Մեր Լինելիութեան Ընտրութիւնը. «Դրօշակ»
ՀՀ վարչապետի պաշտօնից հրաժարականի մասին սոյն թուականի ապրիլի 25-ի տեսաուղերձով Նիկոլ Փաշինեանը կարծես թէ վերջ դրեց խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնների կայանալ-չկայանալու վերաբերեալ խօսակցութիւններին:
Չբացառելով քաղաքականութեան անկանխատեսելիութիւնը, մանաւանդ` մեզանում եւ մեր օրերում, այնուամենայնիւ ցանկանում ենք հաւատալ, որ ընտրութիւնների անցկացման որոշումը որեւէ պատճառով կամ պատճառաբանութեամբ չի բեկանուի, եւ մեր ասելիքը բխեցնում ենք այս իրողութիւնից:
Հայաստանում, Արցախում եւ առհասարակ հայութեան կեանքում ներկայումս տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում, մեր հայրենիքի առջեւ ծառացած ազգային ու պետական մարտահրաւէրներին յանդիման ինչպիսի՞ ընտրութիւն պէտք է կատարի հայաստանցի ընտրողը:
Ակնյայտ է, որ սա հերթական ընտրութիւն չի լինելու, այլ` քաղաքական աննախադէպ գործընթաց, որի ժամանակ, ըստ էութեան, տեղի է ունենալու կողմնորոշում երկու քաղաքական հոսանքների միջեւ, որոնց այս պահին կ՛անուանենք Նիկոլ եւ հականիկոլ այլընտրանք:
Թէ Հայաստանը ի՛նչ հեռանկար կ՛ունենայ Նիկոլ Փաշինեանի հետագայ պաշտօնավարման դէպքում, անաչառօրէն քննելու համար պարտաւորուած ենք զգում մի կողմ դնելու մեր անձնական վերաբերմունքը, ինչպէս եւ` չանդրադառնալու այն բազմաթիւ մեղադրանքներին, որոնք որքան էլ փաստարկուած թուան, այսօր դեռեւս իրաւականօրէն չապացուցուած վարկածներ են: Աւելի՛ն. ցանկանում ենք հարցերին անդրադառնալ յատկապէս հասարակութեան այն հատուածի հետաքրքրութիւնների տեսանկիւնից, որը համոզուած է, որ հէնց գործող վարչապետն է այն մարդը, որը կարող է երկիրը դուրս բերել ներկայիս համընդհանուր ճգնաժամից, լուծել նրա անվտանգութեան խնդիրները եւ հայկական երկու պետութիւնները դուրս բերել խաղաղ ու սահուն զարգացման մայրուղի:
Մեր ասելիքը սկսենք ամենացաւոտ ու այս պահի ամենակենսական խնդիրներից: Այդ խնդիրներից է Արցախի հայկական լինել-չլինելը` նկատի ունենալով յատկապէս անվտանգութեան, տարածքի եւ կարգավիճակի հարցերը: Անվտանգութեանը եւ սահմաններին վերաբերող հարցերի այս պլոքի մէջ ներառենք նաեւ Հայաստանի սահմանների խնդիրը, ազրպէյճանաթուրքական զոյգին այս կամ այն կարգավիճակով Զանգեզուրի տարածքով ճանապարհ կամ ճանապարհներ տրամադրելու հարցը եւ բուն Հայաստանի Հանրապետութեան տարածքների նկատմամբ Ազրպէյճանի բացայայտ ու առաւելապաշտական յաւակնութիւնները:
Մեր դատողութիւնները կառուցելով միայն փաստերի հիման վրայ` արձանագրենք, որ պատերազմում կրած ծանր եւ ջախջախիչ պարտութիւնից յետոյ Նիկոլ Փաշինեանը` որպէս երկրի ղեկավար եւ գերագոյն գլխաւոր հրամանատար, կորցրել է ամուր դիրքերից բանակցութիւններ վարելու կարողութիւնը: Աւելի շուտ` նա ոչ թէ որպէս բանակցութիւնների լիարժէք կողմ է հանդէս գալիս, այլ մասնակցում է դրանց` իր պահանջների իրաւունքը լրիւ յանձնած ռուսական կողմին եւ պատրաստ ստորագրելու ցանկացած փաստաթուղթ` անկախ նրանից` հայութեան սպասումները դրանում արտացոլուա՞ծ են, թէ՞ ոչ:
Ասուածի ամենավառ վկայութիւնն այն է, որ պատերազմական գործողութիւնների աւարտից յետոյ Ազրպէյճանը տիրացաւ հաշտութեան յայտարարութեամբ չամրագրուած հսկայական տարածքների, պատմութեան մէջ որպէս աննախադէպ երեւոյթ միակողմանիօրէն գծում է Հայաստանի ու Ազրպէյճանի նոր սահմանները, գերիներին պատանդ պահելով` փորձում է հայկական կողմին պարտադրել տարածքային, հաղորդակցական ուղիների եւ այլ զիջումներ: Ընդ որում, այս ամէնն ուղեկցւում է Ազրպէյճանի պայմաններն ընդունած Հայաստանի ղեկավարի հասցէին վիրաւորանքներով եւ երկրի նկատմամբ յարձակողապաշտ, նուաճողական բնոյթի յոխորտանքով: Հայկական կողմն ունակ չեղաւ լուծելու ըստ տրամաբանութեան առաջնահերթ լուծում պահանջող` գերիների ազատ արձակման մարդասիրական խնդիրը, ինչը պէտք էր դիտուէր միւս խնդիրների լուծման նախապայման: Քանի որ հոգեբանական-կամային եւ գուցէ մեզ համար անյայտ քաղաքական պատճառներով ՀՀ առաջին դէմքն անկարող է արձագանգելու հակառակորդ կողմի լկտի պահուածքին ու յաւակնութիւններին, նրա թելադրանքով (այլ կերպ լինել չի կարող) Հայաստանի անունից թոյլ հակադարձումներով շատ յաճախ հանդէս է գալիս արտաքին գործերի նախարարութեան մամլոյ խօսնակը` դրանով իսկ լրջօրէն գցելով պաշտօնական պատասխանի մակարդակն ու կշիռը:
Հայաստանը խուսափում է միջազգային ատեաններում կառավարական մակարդակով պատերազմական յանցագործութիւնների, գերիների, ազրպէյճանական յաւակնութիւնների եւ այլ հարցեր բարձրացնելուց: Որքան էլ ամօթալի լինի խոստովանելը, այսօրուայ սերունդները չեն կարող չընդունել, որ իրենց ապրած տարիների ընթացքում երբեք այսքան անպաշտպան ու նսեմացուած չեն եղել:
Այսպիսով, Նիկոլ Փաշինեանի եւ նրա քաղաքական խմբի ամենանուիրուած պաշտպանների համար պէտք է ակնյայտ լինի, որ Նիկոլին ընտրելու դէպքում վերարտադրուած իշխանութիւնն անզօր է լինելու ստեղծուած կացութեան մէջ բեկում մտցնելու. պէտք չէ մոռանալ, որ այս պարագայում խօսքն արդէն ոչ թէ Արցախի, այլ Հայաստանի ապագայի մասին է:
Յոյսեր չկապելով պարտուած իշխանութեան հետ` մնում է աղօթելը, որ ռուսական զօրքը պինդ պահի թէ՛ Ազրպէյճանի, թէ՛ Թուրքիայի հետ պետական սահմանները, թէեւ սա էլ վերջնական երաշխիք չէ, եթէ յիշենք հէնց արցախեան վերջին պատերազմը: Այս պայմաններում արագօրէն երկրի պաշտպանութեան խնդիրները լուծելու փոխարէն` Նիկոլ Փաշինեան ղեկավարն անում է ճիշդ հակառակը. ժողովրդի հետ հանդիպման ժամանակ նա յայտարարում է, որ զօրակոչ կարելի է կազմակերպել հինգ տարին մէկ` երեք ամիս ժամկէտով: Սա ուղղակիօրէն նշանակում է քանդել բանակը, ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնից զրկելով` կործանման դատապարտել պետութիւնը, իսկ արիւնախում թշնամիներով շրջապատուած ժողովրդի ճակատագիրը թողնել Աստծոյ յոյսին: Սա է սպասւում մեզ` գործող իշխանութեանը նորից իշխանութեան բերելու դէպքում:
Երկրի անվտանգութեանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների շարքում երկրորդ կարեւոր ոլորտը արտաքին յարաբերութիւնների ճակատն է: Դատելով զուտ փաստերով` միանշանակօրէն կարելի է պնդել, որ գործող իշխանութիւնների օրօք արտաքին յարաբերութիւնների ոլորտը ձախողուած էր: Արեւմտեան զանազան կառոյցների ազդեցութիւնը կրող անհատների խմբակային անցումն իշխանութեան ի սկզբանէ խաթարեց նոր իշխանութեան նկատմամբ Հայաստանի աւանդական եւ հիմնական դաշնակիցների վերաբերմունքը: Անվստահութիւնը անհանդուրժողականութեան վերածուեց Նիկոլ Փաշինեանի եւ նրա խմբակիցների կողմից աւանդական դաշնակիցների շահերը ոտնահարող գործողութիւնների պատճառով (հակասական յայտարարութիւններ, նրանց ազդեցութեան եւ հեղինակութեան թուլացում Հայաստանում, յարաբերութիւնների աշխուժացում վերջիններիս թշնամի տէրութիւնների ու ուժերի հետ, նման կազմակերպութիւնների միանալը եւ այլն): Կարելի է բացառութիւն համարել Ռուսաստանի հետ պահպանուող ոչ աշխուժ յարաբերութիւնները, ինչն էլ պայմանաւորուած է հիմնականում Ռուսաստանի մտահոգութիւններով`
ա) Հայաստանի իշխանութեանը ամբողջովին չմղելու հակառակորդ ճամբար,
բ) Անդրկովկասում ունեցած իր կենսական շահերով,
գ) իր թիկունքը ամբողջովին իրենց տիրապետութեան տակ առնելու ՕԹԱՆ-ի եւ Թուրքիայի նկրտումներին դիմակայութեամբ եւ այլն:
Բայց թէ պաշտօնական Ռուսաստանն ի՛նչ վերաբերմունք ունի Հայաստանի իշխանութիւնների հանդէպ, բացայայտում են ոչ պաշտօնապէս նման պարտականութիւն իրականացնող, քրեմլեան թելադրանքով գործող հեռուստահաղորդաշարերն ու զանազան վերլուծական կենտրոնների ղեկավարները: Հայաստանի ձախող ղեկավարութիւնը չկարողացաւ արդարացնել նաեւ իր իշխանութեան գալով շահագրգռուած արեւմտեան ուժերին: Որպէսզի ասուածը փաստարկուած լինի, պարզապէս յիշենք, որ անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի իշխանութիւնները, մէկ-երկու ճանաչողական փոխայցելութիւններից բացի, չեն ունեցել պաշտօնական կամ պետական ոչ մի այց եւ նման ընդունելութիւններ: Երկրների ղեկավարների մի քանի աշխատանքային փոխայցելութիւնները եղել են նախապէս ծրագրուած ժամանակացոյցներին համապատասխան (ԵԱՏՄ նիստեր եւ այլն): Բոլոր ճիգերը` Նիկոլ Փաշինեանի համար ապահովելու քիչ թէ շատ բարձր մակարդակի ընդունելութիւն ամերիկեան վարչակազմում, յանգեցին Քալիֆորնիայի փոխնահանգապետի հիւրընկալութեանը: Հայաստանն արդէն երեք տարի դուրս է արտաքին քաղաքական ու դիւանագիտական աշխուժ գործընթացներից, եւ այս իրողութեան ամենաակնյայտ հետեւանքն այն է, որ արցախեան պատերազմի ժամանակ ու դրանից յետոյ որեւէ պետութիւն կամ միջազգային կազմակերպութիւն չփորձեց գործնականում աջակցել մեզ կամ դատապարտել յարձակումը, Թուրքիայի ներխուժումը տարածաշրջան, պատերազմական յանցագործութիւնները եւ դրանց հետեւանքները: Ոչ մի կշտամբանք ԵԱՀԿ-ի կողմից չի հնչել այն բանի համար, որ, վիժեցնելով բանակցութիւնների ընթացքը, Ազրպէյճանը խախտեց ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման հարցերում, ապա նաեւ` բանակցութիւնների ընթացքում ամրագրուած սահմանների, ապագայ կարգավիճակի եւ այլ հարցերում սահմանուած կարմիր գծերը: Այսօր էլ հակամարտութեան կարգաւորման միջազգային միակ ձեւաչափը ներկայացնողները, բերանները ջուր առած, լռում են բռնի ուժով իրավիճակի նման փոփոխութեան հարցում, իսկ հայկական կողմը ոչ մի քայլ չի անում այդ լռութիւնը խախտելու համար: Վերջապէս, Հայաստանի անփորձ-անկարող պաշտօնեաները մշտապէս ձեռնածալ մնացին եւ ոչինչ չձեռնարկեցին Ազրպէյճանի կողմից միջազգային կազմակերպութիւններում անցկացուած զանազան հակահայ բանաձեւերի դէմ: Այսպիսով, ակնյայտ է, որ Հայաստանը քաղաքական, դիւանագիտական ճգնաժամի, եթէ չասենք` մեկուսացման մէջ գցած իշխանութիւնը վերարտադրուելու դէպքում ոչ մի հնարաւորութիւն չի ունենալու արմատական բեկում մտցնելու այս ասպարէզում եւս:
Հայաստանը արտաքին ուժերի համար այսօր հեղինակազրկուած, քաղաքական արժէք ու հեռանկար չունեցող պետական կազմաւորում է, եւ այս կացութեան հեղինակ իշխանութիւնը ո՛չ իրավիճակը փոխելու որեւէ քայլ է անում, ո՛չ էլ կարող է անել:
Հայաստանի համար ոտքի կանգնելու, հզօրանալու ու խոցելիութիւնը յաղթահարելու յաջորդ կարեւոր պայմանը տնտեսութեան թռիչքային զարգացումն է: Գալիք ընտրութիւնների նախօրեակին Հայաստանի գործող իշխանութիւնը տնտեսական տեսանելի ապագայի վերաբերեալ այնպիսի խոստումներ է տալիս, որոնք ոչ մի առնչութիւն չունեն ո՛չ մեկնարկային իրավիճակի, ո՛չ տնտեսական զարգացման եղած (աւելի շուտ` չեղած) նախագծերի, ո՛չ սպասուող ներդրումների եւ աճ ապահովող այլ գործօնների հետ: Անցած եռամեակում Հայաստանում չեն կազմուել տնտեսական զարգացման հիմնաւորուած ու իրատեսական նախագծեր, չեն կատարուել քիչ թէ շատ շօշափելի ներդրումներ, աճ չեն արձանագրել մեր տնտեսութեան աւանդական ճիւղերը: Հակառակը` տնտեսութիւնը ազատ անկման վիճակում է, բացառւում է արտաքին կամ նոյնիսկ ներքին ներդրումների հաւանականութիւնը` պայմանաւորուած այս ոլորտի արհեստավարժ պաշտօնեաների բացակայութեամբ, վարուող տնտեսական սխալ քաղաքականութեամբ, ներքաղաքական մթնոլորտով եւ անկայունութեամբ, երկրի անհեռանկարայնութեամբ եւ այլն: Կարճ ժամանակահատուածում իշխանութիւնը զգալիօրէն մեծացրել է պետական պարտքը եւ շարունակում է նորանոր պարտքեր վերցնել երկրի ֆինանսական գործունէութիւնը նուազագոյնս ապահովելու համար: Յայտնի է սակայն, որ մինչեւ գալիք ընտրութիւնները վիճակը մի կերպ պահելուց յետոյ երկրի ֆինանսատնտեսական անկումը դառնալու է շատ աւելի ակնյայտ` յանգեցնելով տնտեսական նորանոր ճիւղերի կաթուածահարմանը, գործազրկութեան աճին, դրամի շօշափելի արժեզրկմանը, մթերքի ու առաջին անհրաժեշտութեան այլ ապրանքների գների անվերահսկելի աճին եւ այլն: Գումարուելով բացասական այլ գործօնների` այս իրավիճակն անխուսափելիօրէն մեծացնելու է արտագաղթի ցուցանիշները: Անցած տարիներին մի շարք հիմնարկների լուծարման, աշխատատեղերի կրճատման պայմաններում որոշ ոլորտներում եւ գերատեսչութիւններում աշխատավարձերի հատուածական բարձրացումները կամ տնտեսական աճի մասին թուանկարչութիւնը պէտք չէ մոլորեցնեն. քաղաքացին տնտեսական վիճակի վերաբերեալ դատողութիւն պէտք է անի երկու հիմնական ցուցանիշներից ելնելով` գրպանի գումար եւ գներ:
Երկրի եւ սեփական ապագայով մտահոգ իւրաքանչիւր քաղաքացի պէտք է հասկանայ, որ, անկախ համակրանքից ու հակակրանքից, ներկայ իշխանութիւնների կառավարման շարունակումը աղէտաբեր, եթէ ոչ կործանարար է լինելու Հայաստանի համար:
Վերեւում թուեցինք մի շարք ուղղութիւններ, ըստ որոնց, իրականացուող արդիւնաւէտ գործընթացներով է պայմանաւորուած լինելիութեան ճակատագրական ջրբաժանի առջեւ յայտնուած մեր երկրի ապագան: Թուարկուած գործօններից բացի` իրավիճակի յաղթահարման համար ոչ պակաս կարեւոր նշանակութիւն ունի նաեւ համախմբուած ժողովրդի միասնական կամքի աշխուժ դրսեւորումը: Դժբախտաբար գործող իշխանութիւնը առաջին օրուանից հասարակութիւնը բաժանեց սպիտակների ու սեւերի, պառակտեց ազգային միասնականութիւնը` ստեղծելով ներքին անհանդուրժողականութեան մի աննախադէպ մթնոլորտ, որը պայթելու եզրին է: Ցաւօք, երեւոյթը պայմանաւորուած է երիտասարդ իշխանութեան բնոյթով եւ իրավիճակը լիարժէքօրէն տնօրինելու անկարողութեամբ: Այն առաջին օրուանից փորձեց ինքնահաստատուել ու կայանալ ոչ թէ դրական գործերով ու դրանց արդիւնքներով` փաստելով իր իրաւացիութիւնն ու գոյութեան արդարացուածութիւնը, այլ` հաւանական մրցակիցներին, իր պէս չմտածողներին վարկաբեկելով ու հալածելով: Դժուար թէ գտնուի մէկը, որ կը հաւատայ, թէ վերընտրուելու դէպքում ներկայ իշխանութիւնը նախ կը ձերբազատուի անփորձ, ինքնահաւան պաշտօնեաներից եւ ապա, առանց քաղաքական ու այլ խտրութեան, գործի կը հրաւիրի կարող մարդուժ, դէպի ազգային քաղաքականութիւն ու արժէքներ շրջադարձ կատարելով` կ՛ապահովի հասարակութեան համախմբումը: Նոյնպիսի խոհեմութեամբ եւ ազգային գերագոյն շահերի գիտակցութեամբ նա կը սկսի այլ կերպ խօսել սփիւռքի հետ` շահելով իր կառավարումը այսօր մերժող հայութեան աշխարհասփիւռ զանգուածների վստահութիւնը, վերարթնացնելով հայրենի պետութեանն օգտակար լինելու ցանկութիւնը:
Կը սիրենք, թէ չենք սիրի Հայաստանի այսօրուայ իշխանութիւններին, չենք կարող չընդունել, որ այսպիսին է այս իշխանութիւնը` իր էութեամբ, բարոյական նկարագրով, ազգային շահերի գիտակցութեամբ, կառավարման ունակութեամբ եւ երեքամեայ գործունէութեան արդիւնքներով: Անհնար է չտեսնել, թէ ինչպէ՛ս կարճ ժամանակահատուածում նա հասցրեց իր դէմ տրամադրել համակիր հսկայական զանգուածների: Եթէ մի իշխանութիւն այսօր չի կարողանում հանգիստ փողոց դուրս գալ, ազատօրէն շփուել մարդկանց հետ, տեղից տեղ տեղաշարժուել եւ այցելել մարզեր` առանց հազարաւոր ոստիկանների ուղեկցութեան, եթէ շատերը նրան չեն վստահում եւ հաւատ չեն ընծայում նրա ո՛չ ասածներին, ո՛չ գործերին, ինչպէ՞ս կարող է նման իշխանութիւնը կրկին ընտրուել եւ շարունակել երկրի ղեկը վարել այն ուղղութեամբ, որը տանում է դէպի անդունդ:
Ժամանակից շուտ Նիկոլ Փաշինեանը սկսել է նախընտրական քարոզչութիւնը ու դարձեալ հնչում են մեծ-մեծ խոստումներ` իրական միջոցների ու հնարաւորութիւնների հետ աղերս չունեցող, ինչպէս եղաւ երեք տարի առաջ, ինչպէս եղաւ ամիսներ առաջ` արցախեան պատերազմից յետոյ: Համաժողովրդական ցասումից նեղն ընկած Նիկոլ Փաշինեանը այս անգամ էլ վեց ամիս ժամանակ խնդրեց ճգնաժամի յաղթահարման ծրագրեր կազմելու, հրատապ լուծում պահանջող խնդիրները լուծելու համար: Վեց ամիսն էլ անցաւ, կարելի՞ է մէկ դրական փոփոխութիւն նշել, որ տեղի է ունեցել այս ընթացքում: Այդպէս է լինելու նաեւ նոր ընտրութիւնների ժամանակ, եթէ մարդիկ հաւատան հերթական հեքիաթներին:
Կարող ենք հաստատել, որ առաջիկայ ընտրութիւնը լինելու է այս եւ հակառակ բեւեռների միջեւ, այսինքն գիտակցելով ներկայ ընտրութեան ճակատագրական լինելը` ժողովուրդը կողմնորոշուելու է` կամ-կամի միջեւ, Նիկոլի ու հականիկոլի միջեւ, ապազգայինի ու ազգայինի միջեւ, անկման անկասելիութեան եւ վերելքի հնարաւորութեան միջեւ: Այս դէպքում քաղաքական ուժերի ո՛չ քաղաքական յաւակնութիւններն են տեղին լինելու, ո՛չ քաղաքական-գաղափարական առանձնայատկութիւնները. մրցակցելու են կարճ ժամանակում հնացածն ու իր սնանկութիւնն ապացուցածը, եւ` այն նորը, որը պարտուածի, ձախողուածի խարան չի կրում իր ճակատին: Պէտք է գայ այն հոսանքը, որը կը զսպի Ազրպէյճանի ու Թուրքիայի յաւակնութիւնները եւ կը կարողանայ պայքարել Արցախի ապագայի համար, նա, որ ընդունելի կը լինի եւ կարող է համարձակօրէն բանակցութիւնների մեկնել Մոսկուա, Փարիզ եւ Ուաշինկթըն, Պրիւքսէլ, Փեքին, Թեհրան եւ այլուր, որ` կապեր ունի եւ կարող է լինել ամէն տեղ ու խօսել բոլորի հետ, որ` տնտեսութիւն ղեկավարելու փորձ ունի եւ Հայաստանի տնտեսութիւնը դուրս կը բերի անդունդից, որ` թշնամիներ չունի հայութեան մէջ եւ կարող է ոչ միայն ապահովել երկրի ներքին միասնականութիւնը, այլեւ` նրա առանցքի շուրջ համախմբել սփիւռքը: Պէտք չէ կասկածել, որ միայն նման ուժեղ, գիտակից, գործուն, ողջ հայութեանը ներկայացնող, ինքնավստահ իշխանութեան գոյութիւնը կը վախեցնի մեր թշնամիներին, կը զսպի նրանց ախորժակը եւ հեռու կը վանի հայոց սահմաններին սպառնացող վտանգը:
Վախեցած, զիջող իշխանութիւնների վերարտադրման դէպքում թշնամին աւելի սանձարձակ է դառնալու, եւ աւելի իրական` նոր պատերազմի հաւանականութիւնը: Յիշենք, որ հէնց այսօրուայ այս տեսակ իշխանութիւնն էր, որ ոգեւորեց թշնամուն եւ ներշնչեց այն վստահութիւնը, թէ վերջապէս հասել է բարենպաստ պահը, երբ կարող է պարտութեան մատնել հայկական կողմին, աներեւակայելի զիջումներ պարտադրել եւ մարսել իր յանցագործութիւնը: Նոր ընտրութիւնը լինելու է մեր ապագան կանխորոշող ու երաշխաւորող ընտրութիւն: Այժմ «սիրուն աչքերի համար» մէկին համակրելու, միւսին հակակրելու ժամանակը չէ. առջեւում հայրենիքի փրկութեան ընտրութիւնն է: Կրկին սխալուելը յանցանք է: Մեր ընտրութեամբ, որպէս ազգ, պէտք է ապահովենք հայրենիքի փրկութեան նպատակի յաղթանակը: