«Արցախեան հիմնահարցի կարգաւորման բանալին Արցախում է». Դաւիթ Իշխանեան

Յուլիսի 10-ին կայանալու է ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովը: Ժողովի նախօրեակին «Ապառաժ»-ը հարցազրոյց է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

Առաջիկայում գումարոուելու է ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովը: Ինչպիսի՞ ընթացակարգով է այն գումարւում եւ ի՞նչ նշանակութիւն ունի այն ՀՅԴ կառոյցի համար:

– Համադաշնակցական մեր մեծ ընտանիքը շատ լաւ է պատկերացնում, թէ ինչ է նշանակում Շրջանային ժողով: Ես կը փորձեմ մի քիչ փակագծերը բացել եւ հասարակութեանը որոշակի տեղեկութիւններ փոխանցել: Շրջանային ժողովը իւրաքանչիւր երկու տարին մէկ հրաւիրուող՝ տուեալ շրջանի կուսակցական կառոյցի բարձրագոյն ժողովն է, որի ընթացքում լսում են նախորդ Շրջանային ժողովի կողմից ընտրուած Կենտրոնական կոմիտէի հաշուետուութիւնը եւ ճշգրտում առաջիկայ անելիքները: Ժողովին մասնակցում են շրջաններից ընտրուած ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ ՀՅԴ Բիւրոյից ներկայացուցիչ:

Այսպիսով, կայանալիք ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովի ընթացքում կը ճշգրտուեն ոչ միայն առաջիկայ երկու տարիների մեր անելիքները, այլեւ գնահատական կը տրուի նախորդ երկու տարիներին կատարած աշխատանքներին:

 

Վերջին երկու տարին Արցախի համար լի էր փորձութիւններով, կորուստներով ու անիրական թուացող դժուարութիւններով՝ համապետական ընտրութիւններ, պատերազմ, տնտեսական ու քաղաքական ճգնաժամ: Ինչպէ՞ս էք գնահատում ՀՅԴ Արցախի կառոյցի դերը դրանց յաղթահարման գործում:

– Անշուշտ, դժուար է վերջին երկու տարիները համեմատել նախորդ շրջանների Կենտրոնական կոմիտէների երկամեայ գործունէութեան հետ: Այս շրջանը կարող է որոշակիօրէն համեմատոուել 1991-1995թթ. ժամանակահատոուածում Արցախում տեղի ունեցած քաղաքական անցուդարձերի հետ, որն ուղեկցւում էր ոչ միայն պետականաշինութեան գործընթացի հիմքերը դնելով, այլ նաեւ ռազմական գործողութիւններով: 2019թ. յուլիսին գումարուած մեր բարձրագոյն ժողովի օրակարգային հիմնական հարցը առաջիկայում կայանալիք համապետական ընտրութիւններն էին: Ընտրութիւններից բացի, ինչպէս միշտ, մեր ժողովների հիմնական օրակարգերից մէկը Արցախի հիմնահարցն է:

Մենք բազմիցս կրկնել եւ բարձրաձայնել ենք, որ Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը զարգանում են հաղորդակից անօթների նման՝ համագործակցելով, միմեանց փոխլրացնելով եւ համապատասխան անվտանգային համակարգ ձեւաւորելով: Մենք տեսնում էինք Հայաստանում առկայ ներքաղաքական, նաեւ արտաքին քաղաքական ձախողումներ, որոնք կարող էին անմիջականօրէն առնչութիւն ունենալ Արցախի Հանրապետութեան ապագայի հետ: Սրանց մասին հեշտ է խօսել յետադարձ հայեացքով, բայց այդ ժամանակաշրջանում մենք առիթներ ունեցել ենք ոչ միայն մեր ներքին, այլ նաեւ արտաքին լսարանի համար այս տեսակէտները բարձրաձայնել: Պատահական չէ, որ 2019-ին ընդունուած որոշումների մէջ յստակ ընդգծւում էին օրէցօր ահագնացող մարտահրաւէրները Արցախեան հիմնահարցի կարգաւորման առումով:

Արցախի ներքին քաղաքական դաշտի վրայ լուրջ ազդեցութիւն էր թողել ՀՀ-ում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխութիւնը: Արցախի հիմնահարցը երկրորդական պլան էր մղուել. տպաւորութիւն էր, որ մեր անվտանգային հարցերը կարեւոր չէին, եւ հասարակութեան մէջ աւելի գերիշխող եւ գերակայող էին դառնում սոցիալական խնդիրները: Հասարակութիւնը, մասնաւորապէս՝ տարբեր շրջանակներ ներկայացնող երիտասարդութիւնը փորձում էր նոր ուղղութիւն որդեգրել:

 

– 2020թ. համապետական ընտրութիւնների նախօրէին Դաշնակցութիւնը հանդէս եկաւ ԱՀ նախագահի համաձայնեցուած թեկնածու առաջադրելու առաջարկով: Ինչո՞ւ այդ նախաձեռնութիւնը չյաջողեց:

– 2019թ. ակնյայտ էին այն դասաւորումները եւ վերադասաւորումները, որոնք տեղի էին ունենում մեր քաղաքական դաշտում: Ծնւում էին նոր կուսակցութիւններ, որի նպատակն էր որոշակի փոփոխութիւններ մտցնել Արցախի քաղաքական ուղեգծի մէջ: Դաշնակցութիւնը, ունենալով բազմամեայ փորձ, փորձում էր պառակտուող հասարակութեան մէջ միաւորողի դեր ստանձնել: Այդ նպատակով յուլիսին, ՀՅԴ Շրջանային ժողովի աւարտից յետոյ յայտարարւեց, որ մենք փորձելու ենք նախաձեռնութիւն ցուցաբերել քաղաքական դաշտը միաւորելու եւ նախագահի համաձայնեցուած թեկնածու ունենալու համար՝ կանխատեսելով քաղաքական դաշտում պառակտման միտումները, որն թելադրուած էր արտաքին ուժերի ազդեցութեամբ: Այստեղ նաեւ իրենց տեղն ու դերն ունէին Հայաստանի գործող իշխանութիւնները:

Այսպիսով, 2019թ. օգոստոսին մենք հանդէս եկանք համապատասխան յայտարարութեամբ: Քաղաքական խորհրդատուութիւններ սկսելով տարբեր քաղաքական ուժերի հետ՝ փորձեցինք մեր դիրքորոշումները ներկայացնել դաշտում գործող հիմնական դերակատարների հետ: Ցաւօք սրտի, միւս քաղաքական ուժերի մօտ ապագայի մասին պատկերացումները սահմանափակ էին ու մակերեսային:

Համախմբման առումով մեր ջանքերն այդպէս էլ արդիւնք չտւեցին: Այդ մասին եւս հանդէս եկանք յայտարարութեամբ: ՀՅԴ Արցախի Արտահերթ ժողովը կայացրեց որոշում՝ առաջիկայ համապետական ընտրութիւններին Դաշնակցութիւնը հանդէս է գալու ԱՀ նախագահի սեփական թեկնածուով:

 

– 2020թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ դուք նախագահի թեկնածու էիք: Յետադարձ հայեացք ձգելով՝ ընտրոուելու պարագայում դուք կը կարողանայի՞ք դիմագրել պատերազմին ու միւս արհաւիրքներին:

– Պոստ ֆակտում խօսելը հեշտ է: Դժւար էր պատկերացնել, թէ մեզ ինչ է սպասւում: Եթէ այսօր յետադարձ հայեացքով փորձենք գնահատական տալ եւ խօսել մեր բացթողումների մասին, ապա դա հասարակութեան համար ընկալելի չի լինի, եւ այն որակոուելու է որպէս արդարացում: Բայց մեր կառոյցին հաղորդակից մարդիկ, նաեւ պետական այրեր ու պետական տարբեր կառոյցներ, որոնց մենք փորձում էինք մեր տեսակէտները հաղորդել, կարող են վկայել, որ մենք աւելի կազմակերպուած եւ աւելի արդիւնաւէտ գործող պետական համակարգի կողմնակից ենք: Մենք ակնկալում էինք, որ ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուած նոր իշխանութիւնը կը ցուցաբերի իմաստութիւն եւ խոհեմութիւն:

Յիշենք այն ժամանակահատուածը, որը նախորդեց 2020թ. գարնանը տեղի ունեցած համապետական ընտրութիւններին: Իշխանութիւնը թուլացած էր, հանրութեան մէջ փոփոխութիւններ տեսնելու միտումներն աւելի ակնառու էին ու օրախնդիր էր նոր իշխանութեան ձեւաւորումը: Ի՞նչ ձեւով, ինչպէ՞ս՝ կարծես թէ երկրորդական էր: Մենք ակնկալում էինք, որ ձեւաւորուած նոր իշխանութիւններն աւելի խորքային մօտեցումներ կը ցուցաբերեն, յատկապէս հաշուի առնելով այն հանգամանքը, որ նախորդ 10-12 տարիներին նորընտիր նախագահը եւ իր թիմը իշխանութեան մաս էին եւ 2007թ. ի վեր վարուող քաղաքականութեան հիմնական պատասխանատուներն ու դերակատարներն էին, մեր բոլոր յաջողութիւնների եւ անյաջողութիւնների պատասխանատուները:

Ցաւօք սրտի, ականատես եղանք, որ խորքային պատկերացումներ գոյութիւն չունեն: Հէնց այդ օրերին Դաշնակցութեան եւ իշխանութիւնների միջեւ համատեղ կառավարութիւն կազմաւորելու, կոալիցիոն գործընկերութեան ձեւաչափով միմեանց հետ համագործակցելու, ընդհուպ մինչեւ յուշագիր ստորագրելու երկխօսութիւնը չարդիւնաւորւեց: Սա այն շրջանն էր, երբ Արցախի հասարակութեան մեծամասնութիւնն իր քւէն տուել էր գործող իշխանութիւններին: Սա այն շրջանն էր, երբ նոր ձեւաւորուած իշխանութիւնը քննադատում էր նախորդ տասնամեակի իշխանութեանը եւ փորձում բոլոր անյաջողութիւնների մեղքը եւ ծանրութիւնը դնել նախորդների վրայ: Հասարակութիւնը նաեւ Դաշնակցութեանն էր դիտարկում որպէս «նախորդ» ուժ՝ երկրում բոլոր բացթողումների եւ չիրականացուած ծրագրերի մէջ տեսնելով Դաշնակցութեան մեղքի բաժինը: Այո, մենք ունեցել ենք այդ պատասխանատուութիւնը մեզ տուած վստահութեան չափաբաժնով, մինչեւ իսկ աւելի մեծ պատասխանատուութիւն ենք կրել ոչ միայն Արցախի ներքին կեանքում, այլ նաեւ արտաքին ճակատում: Ընդհանրութեան մէջ մենք զգում էինք ձեւաւորուած նոր իշխանութիւնների անպատասխանատւութեան աստիճանը:

 

Մինչեւ 2020թ. գարուն՝ ՀՅԴն Արցախում իշխանութեան մաս էր, 2020թ. համապետական ընտրութիւններից յետոյ դարձաւ ընդդիմութիւն: ՀՅԴ կառոյցն ինչպէ՞ս ընդունեց այդ փոփոխութիւնը եւ ի՞նչ խնդիրների բախւեց:

– Մեզ համար նորութիւն չէ իշխանութեան մաս կազմելը կամ ընդդիմադիր ճակատում լինելը: 1991թ. սկսած՝ վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը եղել է թէ° ընդդիմադիր ճակատում, թէ° իշխանական ճամբարում: Ընդդիմադիր, թէ իշխանութիւն, Դաշնակցութիւնը միշտ մնացել է որպէս Դաշնակցութիւն: Եթէ որդեգրուած քաղաքականութիւնը նպաստում է մեր ժողովրդի, պետութեան շահերին, ապա Դաշնակցութիւնը իշխանութեան մաս է, իսկ հակառակ պարագայում՝ ընդդիմութիւն:

Արցախում ձեւաւորուած ցանկացած իշխանութիւն ձգտում էր Դաշնակցութեան հետ համագործակցութեան եզրեր գտնել: Երբ տեսնում ենք, որ օրւայ իշխանութիւնն ունի լուրջ բացեր եւ մեր սկզբունքային առաջարկները չի ընդունում, Դաշնակցութիւնը չի կարող այդ սկզբունքներից դուրս լինել եւ դրանց չհամապատասխանելով յայտնուել իշխանական համակարգում: Հէնց այս գործելաոճից ելնելով՝ Դաշնակցութիւնն այժմ ընդդիմադիր ճակատում է: Ինչ կարգավիճակում էլ լինի Դաշնակցութիւնը, մեզ համար կարեւորը սկզբունքներն են, պետական եւ ազգային շահերի առաջմղումը: Մենք միշտ էլ գործել ենք յանունի սկզբունքով՝ յանուն պետութեան, յանուն պետականութեան եւ յանուն մեր ժողովրդի: Մի գաղտնիք յուշեմ. այն իշխանութիւնը, որին մաս է կազմել Դաշնակցութիւնը, ունեցել է յաջողութիւն ու ապահովել է երկրի զարգացումը:

 

Ի՞նչ դեր խաղաց ՀՅԴն Արցախեան վերջին պատերազմի ժամանակ:

– Ընդունուած է ասել, որ Դաշնակցութիւնն էքստրեմալ պայմանների կառոյց է: Մենք յայտնւեցինք գերէքստրեմալ վիճակում: Անշուշտ, Դաշնակցութիւնը չէր կարող այս հանգրւանում իր ամբողջական կառոյցի հնարաւորութիւնները չօգտագործել: Առաջին իսկ օրերից «Կամաւորական շարժում» ՀԿ անդամներն Արցախում էին, իսկ նրանք ոչ միայն ՀՀ, այլեւ Սփիւռքի մեր կուսակիցներն էին, ովքեր՝ ինչպէս 1990-ական թւականներին, ինչպէս 2016-ին, իրենց առաքելութեանը հաւատարիմ՝ իրենց ներկայութեամբ ամրապնդել են պաշտպանունակութեան համակարգը եւ յաջողութիւններ արձանագրել:

Այստեղ պէտք է դիտարկել ոչ միայն պատերազմի դաշտը: Դաշնակցութեան անելիքները շատ-շատ էին ու են տարբեր ոլորտներում: Քաղաքական դաշտում տարբեր կառոյցները, այդ թւում՝ նաեւ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի, աշխարհի չորս կողմում են: Տեղեկատւական-քարոզչական դաշտում Դաշնակցութիւնը եւս իր համահայկական ցանցային կառոյցով կարողացաւ իր դերակատարումն ունենալ: Յօգուտ Արցախի աշխատում էին նաեւ ուղեկից կառոյցները՝ ՀՕՄ, Համազգային եւ ՀՄԸՄ: Այս ամենով հանդերձ՝ մենք շատ պարզ գիտակցում եւ հասկանում էինք, որ հիմնական քաղաքական-դիւանագիտական, տեղեկատւական-քարոզչական աշխատանքներին զուգընթաց՝ նաեւ մեր անմիջական ներկայութիւնն Արցախում շատ կարեւոր է: Մենք բազմիցս փորձել ենք Արցախի իշխանութիւնների, պատասխանատու տարբեր շրջանակների հետ ՀՅԴ Բիւրօ, ՀՅԴ Արցախի ԿԿ հանդիպումներում ճշգրտել մեր անելիքները:

2016թ. ապրիլին շատ անմիջական եւ ազդեցիկ եղաւ մեր համագործակցութիւնը: Բաւականին մեծ ազդեցութիւն ունեցան Դաշնակցութեան քարոզչական լծակները միջազգային բեմահարթակում Ադրբեջանին որպէս նախայարձակ ներկայացնելու հարցում: 2020թ. սեպտեմբերին մեր տեղեկատւական-քարոզչական մեխանիզմները լիարժէք չաշխատեցին: Նկատելի էր Դաշնակցութեան եւ պետական տեղեկատւական համակարգի համագործակցութեան բացակայութիւնը: Իհարկէ, կարելի է յետադարձ հայեացք ձգելով տարբեր գնահատականներ տալ, բայց ուզում եմ անդրադառնալ, որ այս պատերազմում մեր անյաջողութիւնների հիմնական պատճառը անկազմակերպուածութիւնն էր եւ պետական կառոյցների ոչ լիարժէք գործունէութիւնը թէ ԱՀ-ում, եւ թէ ՀՀ-ում:

 

Պատերազմից յետոյ ՀՅԴն ընդդիմադիր այլ կուսակցութիւնների հետ պահանջել է ԱՀ նախագահի հրաժարականը: Այս հանգամանքը չի՞ խանգարում արդեօք ՀՅԴ ներուժը յանուն Արցախի հունաւորելուն:

– Երբ ընդդիմութիւնը պահանջում է նախագահի հրաժարական, իշխանութիւնը պէտք է հետեւութիւններ անի: Ցաւօք սրտի, որեւէ քննադատութեան, այդ թւում՝ նախագահի հրաժարականի պահանջի ներկայացումը իշխող համակարգը ընկալում է որպէս «թշնամանք»: Իրեն քննադատող քաղաքական ուժերին իշխանութիւնը պէտք է գուրգուրանքով վերաբերուի, իսկ այդ քննադատութիւնը, տուեալ պարագայում՝ հրաժարականի պահանջն իր մէջ տրամաբանութիւն է պարունակում: Նոյեմբերի 10-ին խորհրդարանական չորս խմբակցութիւններ պահանջել են ԱՀ նախագահի, ինչպէս նաեւ ՀՀ վարչապետի հրաժարականը՝ այս ամէնը դիտարկելով որպէս ապագային միտուած հնարաւորութիւն: Ցաւօք սրտի, տարբեր բանակցութիւններով, քննարկումներով հանդերձ, հրաժարականի պահանջն իր արդիւնքը չի տուել: Առաջին իսկ օրերից, ի տարբերութիւն ՀՀ-ի, մեր պայքարը փողոցային պայքարի չի վերածուել: Մենք առաջին իսկ օրերից գիտակցել ու գիտակցում ենք, թէ ինչ հետեւանքներ կարող է ունենալ փողոցային պայքարը:

Արցախի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ՝ մենք նաեւ մեր պատկերացումներն ունենք ապագայ քայլերի մասին: Այդ հրաժարականի արդիւնքում ընտրութիւնների կայացումը որոշակի դժուարութիւններ կարող էր առաջացնել կամ ընդհանրապէս ընտրութիւններ չկայանային՝ կապուած ներքին եւ արտաքին մի շարք խնդիրների հետ: Մենք գիտենք, թէ ինչպիսի բարոյահոգեբանական վիճակում է գտնւում Արցախի ժողովուրդը, գիտենք, որ տարածքային եւ մարդկային մեծ կորուստների հետեւանքով ունենք ընտրական խախտուած համակարգ: Մենք գիտենք, թէ ինչպիսի վերաբերմունք կարող էին ցուցաբերել արտաքին ուժերը: Այս ամէնը հաշւի առնելով՝ որոշակի յետքայլ ենք արել՝ պայմանով, որ կունենանք կոլեգիալ կառավարման համակարգ: Նախնական փուլում մենք որոշակի համաձայնութիւններ էինք ձեռք բերել Արցախի գործող նախագահի եւ նրա քաղաքական թիմի հետ: Սակայն այդ պայմանաւորուածութիւններն իրականութիւն չդարձան գործող նախագահի անհամաչափ քայլերի հետեւանքով: Մենք պարտաւորւեցինք յաջորդող ամիսներին մեր տեսակէտները սրբագրել:

 

Ինչպէ՞ս կը բնորոշէիք Արցախի քաղաքական դաշտը: Յաջողւո՞ւմ է արդեօք համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ:

– Կայացած քաղաքական ուժերի առկայութեան դէպքում է, որ կարելի է քաղաքական դաշտը կայացած համարել: Երբ քաղաքական դաշտը լցուած է լինում տարատեսակ մարդ-կուսակցութիւններով, անհասկանալի խմբաւորումներով, այդտեղ գործելը բաւականին բարդ է: Վերջին 2-3 տարիներին Արցախի քաղաքական դաշտը, նորամուտներով հանդերձ, այդպէս էլ չբիւրեղացրեց եւ չզարգացաւ գործող քաղաքական համակարգը: Այն քաղաքական մշակոյթը, որ պէտք է կրէր իւրաքանչիւր քաղաքական ուժ, դեռեւս տեսանելի չեն նորաստեղծ քաղաքական ուժերի մօտ: Դրա վառ ապացոյցը վերջին համապետական ընտրութիւններն են: Արցախի հասարակութեան տարբեր շերտերում առկայ տրամադրուածութիւններն այդպէս էլ իրականութիւն չդարձան: Այսօր մեր քաղաքական դաշտը դեռեւս կայանալու, բիւրեղանալու կարիք ունի: Շատ հեշտութեամբ այս կամ այն քաղաքական ուժը իշխանութիւնների կամ այլ միջամտութիւնների հետեւանքով 180 աստիճանով կողմնորոշում է փոխում: Դաշտի կայացման համար պէտք են համապատասխան նախադրեալներ՝ համապատասխան կուսակցական կառոյցներ, քաղաքական ընկալումներ, նպատակ եւ այդ նպատակի իրականացման համար ռազմավարութիւն ու մարտավարութիւն:

Դաշնակցութեան համահայկականութիւնը հնարաւորութիւն է տալիս տարբեր երկրներում գործող մեր կուսակցական կառոյցների միջոցով լաւագոյն քաղաքական մշակոյթը սերտել եւ հնարաւորինս ներմուծել Արցախ: Միւս կողմից, մեր 130-ամեայ փորձառութիւնը, աւանդոյթները լրացուցիչ հնարաւորութիւն են տալիս այդ առումով: Բայց այդ ամէնը դժւար է պատկերացնել, երբ դաշտում գործող քաղաքական միաւորներն ունեն այս կամ այն շահերը, երբ հասարակութեան քաղաքական ինքնագիտակցութիւնն այնպիսին է, որ Դաշնակցութիւնն Արցախում 6-7% ձայն է ունենում: Մենք հաւանաբար ունենք մեր մեղքի բաժինը, որ հասարակութեանը չենք կարողացել լիարժէքօրէն ներկայացնել Դաշնակցութիւնը, որի հետ 1990-ական, 2000-ական թթ. մեր հասարակութիւնը մեծ յոյսեր էր կապում: Այսօր էլ յոյսերը նորից կապւում են Դաշնակցութեան հետ: Դրա վառ ապացոյցն ու վկան են 2020թ. համապետական ընտրութիւնների մեր քարոզարշաւը, դրա վկան են ՀՀ-ում յետպատերազմեան շրջանում տեղի ունեցած իրադարձութիւնները, որի հիմնական առանցքը հէնց ՀՅԴ-ն էր ու դաշնակցական երիտասարդը: Այնուհանդերձ, մենք փորձում ենք մեր ունեցած հնարաւորութիւններն ու մեր ունեցած քաղաքական ընդհանուր պաշարը տարածել նաեւ միւս քաղաքական ուժերի վրայ:

 

Արդեօ՞ք արդիւնաւէտ էք համարում Դաշնակցութեան խորհրդարանական գործունէութիւնը՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ նախորդ գումարման ԱԺում ՀՅԴն ունէր 7 մանդատ եւ փոխնախագահի պաշտօն, իսկ հիմա 3 պատգամաւորներով է ներկայացուած, ովքեր նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ են:

– 7-րդ գումարման Ազգային ժողովը համեմատելի չէ նախորդ գումարման Ազգային ժողովների հետ: Ինչպիսին հասարակութեան ընկալումներն են ու դրա հետեւանքով հասարակութեան ընտրութիւնը, այնպիսին էլ խորհրդարանն է: Դաշնակցութեան խորհրդարանական գործունէութիւնը չպէտք է գնահատել մանդատների թւով: Կարեւորը գործունէութեան ուղղութիւնն է: Մեր խմբակցութիւնն իր հնարաւորութիւնները լիարժէք չի օգտագործում խորհրդարանում, որովհետեւ գործունէութեան դաշտը եւ խորհրդարանում ստեղծուած ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը բաւարար չեն քննարկումները քաղաքական դարձնելու համար: Ինչպէս իշխող ուժի պատգամաւորներից մէկն է ասել՝ մեծամասնութիւնը քւէարկելու համար է, փոքրամասնութիւնը՝ խօսելու: Սրանով ամէն ինչ ասուած է, եւ եթէ հէնց այդ մտայնութիւնն է առկայ մեծամասնութիւն կազմող քաղաքական ուժի մօտ, այլեւս խօսելը եւ քննարկումների դաշտ բացելն անիմաստ է: Երբ հակառակ կողմում կա միայն կոճակ սեղմելու ընկալում, միւս հարցերը երկրորդական են:

 

Արցախեան վերջին պատերազմից յետոյ տարածքային հսկայական կորուստներն ազդել են ՀՅԴ Արցախի կառոյցի վրայ: Ի՞նչ վիճակում են բռնագրաւուած տարածքների կուսակցական ընկերները:

– Ինչպէս երկիրը, այնպէս էլ մեր կառոյցը բաւական լուրջ կորուստներ է ունեցել: Պատերազմի հետեւանքով կուսակցական ընկերներ են զոհուել, բազմաթիւ կուսակցականներ հարազատներ ենք կորցրել: Տարածքային կորուստների առումով՝ լուրջ հարուածի տակ է յայտնուել մեր կուսակցական կառոյցը: Մենք նախաձեռնութիւններ ենք ցուցաբերել եւ փորձել զոհուած ընկերների, հարազատների ընտանիքներին, նաեւ հաշմանդամների ընտանիքներին, տեղահանուած ընտանիքներին մեր հնարաւորութեան սահմաններում ցուցաբերել որոշակի աջակցութիւն: Բայց այդ ամէնն, իհարկէ, բաւարար չէ:

 

Դուք 2007 թւականից անընդմէջ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ էք ընտրուել: Ինչպէ՞ս էք գնահատում Ձեր գործունէութիւնն այս ընթացքում:

– Դաշնակցութիւնը ներքին ժողովրդավարութիւն ունեցող կառոյց է: Երբ յետադարձ հայեացքով գնահատում ես 2007 թւականից անընդմէջ ընտրուելը, առաջին հայեացքից բացասականն է ջրի երես դուրս գալիս: Ես այն անձը չեմ, որ կառչած է աթոռին, ես վերընտրոուելու միտումներ չեմ ունեցել: Բայց քաղաքական զարգացումները պարտաւորեցնող են եղել: Կարող եմ քաղաքական զարգացումները թուարկել՝ 2015թ. խորհրդարանական ընտրութիւններ, 2016թ. պատերազմ, 2017թ. Սահմանադրութիւն, 2020թ. համապետական ընտրութիւնների նախաշեմ եւ այլն:

14 տարի նոյն պատասխանատուութիւն կրելը շատ ծանր բեռ էր: Այդ առումով, անկախ քաղաքական իրավիճակից եւ ներքին զարգացումներից, առաջիկայ Շրջանային ժողովի արդիւնքում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի պարտականութիւններում պէտք է տեսնել այլ անձնաւորութեան: Ես հասկանում եւ գիտակցում եմ օրւայ պատասխանատու վիճակը, յատկապէս յետպատերազմեան ծանր վիճակը, բայց, այնուհանդերձ, իւրաքանչիւր ոք իր պարտականութիւնները կարող է կատարել նաեւ այլ հանգամանքներում:

Այս ամենից բացի, ուզում եմ մէկ անգամ եւս յիշեցնել, որ Դաշնակցութիւնը ղեկավարւում է հաւաքական որոշումներով: Այս տարիների ընթացքում ԿԿ իւրաքանչիւր անդամ իր պատասխանատուութեան բաժինն է ունեցել: Ուզում եմ իմ երախտիքը յայտնել կուսակցական իմ ընկերներին, ովքեր դժւարին պահերին սատարել են կուսակցական աշխատանքներին՝ իրենց նուիրումով եւ պատասխանատուութեան իրենց բաժինը ստանձնելով: Վարձքներդ կատար, ընկերներ:

 

Յետպատերազմեան շրջանում ինչպէ՞ս էք տեսնում Արցախեան հարցի լուծումը, ո՞րն էք համարում ամենաառաջնային խնդիրն այդ առումով:

– Ադրբեջանական կողմն անընդհատ պնդում է, որ Արցախեան հիմնահարց այլեւս գոյութիւն չունի: Արցախում շատ լաւ գիտակցում են, որ հարցը հանգուցալուծուած չէ: Հարցի հագուցալուծումը կապուած չէ ո°չ Ադրբեջանի իշխանութիւնների քմահաճոյքի կամ պատերազմի արդիւնքների, ո°չ էլ հայկական կողմի պարտութեան հետ: Արցախեան հիմնահարցին քաջածանօթ անհատները լաւ են պատկերացնում Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրաւունքի գիտակցումը, նրանց կամային յատկանիշները, սերունդներին նախնիներից ժառանգածը փոխանցելու կամքը: Բայց հարցն ունի շատ նուրբ կողմ: Արցախեան հիմնահարցի կարգաւորման բանալին գտնւում է Արցախում: Տւեալ պարագայում՝ գուցէ այդ բանալին ժամանակաւորապէս կորցրել ենք, այն մեզանից «գողացել են»: Ցանկութիւն, կամք, նպատակ ունե՞նք հանգուցալուծելու հարցը, եթէ այո՝ կը յաջողենք, ոչ՝ ուրեմն մենք ստիպուած կը լինենք համակեպուել գողացուած բանալին այլեւս յետ չվերադարձնելու մտայնութան հետ: Բաւականին բարդ շրջան ենք թեւակոխել, երբ քաղաքական, դիւանագիտական ուղիների կողքին նաեւ ռազմական լուծման տարբերակն է մէջտեղ եկել: Մեզ 1990-ականներին էլ պարտադրել են համակերպուել հարցի հագուցալուծման ոչ հայանպաստ տարբերակին, բայց մեր կամքը մեզ յաղթանակ է պարգեուել: Համոզուած եմ, որ մենք ունակ կը լինենք գիտակցումով եւ խոր ըմբռնումով մօտենալ հարցին եւ այն լուծել ի շահ մեր ժողովրդի եւ մեր պետականութեան: Պէտք է ներքին ինքնավստահութիւն, նաեւ՝ միմեանց նկատմամբ վստահութիւն: Խախտուած է մեր առանցքը, համատարած անվստահութեան մթնոլորտ է, մեղաւորների փնտրտուք եւ համազգային դեպրեսիա: Դաշնակցութիւնը հէնց այն ուժն է, որտեղ այդ կրակը վառոուելու հնարաւորութիւնը կայ, Դաշնակցութիւնը կարող է դառնալ առանցք:

 

Ինչպիսի՞ն էք տեսնում ՀՅԴ դերը յետպատերազմեան Արցախում:

– Դժուար է Արցախի ապագան պատկերացնել առանց Դաշնակցութեան: Արցախի ժողովրդի աւանդոյթներն ու սովորոյթները շատ մօտ են Դաշնակցութեան սկզբունքներին ու աւանդոյթներին: Պատահական չէ, որ տարիներ ի վեր մենք հռչակել ենք մի կարեւոր կարգախօս՝ Արցախն ու Դաշնակցութիւնը բնական դաշնակիցներ են: Սա միայն խօսքեր չեն: Այն ժամանակ, երբ Դաշնակցութիւնն Արցախում լիարժէք դերակատարութիւն ունէր, յաջողութիւնները մեզ ուղեկից էին: Մեզ փորձում են ներկայացնել որպէս պատերազմի կուսակցութիւն, բայց անվտանգութեան բաղադրիչների ապահովումն առանց Դաշնակցութեան լիարժէք մասնակցութեան՝ դժւար է պատկերացնել: Սա վերաբերւում է թէ՛ ժողովրդի հոգեբանական վիճակին, թէ° պետական կառավարման համակարգին, թէ՛ հանրութեան սոցիալ-տնտեսական վիճակին: Այն փորձն ու փորձառութիւնը, որ մենք ունենք որպէս համաշխարհային կառոյց, կարելի է օգտագործել, լրացնել այն բացերը, որ առկայ են պետական համակարգում:

 

Արցախի վերականգնման ու զարգացման գործում ի՞նչ ներդրում կարող են ունենալ ՀՅԴ ուղեկից կազմակերպութիւնները:

– ՀՄԸՄ-ն որպէս մարզական-սկաուտական, Համազգայինը որպէս մշակութային միութիւն, մեր պետական օղակների բացը լրացնելու առաքելութիւն ունեն: Պետականութիւն չունենալով հանդերձ՝ Սփիւռքում համակարգ է ձեւաւորուել, որն ապահովում է Սփիւռքի կենսագործունէութիւնը: Չմոռանանք նաեւ, որ ՀՕՄ-ը ՄԱԿ-ում գրանցուած միակ հայկական բարեգործական կազմակերպութիւնն է, այդ հնարաւորութիւննները կարող ենք օգտագործել Արցախում: Այսօր ունենք բռնի տեղահանուածներ, փախստականներ, որոնք չունեն փախստականի միջազգային կարգավիճակ: ՀՕՄ-ը կարող է ոչ միայն սոցիալական ծրագրեր իրականացնել, այլ նաեւ նպաստել բռնի տեղահանուածների, պատերազմի հետեւանքով ֆիզիկական արատ ունեցողների իրաւունքների պաշտպանութեանը:

 Տաթեւիկ Աղաջանեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.