Ադրբեջանի պատկերացրած խաղաղութիւնը ՀՀ ամբողջական կապիտուլիացիան է
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարաւոր խաղաղութեան պայմանագրի կնքման, դրա հետեւանքների եւ դրանից բխող վտանգների մասին yerkir.am-ը զրուցել է քաղաքագէտ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանի հետ։
– Մենք գրեթէ ամէն օր լսում ենք յայտարարութիւններ Բաքուից, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետութեանը եւ Արցախին: Բացի այն, որ ադրբեջանցիները հետեւելով իրենց ղեկավարի օրինակին՝ հաւատում են, որ «Զանգեզուրն» իրենցն է, դեռ մի բան էլ կարծում են, թէ իրենք այս տարածաշրջանի ամենահին ժողովուրդն են։ Այս ամէնը համարե՞նք քննարկում ՀՀ-ի հետ հնարաւոր խաղաղութեան համաձայնագրի շուրջ։
– Խաղաղութեան պայմանագիրը յարաբերական է ասուած։ Ադրբեջանցիների պատկերացրած խաղաղութիւնը Հայաստանի ամբողջական կապիտուլիացիան է, եւ անվտանգային համակարգի տոտալ կազմաքանդումը։ Խաղաղութեան համար պէտք է լինի երկկողմանի ձգտում։ Այսօր մենք ինչ տեսնում ենք Ադրբեջանում ե՛ւ ռազմաքաղաքական ղեկավարութեան յայտարարութիւններում, ե՛ւ քաղաքական շրջանակներում` յատկապէս հասարակութեան մէջ առկայ տրամադրութիւններով, նրանք չեն պատրաստւում խաղաղ գոյակցութեան, նրանք պատրաստւում են տարածքային ընդլայնման՝ ի հաշիւ ՀՀ-ի։ Մենք վերջին պատերազմից յետոյ Ադրբեջանի կողմից չենք տեսել դրական կամ տարածաշրջանային համակեցութեանը միտուած որեւէ քայլ։ Ընդհակառակը, բարձրագոյն մակարդակով հնչեցւում են տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, որով փորձ է արւում փակել Ղարաբաղեան հիմնախնդրի թեման։ Կան խնդիրներ, որոնց լուծման պարագայում միմիայն կարող ենք խօսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների հաստատման մասին։
Իմ կարծիքով ամենակարեւոր հանգամանքը Ղարաբաղեան հիմնախնդրի լուծումն է` Արցախի ժողովրդի իրաւունքների իրացման ճանաչմամբ եւ, որ, ամենակարեւորն է` Ադրբեջանի կազմից դուրս։ Եւ պէտք է Ադրբեջանը հրաժարուի տարածքային պահանջներից Հայաստանի նկատմամբ։ Կարելի է հասկանալ, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի օրինակով, միտուած չէ տարածաշրջանային համագործակցութեան, այլ ունի հեռահար նպատակներ։
– Տասնամեակներ շարունակ հակահայ քարոզչութիւն է ընթացել եւ այժմ էլ ընթանում է Ադրբեջանում։ Ինչպիսի՞ գնահատական կը տաք. արդեօ՞ք տասնամեակներով արմատացած ատելութիւնը կը վերանայ հնարաւոր խաղաղութեան պայմանագրի կնքմամբ։
– Այն, ինչ սերմանուել է Ադրբեջանում տասնամեակներով, դժուար թէ վերանայ մի քանի ամսուայ կամ մէկ տարուայ ընթացքում։ Ադրբեջանում այլատեացութեան մակարդակը չափազանց բարձր է։ Այն միշտ իրեն զգացնել է տալու հարեւանների, եւ յատկապէս Հայաստանի հետ յարաբերութիւններում։
– ՀՀ իշխանութիւնները որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ են, որ կարողանան միջազգային հարթակներում պայքարել Ադրբեջանի հակահայկական քարոզչութեան դէմ։
– Եթէ ներկայիս իշխանութիւնները որեւէ լուրջ քայլեր ձեռնարկէին Ադրբեջանից եկող սպառնալիքը կառավարելու կամ չէզոքացնելու համար, չէինք ունենայ այն իրավիճակը, որն ունենք։
– Ներկայիս իշխանութիւնները մեծ յոյսեր են կապում խաղաղութեան պայմանագրի եւ դրան յաջորդող գործընթացների հետ։ Ի՞նչ էք կարծում՝ դա ճի՞շտ է։
– Ես ընդհանրապէս չեմ պատկերացնում խաղաղութեան պայմանագիր ասուածը, որովհետեւ խաղաղութեան պայմանագիր պէտք է կնքուի, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկայ գլխաւոր հիմնախնդիրը լուծուի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմաթիւ խնդիրներ կարող են լուծուել խաղաղութեան պայմանագրի կնքմամբ, բայց Ղարաբաղեան հիմնախնդիրը չի կարելի «ծածկադմփոցի» անել՝ խաղաղութեան պայմանագրով։ Խաղաղութեան պայմանագիրը կ’աշխատի միայն այն դէպքում, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը ճանաչուի։
– Ներկայումս շատ է խօսւում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցութիւնների վերսկսման մասին, արդեօք հայաստանեան իշխանութիւնները հիմա պատրա՞ստ են եւ կարո՞ղ են դիւանագիտական յաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ՝ վերականգնելով նախկին ԼՂԻՄ-ի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ տարածքային ամբողջականութիւնը։
– Ներկայիս իշխանութիւնները, նոյնիսկ մեծ ցանկութեան դէպքում, եթէ պատկերացնենք, որ նրանք ուզում են Ղարաբաղեան հիմնախնդիրը լուծել ի շահ հայ ժողովրդի, չեն կարող, որովհետեւ պատերազմ են պարտուել, կապիտուլիացիոն յայտարարութիւն են ստորագրել։ Միջազգային ընկալումը այս իշխանութիւնների մասին չափազանց բացասական է, եւ ընդհանրապէս, նրանց միջազգային հեղինակութիւնը, ուժը, կշիռը չափազանց ցածր են։ Նման պարագայում խօսել, թէ ներկայիս իշխանութիւնները կարող են դիւանագիտական ճանապարհով լուծել Ղարաբաղեան հիմնախնդրը, երբ պատերազմը պարտուել են, եւ, ըստ էութեան, կորցրել դիւանագիտական յարաբերութիւններում ճնշման մեր կողմից ունեցած խաղաքարտերի մեծ մասը, դժուար է պատկերացնել, որ նրանք կարող են յաջողութեան հասնել։
– Մենք ականատես եղանք, թէ ինչպէս Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին տեղադրեց սահմանային եւ մաքսային հսկողութեան կէտ։ Եթէ դեմարկացիա եւ դելիմիտացիա գոյութիւն չունի, ապա ի՞նչ հիմքով, ի՞նչ միջազգային պայմանագրով է դա արւում։
– Մաքսակէտ դնելը պէտք է արգելուէր Ադրբեջանին, քանի որ դեմարկացիա եւ դելիմիտացիա չեն արուել։ Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի իմաստն այն է, որ սահմանագծումը կատարուի այն տրամաբանութեամբ, որ երկու ժողովուրդները որեւէ խնդիր չունենան, եւ տեղում ապրող բնակչութեան կենսական իրաւունքը չխախտուի։ Եթէ միջազգային պայմանագրերով սահմանուած կարգով դեմարկացիա եւ դելիմիտացիա արուէր, ապա վստահաբար այդ ճանապարհը կը մնար Հայաստանի վերահսկողութեան տակ։ Քանի որ Ադրբեջանը տուեալ հատուածում բնակավայրեր չունի, այդ ճանապարհը չի խոչընդոտում ադրբեջանցիների կենսագործունէութեանը. հետեւաբար դա պէտք է մնար Հայաստանի վերահսկողութեան ներքոյ։ Առանց դեմարկացիայի ճանապարհը յանձնել Ադրբեջանին՝ սխալ էր։ Պէտք է կանխուէր դա։ Առանց դեմարկացիայի վիճելի տարածքում ադրբեջանական ներկայութեան ճանաչումը շատ վտանգաւոր է։
– Կառավարութեան վերջին նիստերից մէկում Փաշինեանը յայտարարեց, որ Սիւնիքի մարզում նոր տեղադրուած ադրբեջանական մաքսակէտերը «գտնւում են Ադրբեջանի սուվերեն տարածքում»։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ դեմարկացիա եւ դելիմիտացիա կատարուելու է ոչ թէ 1920-ական թթ. քարտէզներով, այլ ԽՍՀՄ տարիների աւելի ուշ ստեղծուած քարտէզներով։
– Ես չգիտեմ` իրենք ինչ են բանակցում։ Բայց, ինչպէս նշեցի, դեմարկացիայի իմաստն այն է, որ մեր սահմանամերձ բնակչութեան նկատմամբ իրաւունքի խախտում չլինի։ Այստեղ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ սահմանագծումը սպառնալիք չհանդիսանայ մեր սահմանամերձ բնակչութեան համար։
– Վարչապետ Փաշինեանը յայտարարեց նաեւ, թէ ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ հսկողութիւն չսահմանելու գինը միջանցքն էր, ինչն անընդունելի է մեզ համար: Փաշինեանի նման յայտարարութիւնը արդեօ՞ք հերթական մանիպուլացիոն հնարք չէր, որով հող է նախապատրաստում ժողովրդին տանելու նոր կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրմանը։
– Ես չգիտեմ՝ ի՛նչ է մտածել Փաշինեանը նման յայտարարութիւն անելիս, բայց չեմ բացառում, որ Ադրբեջանը հնարաւոր ամէն ինչ փորձի օգտագործել` հասնելով միջանցքին։ Ներկայիս իշխանութիւնների խնդիրը պէտք է լինի այդ ամէն ինչին դիմակայելը, ոչ թէ որոշակի զիջումներ անելը եւ յետոյ ասելը, թէ դա արել եմ, որ հետագայում աւելի մեծ զիջումներ չանեմ։ Այստեղ խնդիրն ադրբեջանական ճնշումներին դիմակայելն է։
– Հայաստանեան փորձագիտական շրջանակները պնդում են, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում ձեռնտու են միայն Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ ՀՀ իշխանութիւնն այլ բան է պնդում։ Մենք նաեւ ականատեսն ենք, թէ ինչպէս է Ադրբեջանի նախագահը սպառնում Երեւանին. Սիւնիքի հանդէպ նրա ոտնձգութիւնները ու այս ամէնը մնում են անպատասխան: Ի՞նչ զարգացումներ էք կանխատեսում, որքանո՞վ են մեր շահերը ոտնահարուած նման պարագայում:
– Մենք կարող ենք խօսել կոմունիկացիաների ապաշրջափակումից, կարող ենք խօսել դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից, բայց հարցերի հարցը Ղարաբաղեան հիմնախնդիրն է։ Առանց Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման ցանկացած յարաբերութիւն ի սկզբանէ դատապարտուած է ձախողման։ Որովհետեւ միջազգային փորձն էլ այդպիսին է. եթէ դու փորձ ես անում երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւններ զարգացնելու՝ առանց այդ երկրների միջեւ առկայ գլխաւոր խնդրի լուծման, ապա այդ յարաբերութիւնները դատապարտուած են ձախողման։ Այնպէս որ պէտք է աշխատել այս ուղղութեամբ, պէտք է աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների իրացման միջազգայնօրէն ճանաչման ուղղութեամբ, եւ Ադրբեջանին պարտադրել ճանաչել այն։
Լենա Կարապետեան
Նոյեմբերի 14, 2021 թ