Մի փոքր ժպիտ փոքրիկներին․ Արցախի ՀՕՄ-ի «Ժպիտ» ամանորեայ ծրագիր

Յունուարի 11-ին եւ 12-ին կայացել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնած «Ժպիտ» ամանորեայ ձեռնարկը։ Ծրագիրը նախատեսուած էր 2020 թ. պատերազմում զոհուածների եւ անհետ կորածների 4-6 տարեկան, 2023 թ. Սեպտեմբերի 19-ի պատերազմում եւ Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթիւնից զոհուածների եւ անհետ կորածների 2-6 տարեկան Արցախից տեղահանուած երեխաների համար։

Ծրագրի հովանաւորութիւնն առաւելապէս ստանձնել է ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւելեան շրջանի վարչութիւնը, միացել են նաեւ ՌԴ-ում գործող «Սասնայ տուն» Հայոց լեզուի առցանց դպրոցը, «Լորիկ» բարեգործական հիմնադրամը, ՀՅԴ ԱԵՄ-ը, ՀՕՄ-ի Հայաստանի եւ Արցախի միաւորի անդամներ եւ այլ նուիրատուներ։ Միջոցառումն անց է կացուել ՀԱՍԵ Արցախի թեմի տրամադրած դահլիճում։ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւնը բոլոր երեխաներին տրամադրել է փոքրիկների համար նախատեսուած Աստուածաշունչ։ Երեխաներին հիւր էին եկել «էլֆերը», ովքեր խաղերի ու մրցոյթների միջոցով խինդ ու ուրախութիւն են պարգեւել նրանց։

ՀՕՄ-ի Արցախի մասնաճիւղի ատենապետուհի Մելանիա Պալայեանն իր խօսքում շնորհաւորել է անցած տօների կապակցութեամբ եւ մաղթել երջանիկ կեանք՝ խաղաղ երկնքի տակ։ Նա նաեւ շնորհակալութիւն է յայտնել ՀՕՄ-ի ԿՎ-ին, ՀՕՄ-ի Արեւելեան շրջանին, ՀՕՄ-ի Հայաստանի կառոյցին ինչպէս նաեւ նախաձեռնութեանը միացած բոլոր աջակիցներին։ «Մեր կորուստն անչափելի է, բայց մենք պէտք է աւելի ուժեղ, աւելի յամառ գտնուենք եւ յաղթահարենք բոլոր դժուարութիւնները։ Մենք նաեւ այստեղ հաւաքուել ենք հասկանալու, որ մենակ չենք, մեր կողքին կան այնպիսի նուիրեալներ, որոնք մեր մասին մշտապէս մտահոգ են եւ այս առումով ուզում եմ յատկապէս շեշտել Հայ Օգնութեան Միութեան՝ հայ կանանց ամենամեծ կառոյցի մասին», ասել է նա։ Մելանիա Պալայեանը նշել է, որ ՀՕՄ-ը 1990-ական թուականներից Արցախի կողքին է եւ իր բոլոր ծրագրերը փորձում է կազմակերպել յանուն Արցախի եւ արցախցիների։ Եւ այսօր էլ ՀՕՄ-ն արցախցիների կողքին է։

ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ Զոյա Քոչարեանը, շնորհաւորելով ամանորեայ տօների առթիւ, մաղթել է, որ նոր տարին լինի սիրոյ, հաւատի, նուիրումի տարի։ «Ի վերջոյ, ամէն ինչի հիմքում ընկած է սէրը։ Եթէ բոլորս ապրենք սիրով ու հաւատով, իրար թեւ-թիկունք լինենք, ամէն ինչ շատ աւելի լաւ կը լինի։ Ես ուզում եմ, որ դուք պահէք արցախցու հոգու ամրութիւնը, Ձեր հոգում պահէք այն մեծ սէրը, որ կայ Արցախի նկատմամբ եւ հաւատացէք, որ Արցախը մերն է լինելու, մենք յետ ենք գնալու։ Պահէք Ձեր տեսակը, այն շատ հզօր է, պահէք Ձեր հորովելը, այն եւս հզօր է», նշել է նա։

Միջոցառման կայացած լինելու ամենամեծ ապացոյցը ուրախութիւնից փայլող երեխաների աչքերն էին։ «Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ՀՕՄ-ին, որ միշտ մեր բալիկների կողքին է գտնւում։ Թող յաջողութեամբ պսակուի Ձեր ձեռնարկած ցանկացած գործ», ասել է ձեռնարկին ներկայ մայրերից մէկը։

Լուսանկարը` Տիրուհի Իշխանեանի

Comments are closed.