Արդիականացումը Որպէս Քաղաքական Ճգնաժամի Յաղթահարման Գրաւական. Դաշնակցութեան Դերը

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ

1974 թուականին Պորտուգալիայում Մեխակների յեղափոխութեան արդիւնքում տապալուեց բռնապետ Սալազարի վարչակարգը: Պորտուգալիայում սկսուած ժողովրդավարական գործընթացները տարածուեցին Հարաւային Եւրոպայում, Յունաստանում, անցան Լատինական Ամերիկա, Հարաւարեւելեան Ասիա, իսկ ԽՍՀՄ փլուզումից յետոյ զարգացան յետխորհրդային տարածքում: Քաղաքական գիտութեան մէջ այդ ընթացքն անուանուեց Ժողովրդավարացման երրորդ ալիք: Այն ունէր եւ ունի ինչպէս իր ջերմեռանդ պաշտպանները եւ համոզուած քննադատները, այնպէս էլ առարկայականօրէն գնահատող հետազօտողները: Վերջիններս նկատում են, որ ժողովրդավարացման երրորդ ալիքի երկրներին պատմաքաղաքական որոշակի ժամանակահատուածում յատուկ է քաղաքական զարգացման խոր ճգնաժամը, որն ունի ինչպէս իր առարկայական, այնպէս էլ ենթակայական պատճառները: Առարկայական պատճառ է դիտւում յատկապէս այն հանգամանքը, որ Արեւմուտքից ուղղորդուող քաղաքական զարգացման նոր տրամաբանութիւնը, ժողովրդավարական արժէքների համատեքստում (պարունակ-Խմբ.), յաճախ յանգեցնում էր քաղաքական զարգացման ճգնաժամի, այն առումով, որ հասարակական կացութաձեւը եւ պետական ինստիտուտներն (հիմնարկներ-Խմբ.) ի զօրու չէին ամբողջութեամբ իւրացնելու «նոր արժէքները»: Յաճախ արեւմտեան փորձի տեղայնացումը սահուն չէր ընթանում, ունենում էր մասնակի արդիւնք, հետեւաբար քաղաքական զարգացման ամբողջ պարադիգման (օրինակը-Խմբ.) խախտւում էր:

Քաղաքական գործընթացի որակի համար լրացուցիչ հարուած էր երկբեւեռ աշխարհից անցումը բազմաբեւեռ աշխարհին: Այդ անցման մի որոշակի ժամանակահատուածում ամերիկեան քաղաքագիտական մտքի ներկայացուցիչները համոզուած էին, որ Ամերիկայի գլխաւորութեամբ միաբեւեռ աշխարհին անցումը հնարաւոր է: Միաբեւեռ աշխարհի հայեցակարգի ակադեմիական եւ պրակտիկ (գործնական-Խմբ.) քաղաքական անհնարութեան ընդունումը, սակայն, չթուլացրեց տարբեր երկրներում եւ յատկապէս Հարաւային Կովկասում ազդեցութեան գօտիների նուաճման/պահպանման համար աշխարհի հզօր տէրութիւնների պայքարը, ինչն էլ, յաճախ ուղեկցուելով միջէթնիկ (միջցեղային-Խմբ.) հակամարտութիւններով, խորացնում էր քաղաքական զարգացման ճգնաժամը:

Ընդհանրապէս քաղաքական զարգացումը սահմանւում է որպէս քաղաքական որակական փոփոխութիւնների կուտակման գործընթաց, որը կարող է ներառել քաղաքական գործընթացի փուլերը, ինստիտուտները կամ համակարգերը: Համաշխարհային քաղաքագիտական մտքի երախտաւորներն աստիճանաբար հասկացան, որ 20րդ դարի վերջի եւ 21րդ դարի առաջին քառորդի քաղաքական զարգացումը ժողովրդավարացման երրորդ, ոմանց կարծիքով՝ արդէն նաեւ չորրորդ ալիքի երկրներում չի յանգեցնում որակական փոփոխութիւնների:

Պատճառներից մէկն այն է, որ պարտադրուող փոփոխութիւնները յաճախ հասարակութիւնների ներսում հասունացած չեն լինում:

Քաղաքական զարգացման ճգնաժամն ուղղակիօրէն յանգեցնում է քաղաքական գործընթացի լճացման, ինստիտուտների եւ համակարգերի ճգնաժամի: Այս դէպքում քաղաքական գործընթացի ճգնաժամն արտայայտւում է քաղաքական դերակատարների եւ ինստիտուտների փոխյարաբերութիւնների ու փոխազդեցութեան էական կաշկանդմամբ կամ դրանց քաղաքական բաղադրիչի երկրորդմամբ, ինչն էլ բացասական մեծ ազդեցութիւն է ունենում քաղաքականութեան հասարակական ընկալման, ինստիտուտների, համակարգերի, այդ թւում` կուսակցութիւնների քաղաքական իմիջի (դիմագիծ-Խմբ.) վրայ:

Կարեւոր է հասկանալ, որ քաղաքական զարգացման ճգնաժամը, Հայաստանից բացի, բնորոշ է քաղաքական կերպափոխման մէջ գտնուող կամ այդ ճանապարհն անցած գրեթէ բոլոր պետութիւններին ու ժողովուրդներին: Հրամայականն իրավիճակի գրագէտ յաղթահարումն է:

Քաղաքական զարգացման ճգնաժամի յաղթահարման միակ ելքը թերեւս քաղաքական արդիականացումն է:

Քաղաքական արդիականացումը բազմաշերտ գործընթաց է, որն ապահովում է քաղաքական համակարգի հաստատութիւնների ժողովրդավարական կառավարման որակական զարգացումը: Այդ առումով քաղաքական արդիականացման գլխաւոր ուղղութիւններն են` ճկուն քաղաքական համակարգի ձեւաւորումը, վարչական մեքենայի արդիւնաւէտ գործառումը, պետականաշինական մշակոյթի զարգացումը եւ ազգային անվտանգութեան համակարգային ապահովումը: Սակայն ժողովրդավարացման ալիքների շրջանակներում բոլոր պետութիւնները՝ Սոմալիից մինչեւ Շուէյցարիա, արդիականացել են այն տարբերութեամբ, որ ժամանակի եւ տարածութեան մէջ տեղի ունեցող փոփոխութիւնների որակական բնոյթն ու արդիւնքները նրանց քաղաքական համակարգերի համար եղել են խիստ տարբեր:

Հէնց այդ նկատառումներով էլ փաստուած է, որ քաղաքական արդիականացումն ունի սոցիօ (ընկերային-Խմբ.) եւ էթնօմշակութային արժէքային կողմնորոշիչներ:

Պրոֆէսոր Մ. Մարգարեանի կարծիքով` նոր աշխարհակարգի կայացման պայմաններում ինքնիշխանութեան բազմաչափութեան հիմնախնդիրը չափազանց կարեւոր է: Ազգ-պետութեան հզօրացման դիտանկիւնից չափազանց կարեւոր է պատմականութիւնը՝ որպէս պետութեան ինքնիշխանութեան բնականոն արդիականացման բաղադրիչ: Պատմականութիւնը, ներառելով պատմական յիշողութիւնը, միաժամանակ եւ անցեալի վերլուծման, ընտրութեան կառուցողական ակտիւ (աշխուժ-Խմբ.) գործընթաց է: Բացի դրանից՝ այն նաեւ տեղեկատուական հոսքերի վերականգնման գործընթաց է, որի տիրոյթներում էլ քաղաքական ժամանակն ապահովում է առաւելագոյն կենսունակութիւն եւ մրցունակութիւն: Պատմականութեան համատեքստում արդիականացման համար առաջարկւում է «անցեալի ընտրութիւն» եզրոյթը, որը հնարաւորութիւն է տալիս ռացիոնալ (բանական-Խմբ.) մակարդակում պատմական յիշողութիւնից վերակենդանացնելու այն հատուածը, որի յետագայ օգտագործումը կ՛ապահովի եւ՛ կենսունակութիւն, եւ՛ մրցունակութիւն` միեւնոյն ժամանակ ֆիլտրելով (զտելով-Խմբ.) տեղեկատուական աղմուկը:

Ակադեմիական այս պնդումներից մեկնելով` կարող ենք դիտել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմական առաքելութեան ստանձնման իրական հնարաւորութիւնը երկու մակարդակներում.

  1. Անվիճելի են Դաշնակցութեան` իբրեւ կուսակցութեան, հետեւաբար քաղաքական համակարգի իրական բաղադրիչի ինստիտուցիոնալ կայացուածութիւնը, պատմական փորձը, գաղափարաբանական ամուր հենքը:
  2. Ինչպէս վերը նշուեց, քաղաքական արդիականացման արդիւնաւէտութեան համար նախապայման է արդիականացման պատմական համատեքստը (պատմական արդիականացում):

Պատմականութեան համատեքստում արդիականացման քաղաքական շեշտադրման իրական դրօշակակիրը լինելու մեծագոյն առաքելութիւնը կարող է եւ պիտի ստանձնի հէնց Դաշնակցութիւնը:

Պատմականութեան համատեքստում արդիականացումը պէտք է ենթադրի մեր ժողովրդի ազգային արժեհամակարգի, պատմութեան հրամայականների, ազգային ինքնութեան պահպանման ու արժեւորման համատեքստում` պետութեան եւ ժողովրդի հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական համալիր զարգացման ապահովումը:

Պետութեան շարունակական արդիականացումը կը նպաստի քաղաքական զարգացման ճգնաժամի յաղթահարմանը, թոյլ կը տայ խուսափել հասարակութեան մարգինալ (լուսանցքային-Խմբ.) շրջանակների եւ օտարերկրեայ ուժերի կողմից պետութիւնը տեւական ցնցումների ու ճգնաժամերի մատնելուց, կը բարձրացնի պետութեան սուվերենութեան (գերիշխանութեան-Խմբ.) մակարդակը, կ՛ամրապնդի ներհասարակական համերաշխութիւնը, կը նպաստի ազգային նպատակների հետեւողական իրականացմանը, ռազմավարական կառավարմանն ու էլիտաների արդիւնաւէտութեան բարձրացմանը:

Պետութեան համալիր արդիականացման շրջանակում անհրաժեշտ է ուշի-ուշով հետեւել չորրորդ յետարդիւնաբերական յեղափոխութեան հետեւանքով մարդկային կացութաձեւի փոփոխութիւններին, առաջին հերթին՝ արհեստական ինտելեկտի (իմացականութեան-Խմբ.) կիրառման տրամաբանութեանը եւ զարգացման ընթացքին:

Դաշնակցութիւնը կարող է եւ պիտի դառնայ ապագայ Հայաստանի, դրա տեսլականի, հանրային կացութաձեւի քննարկումների առաջամարտիկը: Կուսակցութեան համաշխարհային ցանցը եւ մտաւոր ներուժը լիովին թոյլ են տալիս անել դա: Սակայն մինչ այդ Դաշնակցութիւնը, իբրեւ քաղաքական ինստիտուտ եւ համաձայն քաղաքական զարգացման տրամաբանութեան, պիտի նախ եւ առաջ ինքը շարունակի արդիականանալ: Արդիականացումը քաղաքական զարգացման անխախտ տրամաբանութիւն է, որի ընդունումը երաշխաւորում է յարատեւ գործունէութիւն: Մեր կուսակցութեան 130ամեայ գոյութիւնը նաեւ կուսակցութեան պարբերական արդիականացմամբ, խորքը եւ բովանդակութիւնը պահելով միշտ ժամանակին համաքայլ ընթանալով է պայմանաւորուած:

Աներկբայ է, որ Դաշնակցութիւնը իր կառոյցի բնոյթով, ուղեկից կառոյցներով եւ Հայ Դատի գրասենեակներով շօշափում է Հայաստանի քաղաքական համակարգի եւ հայութեան արտաքին համալիր շահերի բոլոր ոլորտները: Այսօր ամբողջ աշխարհում նկատւում է էթնիկ լոբբինգի ինստիտուտի նոր դերակատարութիւն, արդի միջազգային յարաբերութիւններում սփիւռքների քաղաքական դերակատարումը գնալով մեծանում է, էթնիկ լոբբիստական խմբերն աստիճանաբար դառնում են արեւմտեան երկրների քաղաքական համակարգերի անբաժան մասը:

Դաշնակցութեան պատմական փորձն ու արդի հնարաւորութիւնները, միջազգային յարաբերութիւնների ներկայ զարգացումները կուսակցութեանը շարունակում են պահել որպէս Հայաստանի ու հայութեան համար ռազմավարական կարեւորութեան բացառիկ դերակատար, որին վիճակուած է պատմական առաքելութիւն: Սակայն ներկայ քաղաքական զարգացումները որքան էլ մեզ համար հնարաւորութիւններ են ստեղծում, նոյնքան էլ մարտահրաւէրներ են առաջադրում, որոնց յաղթահարումը թոյլ կը տայ պատուով իրականացնել մեր կազմակերպութեանը վիճակուած պատմական առաքելութիւնը:

Մարտահրաւէրներից կարեւորագոյնը նախ եւ առաջ կուսակցութեան շարունակական արդիականացումն է, որը թոյլ կը տայ առաջնորդել Հայաստանի արդիականացումը:

Ի հարկէ, հրապարակախօսական բնոյթի այսպիսի յօդուածով հնարաւոր չէ ամբողջական պատկերացում տալ արծարծուած հարցերի վերաբերեալ: Սոյն յօդուածն ընդամէնը ներհայկական եւ ներկուսակցական յարաբերութիւններում պատմականութեան համատեքստում Հայաստանի եւ Դաշնակցութեան շարունակական արդիականացման մասին երկխօսութիւնը խթանելու փորձ է:

«Դրօշակ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.