Դաշնակցական երիտասարդներն այցելել են սահմանապահ Արենի և Խաչիկ գիւղեր և գրատախտակներ, ուսումնական սարքեր նուիրել դպրոցներին

ՅԱՍՄԻԿ  ԲԱԼէԵԱՆ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ»  երիտասարդական միութեան անդամներն այցելել են Վայոց ձորի սահմանապահ Արենի եւ Խաչիկ գիւղերի դպրոցներ և գրատախտակներ են նուիրել։ Նուիրատուութիւնն իրականացուել է ի յիշատակ 44-օրեայ պատերազմում զոհուած հարազատ ընկերոջ՝ Կիմ Խաչատրեանին։ Կիմը ծնուել  է և միջնակարգ կրթութիւն էր ստացել Արենի գիւղում։ Նա ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ էր, իսկ պատերազմի օրերին՝ ուսանողական միութեան ջոկատի հրամանատարը:

Նուիրատուութիւնից յետոյ դաշնակցական երիտասարդներն այցելել են Կիմի, ապա՝ Գարեգին Նժդեհի շիրիմներին։

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ»  երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան անդամ Նժդեհ Գարակաւորեանը, որն այս օրերին հայրենիքում է,  «Հորիզոն»-ի Հայաստանի թղթակցի հետ զրոյցում վստահեցրեց՝ այսպիսի ծրագրերը  շարունակական են լինելու։  «Աշակերտ» ծրագրի հիմնական նպատակն ուսունմնական կեանքի բարելաւումն է՝  յատկապէս սահմանամերձ բնակավայրերում։

«Կան Արցախից տեղահանուած բազմաթիւ ընտանիքներ, որոնք Արցախում կորցրել են իրենց տունն ու այժմ աջակցութեան կարիք ունեն։ Մենք փորձում ենք կազմել տեղահանուած ու սոցիալապէս անապահով ընտանիքների ցուցակները, որպէսզի հասկանանք՝ ինչպէս կարող ենք օգնել նրանց։ Ամենայն հաւանականութեամբ՝ առաջիկայում իրականացուելիք ծրագրերի ընթացքում կը կարողանանք այդ ընտանիքներում ապրող աշակերտներին տրամադրել նաև տեխնիկական ուսումնական սարքեր», — պատմեց  Նժդեհ Գարակաւորեանը։

Վերջինս զրոյցի ընթացքում անդրադարձաւ նաև ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ»  երիտասարդական միութեան և Շուէտի երիտասարդական միութեան (ՇԵՄ)  կազմակերպած ճամբարներին։ Դրանք կազմակերպուել են «Երկիր» ծրագրի շրջանակում։

«Սովորաբար կազմակերպում էինք մէկ կամ առաւելագոյնը երկու ճամբար, սակայն այս տարի որոշեցինք չորս ճամբար կազմակերպել՝ ջանալով անել այնպէս, որ հնարաւորինս շատ երեխաների կարողանանք ներգրաւել։ Ճամբարները կազմակերպուել են  օգոստոսի 2-14-ը Արցախում՝ Ասկերանում և Ստեփանակերտում, Սիւնիքում՝ Կապան քաղաքում, Երևանում՝ Նոր-Նորքում։

Մեր ջանքերի  արդիւնքը եղաւ այն, որ կարողացանք 12-16 տարեկան  500 երեխայի նուիրել երկու շաբաթ՝ բաղկացած դաստիարակչական ծրագրերից ու հանգստից։ Այս տարին երեխաների համար շատ ծանր է եղել, նրանք պատերազմ են տեսել։ Այս դժուարութիւնները յաղթահարելու և, ընդհանրապէս,  պատերազմի հետքերը հնարաւորինս  նուազեցնելու ու  երեխաների մէջ պայքարի ոգին ամրացնելու համար մենք իրականացրել ենք դաստիարակչական ծրագրեր, որոնք արդիւնաւէտ են եղել», — նշեց Նժդեհը։

Վերջինս մեր զրոյցի ընթացքում անդրադարձաւ մեր երկրում տիրող ցաւալի իրավիճակին՝ նշելով՝ այս իշխանութիւնը շարունակում է դաւաճանական գործողութիւններ իրականացնել։

«Այս իշխանութիւնը փորձում է մեզ համոզել, թէ պայքարով չկայ  առաջադիմութեան հնարաւորութիւն, բայց այդպէս  չէ։  Մենք հաւատում  ենք, որ մեր  ազգի ու պետութեան  առաջադիմութեան  համար պէտք  է  կառչած մնալ ազգային գաղափարախօսութեանը , Հայ դատի ողնաշարն ամուր պահել,  ոչ թէ  էժան ձևով մոռանալ ամէն ինչ, մեր մտքերից ջնջել մեր տղաների սխրանքներն ու խօսել  թշնամու հետ  կոմունիկացիաների մասին», — ընդգծեց Նժդեհը։

Նա վստահեցրեց՝ սփիւռքն  ամուր կանգնած է հայրենիքի կողքին։ Հայրենիքից հեռու լինելով՝ մեր սփիւռքահայ  քոյրերն  ու եղբայրները անում են հնարաւորինն  ու անհնարը՝ ջանալով մայր հայրենիքը հանել այս խորխորատից։

Խօսելով  Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ի՝ հայրենիքից  հեռու, բայց հայրենիքով ապրող մեր քոյրերին ու եղբայրերի մասին, Նժդեհը պատմեց՝ նրանք  պայքար են մղել նաև պատերազմի օրերին։

«Ֆրանսիայում մեր  ընկերները եղել են մեր պայքարի ոգու գերակայութեան  ջահակիրները։ Մենք մշտապէս հաւատացել ենք, որ մեր մեր ազգն ու բանակը չի յանձնուելու, և մինչև մահ գնալու է դէպի հաղթանակ,  բայց, ցաւօք, պարզուեց, որ շատերը համաձայն չեն այս գաղափարին, մեր Արցախի սուրբ հողը չեն համարում իրենց սրբութիւնը․․․ Այս իշխանութիւնները  փորձում էին ձևացնել, թէ  Արցախը բեռ է և, ցաւօք, կարողացան այդ ձևակերպումն ամրագրել շատերի մտքերում՝ չնայած պարզ ու յստակ է՝ Արցախը 30 տարի  մեր վահանն է եղել։

Մենք պիտի շարունակենք մեր պայքարը ու մարդկանց օգնենք հասկանալ՝ Արցախը մեր վահանն է և մեր երաշխիքն է՝ ուժեղ հայրենիք ունենալու համար, այնպիսի հայրենիք, որի  մասին երազում ենք։ Առանց ուժեղ Արցախի՝ առանց Քարվաճառի, Հադրութի, Շուշիի Հայաստանի ուժեղացման, սոցիալական-տնտեսական բարգաւաճման մասին խօսելը անհիմն է և երևակայելի միայն․․․»։

Մանրամասները՝ տեսանիւթում

ՅԱՍՄԻԿ  ԲԱԼէԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.