ՀՅԴ Նիկոլ Աղբալեան Ուսանողական միութեան յայտարարութիւնը

ՀՀ գործող իշխանութիւնը չի դադարում մեր երկիրն ու ժողովրդին օր օրի ծանրացող վտանգների առաջ կանգնեցնելով անմնացորդ կատարել թշնամական երկրի ղեկավարի իւրաքանչիւր պահանջ:

Հայկական երկրորդ Հանրապետութեան բռնի հայաթափման գործը գլուխ բերելուց յետոյ, Արցախի պետական ինստիտուտների գործունէութեան դէմ այս օրերին կատաղի պայքար մղելուն զուգահեռ՝ ՀՀ իշխանութիւնները միակողմանի զիջումների նոր փաթեթ են նախապատրաստել։ Հերթը Տաւուշինն է՝ հայ-ատրպէյճանական շփման գծի միակ ամուր եւ կահաւորուած առաջնագծինը։ Տաւուշի գիւղերի յանձմամբ ոչ միայն փլուզւում է տասնամեակներով ամրացուած առաջնագիծը, այլեւ թշնամու վերահսկողութեան տակ են անցնում ռազմավարական կարեւոր նշանակութեան բարձունքներ, միջպետական ճանապարհը, կազատարը, հնարաւորութիւն է տրւում ատրպէյճանական ռազմական ստորաբաժանումներին ՀՀ հիւսիս-արեւելքում եւս խորանալ հայկական մի շարք բնակավայրերի խորը թիկունք։

Ակնյայտ է, որ թշնամու ախորժակը չի յագենում, Տաւուշի հատուածում միակողմանի զիջումների հաշուին յարաբերութիւնների կարգաւորումը մնալու է նոյնքան մշուշոտ եւ անհեռանկար, որքան չյանձնելու պարագայում է։

Դատապարտում ենք չընդհատուող միակողմանի զիջումների գործելակերպը գործող իշխանութեան կողմից եւ զգօնութեան ու զգաստութեան կոչ ենք անում մեր հայրենակիցներին, քանի որ սրանք զիջումներ են մեր եւ սերունդների հաշուին։

Թշնամին օր օրի մօտենում է մեզնից իւրաքանչիւրի տանը:

Նշենք, որ ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնը իրազեկման ակցիա է իրականացրելԴալմա Գարդեն մոլում։ Ակցիայի նպատակն է հանրութեանը իրազեկել Տաւուշում միակողմանի զիջումների հետեւանքների մասին։

 

Comments are closed.