Արցախում ՀՕՄ-ի յետպատերազմեան ծրագրերի մասին

Հայ օգնութեան միութիւնը նախքան 44-օրեայ պատերազմը կենտրոնացած էր այլ ծրագրերի ուղղութեամբ: ՊԲ-ի հետ համագործակցութեամբ` մի շարք աջակցութեան ծրագրեր էին իրագործում զօրամասերում, ուշադրութեան կենտրոնում էին կրթական ծրագրերը, մանկապարտէզները: Բայց 2020թ. պատերազմից յետոյ ՀՕՄ-ի ծրագրերը լրիւ փոխուել են. դրանք ստացել են սոցիալական ուղղուածութիւն՝ ունենալով տեղահանուած բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների բարելաւման նպատակ: Դրանցից «Ապառաժ»-ի հետ զրոյցում ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Արմինէ Յարութիւնեանն առաջին հերթին առանձնացնում է «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագիրը:

«ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութիւնն իր բոլոր կառոյցների հետ միասին ձեռնամուխ է եղել դրամահաւաքի, որից սկիզբ է առել «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագիրը: Ըստ ծրագրի՝ տեղահանուած 1000 ընտանիքի 4 ամիս շարունակ տրամադրուել է 250 ԱՄՆ դոլար գումար: Պայմաններից մէկն էլ այն էր, որ ընտանիքը բաղկացած լինէր 3 և աւելի անդամներից: Ընտանիքի կազմի վերաբերեալ ընդունուած որոշման տրամաբանութիւնն այն էր, որ երկու անդամից բաղկացած ընտանիքները հիմնականում թոշակառու են, ովքեր տարհանուելուց յետոյ էլ շարունակում են թոշակ ստանալ, իսկ 3 և աւելի անդամ ունեցող ընտանիքները, որոնք երեխաներ ունեն, կորցրել են իրենց աշխատանքը, եկամտի աղբիւրները և գումարի կարիք աւելի շատ ունեն»,- նշել է Արմինէ Յարութիւնեանը:

Ծրագրի մեկնարկը տրուել է դեկտեմբերի վերջերին ՀՀ-ում, իսկ Արցախում աւելի ուշ է սկսուել և աւարտուել է յունիսին: Ծրագրի ընդհանուր ծախսը 1մլն ԱՄՆ դոլար էր:

Ծրագրում ներառուած բոլոր ընտանիքները շնորհակալութիւն են յայտնել ՀՕՄ-ի աշխարհասփիւռ կառոյցին՝ այս դժուարին իրավիճակում իրենց կողքին գտնուելու և մի քանի ամսուայ կտրուածքով իրենց ծախսերը թեթևացնելու համար:

Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհին մեկնաբանել է տեղահանուած բոլոր բնակիչներին ծրագրում ընդգրկելու հարցը: Նա նշել է, որ տեղահանուած 8000-ից աւելի ընտանիքներ կան, ու բնական է, որ բոլորը չէին կարող օգտուել ծրագրից:

«Հասկանում եմ հասարակութեան որոշ մասի դժգոհութիւնը, բայց նրանք ևս պէտք է գիտակցեն, որ ՀՕՄ-ը իր հնարաւորութեան սահմաններում է աջակցել: ՀՕՄ-ը հասարակական կազմակերպութիւն է, որն իր հնարաւորութիւնների սահմաններում է փորձում օգտակար լինել: Իհարկէ, շատ լաւ կը լինէր, որ գումարը աւելի մեծ լինէր և դրանից բոլորը օգտուէին, բայց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան այս ծրագրով տնից ու աշխատանիքց զրկուած բազմահազար հայրենակիցների մի որոշ մասի առաջնային ծախսերը հնարաւոր է եղել լուծել»,- ասել է Արմինէ Յարութիւնեանը:

Ինչ վերաբերում է ծրագրում ընդգրկուած համայնքներին, ապա դրանց ընտրութիւնը պատահական էր: Ծրագրից առաջին հերթին օգտուել են Հադրութի շրջանի Տող, Մեծ Թաղեր գիւղերի ընտանիքները, քանի որ այս համայնքներում ՀՕՄ-ը «Սօսէ» մանկապարտէզներ ունէր: Նշենք նաև, որ աջակցութեան ծրագրից կոնկրետ համայնքներ են օգտուել՝ տուեալ համայնքների ղեկավարների ներկայացրած ցուցակների համաձայն:

ՀՕՄ-ի Արցախի միաւորի որոշմամբ ամսական 250 դոլար աջակցութիւն են ստացել Մարտունու շրջանի Շեխեր, Սարգսաշէն, Զարդանաշէն, Ջիւանի, Ասկերանի շրջանի Մադաթաշէն, Ակնաղբիւր, Ջրաղացներ, Մոշխմհատ, Սղնախ, Շուշիի շրջանի Քարին տակ գիւղերի այն ընտանիքները, որոնք բնակւում են Արցախում՝ դրանով քաջալերելով այստեղ ապրողներին:

Արմինէ Յարութիւնեանը նշել է, որ «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագրից չօգտուած քաղաքացիներին փորձել են ներառել այլ ծրագրերում. «Ճիշտ է, դրանք համարժէք չեն, բայց մեր հնարաւորութեան սահմաններում փորձել ենք օգնել»:

Մօտ 200 սննդի տոպրակներ են բաժանուել տեղահանուած ընտանիքներին՝ հիմնականում բազմազաւակ, զոհ կամ վիրաւոր ունեցող ընտանիքներին:

Սննդի տուփ և հիկենայի պարագաներ են բաժանուել Ասկերանի շրջանի Արմենակաւանի 13, Ուղտասարի 32, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղայի 125, Նոր Սէյսուլանի 35, Նոր Այգեստանի 45, Հովտաշէնի 66 ընտանիքների:

Անկողնային պարագաներ են յատկացուել Ներքին Ճարտարի 57, Ազոխի 83, Դրախտիկի 65 ընտանիքների, Մատաղիսի 44 ընտանիքների:

Յունուարից յետոյ ծնուած 200 նորածինների տրամադրուել են մանկական կեր, հագուստ, հիկիենայի պարագաներ: Ֆրանսիայից ստացուած 300 տուփ մանկական կեր փոխանցուել է «Արևիկ» մանկական պոլիկլինիկա:

Յունաստանի հայ համայնքի կողմից ստացուել է հագուստ, սնունդ: Ստեփանակերտի ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզի պահեստից շոր է ստացել 2007 ընտանիքի 10000-ից աւելի անդամ, նաև՝ 190 ընտանիքի սնունդ է բաժանուել:

Բացի դրանից, Նոր Ջուղայի հայ համայնքի աջակցութեամբ զոհուած և վիրաւորում ստացած 68 ընտանիք ՀՕՄ-ի միջոցով ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:

Արմինէ Յարութիւնեանը խօսել է նաև դեռևս Արցախեան առաջին պատերազմի ժամանակներից գործող ՀՕՄ-ի ծրագրերից մէկի մասին: Խօսքը զոհուած զինծառայողների երեխաներին Սփիւռքի տարբեր ընտանիքների կողմից պարբերաբար աջակցելու ծրագրի մասին է: «Զոհուած հերոսների զաւակներ» անունը կրող ծրագրի շրջանակներում  մօտ 600 երեխայի տուեալներ ուղարկուել են ՀՕՄ-ի ԿՎ-ին:

Վերջում Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհին շեշտեց, որ ՀՕՄ-ը միշտ էլ ժողովրդի կողքին է, և Արցախում ծրագրերը շարունակուելու են:

Տ. Աղաջանեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.