Արցախում պատմական հետքի ոչնչացում է տեղի ունենում, իսկ միջազգային հանրութիւնը չի զսպում Ատրպէյճանին. Արմինէ Տիգրանեան

Արմինէ Տիգրանեան մշակութային ժառանգութեան փորձագէտ է եւ «Ամբերդ» հետազօտական կեդրոնի հետազօտող։ Նրա հետ զրուցել ենք Արցախի հարուստ մշակութային ժառանգութեան մասին, որն Ատրպէյճանը ջանում է վերացնել, իւրացնել, ոչնչացնել…

Հ.- Տիկի՛ն Տիգրանեան, Ատրպէյճանն այժմ ի՞նչ գործողութիւններ է իրականացնում Արցախի հայկական մշակութային ժառանգութեան հետ կապուած՝ կեղծ տեղեկութիւններ տարածելու, դրանք աղաւաղելու, ատրպէյճանականացնելու, իւրացնելու ուղղութեամբ։

Ա.Տ.- Պատմական հետքի ոչնչացումն Արցախում տեղի է ունենում երկու հիմնական ուղղութիւններով. մշակութային ժառանգութեան ոչնչացում (Արցախի եկեղեցիների, խաչքարերի, Արցախի անկախութեան շրջանի յուշարձանների, Արցախեան ազատամարտին, Հայոց ցեղասպանութեանն ու Հայրենական պատերազմին նուիրուած յուշարձանների եւ յուշահամալիրների ոչնչացում, պատմական գերեզմանոցներ, ամբողջական թաղամասերի ու գիւղերի ոչնչացում, թանգարանների, հաւաքածուների, մշակութային գործիչների յուշարձանների, կիսանդրիների ոչնչացում եւ այլն) եւ մշակութային ժառանգութեան իւրացում (մշակութային ժառանգութեան աղուանացում, իսլամացում, ատրպէյճանականացում, թիւրքացում, ռուսացում եւ այլն)։

Մշակութային ժառանգութեան ֆիզիքական ոչնչացումն Ատրպէյճանի կողմից կիրառուող քաղաքականութիւն է, որով փորձ է արւում հիմնայատակ ոչնչացնել կամ մասնակիօրէն վնասել Արցախի հայկական ժառանգութիւնը։

Արցախի եկեղեցիների ոչնչացմամբ Ատրպէյճանը վնասում է արցախահայերի հոգեւոր կապն այդ արժէքների հետ, զրկում ծէսերի եւ աղօթքների կարեւոր տարածքներից՝ խոչընդոտելով ծիսական գործունէութիւն ծաւալելու՝ նրանց հետագայ կարողութեանը։ Այդպիսի ժառանգութեան ոչնչացման ակնյայտ դէպքերից էր դեռեւս 2020 թուականին Մեխակաւան բնակավայրում Զօրաւոր Սուրբ Աստուածածին, Մոխրենիս գիւղի Սուրբ Սարգիս, Կանաչ ժամի՝ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցիների հիմնայատակ աւերումը։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թիրախաւորուեց, գմբէթը աւերուեց… եւ այդ եկեղեցին շարունակում են վնասել. վերականգնման քօղի տակ արձանագրութիւններն են մաքրում, Քրիստոսի պատկերաքանդակը, խաչանշանները ոչնչացնում։ Այս ամէնն Ատրպէյճանի վարած քաղաքականութեան խօսուն վկայութիւններ են։

2023 թուականին Ատրպէյճանը 1838 թուականին կառուցուած Շուշիի Մեղրեցոց Ս. Աստուածածին եկեղեցու պատմական շերտերն աւերակի վերածեց, հեռացրեց Վանքասարի 7-րդ դարի եկեղեցու խաչը, տապալեց Ստեփանակերտի տաճարի խաչը, շինարարական միջամտութիւնների արդիւնքում քերեց Ծարի Սուրբ Սարգիս եւ Սուրբ Գրիգոր միջնադարեան եկեղեցիների եզակի արձանագրութիւնները, խաչաքանդակները…

Եկեղեցիներից զատ՝ Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութեան թիրախներից են խաչքարերը, որոնք շարունակաբար ոչնչացւում են։ Խաչքարը հայ ինքնութեան ամենաբնութագրական եւ ինքնատիպ խորհրդանիշներից է։ Ատրպէյճանի համակարգուած արշաւն այս ուղղութեամբ յատկապէս ընդգծւում է մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թւում են դեռեւս 2020 թուականին ոչնչացուած Հադրութի շրջանի Առաքել գիւղի, Հադրութ քաղաքի ազատամարտիկների յուշահամալիրի խաչքարերի, Բերձորի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, 15-16-րդ դարերով թուագրուող մի շարք խաչքարերի ոչնչացման արձանագրումով։ 2022 թուականին աւերուել են Մատաղիսում գտնուող «Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութեան» մատուռն ու շրջակայքում գտնուող խաչքարերը, ոչնչացուել Շուշիի հայ-յունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի խաչքարերը։

Աւերուել են նաեւ Հադրութի շրջանի Ուխտաձորի, Որոտան քաղաքի Արցախեան ազատամարտին նուիրուած խաչքարերը։ Կաւաքավանք եկեղեցու տարածքից անհետացել է դեռեւս 1995 թուականին տեղադրուած խաչքարը: 2024 թուականի Յունուարի 7-ին պարզ դարձաւ, որ Մարտակերտի Դանիէլ Վարուժան փողոցում ոչնչացուել է 2021 թուականի Հոկտեմբերին արցախեան ազատամարտի հերոսներին յիշատակին նուիրուած յուշարձան-խաչքարը՝ Քաշաթաղի Աղանուս գիւղի աղբիւր-յուշարձանին կից երկու խաչքարերի հետ միասին։

Խաչքարերի ոչնչացումը արցախահայութեան մշակոյթի իրաւունքի բազմակողմանի ոտնահարում է։ Խաչքարերի համակարգուած ոչնչացման՝ Ատրպէյճանի քաղաքականութիւնն ունի խորքային արմատներ։ 1998-2006 թուականին «խաղաղութեան պայմաններում» Ատրպէյճանական բանակը ծանր շինարարական տեխնիկայով քանդել եւ հողին է հաւասարեցրել հազարաւոր փորագիր խաչքարեր եւ գերեզմանաքարեր՝ գերեզմանոցի բացառիկ պատմամշակութային նմոյշներից «ազատուած» տարածքը վերածելով հրաձգարանի։

Համլէտ Պետրոսեանն իր «Ջուղայի խաչքարերի պատկերագրութիւնը» յօդուածում նշում է. «17-րդ դարում Ջուղայում մօտ 10 հազար խաչքար կար։ 20-րդ դարի վերջին մնացել էր մօտ 3 հազարը։ 2002 թուականի տարեվերջին Ատրպէյճանի կառավարութեան կազմակերպուած բարբարոսութեան հետեւանքով վերացուեցին Ջուղայի վերջին խաչքարերը»։

Յատկանշական է, որ «Հայկական խաչքարերի արուեստը. խաչքարերի սիմպոլիզմն ու վարպետութիւնը» 2010 թուականից ընդգրկուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում»՝ ընդգծելով վերջինիս համընդհանուր մշակութային արժէքի կարգավիճակը: Ուստի, այս արժէքների ոչնչացումը ծանր հարուած է մարդկութեան ընդհանուր ժառանգութեանը, համամարդկային արժէքներին։ Սա ողջ մարդկութեան դէմ ուղղուած ծանր յանցագործութիւն է:

Աւերածութիւնների այս շղթայի ակնառու օրինակներից են նաեւ Ասկերանի շրջանի Մատաթաշէն գիւղի դպրոցին կից 1904 թուականին կառուցուած Ս. Աստուածածին եկեղեցու կողքին գտնուող՝ Արցախեան ազատամարտի զոհերին նուիրուած յուշարձանը։ Հադրութի Ազոխ գիւղում աւերուել են երեք առանձին յուշարձաններ՝ նուիրուած Հայրենական մեծ պատերազմի, Արցախեան առաջին պատերազմի եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Սրբապղծուել են Զարդանաշէն եւ Աւետարանոց, աւերուել Թալիշ, Քարինտակ եւ Մոխրենես գիւղերի` Արցախեան ազատամարտին նուիրուած յուշակոթողները եւ բազմաթիւ այլ յուշակոթողներ։

Վանդալիզմի եւ ոչնչացման է ենթարկուել նաեւ Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգէն Սարգսեանի արձանը։ Ստեփանակերտում ոչնչացուել է Ալեքսանդր Միասնիկեանի արձանը, Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի յուշաքարը, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան հասարակական-քաղաքական գործիչ Ստեփան Շահումեանի պրոնզաձոյլ արձանը, Անատոլի Զինեւիչի կիսանդրին, Ստեփանակերտի վերին զբօսայգում գտնուող Արծուի յուշարձանը, Հայ-ֆրանսական պուրակում գտնուող Շառլ Ազնաւուրի արձանը։

Պատերազմից յետոյ, Ատրպէյճանի թիրախում յայտնուեցին Արցախի պատմական գերեզմանոցները՝ խոշորամասշտապ ճանապարհաշինական աշխատանքների քօղի ներքոյ։ Ճանապարհների մօտ գտնուող Շուշիի, Ասկերանի շրջանի Շոշ համայնքի Սղնախի 18-րդ դարի հայկական պատմական գերեզմանոցները հիմնայատակ աւերուել են։ Նման ճակատագրի է արժանացել Հադրութի եղբայրական գերեզմանոցը, Ստեփանակերտի զինուորական պանթէոնը։ Աւերուել են Տող գիւղի Արցախեան ազատամարտի ականաւոր գործիչների գերեզմանները։

2023 թուականի Մայիսին Ատրպէյճանի կողմից վնասուել են նաեւ Բերփերի եւ Հադրութի պատմական գերեզմանոցները, որին յաջորդեց արդէն Նոյեմբերին Շուշիի գերեզմանատների աւերումը։

Գերեզմանոցները ոչ միայն նախնիներին յիշելու եւ յարգելու ֆիզիքական տարածքներ էին, այլեւ համայնքի շարունակականութեան ու պատկանելութեան կոլեկտիւ յուշարձաններ։ Դրանք պատմական արձանագրութիւնների (անուններ, տարեթուեր, իրադարձութիւններ) մատեաններ էին, որոնց ոչնչացումը յանգեցնում է եզակի տեղեկատուութեան, ընդհանուր յիշողութիւնների կորստի։

Պատմական ժառանգութեան համատարած այսօրինակ ոչնչացումները ազատ ճանապարհ է բացում դէպի պատմական զեղծարարութիւններ ու իւրացում։

Իւրացման քաղաքականութեան վերջնանպատակը տարածքային նուաճումները լեգիտիմացնելն էր, միֆ ստեղծելը, ըստ որի՝ տուեալ տարածաշրջանում ատրպէյճանցիները կամ նրանց յօրինած «նախնիները» ապրել են Արցախում դարեր շարունակ: Այս քաղաքականութեամբ Ատրպէյճանի կողմից կեղծւում է ժառանգութեան իրական պատմութիւնը, իսկութիւնը։

Հայկական մշակութային խորհրդանիշների եւ պատմութեան իւրացման այս գործընթացները ներառում են հայկական եկեղեցիների աղուանացումը՝ հայկականութեան ժխտումը, Արցախի ողջ տարածքի քաղաքների, գիւղերի, փողոցների անուանափոխումը, հայկական բնակավայրերի իսլամացումը, թիւրքացումը, ռուսականացումը, եկեղեցների կեղծ վերականգնումը, ծիսակարգի խաթարումը եւ այլն:

Պատահական չէր, որ շուրջ 120 հազար արցախահայերի բռնի տեղահանումից ընդամէնը մի քանի օր անց, Ատրպէյճանն արդէն սկսեց հերքել Արցախի քարիստոնէական ամենակարեւոր վանական համալիրների հայկականութիւնը՝ դրանք հռչակելով ալպանական։ Վերջերս Ատրպէյճանում Կովկասի պատմութեան կեդրոնի տնօրէն Ռիզվան Հուսոյնովը տեսանիւթեր հրապարակեց Գանձասարի, Դադիվանքի եւ Ամարասի վանական համալիրներից՝ նշելով, հայերն, իբր, փոխել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել, կեղծել արձանագրութիւնները։

Այս եւ նմանատիպ այլ յայտարարութիւնները բացի պետական քաղաքականութիւնը առաջ տանելուց՝ նաեւ էթնոմշակութային խտրականութեան հիմքով արցախահայերի ինքնութեան ջնջման ու հայկականութեան հետքն ի սպառ վերացնելու՝ Ատրպէյճանի հարիւրամեայ ծրագիրն աւարտին հասցնելու գերնպատակ է։

Ատրպէյճանի իրականացրած «վերականգնման» պարագայում այդ յուշարձանները կորցնելու են իրենց պատմական, մշակութային ինքնութիւնը, ջնջուելու է դրանց իսկութիւնը: 2024 թուականի Հոկտեմբերի 7-ից ատրպէյճանական լրատուամիջոցներով եւ սոցիալական ցանցերով տարածուեցին տեսանիւթեր՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնուած» նոր տեսքով, որոնք փաստում են, որ 19-րդ դարի եկեղեցու գմբէթն այլափոխուած է. հայկական եկեղեցին շինարարական անթոյլատրելի միջամտութեամբ եւ աւերումներով դարձել է այլ կառոյց, ընդ որում, ատրպէյճանցիների պնդմամբ՝ այն ռուսական եկեղեցի է։

Հայկական ժառանգութիւնը աղուանական եւ իսլամական հռչակելուն զուգահեռ՝ Ատրպէյճանի իւրացման քաղաքականութիւնը ներառում է նաեւ հայկական եկեղեցիները ռուս ուղղափառ հռչակելու կեղծիքը։

Ջարդուփշուր է արուել նաեւ Քարինտակի Սուրբ Աստուածածին եկեղեցու՝ խորանի սուրբ սեղանը եւ այն մահմետական աղօթքի վայր դարձուել։ Իսլամական աղօթքը՝ նամազը, կատարելով քրիստոնէական եկեղեցում կամ սրբազան տարածքում ոտնահարում է արցախահայերի կրօնական իրաւունքները՝ համարուելով մշակութային անզգայունութեան դրսեւորում, անյարգալից վերաբերմունք, աւանդոյթների ու սովորոյթների մերժում, քրիստոնէական եկեղեցու պատմական նշանակութեան անարգում, սրբազան տարածքի եւ քրիստոնէական համայնքի հոգեւոր փորձառութեան խարխլում է:

Ատրպէյճանի այս քաղաքականութիւնը ոչ միայն ժառանգութեան ոչնչացման անպատժելիութեան հետեւանք է, այլեւ նոր ինքնութեան ստեղծում՝ հայկականի ժխտման ճանապարհով։

Համաձայն «Զինուած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» Հաագայի 1954 թուականի համաձայնագրի լրացուցիչ՝ 1999 թուականին ընդունուած երկրորդ արձանագրութեան սկզբունքների՝ ԵՈՒՆԵՍՔՕ-ի ներկայացուցչական ցանկում ընդգրկուած արժէքները՝ ներառեալ խաչքարային ողջ մշակոյթն, ունեն ուժեղացուած պաշտպանութիւն։ Բացի այդ՝ 1954 թուականին Հաագայի համաձայնագրի 4-րդ յօդուածը պատերազմող կողմերին պարտաւորեցնում է յարգել ինչպէս իրենց, այնպէս էլ միւս կողմի տարածքում գտնուող մշակութային արժէքները՝ արգելելով այդ արժէքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինուած ընդհարման դէպքում կարող են յանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասուելուն՝ ձեռնպահ մնալով դրանց դէմ ուղղուած թշնամական ցանկացած գործողութիւնից։

Հաագայի 1954 թուականի համաձայնագրին կից՝ նոյն տարում ընդունուած առաջին արձանագրութեան դրոյթների համաձայն՝ գրաւեալ տարածքներում պետութիւնը պարտաւոր է արգելել, կանխել եւ խափանել, եթէ անհրաժեշտ է, մշակութային արժէքների գողութեան, կողոպուտի կամ ապօրինի իւրացման նաեւ դրանց նկատմամբ վանդալիստական ցանկացած գործողութիւն։ Հաագայի 1999 թուականի՝ երկրորդ արձանագրութիւնը վերահաստատում է այս պահանջը եւ նման արարքը 15-րդ յօդուածով որակում որպէս միջազգային յանցագործութիւն։

Ատրպէյճանի կողմից ոչնչացւում են 1988-1994 թուականների Արցախեան ազատագրական պայքարի ու յաղթանակի, 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանները, որը արցախահայութեան մշակոյթի իրաւունքի խախտում է։ Այս գործընթացը ջնջում է հաւաքական յիշողութեան տարրերը, խաթարում պատմական կարեւոր իրադարձութիւնները յարգելու եւ յիշելու համայնքի կարողութիւնը, խոչընդոտում հերոսապատումների փոխանցումը գալիք սերունդներին, նուազեցնում հպարտութեան եւ միասնութեան զգացումը։

– Արդեօ՞ք միջազգային հանրութիւնը եւ մշակութային ժառանգութեան պահպանութեամբ զբաղուող կառոյցները, գիտական հաստատութիւնները համարժէք գնահատական են տալիս Ատրպէյճանի կատարած վանդալիզմին կամ ջանո՞ւմ են արդեօք կանխել այդ վանդալիզմը՝ ճնշման միջոցներ բանեցնելով։

– 2020 թուականի Սեպտեմբերի 27-ից Նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատուածում միջազգային հանրութիւնը համապատասխան գնահատական չի տուել Ատրպէյճանի յստակ ընդգծուած մշակութասպան քաղաքականութեան դրսեւորումներին եւ բաւարարուել է երկու կողմերին ուղղուած զսպուածութեան կոչերով։ Սակայն պատերազմից յետոյ միջազգային կլոպալ անկայունութեան պայմաններում Եւրոպայի խորհրդարանի մի շարք բանաձեւերով եւ ՄԱԿ-ի Հաագայի արդարադատութեան միջազգային դատարանի որոշումներով ուրուագծուեց Ատրպէյճանի գործողութիւնների դատապարտման եւ դրանց համապատասխան գնահատականներ տալու նոր հեռանկար։

Պատերազմից գրեթէ մէկ տարի անց միջազգային հանրութիւնը սկսեց պատմութեան մէջ եզակի ադեկվատութեամբ արձագանգել Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի մշակութային արժէքների ոչնչացման ատրպէյճանական գործողութիւններին։ Այս ընթացքում փորձ արուեց 44-օրեայ պատերազմի ժամանակ մշակութային արժէքների ոչնչացումը կապել Ատրպէյճանի կողմից Նախիջեւանում իրականացուած վանդալիզմի եւ արդէն 20-րդ դարասկզբին ձեւաւորուած քաղաքականութեան հետ՝ առաջին անգամ հայատեացութիւնը համարելով 100-ամեայ պետական քաղաքականութիւն։

Միջազգային դերակատարները Ատրպէյճանի գործողութիւնները բնութագրեցին որպէս ցեղասպանութեան շարունակութիւն եւ էթնիկ զտում։ Եւրոպական խորհրդարանը, ձայների 607 կողմ, 27 դէմ եւ 54 ձեռնպահ յարաբերակցութեամբ 2021 թուականին ընդունեց հայ ռազմագերիների մասին բանաձեւ (N 2693), որի 16-րդ կէտով խստօրէն դատապարտուեց հայկական ժառանգութեան ոչնչացման ցանկացած գործողութիւն եւ կոչ արուեց Ատրպէյճանին վերականգնել վնասուած յուշարձանները։

2021 թուականի Յունիսի 27-28-ը Շուէյցարիայի կողմից Քրիստիան Լեւրանտի նախագահութեամբ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կրթութեան, հաղորդակցութեան եւ մշակութային հարցերի յանձնաժողովը Վալոնի Պրուքսէլի ֆետերատիւ խորհրդարանի անունից Պրուքսէլում ընդունել է հռչակագիր «Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութեան մասին»։

2021 թուականի Յուլիսի 2-ին Պրուքսէլում աշխարհի շուրջ 90 խորհրդարաններ եւ միջխորհրդարանական կազմակերպութիւններ միաւորող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կրթութեան, հաղորդակցութեան եւ մշակութային հարցերի կոմիտէն հանդէս է եկել ժառանգութիւնը պաշտպանելու յանձնառութեամբ։

2021 թուականի Սեպտեմբերի 27-ին Սթրասպուրկում ընդունուեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հումանիտար հետեւանքների վերաբերեալ ԵԽԽՎ բանաձեւը (N 2391), որով դատապարտուեց ոչ միայն 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Ատրպէյճանի կողմից իրականացուող մշակութային վանդալիզմի քաղաքականութիւնը, այլեւ առհասարակ վերջին 30 տարուայ ընթացքում (սկզբնապէս՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնում) եկեղեցիների եւ գերեզմանատների աւերումը կամ վնասումը։ Առաջին անգամ խորհրդարանական վեհաժողովն իր անհանգստութիւնների շրջանակն ընդլայնեց հայկական ժառանգութիւնը որպէս «կովկասեան-աղուանական» ժառանգութիւն ներկայացնելու ատրպէյճանական յօրինուածքի մասին կասկածով՝ յորդորելով ԵՈՒՆԵՍՔՕ-ին ուսումնասիրել ժառանգութեան օբիեկտիւ պատմութիւնը։

ԵԽԽՎ յիշեալ բանաձեւին յաջորդեց ՄԱԿ-ի Հաագայի (Նիդեռլանդներ) արդարադատութեան միջազգային դատարանի՝ ընդդէմ Ատրպէյճանի Հայաստանի հայցի հիման վրայ 2021 թուականի Դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը ՄԱԿ-ի 1965 թուականին ընդունած «Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերեալ՝ ժամանակաւոր միջոցների կիրառման միջնորդութեամբ։ Դատարանը, քննելով Հայաստանի հայցը, յուշարձանների ոչնչացման փաստական տուեալներն ընդունել է որպէս ռասայական խտրականութեան ապացոյցներ։ Համաձայն միջանկեալ միջոցների կիրառման որոշման՝ Ատրպէյճանը պէտք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց դէմ ռասայական ատելութեան եւ խտրականութեան հրահրումն ու խթանումը, ինչպէս նաեւ պարտաւորւում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողութիւնները հայկական մշակութային ժառանգութեան դէմ՝ ներառելով, բայց չսահմանափակուելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով։

Սա միջազգային իրականութեան եզակի նախադէպ էր, քանզի դատարանը հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը չի դիտարկում որպէս առանձին գործողութիւններ, այլ դա համարում հայատեացութեան համակարգուած, պետական մակարդակով ատրպէյճանական իշխանութիւնների կողմից խրախուսուող քաղաքականութիւն, որը ներառում է նաեւ անմարդկային վերաբերմունքը, բռնութեան հերոսացումը եւ տարածքային պահանջատիրութիւնը Հայաստանի դէմ։

Միջազգային արձագանգի առումով յատկապէս կարեւոր է նշել, որ Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ցեղասպանութեան կարմիր դրօշով հինգ անգամ ահազանգել է միջազգային կառոյցներին եւ պետական մարմիններին՝ նշելով, որ Ատրպէյճանը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելութեան խօսք, կատարել վայրագութիւններ՝ հայկական ինքնութեան դէմ, որոնք, որդեգրուած լինելով 1915 թուականից իբրեւ թուրք-ատրպէյճանական ընդհանուր քաղաքականութեան բաղկացուցիչ մասեր, որակւում են ցեղասպանական ակտ։

Եւ սա միջազգային արձագանգի միայն մի մասն է։ Դրանք քիչ չեն։

Իսկ 2023 թուականի Արցախի բռնի տեղահանութիւնից յետոյ, երբ 120 հազար արցախահայեր զրկուեցին իրենց հայրենիքից, եւ մշակութային արժէքների հետ հաղորդակցման հնարաւորութիւնից, միջազգային կազմակերպութիւնները կրկին բաւարարուեցին չէզոք յայտարարութիւններով ու բռնի տեղահանուածների իրաւունքների պաշտպանութեան կոչերով։

Այդ նոյն ընթացքում Ատրպէյճանը, որն ամենաշատն էր խախտել ԵՈՒՆԵՍՔՕ-ի կոնվենցիաներն ու ժառանգութեան պահպանութեան սկզբունքները, դարձաւ փոխնախագահող երկիր։ Տարբեր եկեղեցիների ու գերեզմանոցների հիմնայատակ աւերումների հետ կապուած միջազգային հանրութիւնը լուռ մնաց՝ բացառութեամբ մի քանի ընդհանրական ձեւակերպումների, որոնցում Արցախի մշակութային արժէքների պաշտպանութեան խնդիրը հիմնականում աղճատուած էր ներկայացւում։

Այժմ կոնկրետ քայլերի բացակայութեան պատճառով եզակի արժէքների կորուստը շարունակւում է, ժառանգութեան միջազգային փաստագրումն ու ԵՈՒՆԵՍՔՕ-ի առաքելութեան ուղարկումը մինչ օրս չեն իրականացուել, ժառանգութեան կորուստը չի դադարել, Ատրպէյճանը դեռեւս չի դատապարտուել։

Կարծում եմ՝ միջազգային հանրութեան արձագանգը անհամաչափ է։ Արձագանգելուց զատ՝ պէտք է նաեւ զսպել Ատրպէյճանին։

– Արցախում քանի՞ պատմամշակութային արժէք ունենք։ Արդեօ՞ք կան արդէն վիճակագրական տուեալներ, թէ հայաթափումից յետոյ քանի յուշարձան է վանդալիզմի ենթարկուել՝ քանդուել, աւերուել կամ լրիւ վերացուել։

– Արցախում գրանցուած մօտ 4 հազար պատմամշակութային յուշարձան կայ, այդ թւում՝ ամրոցներ, եկեղեցիներ, խաչքարեր, դամբանադաշտեր, յուշարձաններ… Բայց գրանցուած, ցուցակագրուած յուշարձաններից զատ՝ կան նաեւ չցուցակագրուածներ, այնպէս որ, պատմամշակութային յուշարձանների թիւը հասնում է 5 հազարի, այսինքն՝ մօտ հազարը ցուցակագրուած չէ։ Եւ սա միայն նիւթական ժառանգութիւնն է։ Պատմամշակութային ժառանգութիւն ասելով՝ մենք նկատի ունենք նաեւ ոչ նիւթականը՝ արհեստները, արուեստները, հմտութիւնները, ծէսերը, որոնք, կապուած լինելով արցախահայերի հետ, բռնի տեղահանութեան հետեւանքով ի սպառ ոչնչացման եզրին են։ Ոչ նիւթական ժառանգութեան զարգացման ու փոխանցման համար անհրաժեշտ է համայնք, միջավայր։ Իսկ այժմ համայնքը կազմաքանդուել է, եւ արցախահայերն իրենց բնական միջավայրում չեն այլեւս։ Կազմաքանդւում է մշակութային համայնքը։

Արցախի հայաթափումից յետոյ այնտեղ գտնուող նիւթական մշակութային ժառանգութիւնը վանդալիզմի է ենթարկւում։ Արդեօ՞ք Հայաստանի պատկան մարմինները ձեռնարկում են համապատասխան քայլեր, որպէսզի գոնէ միջազգային հանրութեան ճնշման ներքոյ ատրպէյճանցիները դադարեն աւերել մեր պատմամշակութային ժառանգութիւնը։

– Այս փուլում ի՞նչ կարող են անել հայ անհատ մասնագէտները (մշակութաբանները, պատմաբանները, հնագէտները, ազգագրագէտները) մեր ձայնն աշխարհին, միջազգային հանրութեանը լսելի դարձնելու ուղղութեամբ, որպէսզի համապատասխան միջոցներ ձեռնարկուեն Արցախում մեր պատմամշակութային ժառանգութիւնը փրկելու համար։

– Անհատները արդար, օբիեկտիւ հետազօտութիւններ պէտք է կատարեն, համախմբուեն։ Երբեմն հայ մասնագէտները փորձում են միայնակ աշխատել, ոչ թէ օգնել ու խրախուսել միմեանց։ Շատ կարեւոր է նաեւ, որ հետազօտողները համագործակցեն պետութեան հետ։ Կարծում եմ՝ սա մեծ խնդիր է, որին ինքս բազմիցս բախուել եմ։ Արցախի մշակութային ժառանգութեան խնդիրներով անհատներից զատ՝ զբաղւում են նաեւ մի շարք կազմակերպութիւններ՝ «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում»-ը (MONUMENT WATCH), որն անկախ ակադեմիական հարթակ է, որի կազմում աշխատում եմ նաեւ ես, «Բնօրրան պատմական յուշարձանների պահպանման հայկական ընկերութիւն» հասարակական կազմակերպութիւնը, «Ամբերդ» գիտահետազօտական կեդրոնը եւ այլ կառոյցներ։ Հարկաւոր է անդադար միասնաբար աշխատել։

– Այս ուղղութեամբ ի՞նչ քայլեր պիտի անի պետութիւնը։ Արդեօ՞ք հնարաւոր է այս հարցը լուծել նաեւ իրաւական ճանապարհով։

– Այո՛, հնարաւոր է։ Այդ գործիքներից է Միջազգային քրէական դատարանի Հռոմի ստատուտի վաւերացումը (Հայաստանն արն արդէն վաւերացրել է): Այն կարող է օգտակար լինել մարդկութան դէմ կատարուած յանցագործութիւնները քննելու կոնտեքստում։ Արցախի հայաթափումը, մշակութային արժէքների ոչնչացումը, Ատրպէյճանի գործած պատերազմական յանցագործութիւնները կարող են որպէս մարդկութեան դէմ ծանր յանցագործութիւններ՝ քննուել միջազգային դատարաններում։ Միւս կառոյցները Հաագայի արդարադատութեան դատարանը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը… կարեւոր է արցախահայերի խնդիրները մեկնաբանել մարդու իրաւունքների տեսանկիւնից, քանի որ բռնի տեղահանումը, ժառանգութեան ոչնչացումը ուղիղ կերպով խախտում են մարդու մշակութային իրաւունքը, իսկ դրանք համայնքի կեանքին մասնակցելու, մշակութային բարիքներից օգտուելու իրաւունքը եւ հնարաւորութիւնն են։

– Պետք է արձանագրել, որ նիւթական ժառանգութեանը զուգընթաց՝ Ատրպէյճանը թիրախաւորում է նաեւ մեր ոչ նիւթական ժառանգութիւնը։ Ատրպէյճանը ինչպէ՞ս է փորձում վերացնել նաեւ ոչ նիւթական ժառանգութիւնը։

– 2023 թուականին Ատրպէյճանի համակարգային հայատեացութեան ռազմավարութեան՝ պատերազմական յանցանքների, շրջափակման եւ ժառանգութեան ոչնչացումների արդիւնքում բռնի տեղահանուեց շուրջ 120 հազար հայ։ Պատերազմների ընթացքում նիւթականի վնասը շատ դէպքերում ակնյայտ եւ տեսանելի է, իսկ ոչ նիւթականն ընդհանրապէս անհետացման վտանգի առջեւ է յայտնւում, եւ հնարաւոր չէ այն գնահատել։ Այս իմաստով կորուստն աւելի մեծ է՝ ինքնութենական է, քանզի նաեւ շարունակականութեան անհնարինութեան վտանգ է առաջանում, որը չէր լինի, եթէ համայնքը շարունակէր իր բնականոն կենսագործունէութիւնը։

Արցախի ոչ նիւթական արժէքների կորուստը ներկայացնելու համար կարելի է դիտարկել մշակութային փառատօների, տօների, կենցաղավարման մշակոյթի եւ արհեստների կասեցման օրինակները։ Փառատօները հարկադրաբար կասեցուել են։ Դրանցից շատ յայտնի են Հադրութի շրջանի Տողի գինու փառատօնը, որն անցկացւում էր 2014 թուականից սկսած ամէն տարի Սեպտեմբերին Տողի մելիքական ապարանքում։ Ներկայացնում էր գինեգործութեան հնագոյն եւ ինքնատիպ ծիսակատարութիւնը՝ գինու ճզմում, արցախեան աւանդական ուտեստների հիւրասիրութիւն (ժենգեալով հաց, լաւաշ, կուրկուտ), ազգագրական պարերի, երաժշտութեան ներկայացում եւ այլն։
Տողում էր գտնւում «Կատարոյ» գինու գործարանը եւ խաղողի այգին։ Այժմ վերացման եզրին են յայտնուել այն փորձն ու գիտելիքը, որոնք բնորոշ էին հենց արցախեան գինեգործական մշակութային լանդշաֆտին եւ կեանք էին հաղորդում գինեգործական ոչ նիւթական պրակտիկային։

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գիւղում 2018 թուականից սկսած անցկացուող ժենգեալով հացի փառատօնին մասնակցում էր մինչեւ 12 հազար այցելու։ Փառատօնի ծրագրում ժենգեալով հացի պատրաստումն էր, համտեսը, հիւրասիրութիւնը եւ վաճառքը՝ գիւղատնտեսական այլ մթերքների հետ միասին։ 2019 թուականի փառատօնը ընդգծուեց պատմական նշանակութեամբ. թխուեց աշխարհում ամենամեծ ժենգեալով հացը՝ 3 մեթր երկարութեամբ 25 տեսակի կանաչիների կիրառմամբ։

Արցախեան ազգային եւ բնութեան աւանդոյթները յատկապէս կարեւորուել են Հադրութի շրջանի Դրախտիկ գիւղում, որտեղ սկսած 2014 թուականից կազմակերպւում էր թթուի փառատօնը։ Մասնակցում էին շրջանի շուրջ 17 գիւղերի բնակիչներ՝ ցուցադրելով թթուների 60 եւ աւելի տեսակներ եւ ընդգծելով թթուի պատրաստման իւրայատուկ մշակոյթը։

2018 թուականից սկսած «Նարեկացի» արուեստի միութեան ջանքերով «Բրուտ արտ» խեցեգործութեան միջազգային միջոցառումներ էին անցկացւում։ Իւրաքանչիւր միջոցառում Շուշիում հիւրընկալում էր շուրջ 10 արուեստագէտների, ովքեր իրենց տպաւորութիւնները կաւին էին յանձնում։ Բռնի տեղահանութեամբ այս պրակտիկան եւս կասեցուեց։

Շուշիում 2011 թուականից սկսած նաեւ քանդակագործութեան միջազգային սիմպոզիումներ էին անցկացւում։ Մէկ ամիս Շուշիում ապրելով՝ արուեստագէտները քաղաքից ստացած տպաւորութիւնները քարին էին յանձնում։ Ստեղծուած շուրջ 88 քանդակները ցուցադրուած էին Շուշիի կերպարուեստի պետական թանգարանի բակում, որոնք Ատրպէյճանը ոչնչացրել է։

Այս փառատօները համայնքային համերաշխութեան, ընդհանուր արժէքներ կիսելու եւ փոխանակելու հնարաւորութիւն էին՝ սերունդների միջեւ սերմանելով պատկանելութեան եւ նոյն աւանդոյթներով ապրելու զգացում:

Արցախի տարբեր շրջաններում կարեւոր նշանակութեան ոչ նիւթական ժառանգութեան ընդգծուած համայնքային պրակտիկաներից էր թթի մշակութիւնը։ Շատ ընտանիքներ իրենց բակում թթի ծառեր էին մշակում՝ տիրապետելով թթից աւանդական ուտեստներ պատրաստելու մեծ հմտութիւնների։ Թթից դոշաբ էին պատրաստում, որը համայնքային ծիսակարգ էր։ Տեղահանութիւնից յետոյ ռեսուրսների բացակայութեան պատճառով արցախեան դոշաբը չի պատրաստւում։ Թթից նաեւ մուրաբաներ, չորամրգեր եւ բուժիչ թուրմեր էին պատրաստում։

Արցախեան բնական լանդշաֆտը առանցքային դեր է կատարել թէյախմութեան մշակոյթում։ Ընդունուած աւանդոյթ էր տեղական ուրցով եւ արցախեան խոտաբոյսերով թէյախմութիւնը։ Թէյախմութեան հանդէպ սէրն էլ ծնել էր խորհրդանշական՝ «սամովարի» (ինքնաեռ) մշակոյթը, որը գրեթէ բոլորն իրենց տներում ունէին։ Թէյախմութիւնն աւելին էր, քան միայն թէյ խմելը։ Այն սոցիալական փոխշփումներին նպաստող պրակտիկա էր։

Այսօր շուրջ 120 հազար արցախահայ Ատրպէյճանի ռասսայական խտրական վերաբերմունքի պատճառով զրկուած է Արցախի մշակութային կեանքին մասնակցելու, ուխտատեղիներ, պատմամշակութային վայրեր այցելելու, հարազատների գերեզմանոցներում յարգանքի տուրք մատուցելու, եկեղեցիներում ծէսեր կատարելու եւ աղօթելու իրաւունքից։

Բռնի տեղահանութիւնը յանգեցրել է արհեստագործական պրակտիկաների կասեցմանը։ Ուսումնասիրութիւնները փաստում են, որ դիցուք՝ Արցախի Հադրութի շրջանում (յատկապէս Մեծ Թաղլարում) մինչ պատերազմն ապրում էին 19-րդ դարի արհեստները, այդ թւում դարբնագործութիւնը, տակառագործութիւնը, բրուտագործութիւնը, հանետագործութունը (թամբի պատրաստում, փալանչիութիւն) ատաղձագործութիւն, պայտառագործութիւնը, կլայեկչագործութիւնը (արծնապատում, էմալապատում), գորգագործութիւնը, փայտագործութիւնը, հիւսնութիւնը, որի հումքը տեղական կաղնու փայտն էր։ Տակառագործութիւնը զարգացած էր Տողում, որի հումքը Արցախի հաճարի փայտն էր: Իսկ Ասկերանում անգամ տակառագործութեան՝ միջազգային չափանիշներին համապատասխան գինեգործութեան եւ կոնեակագործութեան գործարան կար՝ «Վարանդա»ն։ Արցախը հարուստ էր իր խոհանոցով, գորգագործական եւ կարպետագործական մշակոյթով, որի աւանդական պրակտիկան մի կողմից կասեցուեց կրթական կեդրոնների, գորգերի գործման վայրերի բռնագրաւման արդիւնքում, իսկ միւս կողմից միջազգայնօրէն իւրացւում է Ատրպէյճանի կողմից։

2024 թուականի Յունիսին Ատրպէյճանը Արցախեան եզակի գորգերի կրկնօրինակների ցուցանմոյշներով միջազգային ցուցահանդէս բացեց Լատվիայում՝ ներկայացնելով հայկական 1680 թուականի Գուհար գործը, Ջրաբերդ տեսակի գորգերը, վիշապագորգերը եւ Արծուագորգերը որպէս ատրպէյճանական։ Մեր արծուագորգի զարդանախշերով Ատրպէյճանը հրապարակ է կառուցում… Սրանք իւրացման վառ օրինակներ են։ Նրանք տարածաշրջանում բնիկութեան փաստեր կեղծելու համար են վերցնում հայկական խորհրդանիշները, որովհետեւ դրանք այդ տարածաշրջանում ունեն պատմական արմատներ եւ ներկայութիւն, հետեւաբար, եթէ Ատրպէյճանը դրանք իրենը համարի, կը փորձի տարածաշրջանում հին ազգի կարգավիճակ ունենալ։

Արցախեան տօների հարկադիր կասեցում է տեղի ունեցել։ Արցախցիների կեանքում մեծ տեղ են ունեցել ոչ միայն մեր ազգային տօները, այլեւ հենց Արցախին յատուկ տօները, օրինակ՝ Հադրութին բնորոշ համայնքային աւանդոյթ դարձած Խարոյկի օրը: Բոլոր համայնքների սարերի տակ հադրութցիներն այդ օրը խարոյկ էին վառում, եւ մրցում, թէ ո՛ւմ խարոյկն է աւելի բարձր։ Տօնից մէկ շաբաթ առաջ երեկոները ցախ ու անուադողեր էին գլորում, երգով, պարով տանում դէպի խարոյկի վառման տեղը։ Տօնին վառուած խարոյկների շուրջ մեծ ու փոքր հաւաքւում էին, խարոյկի վրայից թռնում ու մինչ ուշ գիշեր մնում այնտեղ։

Յիշատակութեան է արժանի նաեւ Հադրութ քաղաքի տօնը՝ Օգոստոսի 15-ը, որը նուիրուած էր 1992 թուականի Օգոստոսի 15-ին հադրութցիների՝ թուրքերի դէմ ինքնապաշտպանական հերոսական պայքարին եւ յաղթանակին: Յատկանշական է, որ տօնի առանցքում մշակութային ժառանգութեան վայրեր այցելելն էր։

Այս օրինակներն ընդգծում են նիւթական եւ ոչ նիւթական արժէքների փոխկապակցուածութիւնը, որտեղ տօները կապուած են եկեղեցու հետ եկեղեցին՝ աղօթքի ու ծէսերի, ծէսը համայնքային աւանդական կենցաղի։ Տեղի է ունեցել մշակութային պրակտիկաների՝ կրօնական ծէսերի, ուխտագնացութիւնների կասեցում։ Այսպէս ոչ նիւթական ժառանգութեան փոխանցումը, ցաւօք, անհնար է դառնում։

– Ձեր հեղինակած՝ «Արցախի հայկական մշակութային ժառանգութիւնը․ պաշտպանութեան մեխանիզմները ժառանգութեան պահպանութեան միջազգային համակարգում» աշխատութիւնը նախ լոյս էր տեսել անգլերէն, ապա նաեւ հայերէն։ Այս աշխատութիւնը ո՞ր երկրներում են կարդացել, ուսումնասիրել։ Ինչպիսի՞ արձագանգներ են եղել։ (Խնդրում եմ նաեւ նշել, թէ երբ են լոյս տեսել աշխատութեան անգլերէն եւ հայերէն տարբերակները)։

– Գիրքը լոյս է տեսել 2023 թուականի Հոկտեմբերին «Վէմ» համահայկական հանդէսում։ 2024 թուականի Յունուարի 24-ին այն ներկայացուել է Եւրոպական խորհրդարան ու դարձել եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից ուսումնասիրուող գրքերից։ Նրանք ծանօթացել են Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացման խնդրին։ Սա նաեւ միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացուող հայցադիմումներին կից ներկայացուող նիւթ է եղել։ Այս աշխատութիւնը կարդացել են Պրահայում, ԱՄՆ-ում, Չեխիայում, Լիբանանում։ Աշխարհի շատ երկրների գրադարաններում գիրքն արդէն իր ուրոյն տեղն է գտել։

Մենագրութիւնը գրուել է 2020 թուականի 44-օրեայ պատերազմի ընթացքում Ատրպէյճանի կողմից Արցախի մշակութային արժէքների թիրախաւորման բազմաթիւ դէպքերից եւ պատերազմից յետոյ՝ Արցախի բռնագրաւուած տարածքներում մշակութային ժառանգութեան բացառիկ արժէքների շարունակական ոչնչացման սպառնալիքից ելնելով առաջարկելով ժառանգութեան միջազգային պաշտպանութեան հնարաւոր մեխանիզմներ։ Մենագրութեան ստեղծմանը գաղափարից մինչ դրա կեանքի կոչումն աջակցել են ինչպէս նուիրեալ ու հայրենասէր անհատներ, այնպէս էլ Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեամբ մտահոգ տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպութիւններ։

Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մեխանիզմների հանրահռչակման եւ միջազգային թիրախային լսարանին հասանելի դարձնելու համար մենագրութիւնը թարգմանուել է անգլերէն: Մենագրութեան մէջ քննւում են զինուած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան միջազգային համակարգը, Ատրպէյճանի կողմից 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ միջազգային սկզբունքների դիտանկիւնից Արցախի հայկական մշակութային ժառանգութեան անօրինական թիրախաւորման դէպքերը, դրա ոչնչացման եւ իւրացման առանձին մեխանիզմներ: Ներկայացւում են զինուած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան միջազգային կանոնակարգերը, իրաւական եւ հումանիտար գործիքները (միջազգային կոնվենցիաներ, հռչակագրեր, բանաձեւեր, կանոնադրութիւններ, սովորութային նորմեր)՝ ի պաշտպանութիւն Ատրպէյճանի կողմից վանդալիզմի ենթարկուած Արցախի հայկական մշակութային ժառանգութեան։

Մենագրութիւնը նախատեսուած է մշակութային ժառանգութեան պահպանութեամբ զբաղուող մասնագէտների, պետական կառոյցների, գիտական ընկերութիւնների, ուսանողների եւ արցախահայութեան մշակութային ժառանգութեան պաշտպանութեամբ ու պահպանութեամբ մտահոգ ընթերցողների լայն շրջանակների համար։

Մենագրութիւնում ներկայացուել է միջազգային հանրութեան (ազգային, վերազգային եւ հասարակական կազմակերպութիւնների, ՄԱԿ-ի, ԵՈՒՆԵՍՔՕ-ի, ԵԽԽՎ-ի, Հաագայի դատարանի եւ այլն) արձագանգը Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացման ատրպէյճանական քաղաքականութեանը թէ՛ պատերազմի 44 օրերի ընթացքում եւ թէ՛ դրանից յետոյ։ Մենագրութիւնը եզրափակւում է պատերազմից յետոյ միջազգային հանրութեան արձագանգի դրական եւ համարժէք փոփոխութեան արձանագրմամբ։ Քննւում են ԵԽԽՎ բանաձեւերը եւ Հաագայի արդարադատութեան միջազգային դատարանի աննախադէպ որոշումները, որոնք որպէս եզակի նախադէպ կարող են բեկել պատմութեան ընթացքը՝ դառնալով Ատրպէյճանի մշակութասպան գործողութիւնները դատապարտող եւ արգելող միջազգային իրական գործիք։

Յասմիկ Պալէեան

Comments are closed.