար մենք մեր պայքարը շարունակելու ենք ամբողջ թափով․ ասաց Սաղաթելեանը ։

Նա վստահեցրեց, որ խորհրդարանական այս ընդդիմութիւնը տարբերուելու է մինչ այս եղած բոլոր ընդդիմութիւններից, փողոցը իրենց համար նոյնպէս մնալու է կարևոր, բոլորը տեսնելու են աննահանջ և վճռական պայքար։

«Մենք խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանութիւններին։ Ի դէմս «Հայաստան» դաշինքի ունենալու էք թիմ, որը պայքարելու է իշխանութիւնների դէմ խորհրդարանական ընդդիմութեան գործիքակազմի ողջ ծաւալը օգտագործելով»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Մանդատների բաշխումը ինչպէս կը կատարուի՝ Սաղաթելեանն ասաց կը քննարկեն ՍԴ որոշումից յետոյ։

«Բացառւում է, որ միայն ՀՅԴ-ն մտնի խորհրդարան, որոշումը կը կայացնի «Հայաստան» դաշինքը և որոշումը կը լինի ամբողջական։ Երբեք չի կարող գործընկերներից մէկը առանձին դիրքորոշում ունենալ, որոշումը ընդունուելու է համատեղ և վերջնական որոշումը կ’ընդունենք ՍԴ որոշումից յետոյ։ Դրանից յետոյ մենք կը կայացնենք մեր վերջնական որոշումը։ Այդ որոշումը բխելու է մեր պայքարի յաջողութեան տրամաբանութիւնից։ Եթէ մենք գալիս ենք եզրակացութեան, որ այդ մանդատները վերցնելով՝ մեր պայքարին նոր ուժ ենք տալու, օգտուելու ենք նաև խորհրդարանական պայքարի գործիքներից, որոնք լրացուցիչ լծակ և հնարաւորութիւն են մեր պայքարին ուժ տալու, ընդլայնելու և այս չարիքի կառավարութեան դէմ աւելի լայնամասշտաբ պայքարելու, ուրեմն կը գնանք այդ տարբերակով, կը վերցնենք մանդատները ու մեր պայքարը կը շարունակենք։ Որոշում ընդունելու հիմքում դրուած է լինելու մեր պայքարի յաջողութեան տրամաբանութիւնը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելեանը նշեց, որ խորհրդարան չգնալու քննարկումներ, յատկապէս սկզբնական օրերին, նոյնպէս եղել են, հիմա հակուած են գնալու տարբերակին, բայց իրենց վերջնական որոշումը կը յայտնեն ՍԴ որոշումից յետոյ։

Նա ասաց, որ իրենք չեն կիսում միջազգային կազմակերպութիւնների գնահատականը, որ ընտրութիւններն անցել են առանց զգալի խախտումների, նրանք պարտաւոր էին գնահատական տալ Փաշինեանի մուրճով քարոզարշաւին, ոչ թէ ասէին, որ ատելութեան խօսքը երկկողմանի էր։

«Մեր գանահտմամբ այս ընտրութիւնների արդիւնքները խիստ կասկածելի են և ոչ հաւաստի, դրա համար դիմել ենք ՍԴ»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզչութեան ընթացքում վարչական ռեսուրսներ չի օգտագործել․ շեշտեց ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցների՝ «Հայաստան» դաշինքի հանրահաւաքին մասնակցութեան մասին տեղեկատուութեանը, Սաղաթելեանը հաւաստիացրեց, որ վերջիններս դա արել են ընդմիջման ժամին: «Հանրահաւաքի աւարտից յետոյ աշխատակիցները վերադարձել են աշխատանքի»,- աւելցուց նա:

Ըստ օրէնքի՝ ընդդիմութիւնը պէտք է ունենայ ԱԺ փոխնախագահ, դա սահմանադրական փոփոխութիւններով ամրագրուած պահանջ է․ ասաց Իշխան Սաղաթելեանը պատասխանելով հարցին՝ արդեօ՞ք ընդունելի է որ նա լինի ԱԺ փոխնախագահ «ազգադաւ իշխանութեան» պարագայում։

«Դա օրէնքի պահանջ է, այդ հնարաւորութիւնները ևս պէտք է օգտագործի ընդդիմութիւնը իր պահանջներն առաջ տանելու համար, այդ թւում և 3 յանձնաժողովների նախագահներ ունենալը, որոնք, ըստ օրենքի, բաժին են ընկնելու ընդդիմութեանը։ Դա մենք չենք դիտարկելու ինչ-որ մեկին պաշտոնի բերելու փորձ, այլ ևս մեկ հնարաւորութիւն մեր պայքարին լրացուցիչ ուժ տալու համար։ Դա օրենքով ամրագրուած պահանջ է»,-ընդգծեց Իշխան սաղաթելեանը։

Նա վստահեցրեց՝ ի դէմս «Հայաստան» դաշինքի որևէ համագործակցութեան, կուլիսային պայմանաւորուածութեան այս իշխանութեան և խորհրդարանական խմբակցութեան հետ չեն գնալու, դա պարզապէս բացառում են։

Յունիսի 20-ի ընտրութիւններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումեր, որոնք չեն կարող արտացոլել հասարակութեան տուած վստահութեան քուէների իրական պատկերը․ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծուիկ Մինասեանը։

«Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ իշխող ուժը այդ բոլոր խախտումները յատուկ դիտաւորությամբ կազմակերպելու միջոցով փորձել է իշխանութեան զաւթման գործողութիւն իրականացնել։ Սա ոչ միայն որակական, նաև քաղաքական գնահատումների հարց է և ներկայացուած մեծածաւալ բողոքը ներկայացուած է այս երկու ուղղութիւններով նույնպէս»,-ասաց նա։

Արծուիկ Մինասեանը նշեց, որ Սահմանադրական դատարանից ակնկալում են, որ 15-օրեայ ժամկէտում, որն ունի իր որոշումը կայացնելու համար, կը կարողանայ իր մէջ ուժ գտնել գնահատել ներակայացուած ապացոյցները և կայացնել ճշգրիտ որոշում։

Նա յոյս յայտնեց, որ ՍԴ-ն կը ներգրաւի նաև մի շարք պետական մարմինների, որոնք պարտաւոր էին կանխել խախտումները, բայց քայլեր չեն ձեռնարկել։

Արծուիկ Մինասեան մեջբերեց Քր․ օր․ 143 յօդուածը, որը սահմանում է, որ մարդու իրաւունքների խախտումը՝ կապուած նրա լիազորութիւների հետ, պաշտօնական դիրքն օգտագործելով, քրէական պատասխանատուութիւն է նախատեսում՝ ազատազրկում 2 տարի ժամկէտով և որոշակի պաշտօններից զրկում, հետեւաբար, ընդդիմութեան կարևոր գործերից մէկն էլ յանցագործութիւնների մասին հաղորդումներով հեղեղելն է լինելու։

«Բոլոր այդ գործերի հիմքում քաղաքական հայեացքներով պայմանաւորուած՝ խտրականութեան դրսևորումն է»,-ասաց Արծուիկ Մինասեանը։

Նա խօսեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների հասցէին սպառնալիքների մասին․ ասաց, որ անկախ նրանից՝ այդ կարգի յայտարարութիւններ արում է Նիկոլ Փաշինեանը, թէ այլ պաշտօնատար անձինք, դրանք համարում են քրէական յանցագործութիւններ։

«Ոչ միայն սեփականութեան դէմ ուղղուած, կառավարման դէմ ուղղուած, այլ նաև մարդկանց իրաւահաւասարութունը խախտելուն ուղղուած՝ եթէ կայ փաստ, որը կարող է վկայել, որ սպառնալիքը աշխատողի նկատմամբ իրական է, ինչը տեսնում ենք Արմէն Չարչեանի մասով, սա չի կարող իրաւական պետութեան համար համարուել պատշաճ վարքագիծ։ Հարիւրաւոր քրէական գործեր պէտք է յարուցէին Փաշինեանի, ԱԱԾ-ի, Ոստիկանութեան բազմաթիւ աշխատակիցների նկատմամբ, ովքեր օգտագործելով իրենց լիազորութիւնները՝ հարկադրել են մարդկանց կա՛մ ակտիւ չլինել ընտրութիւններում, կա՛մ քուէարկել իշխող ուժի օգտին»,-ասաց Արծուիկ Մինասեանը։

Ցանկացած դաշնակցականի նպատակը ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտումն է, երբ որ կը հասնենք դրան, նոր մեր պայքարը կը դադարի․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արգիշտի Գէորգեանը պատասխանելով հարցին, թէ մինչև երբ է պայքարելու Դաշնակցութեան երիտասարդական կառոյցը։ «ՀՅԴ երիտասարդական միութիւնը անցնող տարիներին շատ հարցերում եղել է պայքարի առաջնագծում թէ՛ սոցիալական հարցերում, երբ «ահազանգ» նախագծի շրջանակում եկամտահարկի հարթեցման դէմ էինք պայքարում, թէ՛ կրթութեան և գիտութեան ոլորտում տիրող քաոսի և անարդարութիւնների դէմ։ Մեր պայքարի նպատակը այս ամէն ինչից խուսափելն էր, ցաւօք, մեզ չյաջողուեց դա, եկաւ հասաւ օրը ու մեզ պարտադրուեց պատերազմ և Դաշնակցութեան երիտասարդականը նաև պատերազմում էր։ Դրանից յետոյ, այո, նաև Հայրենիքի փրկութեան շարժման, «Հայաստան» դաշինքի շրջանակում ենք պայքարել։ Հիմա ստացուել է այնպէս, որ այս ամէնը չի բաւարարել այս չարիքի իշխանութեանը հեռացնելու համար, և Դաշնակցութեան երիտասարդականի պայքարը չի դադարելու»,-ասաց Արգիշտի Գէորգեանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.