Իրանը Ադրբեջանով Եւրասիա գնալու մասին խօսում է «Զանգեզուրի միջանցքի» պատճառով եւս․ Իսիկ Յունանէսեան

Իրանը պատրաստակամութիւն էր յայտնել, որ օգնի Հայաստանին Հիւսիս-Հարաւ մայրուղու չկառուցուած հատուածի կառուցմանը, բայց երբ նորից խօսւում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, կարծում եմ, Իրանն ինքն էլ համակերպուել է, որ այդ միջանցքը պէտք է լինի՝ Սիւնիքում Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Թեհրանի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Յունանէսեանը, որը տարբեր երկրների 50-ից աւելի ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների 5-օրեայ խորհրդաժողովին, որն անցկացուեց Երեւանում, Գորիսում ու Ստեփանակերտում։

«Ալիեւ-Ռէյիսի հանդիպմանը Ալիեւը բացէիբաց ասաց Ռէյիսիին, որ՝ մենք մօտենում ենք այդ միջանցքին, եւ ես կարծում եմ Իրանից նման յայտարարութիւնը, որ՝ «մենք Ադրբեջանով դէպի Եւրասիա այլընտրանքային ճանապարհ ունենք, եթէ հարկ լինի՝ կ’օգտուենք», հետեւանքն է այս վերջին իրադարձութիւնների»,- վստահ է Իսիկ Յունանէսեանը։

Խօսքը Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ երթուղու գործարկման մասին է, որի վերաբերեալ յայտարարութիւն արեց Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի կազմակերպութեան միջազգային տարանցիկ փոխադրումների վարչութեան գլխաւոր տնօրէն Ջաւադ Հեդայաթին։ «Մենք երկու երկրներին առաջարկել ենք նոր տարանցիկ միջանցք ստեղծել՝ տարածաշրջանային միասնութեանը համապատասխան»,- ասել է նա ISNA-ի հետ հարցազրոյցում։ Նա տեղեկացրել է, որ երթուղին արդէն գործարկուել է՝ պիլոտային եղանակով առաջին խմբաքանակներն են փոխադրուել եւ նշել, որ այդ տարանցիկ ուղին, հաշուի առնելով համաձայնագրի կողմ երկրների լուրջ մօտեցումը, այլընտրանք կը լինի ներկայում գործող առեւտրային ուղիների համար, ինչպիսին է Թուրքիայի եւ Ռուսաստանի տարանցիկ երթուղին։

Իսիկ Յունանէսեանը կարծում է՝ Իրանը կի նախընտրէր Հայաստանով գնալ Եւրասիա, բայց երբ տեսնում է Հայաստանի ներկայ իրավիճակը, որ ոչ մի դրական ազդակ չկայ Հայաստանի կողմից դէպի Իրան, իրենք էլ մտածում են իրենց շահերի մասին եւ փորձում են կա՛մ մեսիջ յղել Հայաստանի իշխանութիւններին, որ՝ մենք ունենք նման այլընտրանքային ճանապարհ Ադրբեջանով դէպի Եւրասիա՝ դուք մի քիչ ձեզ հաւաքէք, կա՛մ արդէն իսկապէս յոյսները կտրել են Հայաստանից եւ միջացքի բացման առաջին օրուանից իրենք պատրաստի ճանապարհ են ունենալու դէպի Եւրասիա եւ դա Ադրբեջանով է լինելու։

Իրանից Հայաստանի տարածքով այս պահին եկող բեռնատարները պատկանում են որեւէ ընկերութեան, նշեց նա, բնականաբար, այդ ընկերութիւնը ո՛չ վտանգի տակ կը դնի բեռնատարը, ո՛չ վարորդին, բայց շուտով՝ առաջին ձեան հետ, մենք կը տեսնենք, որ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքում բաւականին դժւարութիւնների կը հանդիպեն։

ՀՀ իշխանութիւնների առաջարկած այլընտրանքային ճանապարհը, որը պէտք է փոխարինի Գորիս-Կապանին, ամենափոքր անձրեւից, ձիւնից կամ մառախուղից փակւում է, բեռնատարները ժամերով կանգնում են եւ արդէն բաւականին մեծ դժգոհութեան ալիք է բարձրացել Իրանի վարորդների կողմից։

Իսիկ Յունանէսեանը չգիտի՝ Ադրբեջանով գնալը քանի ժամ կ’աւելացնի իրանական բեռնափոխադրումներին, բայց, ըստ նրա, աւելի կարեւոր է անվտանգային հարցը, եթէ կարողանան Ադրբեջանով աւելի անվտանգ մուտք գործել Վրաստան կամ Ռուսաստան, ինչո՞ւ պէտք է Հայաստանի տարածքով գան։

 

Իսիկ Յունանէսեանը յստակ տեսնում է իրադարձութիւնների այն զարգացումը, որը բերեց, յանգեցրեց Հայաստանի համար այս աննպաստ վիճակին։ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահը նկատում է, որ այն, ինչ տեղի ունեցաւ 44-օրեայ պատերազմից յետոյ նոյն ժամանակահատուածն էր, որ Իրանում ձեւաւորուեց նոր իշխանութիւն՝ նոր կառավարութեան կաբինետ, պահպանողական թեւը եկաւ իշխանութեան Իրանում։

«Ես զգում եմ՝ իրենք զգացին, որ սխալ քաղաքականութիւն են ունեցել պատերազմի ընթացքում եւ ուզեցին շտկել՝ զօրքը բերել սահման սեպտեմբերի 26-27-ի հատուածում, եւ այդ լեզուակռիւը, որ տեղի ունեցաւ Իրանի ու Ադրբեջանի միջեւ ցոյց էր տալիս, որ իրոք Իրանը փոխել է իր դիրքորոշումը հանդէպ Հայաստանի ու Ադրբեջանի։ Եւ բազմիցս էլ նախկին արտգործնախարար պրն․ Զարիֆն ասել էր, որ՝ «Մեղրիի հատուածը եւ Սիւնիքը մեր կարմիր գիծն է»։ Մենք վերջին 2 ամսում բաւականին դրական ազդակներ տեսանք Իրանի կողմից, բայց վերջին 15-20 օրուայ իրադարձութիւններից եւ Հայաստանի կողմից արուած յայտարարութիւններից թէ՛ Սոչիում, թէ՛ տարբեր պաշտօնեաների կողմից, Իրանը հիասթափուեց նորէն։ Իսկ դէպի Նախիջեւան միջանցքի մասին յայտարարութիւնները պատճառ դարձան, որ Իրանն էլ յայտարարի Ադրբեջանով, ոչ թէ Հայաստանով Եւրասիա գնալու մասին»,- ասաց Իսիկ Յունանէսեանը։

Մինչ այդ՝ ի՞նչ եղաւ, որ պատերազմի օրերին Իրանը այդպիսի դիրքորոշում ընդունեց Հայաստանի հանդէպ. նա նկատեց է, որ 2018-ին Հայաստանի նոր վարչակազմի իշխանութեան գալուց յետոյ Իրանն ակնկալում էր, որ կարող է աւելի սերտ յարաբերութիւններ ունենալ այս նոր իշխանութեան հետ, բայց, դժբախտաբար, դա տեղի չունեցաւ։

«Բոլթոնի Հայաստան այցից յետոյ մենք տեսանք, որ այդ յայտարարութիւնները եղան, երբ Փաշինեանը խորհրդարանում ասաց, որ «եթէ հարկ լինի՝ մենք սահմանը կը փակենք»․ այդտեղից սկսուեց, ես կարծում եմ, Իրան-Հայաստան յարաբերութիւնների վատթարացումը։ Յետոյ խորհրդարանում Իրանին իբրեւ բռնապետ պետութիւն որակելը, Իսրայէլի դեսպանատան հարցը․ այս ամէնը սկիզբ դրեցին այս վերջին 3 տարուայ՝ Իրան-Հայաստան յարաբերութիւնների վատանալուն»,- բացատրեց Իսիկ Յունանէսեանը։

Նա համոզուած է, որ Հայաստանի կողմից ապտակ էր Իրանին Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարներից ադրբեջանցիների մաքսատուրքեր վերցնելու եւ իրանցի վարորդներին ձերբակալելու փաստերին Հայաստանի խուսափողական արձագանգը, երբ Հայաստանն ասաց՝ դա մեր գործը չէ։ Ադրբեջանական ինքնաթիռների համար Հայաստանի օդը բացելը Իրանի փակելուց յետոյ եւս մէկ ապտակ էր։

«Դրանք բոլոր այն հարցերն են, որ Իրանը չի մարսել եւ այսպիսի յայտարարութիւններով պատասխանում է»,- վստահ է Իսիկ Յունանէսեանը։

Իրանի հետ այսպիսի «խաղեր տալը», նրա համոզմամբ, կարող է թանկ արժենալ Հայաստանի համար։

«Իրանն ինքը «խաղեր տալու» մէջ աշխարհում ամենահզօր երկիրն է. տեսնում ենք արդէն 10-15 տարի է թէ՛ Եւրոպային, թէ՛ Ամերիկային այդ «խաղերի» մէջ է պահում իր միջուկային ծրագրով, եւ ես կարծում եմ երեխայութիւն կը լինի Հայաստանի կողմից, եթէ ուզենայ իրենց իշխանութեան ոճով ասած՝ «քցել» Իրանին կամ խաբել Իրանին, Իրանի դիմաց տուժողը կը լինի միայն Հայաստանը»,- համոզուած է Իսիկ Յունանէսեանը։

 

https://youtu.be/or3EaTYGsVk

Leave a Comment

You must be logged in to post a comment.