ՀՅԴ Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը:
Թուրքիայի նախաձեռնութեամբ հաւաքագրւում և հակամարտութեան գօտի են ուղարկւում ահաբեկչական տարբեր խմբաւորումների հազարաւոր անդամներ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչութեան նոր օճախի:
Թուրքիայի չդադարող պատերազմական հռետորաբանութիւնն ու պատերազմական գործողութիւններում Ադրբեջանին ցուցաբերուող ռազմական աջակցութիւնը նպատակաուղղուած է անկայունութեան աշխարհագրութեան ընդլայնմանն ու դրանում այլ պետութիւնների ներգրաւմանը:
Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղեան հակամարտութիւնում չէզոքութի պահպանելու՝ իր ստանձնած պարտաւորութիւնը:
Թուրքիան իրականացնում է ՆԱՏՕ-ի կողմից հռչակուած խաղաղասիրական և հակաահաբեկչական իր առաքելութեան դէմ ուղղուած գործողութիւններ: Մինչդեռ ղարաբաղեան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտօնական յայտարարութեան մէջ առ այսօր ՆԱՏՕ-ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիայի` որպէս պատերազմ հրահրողի յանցաւոր վարքագծին ու չի զսպում նրան:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետութեան համագործակցութեան փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու գործընթացում Հայաստանի հանրապետութեան ստանձնած յանձնառութիւններն անիրագործելի են Թուրքիայի այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով:
Ելնելով վերը նշուածից`
պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից` դիմել ՆԱՏՕ-ին՝ ծանուցելով վերջինիս հետ համագործակցութեան շրջանակներում Հայաստանի Հանրապետութեան ստանձնած յանձնառութիւնների` ողջ ծաւալով կատարման անհնարինութեան մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծաւալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողութիւններ:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին