«Գեղարդ» Հիմնարկը Կ՛ահազանգէ «Զանգեզուրի Միջանցք» Նախագիծին Ետին Եղող Վտանգներէն

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնարկը յայտարարութեան մը միջոցով անդրադարձաւ «Զանգեզուրի միջանցք»ին շուրջ շարունակուող խօսոյթներուն, որոնք մաս կազմած են հարաւային Կովկաս տարածաշրջանին գծով միջազգային եւ միջպետական յարաբերութիւններուն վերաբերող քննարկումներուն:

Յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.

«Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի բազմաթիւ անհիմն պահանջներից մէկն է: Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողութիւնը սեփական ինքնիշխան  տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջեւանին եւ Թուրքիային:

«Թէեւ նախկինում` բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին Սիւնիքի հարաւով դէպի Նախիջեւան ճանապարհ տալու հարցը պարբերաբար քննարկուել է, սակայն 2020 թուականից յետոյ նախագահ Ալիեւը պահանջում է միջանցք տրամադրել` Հայաստանի կողմից առանց որեւէ հսկողութեան իրաւունքի:

«Ադրբեջանի ղեկավարութիւնը յղում է անում 2020 թուականի Նոյեմբերի 10ի փաստաթղթի 9րդ կէտին` այն մեկնաբանելով սեփական հայեցողութեամբ: Սակայն, պէտք է արձանագրել, որ Բաքուն կոպտօրէն խախտել է այդ փաստաթղթով իր ստանձնած պարտաւորութիւնները:

«Անցած 4 տարիներին միջանցքի պահանջը պարբերաբար առաջին պլան (գիծ) է բերուել, սակայն որոշակի ժամանակահատուածներում Ալիեւի հրապարակային խօսոյթի առանցքային հարցը չի եղել:

«2024 թուականի Օգոստոսին տեղեկատուութիւն տարածուեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ համաձայնութեամբ որոշուել է բուն խաղաղութեան համաձայնագրից հանել տարածաշրջանային հաղորդակցութիւններին վերաբերող յօդուածը: Առաջինն այս մասին յայտարարեց Ադրբեջանի նախագահի` յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը` նշելով․  ‹‹Բանակցային գործընթացին նպաստող գործօններից մէկն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնութեան են եկել մնացած հարցերից ամենավիճայարոյցի շուրջ»: Ադրբեջանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հարցը վերաբերում է տրանսպորտային (փոխադրութեան) երթուղիների կազմակերպմանը, որը պէտք է Ադրբեջանի մնացած տարածքը կապի իր էքսկլաւ (արտագաւառ) Նախիջեւանի հետ:

«Ի պատասխան ադրբեջանական կողմից հնչած այս յայտարարութեան` Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Անի Բադալեանը յայտարարել է. «Փոխադարձ համաձայնութեամբ բուն խաղաղութեան համաձայնագրի նախագծից հանուել է տարածաշրջանային հաղորդակցութիւններին վերաբերող յօդուածը: Պէտք է ընդգծենք, որ դրանց արդիւնաւէտ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղութեան եւ տնտեսական զարգացման` ՀՀ տեսլականի եւ առաջ մղուող օրակարգի կարեւոր մաս: Այն լաւագոյնս արտացոլուել է ՀՀ կառավարութեան կողմից ներկայացուած «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրում` հիմնուելով յայտնի սկզբունքների` ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան յարգման, ինչպէս նաեւ փոխադարձութեան ու հաւասարութեան վրայ»:

«Թւում էր, թէ այս համաձայնութիւնը պէտք է որոշակի առումով թուլացներ հաղորդակցութիւնների ապաշրջափակման թեմայի շուրջ ծաւալուող քննարկումներն ու տեղեկատուական դաշտից դուրս մղէր ‹‹Զանգեզուրի միջանցք››ի մասին Բաքուի ծրագրերը:

«Սակայն, 2025 թուականի Յունուարի սկզբին Ալիեւը կրկին սպառնալիքներով պահանջել է տրամադրել միջանցքը, ինչպէս նաեւ հարցը շօշափել է յունուարի վերջին` տրանսպորտային հարցերին վերաբերող խորհրդակցութեան ընթացքում: Ըստ Ալիեւի`«Զանգեզուրի միջանցք»ն արդէն միջազգային շրջանառութեան մէջ մտած տերմին (եզր) է:

«Հերթական սպառնալից յայտարարութիւններից առաջ Ալիեւն ուժային ցուցադրութիւն էր իրականացրել` Թուրքիայի եւ Ադրբեջանի զինուած ուժերի բարձրաստիճան պաշտօնեաների ու զինուորականների փոխադարձ այցեր, ռազմական բիւջէի մեծացման մասին յայտարարութիւն, տարբեր երկրներից սպառազինութեան ներկրում, Թուրքիայում` Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու, թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների անցկացում:

«Ռուսաստան – Իրան հակասութիւնները

«2024 թուականի Սեպտեմբերին միջանցքի հարցի շուրջ կրկին հակասութիւններ էին դրսեւորուել Ռուսաստանի Դաշնութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ:

«Իրանական կողմն իր մտահոգութիւնն էր արտայայտել այն մասին, որ Մոսկուան Հարաւային Կովկասում, հաղորդակցութիւնների ապաշրջափակման համատեքստում, փորձում է ոտնահարել Թեհրանի շահերն ու վերջինիս կողմից բազմիցս յայտարարուած կարմիր գծերը` կողմ արտայայտուելով Ադրբեջանի նարատիւով (պատումով) դաշտ նետուած ‹‹Զանգեզուրի միջանցք››ի ստեղծմանը: Իրանի բարձրաստիճան մի շարք պաշտօնեաներ պարզաբանումներ էին պահանջել ռուսական կողմից` իրենց դժգոհութիւնն արտայայտելով պաշտօնական Մոսկուայից հնչող յայտարարութիւնների վերաբերեալ: Այսպէս` Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Ֆադահոսէյն Մալեքին իրանական Tasnim գործակալութեանը տուած հարցազրոյցում ասել էր, որ Իրանն ակնկալում է, թէ Մոսկուան կը խուսափի Թեհրանի հետ յարաբերութիւններում պարադոքսալ (յարակարծական) պահուածքից: Նա յաւելել էր, որ Իրանի դիւանագիտութիւնը խստօրէն կը պատասխանի ‹‹Զանգեզուրի միջանցք››ին աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին` ընդգծելով, որ Թեհրանի ազգային շահերը նրա կարմիր գիծն են, որը չի կարելի անցնել որեւէ սպառնալիքով: Մալեքին, ‹‹Քննադատելով Ռուսաստանի երկակի ստանդարտները (չափանիշները) տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ եւ ‹Զանգեզուրի միջանցք››ի ստեղծմանն ուղղուած նրա մղումը, այն անուանել էր «Դանակի հարուած թիկունքից»:

«Իրանական կողմից հնչող յայտարարութիւններն անմիջական կապ ունեն 2024 թուականի Օգոստոսի 18-19ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու կատարած այցի հետ: Թեհրանի այդ մտահոգութիւնները փաստում են, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում անհանգստացնող յայտարարութիւններ են հնչել ինչպէս Թեհրանի, այնպէս էլ` Երեւանի համար: ‹‹Միջանցք››ի թեմայի շուրջ ԶԼՄներում են յայտնուել նաեւ տարբեր փորձագէտների եւ վերլուծաբանների հեղինակած նիւթեր: Ամենայատկանշականը թերեւս կարող է լինել ՀՀում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի յայտարարութիւնն այն մասին, որ՝ ‹‹Զանգեզուրի միջանցք»ի հետ կապուած բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականութիւն չեն դառնայ»:

«Իրանի կողմից արտայայտուող այս մտահոգութիւններին օրեր անց արձագանգել են ռուսական կողմից: ՌԴ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրոյցի ընթացքում անդրադառնալով Թեհրանից հնչող անհանգստութիւններին եւ մտահոգութիւններին, նշել է․ «Ռուսաստանն Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումներն` այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»ի թեմայի վերաբերեալ»: Այնուհետեւ ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սերգէյ Շոյգուն, անդրադառնալով իրանական կողմի մտահոգութիւններին, Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը պարզաբանել է, որ «Ռուսաստանը հաւատարիմ է Զանգեզուրի վերաբերեալ Թեհրանի եւ Մոսկուայի միջեւ ձեռք բերուած նախկին պայմանաւորուածութիւններին, եւ Մոսկուայի քաղաքականութիւնն այս հարցում բացարձակապէս չի փոխուել»:

«Ո՞վ է կիրառում «Զանգեզուրի Միջանցք» եզրոյթը

«Ալիեւի պնդումը, թէ «Զանգեզուրի միջանցք» տերմինը մտել է միջազգային շրջանառութեան մէջ, Բաքուից բացի, վերաբերում է Անկարային եւ թիւրքական որոշ երկրներին: Տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային շահագրգիռ պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները եւս չեն կիրառում այդ տերմինը: Բացառութիւն էր 2024 թուականի Հոկտեմբերին ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովի կողմից այդ տերմինի կիրառումը, որը լուրջ դժգոհութիւն էր առաջացրել նաեւ Իրանում: Օրեր անց` ՌԴ ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան յայտարարել էր, որ Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրոյթը: Սա, ի հարկէ, չի բացառում, որ հրապարակային յայտարարութիւններից զատ այլ պայմանաւորուածութիւններ եւս կարող են  լինել:

«Վերադառնալով Ալիեւի կողմից հարցի շահարկմանը` պէտք է նշել, որ միջանցքի վերաբերեալ հռետորաբանութիւնը տարբեր է: Ադրբեջանի նախագահը երբեմն սպառնալիքով ուղիղ պահանջում է միջանցք (հասկանալ տարածք) տալ, իսկ երբեմն էլ` յայտարարում, որ, եթէ Հայաստանը չի ուզում, ինքը կտուժի եւ շրջափակուած կը մնայ` նշելով Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհի գոյութիւնն ու նոր ճանապարհի կառուցման հնարաւորութիւնը: Այս քաղաքականութիւնն օգտագործւում է շահագրգիռ այլ կողմերի հետ սակարկման եւ պայմանաւորուածութիւններ ձեռք բերելու նպատակով:

«Այսպիսով` Հարաւային Կովկասում հաղորդակցման ուղիների հնարաւոր ապաշրջափակումը կամ չբացումն ունի թէ՛ տարածաշրջանային, եւ թէ արտատարածաշրջանային շահագրգիռ կողմէր: Հաշուի առնելով Հարաւային Կովկասի լոգիստիկ (միջոցներու կազմակերպման) կարեւորութիւնը` ակնյայտ է, որ այդ կողմերից իւրաքանչիւրն այս եւ միւս այլ հարցերում ձգտում է հասնել իր համար առաւել բարենպաստ իրավիճակի:

«Չնայած Ադրբեջանի ղեկավարը երբեմն յայտարարում է, որ Հայաստանի Հանրապետութեան տարածքի նկատմամբ յաւակնութիւններ չկան, նրա վարած քաղաքականութիւնն այլ բան է վկայում: Մի շարք եզրոյթների կիրառումը` «Արեւմտեան Ադրբեջան», «Պայմանական սահման», «Սահմանազատում` հաշուի առնելով պատմական իրողութիւնները» ապացոյցն են այն բանի, որ Ալիեւը ոչ միայն նպատակ չունի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականութիւնը, այլեւ ձգտում է կոնսենսուս (համախոհութիւն) ձեւաւորել, որին անդրադարձել է Յունուարի 28ի խորհրդակցութեան ժամանակ` պնդելով, որ տերմինաբանական առումով իբր այդ կոնսենսուսն արդէն կայ»: