Արցախից տեղահանուածները` Հայաստանի գիւղերում։ Անձնական պատմութիւններ

2020 թուականի 44-օրեայ պատերազմի հետևանքով Արցախից՝ սեփական բնակավայրերից ու տներից հեռացան հազարաւոր ընտանիքներ։ պաշտօնական տուեալներով այս տարուայ յունուարի 1-ի դրութեամբ Հայաստանում ժամանակաւորապէս ապաստանած արցախցիների թիւը կազմել է շուրջ 21 հազար մարդ, 5 400 ընտանիք: Նրանց մեծ մասը բնակւում է Հայաստանի տարբեր մարզերում։

«Իշխանասարից մեր գիւղը մօտ է»

Կոստանեանների ընտանիքի ութ երեխաներից եօթը ծնուել են Քաշաթաղի շրջանի Հակ գիւղում։ Կրտսեր դուստրը՝ Լիլիթը, լոյս աշխարհ է եկել Գորիսում։

«Յղի էի, երբ լքեցինք մեր տունը։ 2020 թուականի նոյեմբերի վերջին դուրս եկանք [ռազմական գործողութիւններն աւարտուեցին 2020 թ․ նոյեմբերի 10-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ փաստաթղթի, այս շրջանի բնակիչներին իրենց տները լքելու համար ժամանակ էր տրւում մինչև դեկտեմբերի 1-ը — JAMnews]։ Մի քանի օր անց, դեկտեմբերի 8-ին ծնուեց Լիլիթը։ Մեր նոր տան մէջ մի քանի ամիս հասցրինք ապրել, պետութիւնն էր տրամադրել, որպէս բազմազաւակ ընտանիք։ Ո՞վ իմանար այսպէս կը լինէր», — պատմում է  ընտանիքի մայրը՝ 30-ամեայ Նարինէ Կոստանեանը։

Երեխաները՝ մեծից փոքր հաւաքուել են տան միակ սեղանի շուրջ ճաշելու։ Աւագը 14 տարեկան է, փոքրը՝ 1,2։ Սենեակի մի անկիւնում փայտէ վառարանն է՝ ծանրաբեռնուած տաք կաթսաներով։ Մեծ, սակայն խիստ անյարմարաւէտ տանը բազմազաւակ ընտանիքը մի կերպ է հարմարուել։ Նարինէն ասում է՝ կացարանի այլ տարբերակ չեն ունեցել։

Ընտանիքում կարոտով են յիշում իրենց գիւղը, կորցրած նորակառոյց տունը, այգին։

Նարինէի ամուսինն ասում է, Հակից հասցրել են տեղափոխել անասուններին, հագուստեղէնը և վառելիք՝ փայտ։ Հէնց սկզբից որոշել են գալ Իշխանասար, որը գտնւում է Սիւնիքի մարզում։ Իշխանասար գիւղի դէմ դիմաց վեր է խոյանում Իշխանասար լեռը, որի հակառակ կողմում էլ Քաշաթաղի շրջանի Հակ գիւղն է։

«Իշխանասարից մօտ ենք մեր գիւղին, մեր տանը։ Եթէ տան հարցը լուծուի,  պետութիւնը կարողանայ չորս պատ տրամադրել, հէնց այս գիւղում էլ հիմնական կը մնանք», — ասում է Վահան Կոստանեանը։

Իշխանասարի համայնքապետարանը ընտանիքին դեռ ժամականաւոր կացարան է տրամադրել։ Պարբերաբար տարբեր կազմակերպութիւններ օգնութիւն են յատկացնում՝ սննդի, փայտի, հիգիենայի պարագաների, հագուստի տեսքով։

Իշխանասարում բացի Կոստանեաններից ևս չորս տեղահանուած ընտանիք է ապաստանել․ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գիւղից, Մատաղիսից, Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գիւղից, ընդհանուր առմամբ՝ 29 հոգի։

«Ամուսինս ասում էր՝ ես չեմ դիմանում, կը մեռնեմ, այդպէս էլ եղաւ»

Սիւնիքի մարզի Խնածախ գիւղում հանգրուանել է Քաշաթաղի շրջանի Մելիքաշէն գիւղից Բունիաթեանների հինգ հոգանոց ընտանիքը։

«Երկու օր ժամանակ տուեցին դուրս գալու համար։ Միայն երեխաների շորերն եմ հասցրել հաւաքել։ Ամէն ինչ թողեցինք եկանք», — պատմում է երեք անչափահաս երեխաների մայրը՝ 40-ամեայ Ոսկեհատ Բունիաթեանը:

Ասում է՝ մէկ տարուց աւելի է փորձում են յարմարուել նոր բնակավայրին, միջավայրին․ 

«Ինչ տեղափոխուել էինք Խնածախ, ամուսինս ասում էր՝ ես չեմ դիմանում, կը մեռնեմ, այդպէս էլ եղաւ, երկու ամիս առաջ ինսուլտից մահացաւ»։

Մելիքաշէնում Ոսկեհատը փոքր անասնապահական ֆերմա է ունեցել, հող է մշակել, Խնածախում ոչինչ չունի, փորձում է աշխատանք գտնել ընտանիքը պահելու համար։

«Այս տանը, որտեղ հիմա ապրում ենք, դիմացը հողամաս էլ չկայ, գոնէ կը մշակէի։ Եթէ ինձ տուն տան, կը մնամ այստեղ, եթէ ոչ, ապա մտածում եմ Արցախ վերադառնալու մասին։ Այնտեղ կը հիմնաւորուեմ գիւղերից մէկում, բնակարանով ապահովում են։ Մանաւանդ տղաս էլ երկու տարի յետոյ զօրակոչիկ է լինելու։ Ուզում եմ թղթերը բերեմ Հայաստան, չի թողնում, ասում է՝ ծնուել եմ Արցախում, իմ հողն է, այնտեղ եմ գնալու ծառայութեան։ Եթէ այնտեղ գնաց բանակ, նշանակում է հաստատ՝ վերադարձ Արցախ», — ասում է Ոսկեհատը։

Երևանից 250 կմ հեռաւորութեան վրայ գտնուող Խնածախը 44-օրեայ պատերազմից յետոյ դարձել է սահմանամերձ Ադրբեջանի հետ։ Այս գիւղում Արցախից վերաբնակեցուած 20 ընտանիք է ապրում։

«Ձեռքով էինք ջուր կրում, բայց երջանիկ էինք»

Մանուշակ Յակոբեանը ափսոսանքով ու ցաւով է յիշում Քաշաթաղի շրջանում գտնուող Ծիծեռնավանքի իրենց տունը։ Այժմ ընտանիքով տեղափոխուել է Խնածախ, սկսել է աշխատել տեղի դպրոցում։

«Ծիծեռնավանքից դուրս եկանք 2020 թուականի նոյեմբերի 29-ին, մինչև վերջ մնացինք, վերջին օրն ենք դուրս եկել։ Յիշում եմ մեր տունը, մեր էն ձորը, մեր հարևաններին։ Չգիտեմ, ժամանակը գուցէ կ’օգնի։ Երկու մասնաշէնքով դպրոց ունէինք, երեսուն աշակերտ, այնտեղ աշխատել եմ 15 տարի։ Ապրում էինք էլի, լաւ էր, ճիշտ է ձեռքով էին ջուր կրում, բայց չէինք դժգոհում, իսկ հիմա եկել ենք ու տուն չունենք», — պատմում է Մանուշակը։ 

Երեք երեխաների մայրն ասում է, որ մէկ տարուայ ընթացքում գիւղում երեք տուն են փոխել․ մէկ տէրերը վաճառել եմ, մէկ՝ այլ պատճառ է առաջացել․

«Հեշտ չէ այս կեանքով ապրելը։ Այնտեղից միայն հասցրինք մեր տան տանիքի թիթեղը բերել, անասունները հասցրինք վաճառել։ Այստեղ ամուսինս անասնապահութեամբ է զբաղւում, չորս հինգ կով ունենք։ Ցաւն այն է, որ այստեղ էլ արօտ չկայ։ Որ արդէն ստիպուած կովերից մէկին վաճառել ենք, չոր խոտ առել, որ մնացածին կարողանանք պահել։ Խնածախի արօտավայրերը Ադրբեջանի վերահսկողութեան տակ են անցել»։

«Չեմ նայում այն կողմ, որտեղից երևում են մեր սարերը»

Ծիծեռնավանքից Խնածախ է տեղափոխուել նաև Արտաւազդ Աբրահամեանը։ 

«Փոքր գիւղ էր, բայց ապրում էինք մի ընտանիքի նման, ուրախութիւն ու տխրութիւն կիսելով։ Մինչև 2020 թուականի սեպտեմբերի 27-ը։ Ու այդ օրուանից բոլորիս կեանքը փոխուեց։ Սկզբում մտածեցինք Քառօրեայ պատերազմի նման կ’անցնի կը գնայ, մինչև ամենավատ իրավիճակը ստեղծուեց։ Երբ  նոյեմբերի 9-ին այդ փաստաթուղթը ստորագրուեց [ռազմական գործողութիւնների աւարտի մասին], մենք բոլորս շուարած էինք։

Մի բան կ’ասեմ, գիւղը միանգամից մեռաւ, ապրում էինք, բայց մեռած էինք։ Մենք տեղափոխուեցինք այստեղ, բալիկս արդէն այստեղ ծնուեց։ Մեր գիւղացիներից շատերը հիմա Հայաստանի տարբեր մարզերում են գտնւում, ով որտեղ կարողացել է տեղաւորուել է, բայց կապի մէջ ենք։ Վերջերս մերոնցից մէկի հարսանիքն էր, Հրազդանում էին անում, այստեղից հասել եմ այնտեղ՝ ջերմութիւնը մեզ կապում է դեռ իրար», — պատմում է Արտաւազդը։

Խնածախում նա արդէն գտել է իրեն, մի քանի ամիս է  դպրոցի տնօրէնն է։ Այստեղ սովորում է Քաշաթաղի տարբեր գիւղերից եկած ութ երեխայ։

Խնածախից Ծիծեռնավանք ընդամէնը հինգ կիլոմետր ճանապարհ է պէտք անցնել։

«գիւղի մի ճանապարհ կայ, այդ հատուածով անցնում ենք, կարծես մի ծանր դար անցնի, որովհետև այդտեղից երևում են մեր գիւղի սարերը, նաև՝ ադրբեջանական դրօշները։ Մեզ համար այդ ճանապարհը մի անտանելի ծանր ճանապարհ է։ Ճիշտն ասած, ես չեմ նայում այդ կողմ ու չեմ էլ անցնում այդ հատուածով, ծանր է», — ասում է Արտաւազդը։

jam-news.net

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.