Պահանջում ենք դադարեցնել քաղաքական հետապնդումները և ազատ արձակել Գագիկ Ծառուկեանին. ՀՅԴ ՀԳՄ յայտարարութիւնը
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարութիւն տարածած է, զորս կը ներկայացնենք ստորև.
Հայաստանը յայտնուել է բախտորոշ շրջափուլում. իշխանութիւնները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագոյն սպառնալիքների առջև։ Մեր պետականութիւնը խաթարող մարտահրաւէրները համազգային միասնականութեամբ դիմագրաւելու փոխարէն՝ իշխանութիւնները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախօսներին իրաւունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրութեանը պառակտելու, քննադատութեանը բացառապէս վրեժխնդրութեամբ և անձնական վիրաւորանքներով արձագանգելու, բոլոր հնարաւոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշուեյարդարները շարունակելու գործելաոճը:
Այս գործում քաղաքական իշխանութիւնը ամբողջութեամբ ներգրաւել է ՀՀ դատախազութեանը, որի ակնառու վկայութիւնն է վերջինիս կողմից իշխանութեան քաղաքական պատուէրները չկատարած դատաւորների նկատմամբ կարգապահական վարոյթ հարուցելու գործընթացները:
ԲՀԿ առաջնորդին կալանաւորելու մասին հապշտապ որոշումը իշխանութիւնների արատաւոր ուղեգծի դրսևորումներից է, որով փորձ է կատարւում թանձրացնել վախի մթնոլորտը և հասարակական տրամադրութիւնները շեղել իշխող վարչակարգի` բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումներից: Անթոյլատրելի և դատապարտելի է իշխանութիւնների այս արատաւոր գործելաոճը: Պահանջում ենք դադարեցնել իրականացուող քաղաքական հետապնդումները, փոխել Գագիկ Ծառուկեանի նկատմամբ ապօրինի կիրառուած խափանման միջոցը:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախօսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դէպքում հետևանքների ողջ պատասխանատուութիւնը կրում է իշխող ուժը:
ՀՅ Դաշնակցութիւնը համախոհ քաղաքական ուժերի հետ շարունակելու է ազգային-պետական օրակարգերի շուրջ հանրութեան համախմբման աշխատանքները:
Ս. թ. հոկտեմբերի 8-ին եռեակի նախաձեռնած համապետական հանրահաւաքը նոր որակի իշխանութեան ձևաւորման կարևորագոյն հանգրուանն է:
Համոզուած ենք, որ հանրային համախմբմամբ է հնարաւոր դիմագրաւել մեր պետականութեանն ուղղուած բացայայտ սպառնալիքները:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
26.09.2020 թ.