Ատրպէյճանը շուրջ 3000 քառակուսի քիլոմեթր տարածքում ստեղծել է ամենաբարդ համակեդրոնացման ճամբարը. ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահն արդէն որերորդ անգամ միջազգային հանրութեան եւ միջկառավարական ինստիտուտների ուշադրութիւնն է հրաւիրում Ատրպէյճանի ղեկավարութեան կողմից մարդու նկատմամբ աննախադէպ բռնութեան, մարդկութեան դէմ զանգուածային յանցագործութեան փաստերի վրայ:
Շուրջ 3000 քառակուսի քիլոմեթր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը, Ատրպէյճանը 2022 թուականի Դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետութեան քաղաքացիների վրայ փորձարկում է գիտութեան վերջին ձեռքբերումները՝ ուղղուած մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի Հանրապետութեան հայ բնակչութեան ապամարդկայնացմանը։
Ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանուած) հազարանոց բնակչութիւնը 8 ամիս շարունակ ամէն օր ենթարկւում է նուաստացման, սովի եւ ֆիզիքական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց ելեկտրաէներգիայի, գազի, վառելիքի եւ դեղորայքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, երբ միջազգային հանրութիւնը դատապարտեց եւ միջազգային իրաւունքում ամրագրեց դրոյթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործութիւնների կրկնութիւնը, դժուար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կը կանգնի բնաջնջման նոր մեթոտներով՝ ֆիզիքական ոչնչացման վտանգի առջեւ, եւ այդ ամէնը նոյնիսկ չի արժանանայ միջազգային հանրութեան միջամտութեանը՝ մարդկային մեծ ողբերգութիւնը կանխելու նպատակով:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահն ահազանգում է՝ ապաւինելով բոլոր նրանց խղճին, ումից կախուած է Ատրպէյճանի քաղաքական ղեկավարութեան կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդկութեան դէմ կատարուած սարսափելի յանցագործութիւնը կանխելու որոշման ընդունումը:
Միեւնոյն ժամանակ, հաշուի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախութիւնը ինքնահռչակած պետութիւնների նկատմամբ բռնութեանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրաւունքի դրոյթները, կոչ ենք անում պատասխանատու եւ պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը՝ որպէս ցեղասպանութեան եւ հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահը կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին յատուկ քրէական տրիբունալ հիմնել Ատրպէյճանի ղեկավարութեան նկատմամբ՝ Արցախի Հանրապետութեան տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու յանցագործութեան համար, որը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող բնակչութեանը:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահը լիայոյս է, որ մեր ժողորդի կողմից ընտրուած Գերագոյն մարմնի ուղերձն անարձագանգ չի մնայ, եւ միջազգային հանրութիւնն ու միջկառավարական ինստիտուտները անձնատուր չեն լինի ագրեսորներին եւ մարդասպաններին, այլ տէր կը կանգնի Արցախի Հանրապետութեան ժողովրդին:
Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզուած է,որ վերը նշուած վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումն է՝ «ճանաչում յանուն փրկութեան» սկզբունքի հիման վրայ:
Comments are closed.