Հայոց ցեղասպանութեան պահանջատիրութիւնն ու նոր զարգացումները
- (0)

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ*
Վերջին տարիներին միջազգային յարաբերութիւններում տեղի ունեցած եւ շարունակուող փոփոխութիւններն ու վայրիվերումները իրենց բնոյթով թերեւս ամենախոշորներից են Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ։ Նախորդ դարի երրորդ քառորդում ձեւաւորուած աշխարհակարգը՝ հիմնուած ուժի փոխզսպման եւ հակակշռման համակարգի վրայ, եւ արտայայտուած հիմնականում միջազգային իրաւունքով, միջազգային յարաբերութիւնների նորմերով եւ կազմակերպութիւններով, ակնյայտօրէն ճաքեր է տուել։ Աշխարհակարգի ճգնաժամի, միջազգային յարաբերութիւններում խաղի նոր կանոնների անհրաժեշտութեան մասին այսօր խօսում են միջազգային գրեթէ բոլոր դերակատարները, անկախ աշխարհաքաղաքական կշռից։
Մեր օրերի մի քանի խոշոր պատերազմները, տնտեսական գերակայութեան խելայեղ մրցավազքը նոյնիսկ աւանդաբար դաշնակից հանդիսացող երկրների միջեւ, միջազգային կազմակերպութիւնների՝ առաջին հերթին ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կարգաւորող գործառոյթների աննախընթաց թուլացումը կամ բացակայութիւնը վաղուց արդէն պարզագոյն ճշմարտութեան են վերածել այն պնդումը, որ աշխարհն այսօր ապրում է անկանխատեսելի փոփոխութիւնների, երկրների շահերի անկանխատեսելի համադրումների եւ նոյնքան անկանխատեսելի հակադրութիւնների անորոշ մի ժամանակաշրջան։
Վստահ, մարդկութիւնը միջազգային յարաբերութիւնների այս հերթական վերիվայր ժամանակահատուածը նոյնպէս յաղթահարելու է․ մեզ նման փոքր պետութիւնների մարտահրաւէրը այս անորոշութիւնից դուրս գալն է հնարաւորինս փոքր կորուստներով, երբ նախկին զսպման միջոցներն այլեւս չեն աշխատում, իսկ նորի խոստումները դեռեւս առարկայական չեն։ Ցաւօք սրտի, վերջին տարիների մեր կորուստները բաւական են պնդելու, որ մեզ չի յաջողուել այս գործընթացն անցնել հնարաւորինս քիչ կորուստներով, բայց ցանկացած կորստից յետոյ յաջորդ կորստի բացակայութիւնը ապահովագրուած չէ։ Հետեւաբար, Հայաստանի Հանրապետութիւնը կարիք ունի մի կողմից ապահովելու պետութեան կենսունակութիւնը, միւս կողմից՝ պաշտպանելու մեր ազգային ու համամարդկային գաղափարները։
Այսօր, Հայաստանից պահանջուող հերթական զիջումները ոչ այնքան այլեւս տարածքային են (չնայած դրանք էլ կան), որքան գաղափարաբանական։ Այդ պահանջները սպառնում են Հայաստանը լաւագոյն դէպքում դարձնելու գաղափարազուրկ եւ հարեւաններից կենսական կախուածութեան մէջ գտնուող պետութեան՝ առանց ազգային դիմագծի, համամարդկային առաջնահերթութիւնների եւ անցեալի յիշողութեան։ Նման պահանջներից մէկը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պահանջատիրութիւնը դադարեցնելն է։
Հարց է ծագում, ինչո՞ւ են մեր հակառակորդներն այդքան նախանձախնդրութեամբ պայքարում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրակարգի դէմ, այն պայմաններում, երբ դա երբեք չի եղել Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման նախապայման, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը երբեք չի եղել Հայաստանի երկկողմ ու բազմակողմ յարաբերութիւններում նախապայմանային նշանակութեան հարց։ Ի հարկէ, Հայաստանի նախկին իշխանութիւնների օրօք հետապնդուել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման քաղաքական օրակարգը՝ յանուն պատմական արդարութեան, յանուն համամարդկային արժէքների, յանուն Հայաստանում եւ աշխարհում յետագայ ցեղասպանութիւնների կանխարգելման, յանուն նոյնիսկ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բնականոն եւ անկաշկանդ հաստատման։
Հայաստանի իշխանութիւնների յայտնի դիրքորոշումների, Արցախի հայաթափման, մեր տարածաշրջանում խոշոր պատերազմական գործընթացների, Հայաստան-Ատրպէյճան անարժանապատիւ յարաբերութիւնների եւ հայ-թուրքական գրեթէ կանգնած բանակցային գործընթացի պայմաններում մենք մօտենում ենք Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցին։ Ոգեկոչման ու յիշատակման միջոցառումների, սրբադասուած մեր նահատակների բարեխօսութիւնը խնդրելուն, տարբեր երկրներից ու կազմակերպութիւններից ստացուող ցաւակցական խօսքերին զուգահեռ՝ հայ քաղաքական միտքը պէտք է եզրայանգի, թէ ի՞նչ ուղղութեամբ պէտք է շարունակուի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հետեւանքների վերացման գործընթացը։ Այս համատեքստում Հայաստանի իշխանութիւնների դիրքորոշումներն այնքան պարզ ու պարզամիտ են, որ արժանի չեն նոյնիսկ անդրադարձի, սակայն ակնյայտ է, որ վերափոխուող աշխարհում, որը մեծ հաւանականութեամբ նախկինը չի լինելու, Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութեան գործը պէտք է հետապնդուի՝ հաշուի առնելով առկայ իրողութիւնները։
Հայաստանի Հանրապետութեանն ու հայկական սփիւռքին ժամանակին յաջողուել էր Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցի շուրջ միջազգային ընկալունակութիւն ստեղծել ոչ թէ հակաթուրք պայքարի շրջանակում, այլ քաղաքակրթական դիրքաւորման։ Դրանով էր պայմանաւորուած, որ սկսած 1990-ականների սկզբից Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային կառոյցներում, յատկապէս ՄԱԿ-ում դիրքաւորուեց որպէս ցեղասպանութիւն յանցագործութեան դէմ միջազգային պայքարի առաջամարտիկ, յաճախ կազմակերպիչ։
Առաջին բանաձեւը Հայաստանը ներկայացրեց դեռեւս 1998 թ․ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձնաժողովում: Այն վերաբերել է «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» պայմանադրութեան ընդունման 50-ամեակին։ Յաջորդիւ ներկայացուած չորս բանաձեւերը բովանդակային առումով աւելի կատարելագործուեցին եւ ընդլայնուեցին: Կարեւորագոյն ձեռքբերումներից մէկն էր, որ առաջին իսկ բանաձեւից Հայաստանին յաջողուեց տեքստում ամրագրել համապատասխան յղում՝ պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին 1968 թուականի ՄԱԿ-ի պայմանադրութեան:
Հայաստանի Հանրապետութիւնը հսկայական աւանդ է բերել ցեղասպանութիւնների միջազգային ճանաչման, վաղ կանխարգելման մեխանիզմների ներդրման, ցեղասպանուած եւ ցեղասպանուող ժողովուրդների խնդիրների շարունակական միջազգայնացման եւ մարդասիրական նախաձեռնութիւնների խթանման միջազգային ջանքերում։
Արդէն ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձնաժողովի շրջանակներում Հայաստանի կողմից նմանատիպ բանաձեւեր են նախաձեռնուել եւ ընդունուել 1998, 1999, 2001, 2003 եւ 2005 թթ․։ 2008 թ․, երբ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձնաժողովը վերանուանուեց Մարդու իրաւունքների խորհրդի, Հայաստանի առաջարկութեամբ ցեղասպանութիւնների կանխարգելման վերաբերեալ բանաձեւեր ընդունուեցին 2008, 2013, 2015, 2018, 2020, 2022 թթ․։ Հէնց Հայաստանի առաջարկով է Գլխաւոր Վեհաժողովը դեկտեմբերի 9-ը սահմանել որպէս Ցեղասպանութեան զոհերի յիշատակի եւ արժանապատուութեան միջազգային օր։
Հայաստանը 2015, 2016, 2018 եւ 2022 թթ․ նախաձեռնել եւ կազմակերպել է նաեւ «Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան» միջազգային ֆորումները:
Քաղաքակրթական համատեքստից բացի, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի համար ունի նաեւ անվտանգային եւ ինքնապաշտպանական նշանակութիւն։ Աշխատելով Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ՝ Հայաստանը ուղղակի կամ անուղղակի ցուցել է ցեղասպանական այն վտանգը, որ Թուրքիան, Ցեղասպանութեան մերժողականութեան քաղաքականութեամբ, շարունակում է յարուցել Հայաստանի դէմ։ Արցախում կատարուած իրադարձութիւնները դարձան հէնց այդ վտանգի առարկայացումը։
Ինչ ընթացքով էլ որ զարգանան ներկայ անորոշութիւնները, ինչպէս աշխարհի տարբեր հակամարտային գօտիներում, այնպէս էլ մեր տարածաշրջանում, մի բան ակնյայտ է՝ աշխարհն այլեւս առաջուանը չի լինելու։ Միջազգային իրաւունքի սկզբունքներն ու նորմերը վստահաբար կը վերահաստատուեն, կը ձեւաւորուեն ազդեցութեան նոր շրջանակներ, միջին ուժի տէր պետութիւնները կը փորձեն ձգտել աւելիին, բայց կը փոխուի միջազգային յարաբերութիւնների տարբեր դերակատարների քաղաքական վարքն ու առաջնահերթութիւնները։
Այս պայմաններում մենք կարիք ունենք անդրադառնալու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ պահանջատիրութեան հարցին, ինչպէս ներկայում, այնպէս էլ նոր ձեւաւորուելիք միջազգային յարաբերութիւնների պայմաններում։ Հնարաւո՞ր է վերափոխուող միջազգային յարաբերութիւնների արդիւնքը ուղղակիօրէն ազդի Հարաւային Կովկասի, տարածաշրջանային երկրների փոխկապակցուածութեան աճի եւ այլնի վրայ։ Միջազգային լոգիստիկ ճգնաժամերի պայմաններում, Հարաւային Կովկասի պետութիւնները եւ ոչ միայն նրանք, կարո՞ղ է ներգրաւուեն տարանցիկ տարբեր ծրագրերում։ Պատասխանը կարծում ենք պարզ է՝ հնարաւորութիւնը չի կարելի բացառել, չնայած այս պայմաններում Ատրպէյճանի պահուածքը ակնյայտ վերապահումներ է ունենալու, ինչին կ’անդրադառնանք առաջիկայում։
Ամէն դէպքում, Հայաստանն առաջիկայում մեծ հաւանականութեամբ կարող է առերեսուել Թուրքիայի հետ դժուարին յարաբերութիւնների, ուստի հայկական քաղաքական միտքը պէտք է դրան պատրաստ լինի։ Հակառակ պարագան տեսնում ենք ներկայ բանակցային գործընթացում, երբ Հայաստանի իշխանութիւնների լաւատեսութեան եւ զիջումնային տրամադրութեան պայմաններում նոյնիսկ Թուրքիան որեւէ կերպ չի գնում յարաբերութիւնների կարգաւորման, նոյնիսկ չի իրականացնում երրորդ երկրների քաղաքացիներին վերաբերող եւ արդէն իսկ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։
Հայոց ցեղասպանութեան խնդիրը շարունակելու է անկիւնաքարային տեղ զբաղեցնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման ցանկացած գործընթացում։ Այս խնդրին վերաբերող ամենահաւանական հեռանկարները կարող են լինել հետեւեալները՝
1.- Հայաստանը Թուրքիայի ճնշմամբ դադարեցնում է ինչպէս Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, այնպէս էլ փոխում է դրա վերաբերեալ ներհայաստանեան խօսոյթը, ընդհուպ մինչեւ պետական յիշատակման աստիճանի նուազեցում եւ պատմութեան վերախմբագրում։
2.- Հայաստանը շարունակում է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման քաղաքականութիւնը կամ առնուազն չի խոչընդոտում դրան․ Հայոց Ցեղասպանութեան պետական յիշատակութիւնը, ցեղասպանագիտութեան զարգացումը եւ Հայոց Ցեղասպանութեան խնդրի միջազգայնացումը շարունակւում է։
3.- Հայաստանն ու Թուրքիան պայմանաւորւում են, որ երկու կողմերը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ունեն ուրոյն պատկերացումներ, որոնք ենթակայ չեն քննարկման, փոփոխութեան կամ վերանայման, ուստի այս խնդրի բանակցային քննարկումը իմաստ չունի:
Թէ ո՞ր ուղղութեամբ կ՚ընթանան զարգացումները, վստահաբար կախուած չի լինելու միայն թուրքական պատկերացումներից, եթէ Հայաստանում ձեւաւորուի իսկապէս պետական ու ազգային շահերին սպասարկող իշխանութիւն։ Հայաստանը բազմաթիւ ուժեղ կռուաններ ունի Ցեղասպանութեան հարցը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում թուրքական կողմի պահանջներից ձերբազատելու համար։ Նախ, Հայոց Ցեղասպանութիւնն պատմութեան ամենաուսումնասիրուած եւ որպէս այդպիսին միջազգային ամենամեծ ճանաչումն ունեցող յանցագործութիւններից մէկն է։ Այն վաղուց դուրս է եկել Հայաստանի եւ հայութեան հետաքրքրութիւնների սահմաններից եւ դարձել է մարդկութեան դէմ գործուած յանցագործութիւնների պատմութեան ուսումնասիրութեան առարկայ, իսկ դրա ճանաչումն ու դատապարտումը դարձել են ապագայ յանցագործութիւնների կանխարգելմանն ուղղուած քայլ։ Եթէ նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնները հրաժարուեն, քաղաքակիրթ աշխարհը չի հրաժարուելու։ Այս մասին թուրքական կողմը ի հարկէ շատ լաւ գիտի։ Բայց պաշտօնական Անգարային պէտք է Հայաստանի յետքայլը, հրաժարումը, որպէսզի «օրինական» հնարաւորութիւն ունենայ նենգափոխելու պատմութիւնն ու արժեզրկելու Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը՝ դրանով փորձելով անգամ եւս ինքնամաքրուել։
Հէնց այս շեշտադրումները պէտք է դառնան վերափոխուող աշխարհում Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութեան պայքարից չհրաժարուելու տեսամեթոդաբանական հիմնաւորումները։ Հայոց Ցեղասպանութիւնը միայն հայութեան խնդիրը չէ, դա քաղաքակիրթ աշխարհի եւ իրաւունքի գերակայութեան վրայ հիմնուող միջազգային յարաբերութիւնների ջատագով ցանկացած պետութեան եւ միջազգային կազմակերպութեան խնդիրն է։ Ինչպէս նշուեց, նոր աշխարհակարգում լաւագոյն դէպքում փոփոխուելու են դերակատարներն ու ազդեցութեան գօտիները, միջազգային իրաւունքի հանրաճանաչ սկզբունքները մնալու են անփոփոխ՝ այդ թւում ցեղասպանութեան եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղուած կարգաւորումները։
Հետեւաբար Հայաստանի եւ Սփիւռքի կողմից Հայոց Ցեղասպանութեան, դրա տարբեր դրսեւորումների եւ դրանցով պայմանաւորուած՝ հայութեան ներկայ մարտահրաւէրների շարունակական միջազգայնացումը, մեր կարծիքով, Հայաստանի հանդէպ թուրքական ճնշման վերացման եւ միջազգային յարաբերութիւնների նոր պայմաններում Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութեան շարունակութեան թերեւս ամենաարդիւնաւէտ ձեւն է։ Բովանդակ հայութիւնը ունի դա իրականացնելու կազմակերպական, քաղաքական, մտաւոր եւ կրթական անհրաժեշտ ներուժը թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Սփիւռքում։
Հայոց Ցեղասպանութեան հարցը, ինչպէս նշուեց, այլեւս դուրս է եկել բացառապէս հայկական իրականութիւնից եւ այն չի կարող ճնշուել Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւններում։
*Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
(Այս յօդուածը լոյս տեսած է Հայոց Ցեղասպանութեան 111 ամեակին նուիրուած «Հորիզոն»-ի յաւելուածին մէջ։)