Սա է այսօրուայ Հայաստանի իրական պատկերը

Ցաւով և զայրոյթով տեղեկացայ իմ կուսակցական ընկեր և վաղեմի բարեկամ Կարէն Մկրտչեանի հետ տեղի ունեցած զազրելի դէպքի մասին։ Կարէնը Սփիւռքում ծնուած, հրաշալի կրթութիւն ստացած և նախանձելի աշխատանքային փորձ ունեցող հայ է, ով թողեց իր ապահով և բարեկեցիկ կեանքը հեռաւոր Գանատայում, ընտանիքի հետ վերադարձաւ հայրենիք՝ հայրենիքում ապրելու ու աշխատելու վճռականութեամբ։ Հայաստանում աշխատել է ֆինանսական համակարգում, եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրէնը, հիմնել և աշխատում է ներդրումային կառավարչական և ֆինանսական խորհրդատուութիւն տրամադրող ընկերութիւնում։ Երբ Հայաստանի իշխանութիւնները խօսում են օտարերկրեայ ներդրումների մասին, Կարէնն ու իր գործընկերներն աշխատում են ներդրողների հետ, որ Հայաստանում փող ներդնեն, ձեռնարկութիւններ ստեղծեն։ Ասյօրուայ իշխանութիւնները նաև Կարէնի արածն են իրենց վերագրում․․․․

Կասկադում Կարէնը հանդիպել է Ալեն Սիմոնեանի շքախմբին։ Ալենին «դաւաճան» է կոչել։ Ալեն Սիմոնեանի շքախումբը ֆիզիքական հաշուեհարդար է տեսել Կարէնի նկատմամբ, ֆիզիքական բռնութիւն կիրառել և տարել ոստիկանութիւն։ Առաւել եղկելի է եղել Ալեն Սիմոնեանի պահուածքը, ով հրամայել է իր թիկնպահներին բռնել Կարէնին, որ ինքը վրան թքի․․․

Սա է այսօրուայ Հայաստանի իրական պատկերը, սա է «ժողովրդավարութեան բաստիոնում» ժողովրդավարութեան վիճակը։ Եթէ Կարէնը կարգ է խախտել, օրէնք է խախտել, ապա դրա համար նա պէտք է օրէնքով սահմանուած պատասխանատուութեան ենթարկուէր, այլ ոչ թէ Ալեն Սիմոնեանի կամայական ինքնադատաստանի զոհ դառնար։ Ինչու՞ ոստիկանները բերման չեն ենթարկել նրա թիկնապահներին, ովքեր բիրտ ուժ են կիրառել, ինչու ոստիկանները հենց Ալեն Սիմոնեանին բերման չեն ենթարկել քաղաքացու արժանապատուութիւնը ոտնահարող գործողութեան համար։ Հայաստանում ոստիկանութիւն կա՞յ, իրաւապահ համակարգ կա՞յ, թէ՞ բոլորն այսօրուայ իշխանութիւնների հլու հնազանդ խամաճիկներն են։

Ու այս զազրելի արարքից յետոյ իշխանութիւններն էլի՞ են սփիւռքահայերին կոչ անելու գալ Հայաստան, ներդրողներին էլի՞ են կոչ անելու Հայաստանում գումար ներդնել։ Իհարկէ կոչ են անելու, իհարկէ իրենց Սփիւքի յանձնակատարը և էկոնոմիկայի նախարարը այցելութիւններ են անելու ու մարդկանց մոլորեցնելու, թէ Հայաստանում ամէն ինչ հրաշալի է․․․ Բայց, այսօրուայ իշխանութիւնների նպատակը Հայրենիքը զարգացնելը չէ։ Նրանց նպատակը իշխանութիւնն ու անպատժելիութիւնը վայելելն է, քանի թուրքերը բաստուրմայի նման բարակ բարակ կտրատում ու զաւթում են Հայաստանը։ Թուրքը դրսից, նիկոլոկանները ներսից կործանում են երկիրը, իսկ հասարակութիւնը դեռ թմբիրի մէջ է․․․»։

Արթուր Խաչատրեան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Comments are closed.