Արամ Եւ Ռոստոմ

ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Այս տարուայ յունուարին լրացաւ հայոց նորագոյն պատմութեան մեծագոյն գործիչներից երկուսի` Արամ Մանուկեանի եւ Ռոստոմի մահուան 102-րդ տարելիցը, ինչը եւս մէկ առիթ է մէկ անգամ եւս յետադարձ հայեացք գցելու հայոց պատմութեան ոչ վաղ անցեալին, արժեւորելու մեր ազգային-ազատագրական պայքարի եւ հայոց պետականութեան հիմնադիր հայրերի անցած ճանապարհն ու նրանց թողած դասերը:

Հայաստանի նորանկախ հանրապետութեան համար առանձնապէս ծանր անցաւ 1919թ. ձմեռը, երբ սովի ու համաճարակի ճիրաններում գալարուող երկրում մինչեւ գարուն մահացաւ աւելի քան 180.000 մարդ: 1919թ. յունուարին հայոց պետականութիւնը մեծ հարուած ստացաւ. յունուարի 18-ի լոյս 19-ի գիշերը Թիֆլիսում բծաւոր տիֆից եւ թոքախտից մահացաւ ՀՅԴ հիմնադիր, ականաւոր քաղաքական եւ պետական գործիչ Ռոստոմը (Ստեփան Զօրեան): Երկար եւ դաժան փորձութիւններով լի ճանապարհ էր անցել Ռոստոմը` սկսած 1890-ականներից, ղեկավարելով նաեւ հայոց եկեղեցու գոյքը բռնագրաւելու եւ հայկական դպրոցները փակելու քաղաքականութիւն վարող ցարական կառավարութեան դէմ պայքարն ու 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիւներում հայութեան ինքնապաշտպանութիւնը, նուիրուելով եւ եռանդուն մասնակցելով 1914թ. հայկական կամաւորական շարժմանը: Ռոստոմի մասին կարելի է անվերջ խօսել, անվերջ թուել նրա ազգանպաստ գործերը, սակայն կ՛անդրադառնանք միայն հայ ժողովրդի համար ամենաճակատագրական օրերին, մասնաւորապէս` 1918թ., երբ Ռոստոմը Պաքւում էր եւ դարձել էր տեղի հայերի ինքնապաշտպանութեան ոգին. «Պաքւում Ռոստոմը կա՛մ Խորհրդի հետ էր, կա՛մ հրամանատարութէան եւ կամ Կ. կոմիտէի մօտ մասնակցում էր բոլոր կարեւոր նիստերին եւ գործերին: Իրազեկ էր ամբողջ անցուդարձին: Զարմանալիօրէն շարժուն եւ եռանդուն էր Ռոստոմը: Յաճախ ոտքով էր գնում հրամանատարութեան մօտ, ոտքով էր վերադառնում: Ինքնաշարժ պահանջել ու սպասել չէր կարողանում. այդքան համբերութիւն չունէր…»:

Պաքւում Ռոստոմը գլուխ էր բերում Դաշնակցութիւն-պոլշեւիկ համագործակցութիւնը, ինչն այդ պահին բխում էր ոչ միայն Պաքուի հայութեան, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան շահերից, քանզի Ռոստոմը քաջ գիտակցում էր, որ «Վաղը հէնց որ բացուեն Պաքուի դռները Ազրպէյճանի բանակի առջեւ, եւ տաճիկները տեղաւորուեն Պաքւում, Խան-Խոյսկու ամբոխը եւ տաճկական բանակը, ձեռք ձեռքի տուած, պիտի սրբեն նաեւ Գանձակի հայութիւնը, ապա պիտի բարձրանան Ղարաբաղ, պիտի իջնեն Զանգեզուր եւ Երեւանը ոտնատակ պիտի տան»:

Այսպիսով` Պաքուի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Ռոստոմն իրաւացիօրէն գտնում էր, թէ որքան երկար կարողանան թուրքերին գամուած պահել Պաքուի շրջակայքում, այնքան Հայաստանի Հանրապետութիւնը հեռու կը պահեն թուրքական վերահաս յարձակման վտանգից` ժամանակ շահելով մինչեւ Առաջին աշխարհամարտի աւարտը: Հետագայ իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ իրատեսական էր Ռոստոմի` «Արամի հետ «երկու ձեռքով» խաղալու մարտավարութիւնը», իսկ այդ մարտավարութեան էութիւնն այն էր, որ «Երեւանում գտնուող եւ առերեւոյթ Պաթումի պայմանագիրը յարգող Արամը եւ Պաքւում գտնուող, սակայն քաղաքից հայկական ուժերի դուրսբերման` Պաթումի պայմանագրով նախատեսուած Հայաստանի պարտաւորութեան կատարումից հրաժարուող Ռոստոմը, ձեւով հակադրուելով իրար, բովանդակութեամբ նոյն խաղն էին առաջ տանում: Նրանք գիտակցում էին, թէ որքան ձգձգուի Պաքուի դիմադրութիւնը, այնքան կը յետաձգուի Երեւանի վրայ թուրքական բանակի գրոհը»: Ռոստոմի գլխաւորած Պաքուի ինքնապաշտպանութեան գլխաւոր արդիւնքը, հազարաւոր հայերի ֆիզիքական փրկութիւնից զատ, նաեւ Հայաստանի` փոքրիկ եւ արտաքին աշխարհի հետ գրեթէ կապ չունեցող հանրապետութեան գոյութեան պահպանումն էր, մի փաստ, որի համար, Պաքուի պաշտպաններից բացի, պէտք է արժանին մատուցել ժամանակի երկու մեծագոյն գործիչներին` Ռոստոմին եւ Արամին: Ռոստոմի գործունէութիւնը սակայն, ինչպէս չէր սկսուել Պաքւում, այնպէս էլ չաւարտուեց Պաքւում: Պաքուի անկումից յետոյ Ռոստոմը յանձնեց Պաքուի իր դիրքն ու հեռացաւ Թիֆլիս` այնտեղից Հայաստանի Հանրապետութիւն անցնելու նպատակով: Նա մինչ առողջական վիճակի վատթարացումը Թիֆլիսում բանակցում էր Վրաստանի կառավարութեան ղեկավարների հետ` ձգտելով հարթել հայ-վրացական յարաբերութիւնները: Ռոստոմը կենցաղում պարզ էր, հեռու` ամէն պերճանքից, ցրտին, անձրեւին ու ձեան ժամանակ շարունակ վազվզում էր ծակ կօշիկներով ու քրքրուած վերարկուով: Շարունակական պայքարն ու դեգերումներն ի վերջոյ արեցին իրենց սեւ գործը:

Ռոստոմը թոքախտով հիւանդ էր, ինչը երկար տարիներ հիւծում էր նրա մարմինը: Նա երազում էր վերջապէս հանգրուան գտնել ու գործել նորանկախ  Հայաստանում: Սակայն վրայ հասաւ պատուհասը` մոլեգնող բծաւոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն եւ խլեց նրա կեանքը: 1919 թ. յունուարի 18-ի լոյս 19-ի գիշերը` իր ծննդեան 52-րդ տարեդարձի օրը, Ռոստոմը մահացաւ:

Նրա կեանքի սկզբունքն ու հաւատամքն էր. «Յեղափոխութիւնը նախ գործ է, յետոյ` գաղափար. ա՛յս է ճշմարտութիւնը: Աւելի ճիշդ` յեղափոխութիւնը գործ է գաղափարի համար»: Եւ որքան լաւ կը լինէր, եթէ այսօր իրենց յեղափոխական հռչակածներից շատերը ծանօթ լինէին Ռոստոմի այս սկզբունքին եւ մի փոքր էլ ուսումնասիրած լինէին Ռոստոմ յեղափոխականին, պետական, քաղաքական, ռազմական գործչին ու Ռոստոմ հային. չէ՞ որ պատահական չէ, որ ազգային-ազատագրական պայքարի օրերին Ռոստոմին համարում էին Դաշնակցութեան կամքը, իսկ հետագայում իր գործով նա վաստակեց նաեւ «Դաշնակցութեան հաստաբուն կաղնի» պատուանունը: Այսօր` Ռոստոմի մահուանից 102 տարի անց, նրա կեանքը, գործունէութիւնն ու գաղափարները մեզ համար ուսանելի դաս եւ օրինակ կարող են լինել. պարտաւոր ենք եւ պէ՛տք է սովորենք Ռոստոմից:

Հայոց պետականութեան համար մեծագոյն հարուածը, սակայն, Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահն էր: Արամ Մանուկեանը հայոց նորագոյն պատմութեան մեծագոյն գործիչներից մէկն է, եթէ ոչ` մեծագոյնը, քանի որ պատմութեան մէջ միշտ բացառիկ դեր են ունենում պետականութեան հիմնադիր գործիչները, յատկապէս այնպիսի պայմաններում, որոնցում գտնւում էր հայ ժողովուրդը 1918թ.: Արամի ղեկավարած հերոսամարտերի մասին այս անգամ չենք խօսի, քանի որ դրանց մասին շատ է խօսուել, կը խօսենք Արամ Մանուկեան անհատի մասին, որովհետեւ նրա անձը մեր հասարակութեանը գրեթէ անծանօթ է: Կ՛անդրադառնանք Արամի ապրելակերպին ու կենցաղին, որոնց ներկայիս հանրապետութեան նախկին եւ օրուայ ղեկավարները ցանկալի կը լինէր, որ հետեւէին: «Այն մարդը, որն ունէր անսահմանափակ իշխանութիւն, որի տնօրինութեան տակ էին վիթխարի միջոցներ, իր երկրի ու ժողովրդի համար բախտորոշ եւ ծանրագոյն օրերին ապրեց պարզ ու համեստ կենցաղով` մինչեւ վերջ մնալով իր ժողովրդի մէջ, նրա կողքին` կիսելով նրան բաժին հասած փորձութիւններն ու աղէտները: Յիրաւի մեծ դաս երրորդ հանրապետութեան անցեալ, նորօրեայ եւ ապագայ պետական գործիչներին»: 1917թ. դեկտեմբերի վերջերից սկսած` Արամն ի պաշտօնէ տնօրինում էր երկրում առկայ ու երկիր ուղարկուած բոլոր միջոցները, բայց «գործ ունենալով հսկայական գումարների հետ եւ օժտուած լինելով մեծ իշխանութեամբ` նա երբեք դրանք չծառայեցրեց իր անձնական հարստացմանը»: Արամի բնութագիրը լաւագոյնս տուել է Ս. Վրացեանը. «Ունենալով ամէն յարմարութիւն Կովկասին մէջ անձնական բարեկեցիկ վիճակ ստեղծելու` անիկա հրաժարեցաւ կեանքի բոլոր վայելքներէն եւ ինքզինքը նուիրեց ժողովրդի մը, որ, անսահմանօրէն հարստահարուած ըլլալով մէկտեղ, իր բոլոր ուժովը կը փափաքէր ազատ օր տեսնել եւ ազատ օդ շնչել հայրենի երկնքին տակ…»:

Արամն անմնացորդ նուիրուեց իր ժողովրդի ազատագրման գործին ու հէնց ժողովրդի կողմից էլ օժտուեց անսահմանափակ իշխանութեամբ: Լինէր Վանի նահանգապետ թէ Հայոց ազգային խորհրդի լիազօր ներկայացուցիչ, Երեւանի դիկտատոր թէ Հայաստանի ներքին գործերի նախարար, Արամը, Ա. Աստուածատրեանի բնութագրմամբ, «… նոյն սովորական մարդն էր, մատչելի ամէնքին, գրեթէ ճգնաւորի իր կեանքի եղանակով, ոչ մի քայլ` իր դիրքը ընդգծելու, ուշադրութիւն գրաւելու, իրեն ցուցադրելու: Իր անձը գոյութիւն չունէր: Իր անձնական կեանքը զրկանքների անվերջ շարան կը լինէր, եթէ շրջապատողները հոգ չտանէին նրա մասին»:

Կատարելով մէկ մարդու ուժից վեր հսկայական աշխատանք` Երեւանի դիկտատոր ընտրուած Արամը, Ա. Աստուածատրեանի վկայութեամբ, «… իր մասին մտածել չգիտէր: Որտե՞ղ ապրել, ի՞նչ ուտել, ի՞նչ հագնել, հարցեր էին, որոնք քիչ էին զբաղեցնում նրան»: «Մի կերպ կ՛ապրենք, չենք մեռնի». այս էր նրա սովորական խօսքը:

Արամի ապրելակերպին ծանօթանալու առումով,  հետաքրքրական են նաեւ Ա. Աստուածատրեանի նկարագրած պայմանները, որոնցում ապրում էր Հայաստանի հիմնադիրը. «Մինչեւ իր ընտանիքի` Երեւան տեղափոխուելը նա ապրում էր Աբովեան եւ Դոկտորսկայայ փողոցների անկիւնում` մի հասարակ տան մէջ. Յարմարութիւնների տեսակէտից սենեակը ողորմելի էր: Մի անշուք մահճակալ, երկու հասարակ սեղան եւ մի երեք-չորս նոյնպէս հասարակ աթոռ, ահա սենեակի կահաւորութիւնը»: Ժամանակակիցների վկայութեամբ` Արամի մասին հոգ էր տանում վանեցիների մի գաղթական ընտանիք, որի կեանքը նոյնպէս լի էր զրկանքներով:

Արամ Մանուկեան գործչի բնութագիրն ամբողջացնելու համար անդրադառնանք նրան տրուած «փաշա» տիտղոսին. «Արամին մօտից ճանաչելուց յետոյ մարդ տարակուսում է, թէ ո՛վ է նրան փաշայ տիտղոսը տուել: Մի կատարեալ թիւրիմացութիւն է գոնէ արեւելահայերիս հասկացողութեամբ, որովհետեւ նրա բնաւորութէան մէջ փաշայական ոչինչ չկար: Եւ ինքը ինչպէ՜ս էր խորշում այդ տիտղոսից»: Իսկ «փաշա» տիտղոսը նրան տուել է հայ ժողովուրդը` աչքի առաջ ունենալով մարդկանց վերեւից չնայելու, իր դիրքը զգացնել չտալու, իշխանութիւնը միայն ու միայն ի շահ ժողովրդի ծառայեցնելու նրա յատկութիւնը: Արամը միգուցէ այն օրերի համար տիպական փաշայի կերպարին չէր համապատասխանում, բայց վեց դար պետականութիւնից զուրկ եւ սեփական ղեկավարի մասին երազող ժողովուրդը, ի դէմս Արամի, գտաւ իր իշխանին, իր ղեկավարին: Արամը շարունակ գաղթականների միջավայրում էր, ժողովրդի հետ սերտ շփումների մէջ եւ այս հարցում եւս կիսեց նրա ճակատագիրը:

1918 թ. դեկտեմբերի 28-ին Արամը վերջին անգամ մասնակցեց կառավարութեան նիստին, իսկ դեկտեմբերի 30-ին վերջին անգամ փաստաթուղթ ստորագրեց: Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ` 1919թ. յունուարի 29-ին, ժամը 14:30-ին Արամ Մանուկեանը մահացաւ: Նա մահացաւ իր մեծ ուսուցչի` Ռոստոմի անունը շուրթերին. «…կեանքին հրաժեշտի խօսքերում յամառօրէն շորերն էր պահանջում, որպէսզի հագնուի Թիֆլիս հասած Ռոստոմին հանդիպելու համար»: Ս. Վրացեանը վկայում է. «Վերջին օրերի զառանցանքների մէջ նա յաճախ յիշում էր Ռոստոմի անունը, որ արդէն հեռացել էր այս աշխարհից…»: Ռոստոմը նրանից տասն օր առաջ` յունուարի 19-ին էր մահացել: Եթէ Արամը կորցրել էր իր ուսուցչին, ապա «… Արամի մահով հայ ժողովուրդը եւ հայ հանրապետութիւնը կը կորսնցնէ իր եռանդուն եւ անձնուրաց գործիչը, իսկ Վասպուրականը, մասնաւորապէս, իր սիրելի ղեկավարը, իր առաջնորդը, իր վարպետը, իր «Արամ Փաշան»: Ս. Վրացեանն այսպէս է նկարագրում Արամի մահուան լուրը ստանալու պահը. «…Դրոյի բնակարանում նստած էինք ճաշի: Յանկարծ դրան զանգը հնչեց, եւ Դրոյի կինը` Արփենիկը, ներս բերաւ սարսափահար աչքերով մի երիտասարդ: «Արամը մեռաւ»,- ասաց նա: Դրոյի ձեռքից վար ընկաւ ապուրի գդալը: Առանց մի խօսք արտասանելու` նա դուրս թռաւ սենեակից»:

Արամի մահը համազգային դժբախտութիւն էր, մեծ հարուած` հայ ժողովրդի եւ Հայաստանի մանուկ հանրապետութեան համար, որն այնքան ունէր Արամի խնամքի ու հոգատարութեան կարիքը: Հայաստանի հիմնադրի` փետրուարի 1-ին տեղի ունեցած յուղարկաւորութիւնը «համաժողովրդական սուգի օր էր»: Արամ Մանուկեանն այնքան համեստ էր ապրում, որ անգամ նրա «թաղման ծախսը… ընդամէնը եօթ հազար երեք հարիւր ութսուն ռուբլի վաթսուն կոպեկ, հոգաց պետութիւնը»:

Հայաստանի հիմնադրի` հայոց պետականութեան ջահակրի մարմինը հողին յանձնուեց Երեւանի կենտրոնական գերեզմանատանը` ՀՅԴ պանթէոնի տարածքում: «Ամենայն Հայոց կաթողիկոսը աղօթքով հրամայել է, որ ազգի մեծ որդու գերեզմանն անշարժ մնայ»: Բայց հետագայում օրուայ տէրեր դարձան ազգային դիմագծից ու պետականութեան գաղափարից զուրկ մարդիկ, որոնք քանդեցին ՀՅԴ հերոսների պանթէոնը: Նրանց հարկադրանքով Արամի մասունքները երկու անգամ տեղափոխուել են: 1930-ականների սկզբին, պայմանաւորուած Երեւանի քաղաքային խորհրդի` կենտրոնական գերեզմանատունը զբօսայգու վերածելու որոշմամբ, Արամի աճիւնը նրա կնոջ` Կատերինէ Զալեանի եւ աղջկայ` Սեդա Մանուկեանի կողմից տեղափոխուեց «Կոզերն» կոչուող գերեզմանատուն: Մի քանի տարի անց այդ տարածքում ժամացոյցի գործարան եւ դպրոցի շէնք կառուցելու պատճառով Արամի աճիւնը տեղափոխուեց «Թոխմախան լճի» գերեզմանատուն, որտեղ գտնւում է առ այսօր:

Խորհրդային իշխանութիւնները ամէն ինչ արեցին Արամի շիրիմի տեղը մոռացութեան մատնելու, ժողովրդի աչքից հեռու պահելու համար: Բայց սեփական պատմութիւնը գնահատող եւ ազգային պետականութեան կարեւորութիւնը գիտակցող մի խումբ հայրենասէր հայեր 1979 թ. ճշդել են Արամի թաղման վայրը, ապա` որոշել նրա գերեզմանին խաչքար կանգնեցնել: Խիստ գաղտնիութեան պայմաններում 1982թ. օգոստոսի 11-ին այդ խաչքարը հասցուել է Թոխմախի գերեզմանոց եւ առանց տեխնիկայի օգտագործման տեղադրուել Արամ Մանուկեանի գերեզմանին:

Արամի մահը ծանր հարուած էր ոչ միայն նրա կուսակցութեան, հայ ժողովրդի, այլ նաեւ հայոց պետականութեան համար:

Հայաստանի ներկայիս հանրապետութիւնը ժառանգորդն է Հայաստանի Ա. Հանրապետութեան: Քանի որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրումը 1918 թուականից սկիզբ առած հայոց նորագոյն պետականութեան կենսագրութեան սկիզբն է, ուստի նրա հիմնադիրները ոչ միայն Ա. Հանրապետութեան, այլեւ հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր հայրերն են, որոնց փաղանգը գլխաւորում է առ այսօր արժանւոյնս չգնահատուած մեծերից ամենամեծը` Արամ Մանուկեանը, որին մոռացութեան մատնելու, նաեւ վարկաբեկելու համար տասնամեակներ շարունակ արուեց ամէն ինչ:

Խորհրդային գաղափարախօսութիւնը, միջոցների մէջ խտրութիւն չդնելով, փորձեց սեւացնել, նսեմացնել Հայաստանի, նրա հիմնադիր Արամ Մանուկեանին, Ռոստոմին եւ Դաշնակցութեանն ընդհանրապէս, բայց «լեռներու հովին ու բարձրութեան չեն հասնիր ճահճուտի ցեխը, անախորժ բոյրը, շատերը եղան, որոնք ցանկացան ցեխ շպրտել այդ բարձրութեան, բայց ցեխը չէր հասներ բարձրութեան եւ կ՛իյնար իրեն նետողներուն վրայ»: Արամի մասին այս խօսքերը Ն. Աղբալեանինն են: Դրանց ճշմարտացիութիւնը փաստեց ամենազօր պատմութիւնը, որն արժանին մատուցեց իւրաքանչիւրին եւ անկաշառ վճռով շատ կուռքերի պատուանդաններից ցած գլորեց, իսկ Արամին, Ռոստոմին… որոնց շուրջ մոռացութեան շղարշ էր հիւսուել, վերադարձրեց հայ ժողովրդին` փաստելով, որ վարչակարգերը, տարատեսակ բռնաճնշումներն ու քաղաքական շահերն անզօր են հայ ժողովրդի պատմական յիշողութեան դէմ, այն յիշողութեան, որի ծալքերում անգամ պետականութեան բացակայութեան պայմաններում մեր ժողովուրդը սրբօրէն պահել է Հայկ նահապետին, Տիգրան Մեծին, Մեսրոպ Մաշտոցին, որոնց կողքին դրեց Արամին, Ռոստոմին ու Հայաստանի Հանրապետութիւնը կերտած միւս մեծերին…

Իրենց կերպարով ու գործունէութեամբ Արամն ու Ռոստոմը հայ ժողովրդի եւ նրա նորօրեայ ղեկավարների համար օրինակ են` որպէս իրատես, շրջահայեաց, արդարամիտ, անշահախնդիր, համեստ, տաղանդաւոր, անձնազոհ եւ իրենց ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագոյն պատասխանատուութիւն ունեցող պետական գործիչների տիպար: Մէկդարեայ հեռաւորութիւնից նրանք նորօրեայ Հայաստանի ղեկավարներին պատգամում են բոլոր միջոցներն ու հնարաւորութիւնները ծառայեցնել մէկ նպատակի` հայոց պետականութեան ամրապնդմանը, հայ ժողովրդի ազատութեանն ու բարեկեցութեանը: Իսկ հայ ժողովրդին աւելի քան մէկդարեայ հեռաւորութիւնից Ռոստոմը պատգամում ու զգուշացնում էր լինել շրջահայեաց, չընկնել ամբոխավարների ծուղակը: Կարծում ենք` մեր օրերի, ինչո՞ւ չէ, նաեւ ապագայի համար ուսուցողական են Ռոստոմի խօսքերը. «Վնասակար են այդ սողունները, երբ փքուն խօսքեր փչելով ու փարիսեցիական ձեւեր բանեցնելով` շահագործում են ամբոխի դիւրահաւատութիւնն ու տգիտութիւնը»: Իսկ հայոց պետականութեան հիմնադիր Արամը պատգամում էր. «…Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին` թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Սա կրկնելու ենք այնքան, մինչեւ այն դառնայ հայ ժողովրդի հաւատամքը:

———————————–

Օգտագործուած աղբիւրների եւ գրականութեան ցանկ

ա) Աղբիւրներ

1.-  Արամը, մահուան յիսնամեակին առթիւ, Եր., 1991:

2.- Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք. 1918-1992), հատ. Դ, 1995:

բ) Գրականութիւն

1.- Արամ Մանուկեան. ազգային եւ պետական գործիչը (Յօդուածների ժողովածու), Եր., 2010:

2.- Ասրեան ԱՅ., Արամ Մանուկեան. կեանքը եւ գործը, Եր., 2008:

3.- Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութէան. 1890-1950, խմբ.` Վրացեան Ս., Պոսթըն, 1950:

4.- Վրացեան Ս., Կեանքի ուղիներով, հատ. Է, Պէյրութ, 1966:

5.- Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Եր., 1993:

գ) Մամուլ

1.- «Աշխատանք» օրաթերթ, 12 փետրուարի 1919, N4:

դ) Համացանցային նիւթեր

1.https://old.arfd.am/?=21143

 

«ԴՐՕՇԱԿ», թիւ 1 (1647), յունուար, 2021 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.