Արթիւր Խաչատրեանի հիմնական նպատակն է լինելու, որպէս Աժ պատգամաւոր, կենսագործել ՀՅԴ ծրագրի առաջնահերթութիւնները

Մայրաքաղաքի թիւ 1 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրուած պատգամաւորութեան թեկնածու Արթիւր Երջանիկի Խաչատրեանը ծնուել է 1968 թ. Փետրուարի 20-ին Երեւանում: 1985 թ. աւարտել է մարզական թեքումով թիւ 10 հանրակրթական մասնագիտացուած դպրոցի մարմնամարզութեան բաժինը: Սբորթի վարպետ է: 1986-1988 թթ. ծառայել է նախկին ԽՍՀՄ բանակում: 1988-1991 թթ. աշխատել է պետական մատակարարման համակարգում որպէս բաժնի վարիչի տեղակալ: 1990-1995 թթ. սովորել եւ աւարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսութեան ինստիտուտի Առեւտրի կառավարում եւ էքոնոմիքա ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագէտի որակաւորում: Բուհական ուսմանը զուգահեռ՝ նա 1991-1996 թթ. եղել է ԼՂՀ «Լաւատես» միաւորման նախագահութեան անդամ եւ «Թեյշեբա» ֆիրմայի տնօրէն: 1996-2000 թթ. ՀՅԴ Գերագոյն մարմնի Տնտեսական բաժնի պատասխանատուն էր: 2000-2006 թթ. ղեկավարել է Սիւնիքի թռչնաֆապրիքայի Կոմերցիոն բաժինը: 2006-2010 թթ. եղել է պահածոների «Ալիշան» գործարանի տնօրէնը: 2010-2012 թթ. աշխատել է «Սիկարօն» ՍՊԸ-ում որպէս Կոմերցիոն բաժնի տնօրէն: Ներկայումս «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ի տնօրէնն է: ՀՅԴ անդամ է 1993 թուականից: Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում ժողովրդի վստահութեան քուէն ստանալու դէպքում՝ Արթիւր Խաչատրեանի հիմնական նպատակն է լինելու, որպէս Ազգային ժողովի պատգամաւոր, կենսագործել ՀՅԴ ծրագրով նախատեսուած առաջնահերթութիւնները:

Արթիւր Խաչատրեանն ամուսնացած է: Ունի երկու զաւակ՝ Աշոտը եւ Արամը: Նրանք փորձում են շարունակել իրենց հօր կիսատ մնացած կռիւը՝ ազգային բանակի շարքերում հող հայրենին պաշտպանելով թշնամու ոտնձգութիւններից: Աշոտը ծառայում է Պաշտպանութեան բանակում: Նա աքթիւ մասնակցութիւն է ունեցել Ապրիլեան քառօրեային: Արամը աչքի է ընկել Թալիշի պաշտպանական մարտերում: Արամ եւ Աշոտ Խաչատրեանները 2016 թ. Ապրիլեան պատերազմի օրերին ստանձնել էին մարտական կարեւոր դիրքերի պատասխանատուութիւնը: Արթիւր Խաչատրեանը նոյնպէս զէնքը ձեռքին որդիների հետ սահմանում էր այնպէս, ինչպէս արցախեան ողջ ազատամարտի տարիներին: Նա թէ՛ նախորդ, թէ՛ Ապրիլեան պատերազմում ազգային բանակին ցուցաբերել է նաեւ նիւթական ու բարոյական աջակցութիւն տարաբնոյթ ծրագրերի միջոցով:

Հայրենիքի եւ հարազատ ժողովրդի ճակատագրով մտահոգուած յայտնի քաղաքական գործիչ, գործարար Արթիւր Խաչատրեանը Հայաստանի հասարակական եւ տնտեսական կեանքում իր տեսլականին համապատասխանող փոփոխութիւններ իրականացնելու նպատակով ՀՅԴ ռեյտինգային ցուցակով մասնակցում է Ազգային ժողովի ընտրութիւններին Երեւանի թիւ 1 ընտրատարածքում: Ստորեւ ներկայացուող հարցազրոյցում Արթիւր Խաչատրեանը հանգամանօրէն մանրամասնում է իր տեսակէտները եւ դրանց համաձայն՝ մեր երկրում արդարութեան յաղթանակին հասնելու վճռականութեամբ:

Պարոն Խաչատրեան, ըստ Ձեզ, ԱԺ ընտրութիւններին մասնակցող ընտրազանգուածն ինչո՞ւ պէտք է նախապատուութիւնը տայ ՀՅԴ-ին եւ այդ կուսակցութեան կողմից առաջադրուած պատգամաւորութեան թեկնածուներին:

– Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է մեր ժողովրդին ամբողջական պատկերացում տալ ՀՅԴ գործունէութեան մասին Հայաստանում եւ Սփիւռքում՝ ձգտելով վերացնել Դաշնակցութեան մասին որոշ հատուածների մօտ ձեւաւորուած թիւր ըմբռնումները: ՀՅԴ-ն ոչ միայն առաջ է քաշել սահմանադրական փոփոխութիւնների պահանջը, այլեւ անչափ կարեւոր ծրագրեր է իրականացնում թէ՛ մեր երկրի զարգացմանը նպաստելու, թէ՛ աշխարհասփիւռ հայութեան նպատակներն իրագործելու տեսանկիւնից: ՀՅԴ-ն աշխարհի 32 երկրում մասնաճիւղեր ունեցող հզօր կառոյց է, որը իր կրթադաստիարակչական եւ բարեգործական ծրագրերով, մարմնամարզական ու մշակութային կենտրոններով 100 տարուց աւել է, ինչ նպաստում է հայապահպանութեանը Սփիւռքում: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանայ ՀՅԴ այն հերոս գործիչների, օրինակ Լիզպոնի տղաների եւ միւսների մասին, ովքեր ազգային գաղափարի նուիրեալ մարտիկներ էին եւ իրենց կեանքն են զոհաբերել յանուն հայութեան վեհ նպատակների ինչպէս անցեալ դարում, այնպէս էլ մեր օրերում: Կարծում եմ, որ ՀՅԴ-ին անհրաժեշտ է կարեւորել յատկապէս այս տեսանկիւնից, ինչպէս նաեւ՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախօսին համապատասխան: ՀՅԴ գործունէութիւնը ներկայացնելու առումով եղած բացը պէտք է լրացուի: Մենք փորձելու ենք մեր ժողովրդին հասցնել ՀՅԴ կատարած լայնածաւալ եւ տարաբնոյթ աշխատանքները: Առանձնապէս խօսքս վերաբերում է Արցախում իրականացուած ծրագրերին, ՀՅԴ մասնակցութեանը Արցախեան եւ Ապրիլեան պատերազմներին եւ վերջերս ազգային բանակի կազմում 500 հոգանոց դաշնակցական ջոկատի ընդգրկմանը: Բացի այս խնդիրները՝ պէտք է բացատրական աշխատանք տարուի այն ուղղութեամբ, որ ՀՅԴ-ն ժողովրդի քուէին է ուզում արժանանալ ոչ թէ ԱԺ-ում ֆրակցիա ունենալու, այլեւ Սփիւռքի ներուժը Հայաստան բերելու եւ հայրենիքի շէնացման գործում նրանց ընդգրկելու համար: Մեր նպատակներից մէկն այն է, որ ողջ հայ ժողովրդին ներգրաւենք եւ մասնակից դարձնենք մեր երկրի հզօրացման գործընթացին: ՀՅԴ-ն պէտք է կարողանայ այս ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուող ԱԺ-ում նաեւ ներկայացնել իր հզօր ներուժը:

– Ձեր նախընտրական ծրագրային դրոյթներում , իբրեւ Հայաստանի հզօրացման պայման, Դուք առաջ էք քաշում ստուերի դէմ իրական պայքարը եւ հարկային դաշտի առողջացման մի շարք առաջարկներ: Կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ նկատի ունէք:

– Ողջ աշխարհում հանդիպող կոռուպցիայի, ստուերի եւ տնտեսական մենաշնորհի դէմ պայքարի մեխանիզմներ կան մշակուած: Պարզապէս անհրաժեշտ է կիրառել դրանք՝ տեղայնացնելով ու ելնելով մեզանում առկայ յիշեալ խնդիրներից: Տեղին է յիշատակել հետեւեալ փաստը: Նախորդ կառավարութիւնը ՀԴՄ-ների հետ կապուած 2,5 % վճարն էր անում, եւ այս առումով, իմ կարծիքով, անհրաժեշտ է այն բարձրացնել 10%-ի: Դրա շնորհիւ ստուերի տոկոսը բաւական կ’իջնի, եւ ժողովուրդը նոյնպէս կ’օգտուի ու այդ տոկոսային գումարից ոչ միայն կը վճարի իր կոմունալ ծախսերի մի մասը, այլեւ մանր, միջին եւ խոշոր պիզնեսի ներկայացուցիչների, ձեռնարկութիւնների, սուբըրմարքէթների ու խանութների սեփականատէրերի նկատմամբ այդպիսով որոշակի վերահսկում կ’իրականացնի՝ հանդէս գալով պահանջատիրոջ դիրքերից: ՀՅԴ-ի առաջարկած նախագծի հիման վրայ՝ մեր երկրի վերափոխուած Սահմանադրութեան մէջ ներառուել է այն դրոյթը, որի համաձայն՝ վերահսկողական գործառոյթներ ունեցող կառոյցներն անցնում են ընդդիմադիր ուժերի հսկողութեանը: Ընդդիմութիւնն այլեւս կարող է վերահսկել հարկային ու մաքսային դաշտերը՝ այդպիսով նպաստելով ստուերի նուազեցմանն ու վերացմանը: Պարզապէս պէտք է օրէնքը գործի: Հակառակ դէպքում ոչինչ չի փոխուի: Պէտք է օրէնքի հիման վրայ ձեւաւորել այնպիսի Ազգային ժողով եւ կառավարութիւն, որ ոչ թէ իւրաքանչիւր անհատ, այլ իւրաքանչիւր կազմակերպութիւն պատասխանատուութիւն կրի իր արածի ու չարածի համար:

– Այս առումով առաջ է գալիս նաեւ քատրային քաղաքականութեան խնդիրը: Որքանո՞վ է այն լուծուած մեզանում:

– Մենք լուրջ խնդիրներ ունենք այդ ոլորտում: Մարդիկ միանգամից ուզում են, օրինակ, ճեներալ դառնալ՝ չհասկանալով, որ նախ՝ անհրաժեշտ է լինել զինուոր: Երիտասարդ քատրերի պահանջը ճիշդ է, բայց չպէտք է մոռանալ փորձի պակասի խնդրի մասին: Նկատի ունեմ նաեւ կուսակցական գործունէութիւնը կամ պաշտօնների ժառանգականութեան արատաւոր երեւոյթը, երբ բարձր պաշտօնի հասած կուսակցական գործիչն իր զաւակներին տեղաւորում է պետական պատասխանատու պոստերում՝ առանց հաշուի առնելու նրանց մասնագիտական փարձառութեան աստիճանը:

– Ազգային կրթութեան եւ հայեցի դաստիարակութեան պակասը եւս նպաստում է քատրային սխալ քաղաքականութեան զարգացմանը: Գուցէ այն անհրաժեշտ է սկսել դեռեւս մանկապարտէզի՞ց՝ աճող սերնդի մէջ սերմանելով պետականամէտութեան եւ ոչ միայն սեփականամէտութեան գաղափարը:

– Այսօր մեր դպրոցահասակ երեխաներին աւելի շատ մտահոգում է օտար լեզուներ սովորելը, քան մայրենիի վրայ ուշադրութիւն դարձնելը: Այնինչ դպրոցական կրթութեան հիմքում պէտք է լինի հայոց լեզուի, հայ գրականութեան, հայ ժողովրդի պատմութեան իմացութիւնը՝ զուգորդուած այլ առարկաների եւ լեզուների ուսուցմամբ: Անհրաժեշտ է մոռացութիւնից փրկել մեր ազգային սովորութիւններն ու աւանդոյթները: Առաջնահերթ է մեծահասակների նկատմամբ յարգանքի, հոգատարութեան ու խնամքի սերմանումը աճող սերնդի դաստիարակութեան մէջ:

– Որպէս երկու պատերազմի մասնակից եւ երկու զինուորականի հայր՝ ի՞նչ բացեր էք նկատում զինծառայողների հայրենասիրական դաստիարակութեան գործում եւ ի՞նչ կ’առաջարկէիք սահմանում ծառայող հայ սպայի արժանավայել ապրելակերպի ու նիւթական ապահովուածութեան խնդիրների վերաբերեալ:

– Ես հպարտ եմ, որ իմ զաւակներն ու ես կատարում ենք հայրենիքը պաշտպանելու մեր պարտքը այնպէս, ինչպէս կատարել են մեզանից առաջ շատերը: Այսօր նոյնպէս մենք Հայաստանի սահմանների անվտանգութիւնն ապահովող հազարաւոր հայ զինուորների կողքին ենք: Ողջունելի եմ համարում Պաշտպանութեան նախարարի կողմից առաջ քաշուած Ազգ-բանակ կոնցեպտը եւ 1000-ական դրամների հաւաքագրումը: Պարզապէս կ’առաջարկէի, որ հայ մեծահարուստները սահմանը պահող սպայական կազմի ու նրանց ընտանիքների համար գումարներ յատկացնէին՝ այդ կապիտալով սահմանի բերանին բնակարաններ կառուցելու նպատակով: Այդպիսով որոշ չափով կը լուծուէր ծառայութեան ընթացքում բարւոք բնակարաններում նրանց բնակութեան հարցը: Բացի այդ՝ կ’առաջարկէի, որ բջջային կապի հայաստանեան օպերատորները, գերշահոյթ ստանալու մոլուցքի փոխարէն, բարեսիրական քայլ կատարեն ու Արցախում վերանայեն իրենց սակագները: Չէ՞ որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնութիւն Հայաստանից աւելի էժան սակագնով ենք զանգահարում, քան՝ Արցախում ծառայող մեր զինուորների հետ խօսելիս: Եւս մի առաջարկ ունեմ՝ կապուած ակցիզային ապրանքների հետ, որոնցից որոշ մասի, ասենք՝ ծխախոտի ակցիզից 20-ական կամ օղու ակցիզից 100-ական դրամ կարելի է նուիրաբերել մեր ազատամարտիկների համար ստեղծուելիք յատուկ հաշուեհամարին: Հասարակութեան մէջ չքաջալերուող այդ ապրանքատեսակների վաճառքից թող որոշակի գումար գնայ յանուն հայրենիքի իրենց կեանքն ու առողջութիւնը դրած ազատամարտիկներին օգնելու նպատակով: Մեր պետութիւնը պէտք է այս եւ այլ ծրագրերի իրականացման միջոցով հոգայ նրանց կարիքները:

Հայրենիքի անվտանգութեան ապահովման խնդիր ունենք նաեւ այսօր: Մենք պէտք է ոչ միայն հպարտանանք հայոց բանակով, այլեւ ամէն կերպ աջակցենք: Վտանգի պահին մեր ժողովուրդը բանակի ու զինուորի կողքին է մշտապէս: Վկան Ապրիլեան պատերազմն էր, երբ անգամ փոքրիկները նամակներում վստահեցնում էին, թէ պատրաստ էին կռուել հայ դիրքապահների հետ, իսկ մեր ժողովուրդը թէ՛ նիւթապէս, թէ՛ բարոյապէս բանակի կողքին էր: Ապրիլեան պատերազմի օրերին, կոնկրետ Հադրութում, ես հայրենասիրական անպարտելի միասնականութեան ոգի տեսայ 18-20 տարեկան հայ զինուորների մէջ, ոգի, որի դէմը հնարաւոր չէր առնել: Տեսայ կազմակերպուած ու կարգապահ բանակ, որտեղ համագործակցութիւն կար սպայի եւ զինուորների միջեւ: Տեսայ մեր տղաների անբեկանելի կամքը, որ նոյնիսկ մէկ սանթիմեթր չպէտք է զիջել հակառակորդին: Առաջնագիծ մեկնած ազատամարտիկներս նաեւ համոզուեցինք, որ երիտասարդ զինուորներին ոգեւորելու խնդիր էլ չկար, քանի որ նրանց վարքագծից մենք էինք ոգեւորւում: Համոզուած եմ, որ հայոց բանակի հետ 10 տարի յետոյ դժուար կը լինի մարտնչել: Մեր զինուորներն ու սպայական կազմը լաւագոյնս են պատրաստուած բոլոր տեսանկիւններից: Յատկապէս խօսքը հրետանուն է վերաբերում, որը հրաշքներ գործեց՝ գրեթէ միշտ հարուածելով ուղիղ նշանակէտերին եւ ոչնչացնելով թշնամու մարտական յենակէտերը:

Արթիւր Խաչատրեանը գալիք ընտրութիւններում կարեւորում է արդարութեան սկզբունքը, որի հիման վրայ մեր երկրում պիտի հաստատուի վստահութեան մթնոլորտ: Միայն այդ ճանապարհով է հնարաւոր հասնել յաղթանակի: Իսկ մեր ժողովրդին ՀՅԴ պատգամաւորութեան թեկնածուն յորդորում է սովորել իր քուէով պատժել իրենց չարդարացնող իշխանութիւններին եւ ձեւաւորել իրեն արժանի ու վայել Ազգային ժողով:

Հարցազրոյցը՝ Մարիամ Յովսէփեանի

Leave a Comment

You must be logged in to post a comment.