«Հայաստան» Եւ «Պատիւ Ունեմ» Խմբակցութիւններուն՝ 12 Յունիսի Դէպքերուն Վերաբերեալ Միացեալ Յայտարարութիւնը
Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիւ Ունեմ» խմբակցութիւնները հանդէս եկան հետեւեալ միացեալ յայտարարութեամբ.
«Նիկոլ Փաշինեանը եւ նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնութիւնը կորցրել են քաղաքական լեգիտիմութիւնը (օրինականութիւնը) եւ պէտք է անյապաղ հրաժարական տան: Նրանց հետագայ գործունէութիւնը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայութիւնը երկրի ներսում եւ վարկաբեկում Հայաստանի հեղինակութիւնն ու ճանաչումը միջազգային յարաբերութիւններում:
«Նիկոլ Փաշինեանը եւ նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական եւ քրէաիրաւական անմիջական պատասխանատուութիւն վերջին օրերի իրադարձութիւնների համար՝ ըստ էութեան վերածուելով հակաժողովրդական եւ ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը:
«Ակնյայտ է, որ մեր ժողովրդի պատմութեան վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձութիւններն ուղղակիօրէն առնչւում են Նիկոլ Փաշինեանի եւ նրա մերձաւոր շրջապատի գործունէութեան հետ (2008թ. Մարտի 1, 2018թ. իշխանութեան զաւթում, 44օրեայ պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա (գրաւում), Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը եւ շարունակել մեր արժանապատիւ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնութեան: Սա արդէն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտութիւն:
«Փաստերը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձեւաւորուել է Նիկոլ Փաշինեանի միանձնեայ կառավարման ռեժիմ (դրութիւն): Այն որեւէ կապ չունի Սահմանադրութեան հիմնարար նորմերի (սկզբունքներուն), մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան հետ: Իրենց մեծամասնութիւն անուանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի (սպառնալիքի) ենթարկելով հասարակութեանը, պատանդ է պահում հայկական պետութիւնը՝ յանուն սեփական անվտանգութեան եւ հարստացման:
«Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինեանի խոստովանութիւնները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորութեան մէջ գցում բնակչութիւնը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի եւ մերձաւորների նիւթական բարեկեցութիւնը:
«Կառավարման վեց տարիներին նա աւելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան (փտածութիւնը), ոչնչացուել է պետութեան ողջ պաշտպանական համակարգը: Իշխողների քաղաքականութիւնն ու գործողութիւնները հակասում են Հայաստանի Սահմանադրութեանը եւ սպառնում են սահմանադրական կարգին:
«Իշխանութիւնների ագրեսիւութիւնը (յարձակողականութիւնը), խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացուած օբյեկտի (իրի) վերածելը հոգեվարքի եւ իրենց կատարած յանցագործութիւնների համար անձնական քրէական պատասխանատուութեան պահը հնարաւորինս յետաձգելու ցանկութեան դրսեւորում է:
«Այսօր Հայաստանը վերածուել է ոստիկանական պետութեան, որտեղ իրաւապահ մարմինները ոչ թէ հասարակական կարգը պահպանելու եւ մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները յարգելու գործառոյթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին եւ նրա մերձաւոր շրջապատին: Այն, որ ոստիկանութիւնը չի ծառայում հասարակութեանը, վկայում է տարէցտարի երկրում ծանր եւ առանձնապէս ծանր յանցագործութիւնների թուի աճը: Դատական եւ իրաւական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը եւ ամբողջութեամբ կորցրել է իր անկախութիւնն ու օբյեկտիւութիւնը (առարկայականութիւնը):
«2024 թուականի Յունիսի 12ին Բաղրամեան պողոտայում տեղի ունեցած իրադարձութիւնների կապակցութեամբ մարդու իրաւունքների պաշտպանը, Բարձրագոյն դատական խորհրդի նախագահը եւ գլխաւոր դատախազը պէտք է անյապաղ հրաժարական տան՝ որպէս սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել կանխել մարդու իրաւունքների զանգուածային խախտումները, չեն ապահովել օրէնքի գերակայութիւն:
«Յունիսի 12ի Բաղրամեան պողոտայի դէպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանութիւններին դրեց օրէնքից դուրս: Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողութիւն իրականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատաւորները անձնական պատասխանատուութիւն են կրում իրենց գործողութիւնների եւ որոշումների համար: Նրանք դիտուելու են որպէս Փաշինեանի հակաժողովրդական եւ հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանութիւնների վայրագ, հակաօրինական գործողութիւնները արդարացնող:
«Բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպութիւններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրութեան մաս եւ պատրաստ են պայքարել ազատութեան ու արդարութեան համար, պէտք է իրենց յստակ վերաբերմունքը արտայայտեն Յունիսի 12ի իրադարձութիւնների կապակցութեամբ: Հակառակ դէպքում, մենք գտնում ենք, որ նրանք հաւասարապէս պատասխանատուութիւն են կրում Փաշինեանի վարչակարգի քաղաքականութեան համար, համերաշխ են նրա հետ եւ իրենց գործողութիւններով ամրապնդում են այն:
«Կոչ ենք անում
«1. Միջազգային հանրութեանը՝ դատապարտել իշխանութիւնների գործողութիւնները: Հակառակ դէպքում՝ ակնյայտ կը լինեն երկակի ստանդարտները (չափանիշները) առ այն, որ մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան հարցերում միջազգային հանրութեան հետ համագործակցութեան օրակարգը սպառել է իրեն եւ կրում է բացառապէս աշխարհաքաղաքական նպատակայարմարութեան բնոյթ՝ սպասարկելով Փաշինեանի ռեժիմի շահերը:
«Կոչ ենք անում ԵԽԽՎին յունիսեան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտաւորութիւնների կատարման հարցը, քանի որ նախապատրաստուած նիւթերն օբյեկտիւ չեն, չեն արտացոլում մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան որակի իրական վիճակը երկրում եւ էապէս խրախուսում են Նիկոլ Փաշինեանի աւտորիտար (մենատիրական) ռեժիմի ամրապնդումը: Եւրախորհրդի յետագայ կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան իրական վիճակին, ընդդիմութեան եւ քաղաքացիական հասարակութեան կարծիքների անտեսումը կը վարկաբեկի այս կազմակերպութեան հեղինակութիւնն ու նշանակութիւնը:
«2. Հաշուի առնելով, որ գործող իշխանութիւնների օրօք անհնար է հասնել իրաւապահ մարմինների ղեկավարների գործունէութեան օբյեկտիւ եւ արդարացի իրաւական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրէն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ:
«Այս կոչին չհետեւելը հետագայում դիտուելու է որպէս ձեր գործողութիւնները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտօնավարման շարունակութիւնը ընկալուելու է որպէս ապօրինի եւ հակաօրինական գործողութիւնները շարունակելու գիտակցուած ցանկութիւն:
«3. ՀՀ արժանապատիւ քաղաքացիներին՝ աջակցել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թեւակոխել կայուն խաղաղութեան եւ ամուր պետութեան ժամանակաշրջան»:
Comments are closed.