Արթուր Խաչատրեան Կը Կասկածի, Որ Հայաստանի Եւ Ատրպէյճանի Միջեւ Սահմանազատման Գործընթաց Կայ

1 Ապրիլին, Ազգային ժողովին մէջ լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեան ըսաւ, որ սկսած է կասկածիլ, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց ըլլայ։

«Կարծում եմ` չկայ, Ալիեւը պահանջում է, Փաշինեանը մտածում է, թէ ինչպէս արդարացնի այդ պահանջների առաջ ընկրկելը: Նրանք ասում են` պէտք է տաս, սա էլ գլխիկոր ասում է` կը տամ ու հիմա փորձում է  երկրի ներսում համոզել, որ ադրբեջանցիները ճիշդ են: Ուզում է համոզի, որ այդ գիւղերը Ադրբեջանին են պատկանում: Ո՞վ  ասաց, ինչի՞ հիման վրայ ես նման պնդում անում: Ո՞ր քարտէզով է առաջնորդւում, որ ասում է` էս գիւղն Ադրբեջանինն է: Մի ժամանակ մուրճով սպառնում էր ընդդիմութեանը, հիմա էլ այդ քարտէզով սպառնում է ամբողջ ժողովրդին», ըսաւ Խաչատրեան։

Ան աւելցուց, որ 44օրեայ պատերազմին կրած աղէտալի պարտութենէն ետք, Նիկոլ Փաշինեան՝ իր բոլոր զիջումները արդարացնելու համար, նոր պատերազմի սպառնալիքի մասին կը խօսի:

«Շանտաժի (սպառնալիքի) է ենթարկում ժողովրդին, որպէսզի կարողանայ արդարացնել իր զիջողական քաղաքականութիւնը: Ասում է` եթէ 4 հոգու սպաննեցին, եթէ պատասխան տայինք, կը լինի պատերազմ, եթէ մենք ճանապարհը չտայինք, կը լինի պատերազմ, Տաւուշի գիւղերը չտանք, կը լինի պատերազմ: Ինչքա՞ն կարելի է: Ի հարկէ, վտանգը կայ, որովհետեւ քանի դեռ դու թոյլ ես, քանի դեռ պատրաստ ես զիջել, թշնամին միշտ էլ քեզ կը սպառնայ պատերազմով: Եթէ դու ասում ես` գիւղերն ադրբեջանական են, Ադրբեջանն էլ կ՛առիթաւորուի, կ՛ասի` տուր, թէ չէ պատերազմ կը սկսենք: Որպէսզի Ադրբեջանը պատրուակներ չգտնի, դու պէտք է ունենաս ուժեղ բանակ, իսկ մենք տեսնո՞ւմ ենք բանակի հզօրացման քայլեր, որեւէ բան չենք տեսնում: Տեսէք, թէ Հայաստանը վերջին 4 տարում քանի՞  զօրավարժութիւն է արել, եւ Ադրբեջանի քանի զօրավարժութիւն է արել: Ի՞նչ է անում իշխանութիւնը բանակը հզօրացնելու համար, ատեստաւորո՞ւմ (վկայագիրի տուչութիւն), ելա՞կ, համազգե՞ստ», ըսաւ Խաչատրեան:

Ան նաեւ նկատել տուաւ, որ Հայաստանի իշխանութիւնները ձախողեցան արտաքին քաղաքականութեան մէջ եւս: «Հայաստանը չունի բարեկամ պետութիւն: Բարեկամների հետ ինքը յարաբերութիւնները վատթարացրել է, նոր բարեկամներ ձեռք չի բերել», յայտնեց ան:

Անդրադառնալով Եւրոպական Միութեան քաղաքականութեան՝ Խաչատրեան ըսաւ. «Մենք Եւրախորհրդարանի բանաձեւը ողջունում ենք, իսկ այդ գործադիր մարմնի քաղաքականութիւնը մեզ համար հասկանալի չէ: Մեզ համար հասկանալի չէ Տոյվօ Կլաարի յայտարարութիւնը, Շարլ Միշէլի շնորհաւորանքը: Ես շատ կը ցանկանայի, որ բացի յայտարարութիւններից տեսնէինք գործողութիւններ, քանի որ միայն յայտարարութիւններով Ադրբեջանին սանձել հնարաւոր չէ»:

Comments are closed.