Գանատա-Եւրասիա առեւտրատնտեսական պալատ. նոր հորիզոններ հայկական ու գանատական ընկերութիւնների համար

Գանատա-Եւրասիա առեւտրատնտեսական պալատը կեդրոնացած է Գանատայի եւ Եւրասիայի, եւ մասնաւորապէս Հայաստանի միջեւ գործարար կապերի հաստատման վրայ, որոնք ուղղուած կը լինեն տարբեր ոլորտներում համագործակցութեան հաստատմանը եւ խթանմանը, այդ թուում՝ պիզնես, առեւտուր, կառավարում, արտահանում, բժշկութիւն, զբօսաշրջութիւն, մշակութային փոխանակում, կրթութիւն, զարգացում եւ այլն:

«Հորիզոն»-ի թղթակիցը զրուցել է առեւտրատնտեսական պալատի նախագահ Վարդգէս Աւագեանի հետ։ Պարզել ենք, թէ ինչ ուղի է անցել պալատը, ինչ առաքելութիւն եւ անելիքներ ունի։


Հ.- Ե՞րբ է հիմնադրուել Գանատա-Եւրասիա առեւտրատնտեսական պալատը։ Ո՞րն է հիմնադրման նպատակը։

ՎԱ Հիմնադրուել է իմ եւ մեր գործընկեր «Սիբա» կազմակերպութեան ղեկավարի կողմից։ Գանատական մեր դիւանագիտական հատուածի կողմից արդէն համաձայնութիւն ստացել էինք, ուստի արդէն 2025 թուականի յուլիսից կառոյցը սկսեց աշխատանքը։ Գանատան ու Հայաստանը չունեն դիւանագիտական որեւէ խոչընդոտ յարաբերութիւնների կառուցման գործում․ նպատակն այն էր, որ ի վերջոյ զարգացնենք առեւտրատնտեսական ու դրան կից՝ ուսումնական, տրանսպորտային ու մնացեալ բոլոր ոլորտները։ Մենք ուզում ենք այս բոլոր կապերը զարգացնել։ Ջանում ենք Հայաստանի ու Գանատայի միջեւ համարեա բոլոր ոլորտներում համագործակցութիւն ստեղծել ու զարգացնել՝ ԱյԹի ոլորտ, հանքարդիւնաբերութիւն, ուսումնական ոլորտ, առեւտուր, որպէսզի Հայաստանը դառնայ կամուրջ՝ որպէս մի երկիր, որի միջոցով կարող են համագործակցային կապեր զարգացնել նաեւ մեր հարեւան երկրները։ Չմոռանանք, որ Հայաստանում Գանատան դեսպանութիւն ունի․ դա արդէն իսկ մեծ առաւելութիւն է։

Հ.- Գանատա-Եւրասիա առեւտրատնտեսական պալատն այժմ քանի՞ անդամ ունի։

ՎԱ – Աւելի քան 40 անդամ կայ․ 90 եւ աւելի տոկոսը հայաստանեան կազմակերպութիւններ են, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Իզիփէյը», «Ռեքս Տրանսֆորմերսը», շինարարական մեծ ընկերութիւններ, ՀԿ-ներ, ֆինանսական ընկերութիւններ, կրթական հաստատութիւններ, բուժհաստատութիւններ, այսինքն՝ տարբեր ոլորտներից։ Կան, ի հարկէ, նաեւ գանատական ընկերութիւններ, օրինակ՝ Իւէն Մարտինի ղեկավարած տրիկոտաժի գործարանը եւս մեր առեւտրատնտեսական պալատի անդամ է։ Այս ընկերութիւնը ոչ միայն Գանատայում, այլեւ Հայաստանում է արտադրանք ստեղծում։ Առողջապահական ոլորտից ներառուած են Հայ-ամերիկեան առողջութեան կեդրոնը, «Մեփլ Լիֆս» հայ-գանատական բժշկական կլինիկան։ Ոլորտները, ինչպէս տեսնում էք, շատ տարբեր են, եւ ամէն մէկն իր հետաքրքրութիւնն ունի․ մէկն ուզում է շուկայում ներկայութիւն ունենալ ու նոր գործընկերների հետ ծանօթանալ, միւսը հետաքրքրուած է կոնկրետ Գանատային տեղեկատուական կամ տեխնոլոգիաների վերաբերեալ գիտելիքներ ստանալու գաղափարով։ Մենք աշխատում ենք Գանատայի կառավարութեան հետ, ուստի գիտենք այնտեղի կարիքները։ Հարցն այն է, որ Գանատայում շատերը, յատկապէս սփիւռքահայութիւնը, չգիտեն այս առեւտրատնտեսական պալատի մասին, աւելին՝ գանատացի ներդրողներն ու գործարարներն էլ չգիտեն․․․ Մենք հիմա բազմակողմանիօրէն փորձում ենք աշխատել այդ խնդիրը լուծելու համար։

Հ.- Արդեօ՞ք Գանատա-Եւրասիա առեւտրատնտեսական պալատը կարող է խորացնել Հայաստանի ու Գանատայի կապերը։

ՎԱ – Գանատան Հայաստանի համար բարեկամական երկիր է։ Հայաստանում Գանատայի դեսպանատունը աջակցում է մեզ, ոգեւորում է եւ մեր կառոյցի անդամն է։ ՀՀ ԱԳՆ-ն եւս ընդունել է մեր կազմակերպութիւնը՝ որպէս պաշտօնապէս գրանցուած կառոյց։ Մեր առեւտրատնտեսական պալատն, այո՛, կարող է աւելի սերտացնել երկու երկրների կապերը, խորացնել յարաբերութիւնները։

Հ.- Գանատա-Եւրասիա առեւտրատնտեսական պալատի աշխատանքի պտուղներից ի՞նչ օրինակներ կարող էք նշել։

ՎԱ – Մենք կատարել ենք կազմակերպչական բոլոր աշխատանքները, եւ երեք պատուիրակութիւն Հայաստանից մեկնել է Գանատա՝ տարբեր ֆորումների մասնակցելու՝ հանքարդիւնաբերութեան, մետալուրգիայի ոլորտից։ Մասնաւորապէս՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւս անդամակցում է այս կառոյցին։ Այս ընկերութիւնը Գանատա-Եւրասիա առեւտրատնտեսական պալատի ջանքերով վիզայի աջակցութիւն ստացաւ, ապա մեկնեց Գանատա ու բիզնես-ֆորումների մասնակցեց։ «Արմենալ» ալիումինի գործարանի ղեկավարը մեկնեց Գանատա, կոնֆերանսի մասնակցեց։ Նախկինում Հայաստանից Գանատա ալիումին են արտահանել։ Այժմ ջանքեր են գործադրւում, որ նորից արտահանում կազմակերպուի Հայաստանից Գանատա։ Այժմ «Արմգէյթ» ԱյԹի ընկերութեան ղեկավար Մարիա Ազատեանը գտնւում է Գանատայում, ֆորումի է մասնակցում։ Օրերս Արշակունեաց պողոտայում գտնուող ՍԱՍ սուպերմարկետում տեղի ունեցաւ գանատական աւելի քան 50 տեսակի սննդի եւ տնտեսական ապրանքների պաշտօնական շնորհանդէսը (ցուցադրութեանը մասնակցեցին ՀՀ-ում Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնտրու Թըրնըրը, ԿԵԱՏՊ նախագահ Վարդգէս Աւագեանը, Պալատի անդամները եւ այլ հիւրեր – հեղ․)։ Մեր առեւտրատնտեսական պալատի ջանքերի շնորհիւ հայ սպառողն այսուհետ այդ գանատական ապրանքները կարող է ձեռք բերել ՍԱՍ սուպերմարկետների ցանցից։ Հայ-գանատական կլինիկան այսօր համագործակցում է գանատական տարբեր կլինիկաների հետ։

Մեր առեւտրատնտեսական պալատին անդամակցող կառոյցների համար բազմաթիւ հնարաւորութիւններ ենք ստեղծում՝ փոխգործակցելու իրենց գանատացի գործընկերների հետ։ Օրինակ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանն ու Օթթաուայի բժշկական համալսարանը համագործակցում են։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւս անդամակցում է, եւ գինիների պատրաստման նոր տեխնոլոգիաների մասին փորձի փոխանակում են ունենալու Գանատայի գործընկերների հետ։ Ի դէպ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Բրոկի համալսարանի (Brock University) հետ տեսակոնֆերանս ունեցաւ։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը եւս համագործակցութեան նոր եզրեր է գտել, կապեր են հաստատել։ Պարբերաբար գանատացի մասնագէտներն ուսումնական վեբինարներ են անցկացնում, անդրադառնում են նաեւ Գանատայում գործող օրէնքներին, որպէսզի, եթէ որեւէ կառոյց ցանկանայ փոխգործակցութիւն սկսել, որոշակի տեղեկութիւն ունենայ նաեւ Գանատայում գործող օրէնքների մասին։ ԱյԹի ոլորտի մեր ներկայացուցիչները եւս յաջող համագործակցութիւններ են ունեցել։ Յաւելեմ, որ «Վիտամինա» համային ջուր արտադրող ընկերութիւնն էլ պատրաստականութիւն է յայտնել իր արտադրանքն արտահանելու Գանատա. յոյս ունենք, որ առաջիկայում արտահանումն արդէն կ’իրականացուի։

Հ.- Գանատացի ներդրողները պատրա՞ստ են ներդրումներ անելու Հայաստանում։ Ի՞նչ ռիսկեր են տեսնում նրանք։

ՎԱ – Նրանք առանձնապէս շատ տեղեկութիւն չունեն Հայաստանի, հայկական շուկայի մասին։ Հիմա արդէն նախադրեալներ կան։ Յուսանք՝ ամէն ինչ աւելի լաւ կը լինի։ Անշուշտ, նրանք որոշակի ռիսկեր տեսնում են, քանի որ Հայաստանը գտնւում է աշխարհաքաղաքական նման իրավիճակում․ դա արդէն իսկ ռիսկ է։ Բացի դրանից՝ «Լիդիան» ընկերութիւնը փորձեց Հայաստանում գործունէութիւն ծաւալել, բայց չստացուեց. դա որոշակի վատ փորձառութիւն էր։ Բայց այս պալատն ուզում է ստանալ այնպիսի ուժ, որ կարողանայ հարթել խնդիրները, եթէ կը լինեն այդպիսիք։ պէտք է նշեմ, որ գանատական իրաւաբանական մի ընկերութիւն կայ, որն ուզում է Հայաստանում մասնաճիւղ բացել, որը տարածաշրջանում կարեւոր դերակատարում կարող է ունենալ։ Բոլոր ուղղութիւններով փորձում ենք աշխատել։ Որքան մեր թիմակիցները շատ լինեն, այնքան կը հզօրանանք։ Մեր նպատակն այն է, որ հնարաւորինս լայն տեղեկութիւն տարածենք, ու Գանատայում ապրող մարդիկ, նաեւ մեր հայրենակիցները իմանան այս կառոյցի մասին, դառնան դրա անդամը, նոր համագործակցութիւններ սկսեն։ Ես ակնկալում եմ, որ Գանատայի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչներից մեզ միացողներ կը լինեն։ Մեզ համար կարեւոր է ոչ միայն շատ անդամներ ունենալը, այլեւ համատեղ ուժերով ինչ-որ բան ստեղծելը։ Եթէ կարողանանք շատ գործարքներ ունենալ, մեզ կարող են նաեւ հովանաւորներ լինել, տարբեր ծրագրեր կը կարողանանք իրականացնել, եւ այդպէս կ’աճի ու կը մեծանայ մեր առեւտրատնտեսական պալատը՝ ի շահ Հայաստանի ու Գանատայի։

Հարցազրոյցը վարեց՝ Յասմիկ Պալէեան