Բախտախնդիրը պէտք է հեռանայ

1920 թուականի ծանր յիշողութիւնները վերակենդանանում են, կարծես պատմութիւնը կրկնւում է: Ճիշտ ինչպէս 100 տարի առաջ, նոյն օրերին տեղի է ունենում թուրքական նոր ներխուժում: Այս անգամ արդէն դերակատարները երկու թուրքական պետութիւններ են առջեւներից որպէս թնդանօթի մսացու քշելով միջազգային թիւ մէկ ահաբեկչական շարժման զինեալներին: Հայ ժողովուրդը, ըմբռնելով փորձութեան ահագնութիւնը տեղի ունեցողը անուանում է հայրենական պատերազմ: Հայ ազգի ներկայի ու ապագայի համար Ճակատագրական պահին մէկ անձ որոշում է, որ ինքը պէտք է ամբողջովին տնօրինի հայկական կողմից իրականացուելիք ողջ գործընթացի վրայ: Մեկուսացւում են պատերազմով անցած փորձառու հրամանատարները, եւ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: Մերժւում է երկրի քաղաքական ուժերի առաջարկը՝ ռազմաքաղաքական մարմին ձեւաւորելով ապահովելու ուժերի եւ հնարաւորութիւնների համատեղումը, ազգային միասնականութեան ապահովումը: Այն ինչ հանրութեան համար կեղծելով իրականութիւնը նոյն այդ մէկ մարդը ամենաիրազեկն է, թէ ինչպէս է ամէն օր պատերազմի մսաղացի մէջ քամւում երիտասարդ սերնդի կեանքը, ու ամէն օր կրճատւում են հայրենիքի սահմանները: Հետեւանքը այս ամէնի բոլորին յայտնի է՝ գաղտնի պայմաններում, գերազանցելով բոլոր պաշտօննական լիազօրութիւնները, այս մէկ անձը ստորագրում է կապիտուլյացիայի յայտարարութիւն՝ թշնամիներին զիջելով բանակցային սեղանին եղած ու չեղած ամէն ինչ: Երկիր կորցնում է տարածքի մէկ քառորդը, լրջօրէն խաթարւում է Հայաստանի անվտանգութիւնը եւ սրանով պայմանաւորուած անկախութեան չափը ու այս ամէնի դիմաց ժողովուրդը վճարում է հինգ հազար նահատակների կեանքով, տաս հազար վիրաւորների եւ տասնեակ հազար գաղթական բնակչութեան ճակատագրով:

Գուցէ տեղի ունեցածը իրադարձութիւնների ձախող ընթացքի հետեւա՞նք է կամ անյաղթահարելի ու օրինաչափ զարգացումների հանգուցալուծում:

Նոյն անձի կենսագրութեան առաւել ցայտուն դրուագներից մէկին անդրադառնանք հետ գնալով դէպի 2008 թուական մարտի մէկ: Երեւանը մօտ երկու շաբաթ փոթորկած յետընտրական յուզումներից յետոյ տեղի է ունենում իշխանութեան ներկայացուցիչների եւ ցուցարարների ընդհարում: Ժամեր անց կողմերի ներկայացուցիչները բանակցում են եւ կամաց-կամաց ձևաւորւում է փոխզիջողական համաձայնութիւն՝ մէկ այլ վայրում հանրահաւաքը շարունակելու վերաբերեալ: Ժամը 3-ի կողմը իրադարձութիւնների կենտրոնում յայտնւում է նոյն յայտնի անձը, կոպտօրէն մերժում է երկխօսութեան ընթացքը եւ ներկայանալով յուզումների կազմակերպիչ նախագահի թեկնածուի անունից հրահանգում է ժողովրդին պատրաստուել՝ կառուցելով բարիկադներ, կուտակելով քար, փայտ այլ բաներ, որոնցով հնարաւոր կը լինի ոստիկանական ուժերի դէմ դուրս գալ: Ի դէպ նոյն այս հրահանգների մասին աւելի մանրամասն տեղեկատուութիւն է ներկայացուել տուեալ անձի թերթում, իր կամ իր կողմնակիցների կողմից, իրադարձութիւններից երկու շաբաթ անց:

Ինչպէս ընթացքում է պարզւում հաւանական ընդհարման հիմնական նախապատրաստութիւնը կատարուել էր նախապէս եւ երեկոյեան կողմ ընդվզող մարդկանց ձեռքին պէտք է յայտնուէին փայտէ դագանակներ, մետաղեայ ձողեր, մետաղեայ սրածայր ոզնիանման գնդեր, ինքնաշէն պայթուցիկներ եւ այլն: Փաստւում է առնուազն մի քանի հրազէնի գոյութիւնը, ինչպէս եւ ներկայութիւնը պատերազմով անցած նախկին մարտիկների խմբերի:

Ի վերջոյ յայտնի անձի, Նիկոլ Փաշինեանի ուղղակի ղեկավարութեամբ տեղի է ունենում զանգուածի եւ ոստիկանութեան բախումը, մայրաքաղաքի կենտրոնում այրւում ու վնասւում են մեքենաներ, ջարդւում ու թալանւում են խանութներ, տասնեակ քաղաքացիներ ու ոստիկաններ վիրաւորւում են, ութը քաղաքացիական անձ, մէկ ոստիկանութեան սպայ եւ մէկ ներքին զօրքերի ծառայող սպաննւում են: Յաջորդ օրը մայրաքաղաքն արթնանում է սգի մէջ, իրադարձութիւնների համերգավարը, Լեւոն Տէր-Պետրոսեանն իր համախոհին հեռախօսով յայտնում է, թէ վաղուց այդքան լաւ չէր քնել, ամէն ինչ լաւ ստացուեց: Բախումների կազմակերպիչն անցնում է ընդյատակ, որպէսզի որոշ ժամանակ անցնի կրկին մտնի քաղաքական գործընթացների մէջ եւ հրահրած քաղաքացիական բախումից տաս տարի անց նոր փորձութեան առջեւ ծնկի բերի երկիրը:

Անցնող մօտ քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը գտնուեց չաւարտուած պատերազմի մէջ: Թշնամին մշտապէս նախաձեռնեց քաղաքական ու ռազմական սադրանքներ արհամարհելով եւ զինադադարի կնքուած պայմանագիրը եւ հակամարտութեան լուծմանն ուղղուած ջանքերը՝ միջազգային բարձր միջնորդութեան պայմաններում: Խելամիտ մարդիկ հասկանում էին, որ առաջիկայ որոշակի ժամանակահատուածում անհրաժեշտ է, որ երկիրը դեռ ղեկավարի արցախեան պատերազմով անցած որեւէ գործիչ, որի ռազմական ու քաղաքական փորձառութիւնը, եւ հայրենիքի ազատագրութեան գործին նուիրած կենսագրութիւնը երաշխիք կը ծառայեն չաւարտուած պայքարի արժանապատիւ շարունակականութիւնն ապահովելու հարցում:

2018 թուականին, շուրջը համախմբելով արտաքին ազդեցութիւնների գործակալ խմբերի, զինուորական ծառայութիւնից խուսափած դասալիքը, չունենալով կառավարման գործի որեւէ փորձառութիւն կարողացաւ գունաւոր յեղափոխութեան ճանապարհով հասնել իշխանութեան: Իշխանավարման երկուսուկէս տարիների ընթացքում նա դրսեւորեց նոյն վարքը ինչը որ ներկայացուեց նախորդող ու յաջորդող իրադարձութիւնների նկարագրութեան ժամանակ: Ամենացայտուն դրսեւորուող գլխաւոր յատկանիշը եղաւ բացարձակ անպատասխանատուութիւնը ժողովրդի ճակատագրի, երկրի կայունութեան, պետական ինստիտուտների հանդէպ: Կարելի է ասել, որ պետութեան եւ քաղաքականութեան ընկալումը Նիկոլ Փաշինեանի մօտ յանգում է այն պատկերացմանը, թէ երկիրը ներքաղաքական խաղի բեմ է, որտեղ պայքարն ընթանում է, առանց բարոյական եւ այլ կանոնների ու այդ մրցակցութեան ընթացքում կարելի է եւ խաղը փչացնել եւ բեմը աւերել:

Կառավարման կարճ ժամանակահատուածում նա դրսեւորեց իր բացարձակ քամահրանքը ներքաղաքական միասնականութեան հանդէպ, այլասերեց ու աւերեց պետական ինստիտուտները գրոհ կազմակերպելով եւ խորհրդարանի եւ դատական համակարգի դէմ, հայհոյելով ու վարկաբեկելով ակադէմիական ու բուհական մտաւորականութեանը, քաղաքական գործիչներին ու մինչ իր իշխանութեան գալը անկախ պետականութեան պայմաններում եւ առհասարակ իր ողջ պատմութեան ընթացքում ազգի անցած ճանապարհը, օրէնքը ոտնակոխ անելը դարձրեց իր ամէնօրեայ գործելակերպը, կոռուպցիայի մէջ սուզեց երկիրը, խաթարեց պետական համակարգի գործունէութիւնը, գործողներին փոխարինելով անփորձ իւրայիններով եւ պետական պիւտճէի հետ վարուելով ինչպէս սեփական գրպանի պարունակութեան հետ: Երկուսուկէս տարում նա կարողացաւ փաստել, որ իր համար կայ երկու բացարձակ արժէք՝ փող եւ իշխանութիւն, իսկ դրանք ապահովելու ճանապարհը՝ իշխանութիւնն է ու յետոյ փողը: Ոչ մի բարոյական սահմանագիծ չճանաչող անձը պատերազմի ողբերգական օրերին անգամ կռուող երկրի համար աշխարհով մէկ հանգանակուած հայրենակիցների գումարները լցրեց պետական պիւտճէ եւ նոյն օրերին խորհրդարանում գալիք տարուայ համար հաստատել տուեց աւելի քան 200մլն. տոլարի պարգեւավճարներ՝ բարձրաստիճան պաշտօննեաների համար : Չունենալով արտաքին քաղաքական-դիւանագիտական աշխատանքի որեւէ փորձառութիւն նա մերժեց ե՛ւ Արցախի հարցով անցած տասնամեակների բանակցային ճանապարհը ե՛ւ երկրի յստակեցրած արտաքին քաղաքական կողմնորոշումները հակադրուելով ու փչացնելով կապերը բոլոր դաշնակիցների հետ: Այլ խօսքով իր պետական-քաղաքական գործունէութեան մէջ նա եղաւ նոյնքան անպատասխանատու, արկածախնդիր ու ձախողակ որքան իր այս քաղաքականութեամբ հասունացրած պատերազմի բեմում:

Վերն ասուածը լրացնում է այն իրողութիւնը, որ խայտառակ պարտութեան պատճառով կորցնելով բարոյական լեկիտիմութիւնը, կորցնելով արտաքին քաղաքական գործընթացները վարելու հեղինակութիւնը եւ երկրի ներսում որակուելով որպէս հող ծախող դաւաճան նրան յուզող գլխաւոր ու թերեւս կարեւոր խնդիրը մնում է սեփական իշխանութեան պահպանումը: Իշխանութիւնը արժեզրկուել ու ինքնանպատակ է դարձել այն աստիճան, որ ունակ չէ լուծելու կամ ընթացք տալու անգամ օրուայ այնպիսի կենսական խնդիրների, ինչպիսիք են թշնամու հետ երկրի սահմանների ճշտումը, զոհուածների ու գերիների փոխանակութեան հարցերը, փախստականների ճակատագիրը եւ այլն: Բաց Սահմանների ապագայի հարցը թշնամու հայեցողութեանը թողած քաղաքական արկածախնդիրի համար չկայ հայրենիքի ու հայութեան խնդիր, գոյութիւն ունի միայն աթոռի պաշտպանութեան հարց, որն էլ պէտք է ապահովի նրա յետագայ քաղաքական բիզնեսը:
Գործ ունենք սրբութիւն չունեցող հոգեպէս անհաւասարակշիռ մէկի հետ ով երկուութեան ու հակադրութեան մէջ է ինքն իր հետ:
Նա անդադար սէր է խոստովանում ժողովրդին, բայց բացարձակապէս անտարբեր է նրա ողբերգութեան, նրա զոհերի հանդէպ, փոքր առիթով ոստիկանութեան կոշտ ուժով է հակադարձում այդ «սիրելի» ժողովրդի դժգոհութեան ամէն դրսեւորման եւ նոյն ժողովրդի տարբեր խաւերի ու շերտերի հասցէին հնչեցնում է ամենալպիրշ որակումները: Նա զուգահեռներ է տանում իր եւ Քրիստոսի միջեւ եւ յաճախ խօսում է իր «առաքելութեան» մասին, սակայն սպառնում է, թէ հոգեւորականին ծնկի կը բերի, եկեղեցու եւ հոգեւոր առաջնորդի դէմ կազմակերպում կամ առնուազն հովանաւորում է աղանդաւորական սադրանք:

Խօսում է բարոյականութեան մասին, սակայն իր ձեւաւորած համակարգն ու սեփական շրջապատը բաղկացած են աղանդաւորներից, այլասերուածներից, արտաքին ազդեցութեան կրողներից, ապազգային տարրերից, սեփական ազգային ինքնութեան թշնամիներից: Նա խօսում է «դուխի» մասին, աջ ու ձախ պատժելու մասին, իսկ մշտապէս պատսպարուած է ոստիկանական եւ անվտանգութեան մեծ ուժերի թիկունքում: Նա խօսում է կոռուպցիայի մասին, բայց իշխանութեան գալուց յետոյ, սեփական թիմով ամբողջովին թաթախուեց այս արատի մէջ ինչը կարճ ժամանակում անհաւատալիօրէն փոխեց վերջիններիս, նրանց մերձաւորների սոցիալական վիճակը:

Վերջապէս երկրի պայծառ ապագայի պատրանքներ ուրուագծելով միաժամանակ սասանեց ու քայքայեց ներկայ  Հայաստանը եւ նրա հեռանկարը: Անհող, անհայրենիք, անբարոյ արկածախնդիրը աղէտ է Հայաստանի համար, նրա ամէն օրը յղի է երկրի ու ժողովրդի դէմ նոր դաւադրութիւններով ու գործարքներով: Ժամ առաջ ղեկի մօտից պէտք է հեռացուի նաւի պէս Հայաստանը ճոճող այս բախտախնդիրը:

Արտաշէս Շահպազեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.